ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական Դատարանի անդամ








Միջազգային պայմանագրերի մեկնաբանման անհրաժեշտությունը ծագում է, երբ դրանց կատարման ընթացքում կողմերի միջև առաջանում են տարաձայնություններ և վեճեր՝ կապված դրանց բովանդակության իրական իմաստի ընկալման հետ:

Միջազգային պայմանագրի մեկնաբանումը, ըստ էության, դրա բովանդակության և իրական իմաստի ճշմարիտ սահմանումն է, որը հնարավորություն է տալիս պարզելու, թե պայմանագրի կնքման ժամանակ կողմերի կամքի համաձայնեցումը որ հարցերի շուրջ է ընթացել և կողմերը կոնկրետ ինչ են ցանկացել պայմանավորվել: 

Քանի որ մեկնաբանման նպատակն է նպաստել միջազգային պայմանագրերի առավել ճիշտ կատարմանը, ուստի մեկնաբանումը պետք է կատարվի բարեխղճորեն, համապատասխանի միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին և բխի պայմանագրի նպատակից ու առարկայից:

Միջազգային պայմանագրերը պետք է մեկնաբանվեն որոշակի սկզբունքների հիման վրա, որոնք, որպես ընդհանուր կանոններ, պետք է պարտադիր պահպանվեն բոլորի կողմից: Այդ սկզբունքների մի մասն ամրագրված է Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 31, 32 և 33-րդ հոդվածներում, մյուսները կրում են ընդհանուր իրավական բնույթ:

Կոնվենցիան ելնում է այն դրույթից, որ մեկնաբանման ընթացքում պայմանագրի կողմերի կամքի բովանդակությունը բացահայտելիս՝ պետք է հենվել պայմանագրի տեքստին: Ինչպես նշվում է Կոնվենցիայում, պայմանագիրը պետք է բարեխղճորեն մեկնաբանվի պայմանագրի հասկացությունների համատեքստում դրանց ունեցած սովորական նշանակությանը համապատասխան: Միաժամանակ, հավանաբար, նկատի ունենալով, որ պայմանագրի տեքստը երբեմն կարող է ոչ բավարար պարզությամբ և հստակությամբ արտացոլել կողմերի համաձայնեցված կամքը, Կոնվենցիան նախատեսում է, որ մեկնաբանման ժամանակ պետք է ելնել պայմանագրի առարկայից և նպատակից:

Ըստ Կոնվենցիայի, պայմանագրի մեկնաբանման նպատակով համատեքստը, բացի տեքստից, որի մեջ ընդգրկվում են նաև նախաբանը ու հավելվածները, ներառում է նաև պայմանագրին վերաբերող ցանկացած համաձայնություն, որը կայացվել է բոլոր մասնակիցների միջև` կապված պայմանագրի կնքման հետ, ինչպես նաև ցանկացած փաստաթուղթ, որը կազմվել է մեկ կամ մի քանի մասնակիցների կողմից` կապված պայմանագրի կնքման հետ, և մյուս մասնակիցների կողմից ընդունվել է որպես պայմանագրին վերաբերող փաստաթուղթ:

Պայմանագրի մեկնաբանման ժամանակ համատեքստի հետ միասին հաշվի են առնվում նաև.
ա) պայմանագրի մեկնաբանման կամ դրա դրույթների կիրառման վերաբերյալ մասնակիցների միջև հետագա ցանկացած համաձայնություն,

բ) պայմանագրի կիրառման հետագա որևէ գործունեություն, որը սահմանում է դրա մեկնաբանման վերաբերյալ մասնակիցների համաձայնությունը,

գ) մասնակիցների հարաբերություններում կիրառվող միջազգային իրավունքի ցանկացած համապատասխան նորմ:

Մեկնաբանության ընթացքում պայմանագրում օգտագործվող այս կամ այն հասկացությանը տրվում է հատուկ նշանակություն այն դեպքում, եթե սահմանվել է, որ մասնակիցները նման մտադրություն են ունեցել:

Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 32-րդ հոդվածը նախատեսում է, որ անհրաժեշտության դեպքում պայմանագրի մասնակիցների մտադրությունը բացահայտելու համար, բացի նշված միջոցներից, կարելի է դիմել նաև այլ լրացուցիչ միջոցների: Նման լրացուցիչ միջոցների թվին կարելի է դասել՝ «նախապատրաստական նյութերը» և «պայմանագրի կնքման հանգամանքները»։ Սովորաբար, նշված միջոցներին դիմում են, երբ մեկնաբանվող դրույթը թողնում է երկիմաստ կամ անհասկանալի տպավորություն կամ երբ հանգեցնում է բացահայտ անհեթեթ կամ անմիտ արդյունքի:

