ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՈՂՄԵՐԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական Դատարանի անդամ









Միջազգային պայմանագրի կողմ կարող են հանդես գալ միջազգային իրավունքի բոլոր սուբյեկտները՝ ինչպես պետությունները« այնպես էլ միջպետական կազմակերպությունները« իրենց անկախության համար պայքարող ազգերը և ժողովուրդները, պետականատիպ կազմավորումները։

Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 2-րդ հոդվածի (g) կետում նշվում է, որ «կողմ» նշանակում է պետություն, որը համաձայնել է պայմանագրի պարտադիրությանը, և որի համար պայմանագիրն ուժի մեջ է, իսկ 6-րդ հոդվածում նշվում է. «Յուրաքանչյուր պետություն օժտված է պայմանագրեր կնքելու իրավունակությամբ»։ Պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ միջազգային կազմակերպությունների միջև պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1986թ. կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Միջազգային կազմակերպությունների՝ պայմանագիր կնքելու իրավունակությունը կարգավորվում է այդ կազմակերպության կանոններով»։

Հարկ է նշել« որ չնայած գրականության մեջ օգտագործվում են ինչպես «պայմանագրի կողմ», այնպես էլ «պայմանագրի մասնակից» ձևակերպումները« այնուհանդերձ, առավել տարածված է «պայմանագրի կողմ» ձևակերպումը։

Վիեննայի 1969թ. կոնվենցիայի ռուսերեն տեքստը նույնպես համարվում է բնագրային, որտեղ օգտագործվում է «մասնակից» բառը։ Հայերեն թարգմանությունում օգտագործվում է «կողմ» արտահայտությունը։ Դա պայմանավորված է նրանով, որ Կոնվենցիայի անգլերեն տեքստում օգտագործվող «party» բառը հայերենում թարգմանվում է «կողմ», որն ավելի ամբողջական է արտահայտում հասկացության իմաստը։


Վիեննայի 1969թ. կոնվենցիայում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝ «բանակցող պետություն»՝ նշանակում է պետություն, որը մասնակցել է պայմանագրի տեքստը կազմելուն և ընդունելուն, «պայմանավորվող պետություն»՝ նշանակում է պետություն, որը համաձայնել է պայմանագրի պարտադիրությանը, անկախ նրանից, այդ պայմանագիրն ուժի մեջ է մտել, թե՝ ոչ, «կողմ»՝ նշանակում է պետություն, որը համաձայնել է պայմանագրի պարտադիրությանը և որի համար պայմանագիրն ուժի մեջ է, «երրորդ պետություն»՝ նշանակում է պետություն, որը պայմանագրին կողմ չէ։

Վիեննայի 1986թ. կոնվենցիայում օգտագործվում են նշված գրեթե նույն հասկացությունները, միևնույն մեկնաբանությամբ։ Դրանում, մասնավորապես, օգտագործվում են «բանակցող պետություն» և «բանակցող կազմակերպություն» հասկացությունները, որոնք, համապատասխանաբար, նշանակում են «պետություն» կամ «միջազգային կազմակերպություն», որոնք մասնակցել են պայմանագրի տեքստը կազմելուն և ընդունելուն, «պայմանավորվող պետություն» և «պայմանավորվող կազմակերպություն» հասկացությունները, որոնք համապատասխանաբար, նշանակում են պետություն կամ միջազգային կազմակերպություն, որոնք համաձայնել են ենթարկվել պայմանագրին, անկախ նրանից՝ այդ պայմանագիրն ուժի մեջ է մտել, թե՝ ոչ, «կողմ» հասկացությունը նշանակում է պետություն կամ միջազգային կազմակերպություն, որը համաձայնել է պայմանագրի պարտադիրությանը և որի համար պայմանագիրն ուժի մեջ է, «երրորդ պետություն» և «երրորդ կազմակերպություն» հասկացությունները, որոնք, համապատասխանաբար, նշանակում են պետություն կամ միջազգային կազմակերպություն, որոնք պայմանագրի կողմ չեն։

Նշվածից բացի, միջազգային պայմանագրային պրակտիկայում օգտագործվում է նաև «պայմանագիրն ստորագրող» հասկացությունը, համաձայն որի՝ միջազգային իրավունքի սուբյեկտը կարող է պայմանագիրն ստորագրել, սակայն հետագայում չվավերացնել և դրան կողմ չդառնալ։

Ինչպես արդեն ասվեց, Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն. «Ամեն մի պետություն օժտված է պայմանագրեր կնքելու իրավունակությամբ»։ Պետությունների՝ միջազգային պայմանագրեր կնքելու իրավունակության հիմքում ընկած է նրանց ինքնիշխանությունը։ Հելսինկիում 1975թ. կայացած Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցության եզրափակիչ ակտում ընդունելով, որ մասնակից պետությունները կհարգեն միմյանց ինքնիշխան հավասարությունն ու յուրահատկությունը, ինչպես նաև այն բոլոր իրավունքները, որոնք հատուկ են նրանց ինքնիշխանությանը և ընդգրկված են ինքնիշխանության ոլորտում, հատուկ նշվում է, որ նրանք նաև իրավունք ունեն մասնակցելու կամ չմասնակցելու երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերին, ներառյալ՝ դաշնային պայմանագրերին։

