ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎՐԱ
![]() Սահմանադրական Դատարանի անդամ Միջազգային պայմանագրերը պետությունների արտաքին քաղաքականության իրականացման և արտաքին հարաբերությունների կարգավորման միջոց են և, բնականաբար, դրանց վրա լուրջ ազդեցություն են ունենում պատերազմները։ ![]() Այդուհանդերձ, միջազգային իրավունքում այսօր չկա որևէ նորմ այն մասին, թե ռազմական գործողությունների ժամանակ ինչ կարգով պետք է կատարվեն կամ դադարեն գործել միջազգային պայմանագրերը։ ![]() Վիեննայի 1966թ. կոնվենցիան շրջանցում է այս հարցը, արձանագրելով ընդհանուր բնույթի հետևյալ ձևակերպումը. «Սույն Կոնվենցիայի դրույթները չեն կանխորոշում պայմանագրի առնչությամբ ծագող որևէ հարց, որը կարող է առաջանալ պետությունների իրավահաջորդության, պետության միջազգային պատասխանատվության կամ պետությունների միջև զինված գործողությունների պատճառով»։ Կոնվենցիայի 73-րդ հոդվածում տեղ գտած նշված դրույթը, փաստորեն, չկանխորոշելով պատերազմի ժամանակ միջազգային պայմանագրերի ճակատագրի հարցը, պետությունների հայեցողությանն է թողնում դրանց կատարման կամ դադարեցման հարցերի լուծումը։ Միջազգային հարաբերությունների պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ պատերազմը ինքնաբերաբար չի դադարեցնում կողմերի միջև գոյություն ունեցող պայմանագրային հարաբերությունները։ Պատերազմը բազմակողմ պայմանագրի դեպքում չի դադարեցնում նաև պայմանագրային հարաբերությունները պատերազմող և մյուս կողմերի միջև։ Դրանք կարող են միայն ժամանակավորապես կասեցվել՝ մինչև ընդհարման ավարտը։ Ավելին, պատերազմական վիճակը ոչ միայն չի բացառում, այլև երբեմն, նույնիսկ, ընդհարման կողմերին պարտավորեցնում է պատերազմի հետևանքները մեղմելու նպատակով միմյանց հետ հաստատել պայմանագրային հարաբերություններ։ ![]() Միաժամանակ, պատերազմի հետ սկսում են գործել հատկապես զինված ընդհարման դեպքերի համար նախատեսված միջազգային պայմանագրերը և կոնվենցիաները։ Դրանք կարող են լինել երկկողմ և բազմակողմ և վերաբերել այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ փոխօգնությունը, պատերազմի զոհերի պաշտպանությունը, զենքի առանձին տեսակների գործածության արգելումը, զինված ընդհարման ժամանակ մշակութային արժեքների պաշտպանությունը և այն։ Պատերազմը որևէ կերպ չպետք է ազդի դիվանագիտական անձեռնմխելիություն և արտոնություն սահմանող կոնվենցիաների վրա։ Ճիշտ հակառակը, այս բնույթի միջազգային փաստաթղթերի բարեխիղճ կատարման անհրաժեշտությունը, դրանց կենսունակությունն առավել կարևորվում է զինված ընդհարումների ժամանակ։ Պատերազմը էապես փոխում է պետությունների միջև գոյություն ունեցող պայմանագրային հարաբերությունների բնույթը՝ դրանց գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու առումով։ Դա է պատճառը, որ համաձայն Վիեննայի 1966թ. կոնվենցիայի 62-րդ հոդվածի, պայմանագրի կնքման ժամանակ գոյություն ունեցած հանգամանքների հիմնովին փոփոխվելը, որը նախապես նախատեսված չի եղել մասնակիցների կողմից, բացառիկ դեպքերում կարող է պատճառաբանվել որպես պայմանագիրը դադարեցնելու կամ դրանից դուրս գալու հիմք։ | |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ | |
2981 reads | 09.12.2013
| |