Միջազգային պայմանագրերի մեկնաբանման ժամանակ պետք է ելնել հետևյալ սկզբունքներից.
1. Պայմանագրերը պետք է մեկնաբանվեն միջազգային իրավունքի գործող հիմնական սկզբունքներին (jus cogens) համապատասխան: Մեկնաբանությունը չի կարող հանգեցնել որևէ jus cogens նորմի խախտման: Այս մասին ուղղակի ասվում է նաև ՄԱԿ-ի կանոնադրության 103-րդ հոդվածում, համաձայն որի, «Այն դեպքում, երբ Միավորված ազգերի կազմակերպության անդամների՝ սույն Կանոնադրությամբ պարտավորությունները հակասում են նրանց՝ որևէ այլ միջազգային համաձայնագրով ստանձնած պարտավորություններին, ապա գերակայում են սույն Կանոնադրությամբ ստանձնված պարտավորությունները»։ 

2. Պայմանագրերը պետք է մեկնաբանվեն բարեխղճորեն: Այս սկզբունքը բխում է pacta sunt servanda սկզբունքից, համաձայն որի. «Յուրաքանչյուր գործող պայմանագիր պարտադիր է նրա մասնակիցների համար և նրանց կողմից պետք է կատարվի բարեխղճորեն»։

Պայմանագրերի բարեխիղճ մեկնաբանման սկզբունքը ենթադրում է, որ հակառակ մոտեցման դեպքում, ըստ էության, վտանգվում է պայմանագրի իրական իմաստի վերաբերյալ կողմերի միջև ձեռք բերված փոխհամաձայնությունը։

3. Մեկնաբանությունը միջազգային պայմանագրին չպետք է զրկի իմաստից, կրի խաբուսիկ, ոչ բանական բնույթ և այն վերածի անգործադրելի ակտի: Չի կարելի թույլ տալ, որպեսզի պայմանագրի մեկնաբանումը հանգեցնի այնպիսի արդյունքների, որոնք ակնհայտորեն անհեթեթ են և ոչ խելամիտ: Մեկնաբանությունը, որը պայմանագիրը դարձնում է առոչինչ կամ անգործադրելի, չի կարող համարվել ընդունելի: Անհրաժեշտ է մեկնաբանել այնպես, որ այն կողմերի համար չդառնա ոչ պիտանի և անիրական: Մեկնաբանությունն ուղղված պետք է լինի պայմանագրի առարկայի և նպատակի բացահայտմանը, այլ ոչ թե դրանց աղավաղմանը:

4. Պայմանագիրը պետք է մեկնաբանվի դրանում օգտագործվող հասկացությունների համատեքստում դրանց սովորական նշանակությանը համապատասխան: 

Կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են պայմանագրի այս կամ այն հասկացությանը տալ նաև որոշակի հատուկ իմաստ: Եվ եթե մեկնաբանման ժամանակ առաջանում է նման անհրաժեշտություն, ապա նախ և առաջ պետք է հիմնավորել, որ կողմերն իրոք ցանկացել են այդ հասկացության մեջ տեսնել տվյալ իմաստը:

5. Քանի որ բոլոր միջազգային պայմանագրերը, որպես կողմերի համաձայնեցված կամքի արդյունք, անկախ մասնակիցների բնույթից և կարգավորման առարկայից, հանդիսանում են միջազգային իրավունքի աղբյուր, բնականաբար, անկախ պայմանագրերի տեսակից, դրանց մեկնաբանումը պետք է իրականացվի միասնական ձևով:

6. Եթե միջազգային պայմանագրի ընդհանուր և հատուկ հոդվածների միջև կա անհամապատասխանություն, ապա մեկնաբանության ընթացքում առավելությունը պետք է տրվի հատուկ հոդվածներին: Դա պայմանավորված է նրանով, որ պայմանագրի հատուկ հոդվածները դիտվում են որպես ընդհանուր հոդվածներից դուրս գտնվող բացառություն: Բնական է, անշուշտ, որ եթե այս կամ այն հարցի վերաբերյալ առկա է որևէ հատուկ կանոն, որը բավականին պարզ ու լիարժեք է լուծում տվյալ հարցը, ապա իմաստ չունի դիմել պայմանագրի ընդհանուր կանոնին:

Անկախ նրանից, հատուկ հոդվածները միջազգային պայմանագրի հիմնական տեքստում են, թե դրա բաղկացուցիչ մասը կազմող արձանագրություններում, միևնույն է, այդ հոդվածները պետք է մեկնաբանվեն և կիրառվեն ճիշտ այնպիսի իմաստով և այն դեպքերի համար, ինչպես նախատեսված է պայմանագրով:
Գոյություն ունեն նաև պայմանագրերի մեկնաբանման այլ սկզբունքներ, սակայն այն սկզբունքները, որոնք ամրագրված չեն որևէ միջազգային իրավական փաստաթղթում, կրում են գիտական բնույթ և, բացառությամբ աուտենտիկ մեկնաբանության, չեն կարող որևէ իրավական հետևանք առաջացնել:
Եթե միջազգային պայմանագրերի մեկնաբանման ժամանակ որևէ հասկացությանը հատուկ իմաստ տալու անհրաժեշտության կապակցությամբ առաջանում է վեճ, ապա այն իրողությունը, որ կողմերն իսկապես ցանկացել են այդ հասկացության մեջ տեսնել նման իմաստ, պարտավոր է ապացուցել այն կողմը, որը պնդում է, թե տվյալ հասկացությունը պետք է գործադրել հատուկ նշանակությամբ:

Միջազգային պայմանագրերի մեկնաբանումը կարող է լինել պաշտոնական և ոչ պաշտոնական: Պաշտոնական մեկնաբանումն օժտված է իրավաբանական ուժով, իսկ ոչ պաշտոնական մեկնաբանումը կրում է դոկտրինալ կամ գիտական բնույթ և իրավաբանական ուժ չունի: Դոկտրինալ մեկնաբանումը սովորաբար տրվում է միջազգային իրավունքի մասնագետների, գիտնականների, իրավունքի պատմության մասնագետների և համապատասխան գիտելիքներով օժտված այլ անձանց կողմից: 

Միջազգային հարաբերությունների պրակտիկայում պաշտոնական մեկնաբանումն իր հերթին դասակարգվում է երկու` աուտենտիկ և դատական (կամ կազուալ) մեկնաբանությունների:

Աուտենտիկ մեկնաբանությունը տրվում է պայմանագրի մասնակիցների կողմից և պայմանագրի կատարման ընթացքում նրանց համար պարտադիր է: Աուտենտիկ մեկնաբանությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով՝ դիվանագիտական բանակցությունների միջոցով, հատուկ պայմանագրեր ընդունելու ձևով, արձանագրություններ ստորագրելու ձևով, նոտաների փոխանակման միջոցով և այլ եղանակներով:

Դատական կամ ինչպես հաճախ անվանում են կազուալ մեկնաբանությունը պայմանագրի կողմերի խնդրանքով տալիս են դատական կամ արբիտրաժային մարմինները, ինչպես նաև միջազգային ինստիտուցիոնալ մարմինները: Նման մեկնաբանությունները տրվում են կոնկրետ գործերով և իրավաբանական ուժ ունեն միայն այն կողմերի համար, որոնց խնդրանքով կատարվել է այդ մեկնաբանությունը: Պայմանագրի մյուս կողմերի համար նման մեկնաբանությունը պարտադիր ուժ ունենալ չի կարող: 

Դատական կամ արբիտրաժային մարմինների կողմից մեկնաբանություն կարող է տրվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ պայմանագրերի վերաբերյալ:
Շատ հաճախ պայմանագրերում նախատեսվում է, թե կողմերի միջև դրա բովանդակության հետ կապված իրավական վեճերը ով պետք է մեկնաբանի և, ընդհանրապես, մեկնաբանման ինչպիսի միջոցներ պետք է կիրառվեն: Պայմանագրերում, որպես կանոն, նշվում են, որ վեճերը կլուծվեն բանակցությունների միջոցով, իսկ եթե դրանք արդյունք չեն տա, ապա՝ դատական կարգով:

Օրինակ, մեկ այլ առիթով մեր կողմից արդեն հիշատակված՝ Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին 1996թ. հունիսի 9-ի համաձայնագրում նշվում է. «Պայմանավորվող կողմերը համագործակցության ոգով կփնտրեն սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման կապակցությամբ ծագած վեճերի արագ և արդարացի լուծում: Եթե Պայմանավորվող կողմերի միջև վեճը հնարավոր չէ լուծել այս ճանապարհով վեց ամսվա ընթացքում, ապա պայմանավորվող կողմերի համաձայնությամբ վեճը կներկայացվի AD HOC միջնորդ դատարանին»: Այնուհետև շարադրվում են միջնորդ դատարանի կազմավորման կարգը, կազմը և լիազորությունները:

Վեճերը կարող են լուծվել նաև պայմանագրում նախատեսված մարմնի կողմից: Օրինակ, Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության կառավարությունների միջև օդային հաղորդակցության մասին 1995թ. դեկտեմբերի 16-ի համաձայնագրում նշվում է, որ Պայմանավորվող կողմերի միջև վիճաբանություն ծագելու դեպքում այդ վիճաբանությունը կլուծվի երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև ուղիղ բանակցությունների միջոցով: Այն դեպքում, երբ ավիացիոն իշխանությունները չեն կարող համաձայնության գալ, վիճաբանությունը կլուծվի դիվանագիտական ուղիներով, իսկ եթե վեճի կարգավորման հարցը չլուծվի վերը նշված միջոցներով, ապա վեճը կտրվի Միջպետական ավիացիոն կոմիտեի վերանայմանը:

Կարելի է բերել մեկ այլ օրինակ՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քաղաքացիական գործերով իրավական օգնության մասին 1996թ. հունիսի 4-ի պայմանագրի համաձայն, Պայմանավորվող կողմերը պայմանագրի մեկնաբանման կամ կատարման հարցերով ծագած վեճերը լուծում են իրենց արդարադատության նախարարությունների միջև խորհրդակցությունների միջոցով կամ դիվանագիտական ուղիներով:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ
3332 reads | 15.10.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com