Եթե միջազգային իրավունքը ճանաչում է բոլոր պետությունների՝ պայմանագրեր կնքելու իրավասությունը, անկախ նրանից՝ այն ունիտար, թե դաշնային պետություն է, ապա յուրաքանչյուր դաշնային պետություն ինքն է իր ներքին օրենսդրությամբ սահմանում իր և իր սուբյեկտների՝ միջազգային պայմանագրեր կնքելու իրավունակությունը։ Դաշնությունների սուբյեկտների՝ միջազգային պայմանագրեր կնքելու իրավունքը և դրա իրականացման սահմանները սովորաբար ամրագրվում են դաշնության սահմանադրության մեջ։

Ներկա դաշնային պետություններից միայն երկուսի՝ Շվեյցարական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրություններն են, որ սուբյեկտներին թույլատրում են առանձին հարցերով միջազգային պայմանագրեր կնքել։

Շվեյցարական Միությունն իր Սահմանադրության 8-րդ հոդվածում նախատեսելով, որ. «Միայն Միությանն է պատկանում պատերազմ հայտարարելու և խաղաղություն կնքելու իրավունքը, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ համաձայնագրեր և պայմանագրեր, հատկապես մաքսային և առևտրային, կնքելու իրավունքը»։ Միաժամանակ, Սահմանադրության 9-րդ հոդվածում նշում է. «Կանտոնների համար, որպես բացառություն, մնում է օտարերկրյա պետությունների հետ ժողովրդական տնտեսության, դրացիական հարաբերությունների և ոստիկանության հարցերով պայմանագրեր կնքելու իրավունքը. այդ պայմանագրերը, սակայն, Միության և մյուս կանտոնների իրավունքին հակառակ ոչինչ չպետք է պարունակեն»։ Այսպիսով, մի կողմից ամրագրելով Դաշնության իրավունքը՝ հանդես գալ ողջ պետության անունից և կնքել պետության համար կենսական նշանակություն ունեցող հարցերով միջազգային պայմանագրեր, մյուս կողմից, Դաշնության սուբյեկտներին իրավունք է ընձեռվում Դաշնության Սահմանադրությամբ կանխորոշված իրավական շրջանակներում կնքել միջազգային պայմանագրեր։

Միաժամանակ, Շվեյցարական Միության Սահմանադրության 10-րդ հոդվածն այս հարցն առավել ճշգրտելու և կոնկրետացնելու նպատակով նախատեսում է. «Կանտոնների և օտարերկրյա կառավարությունների կամ նրանց ներկայացուցիչների միջև պաշտոնական հարաբերություններն իրականացվում են Միութենական խորհրդի միջնորդությամբ։ Սակայն 9-րդ հոդվածում նշված հարցերով կանտոնները կարող են անմիջական հարաբերությունների մեջ մտնել օտարերկրյա պետության ցածրագույն իշխանությունների և աստիճանավորների հետ»։

Այս հարցին է առնչվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրության 32-րդ հոդվածը, որտեղ նշվում է.
«1.Օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների վարումը պատկանում է Դաշնությանը։
2. Որևէ հողի հատուկ դրությունը շոշափող պայմանագրի կնքումից առաջ այդ հողը պետք է ժամանակին լսվի։
3. Այն չափով« որչափով հողերը օժտված են օրենսդրական իրավասությամբ« նրանք կարող են Դաշնային կառավարության համաձայնությամբ պայմանագրեր կնքել օտարերկրյա պետությունների հետ»։

Ինչպես տեսնում ենք, Շվեյցարական Միության կանտոնների և Գերմանիայի Դաշնային Հանրապետության հողերի՝ միջազգային պայմանագրեր կնքելու իրավունակությունը որակապես տարբերվում է ինքնիշխան պետությունների՝ միջազգային պայմանագրեր կնքելու իրավունակությունից։

Միջպետական հարաբերություններում միջազգային պայմանագիր կնքելիս՝ պետությունը հանդես է գալիս որպես մեկ միասնական ամբողջական քաղաքական և պետական միավոր, և անկախ նրանից, թե պայմանագիրը պետական որ մարմնի կողմից է կնքված, որ բարձրագույն պաշտոնատար անձն է ստորագրել և ինչ կարգով է ուժի մեջ մտել« այն ներկայանում է որպես պետական կամքի իրացում և իրավաբանական հետևանքներ է առաջացնում պետության համար ամբողջովին վերցրած։

Այս մասին ուղղակի նշված է 2000թ. հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետում, համաձայն որի՝ անկախ նրանից, թե միջազգային պայմանագիրը ՀՀ կողմից ում անունից է կնքվել, այնտեղ որպես կողմ և միջազգային պայմանագրի սուբյեկտ հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը, որը նաև պատասխանատու է Հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման համար։

Միջազգային պայմանագիր կնքելու հարցում պետության մարմինների իրավասության բնույթն ու բովանդակությունը յուրաքանչյուր պետության ներքին գործն են և կարգավորվում են նրա ներպետական օրենսդրությամբ։

Միջազգային հարաբերություններում, սովորաբար, ելնելով այն հանգամանքից, թե ով է կնքում միջազգային պայմանագիրը, դրանք դասակարգվում են միջպետականի« միջկառավարականի և միջգերատեսչականի։ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում նշվում է. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կարող է կնքվել՝
ա) Հայաստանի Հանրապետության անունից (միջպետական պայմանագիր),
բ)Հայաստանի Հանրապետության կառավարության անունից (միջկառավարական պայմանագիր),
գ)Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների, գլխավոր դատախազության, գիտությունների ազգային ակադեմիայի, ինչպես նաև կենտրոնական բանկի անունից (միջգերատեսչական պայմանագիր)»։

Նման բնույթի ձևակերպումներ, սակայն այլ խմբագրությամբ, նախատեսված են նաև այլ պետությունների օրենսդրություններում։ Պետությունները միջազգային պայմանագրերի կնքման և կատարման վերաբերյալ իրենց ազգային օրենսդրությունն ընդունելիս՝ պարտավոր են ղեկավարվել գործող միջազգային պայմանագրերով, կոնվենցիաներով և այլ փաստաթղթերով։ Այս հանգամանքն ամբողջովին հաշվի է առնված միջազգային պայմանագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ։ Միաժամանակ, պետք է նկատել, որ մեր հանրապետությունում միջազգային պայմանագրերի կնքման գործընթացը միշտ չէ, որ ընթանում է հարթ։ Լինում են դեպքեր, երբ պայմանագիրը կնքվում է գործող օրենսդրությունից լուրջ շեղումով։ Այսպես, 1999թ. ապրիլի 12-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի միջև փոխառության և ծրագրի իրականացման մասին» պայմանագիրը կնքվել է, մի կողմից, միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության, իսկ մյուս կողմից՝ միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող իրավաբանական անձի միջև։ Պայմանագրի կնքման պահին հանրապետությունում գործում էր «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման և չեղյալ հայտարարման մասին» 1992թ. հունիսի 6-ի օրենքը։ Օրենքի 1-ին հոդվածում նշվում էր, «Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության միջազգային՝ միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի կնքման, վավերացման, կատարման և չեղյալ հայտարարման կարգը և կիրառվում է Հայաստանի Հանրապետության բոլոր միջազգային պայմանագրերի նկատմամբ՝ անկախ դրանց անվանումից և ձևից»։ Ինչպես տեսնում ենք, օրենքը, միջազգային պայմանագիր ասելով, նկատի ուներ միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրեր, և ուրիշ ոչինչ։ Այս մասին ուղղակի նշում կար նաև օրենքի 2-րդ հոդվածում։ Նման բավականին հստակ իրավական նորմի պարագայում, ինչպես արդեն ասվեց, մեր հանրապետությունը միջազգային պայմանագիր կնքեց միջազգային հանրային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող իրավաբանական անձի հետ այնպիսի ընթացակարգով, ինչպիսին կիրառվում է միջազգային պայմանագրի կնքման դեպքում։ Ընդ որում, պայմանագիրը վավերացվեց ՀՀ Ազգային ժողովի կողմից։ Այսպիսով, այդ պայմանագիրը, անկախ իր կարևորությունից, կնքվեց Հայաստանի Հանրապետության այն ժամանակ գործող՝ ՀՀ միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման և չեղյալ հայտարարման մասին օրենքի խախտմամբ։
Ի տարբերություն պետությունների, որոնք հանդիսանում են միջազգային իրավունքի հիմնական սուբյեկտ, միջազգային միջկառավարական կազմակերպությունների պայմանագրային իրավունակությունն ածանցյալ է և խիստ սահմանափակ։ Վիեննայի 1986թ. կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն, «Միջազգային կազմակերպությունների՝ պայմանագիր կնքելու իրավունակությունը կարգավորվում է այդ կազմակերպությունների կանոններով»։ Նրանք ինչպես պետությունների« այնպես էլ այլ միջկառավարական կազմակերպությունների հետ միջազգային պայմանագրեր կարող են կնքել միայն իրենց հիմնադիր փաստաթղթերով կանխորոշված լիազորությունների և գործառույթների սահմաններում։

Իրենց անկախության համար պայքարող ազգերն ու ժողովուրդները, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, նույնպես օժտված են միջազգային պայմանագրեր կնքելու իրավասուբյեկտությամբ։ Այդ իրավունքը պայմանավորված է ազգերի և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացմամբ։ Նրանց կողմից կնքվող պայմանագրերը, որպես կանոն, վերաբերում են իրենց անկախության համար մղվող պայքարին քաղաքական, իրավական, ռազմական և նյութական աջակցություն ցուցաբերելուն։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ
2320 reads | 25.03.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com