ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
![]() Սահմանադրական Դատարանի անդամ Առաջին խմբի մեջ են մտնում միջազգային պայմանագրերի մեկնաբանման այնպիսի եղանակներ, ինչպիսիք են՝ քերականական (բառային), տրամաբանական, համակարգային, սովորական և տարբեր լեզուներով կազմված պայմանագրի մեկնաբանությունները: Երկրորդ խմբի մեջ են մտնում պատմական եղանակը և պայմանագրի տեքստի նախապատրաստմանն առնչվող նյութերի օգտագործմամբ իրականացվող եղանակը: Կարող են օգտագործվել նաև այլ եղանակներ: Քերականական կամ բառային մեկնաբանությունը միջազգային պայմանագրի տեքստում առկա բառերի, արտահայտությունների և ձևակերպումների ստուգաբանական և շարահյուսական վերլուծությունն է: Քանի որ պետությունները միջազգային պայմանագիր կնքելիս՝ իրենց մտադրությունները ձևակերպում և արձանագրում են բառերի և արտահայտությունների միջոցով, ուստի հաճախ այս կամ այն բառը կամ հասկացությունը պայմանագրի կողմերը կարող են տարբեր կերպ ըմբռնել: Մեկնաբանության այս եղանակի օգնությամբ, օգտագործելով քերականական և այլ կանոններ, կողմերը պարզում են առանձին բառերի, արտահայտությունների, ձևակերպումների և հասկացությունների իմաստի նշանակությունը: Միջազգային պայմանագրերի պրակտիկայում քերականական մեկնաբանության դեպքում բառերին և հասկացություններին, սովորաբար, տրվում է այնպիսի իմաստ, ինչպիսին որ կողմերը ցանկացել են տալ դրանց, սակայն երբ ակնհայտ է, որ կողմերը մտադրություն են ունեցել օգտագործված բառերին և հասկացություններին տալ ոչ թե բոլորի համար ընդհանուր ճանաչում գտած իմաստը, այլ ինչ-որ նոր, հատուկ իմաստ, ապա մեկնաբանության ընթացքում դրանց հատուկ նշանակությունը ճանաչվում է այն դեպքում, եթե սահմանվում է, որ մասնակիցները նման մտադրություն ունեցել են: Թեև այսօր իրավաբանական շատ տերմիններ տարբեր պետությունների իրավական համակարգերում գրեթե նույն իմաստով են ընկալվում և գործածվում, այդուհանդերձ, հաճախ առանձին երկրների օրենսդրության մեջ դրանք ունենում են նաև տարբեր իմաստ և տարբեր բովանդակություն: Կան նաև երկրներ, որտեղ օգտագործվող իրավաբանական տերմինները և հասկացություններն անծանոթ են մյուս երկրներին: Կան նաև տերմիններ ու հասկացություններ, որոնք ունեն երկիմաստ նշանակություն: Մեկնաբանության ժամանակ ոչ միայն անհրաժեշտ է պարզել դրանց իմաստի նշանակությունը, այլև դրանք մեկնաբանել միայն մեկ` կոնկրետ իմաստով: ![]() ՀՀ սահմանադրական դատարանի կողմից Համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու ընթացքում հարց բարձրացվեց, որ Համաձայնագրի 8-րդ հոդվածում օգտագործվող վերը նշված հասկացությունները ՀՀ ազգային օրենսդրության մեջ օգտագործվում են որպես իրավախախտի նկատմամբ կիրառվող հարկադրական գործողություն, որպես պատիժ, մինչդեռ Համաձայնագրի 8-րդ հոդվածը վերաբերում է բարեխիղճ սեփականատիրոջը, որի ներդրումները կամ եկամուտները, ՀՀ Սահմանադրության համաձայն, որոշակի պայմանների առկայության դեպքում իրավազոր սեփականատիրոջից կարելի է «օտարել», այլ ոչ թե «պետականացնել» կամ «բռնագրավել»: Քանի որ Համաձայնագրի 8-րդ հոդվածի նշված ձևակերպումը հակասում էր ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածին, ՀՀ արտաքին գործերի նախարարության և Կանադական կողմի միջև բանակցությունների արդյունքով այն մեկնաբանվեց հետևյալ կերպ. «տվյալ անհամապատասխանությունը բխում է Համաձայնագրի 8-րդ հոդվածի ձևակերպումների անհստակությունից և հայերեն տեքստում տեղ գտած թարգմանական անճշտություններից, որոնք ուղղելու համար Համաձայնագրի 8-րդ հոդվածի վերնագիրը պետք է հասկանալ ոչ թե «բռնագրավում», այլ՝ «օտարում»: Միջազգային պայմանագրերի պատշաճ և արդյունավետ իրականացման համար քերականական կամ բառային մեկնաբանությունն ունի ինչպես տեսական, այնպես էլ գործնական կարևորություն: Տրամաբանական մեկնաբանությունը միջազգային պայմանագրի այս կամ այն հոդվածի մեկնաբանումն է՝ այլ հոդվածների վրա հենվելով կամ դրանց հետ համադրելով։ Այս մեկնաբանության հիմքում ընկած է այն, որ պայմանագիրը, որպես միասնական ամբողջական փաստաթուղթ, ներառում է ընդհանուր և միասնական նպատակի իրականացումն ապահովող, միմյանց լրացնող նորմեր։ Չնայած միջազգային պայմանագրի հիմքում ընկած է միասնական և հստակեցված գաղափար, այնուհանդերձ, դրա ձևակերպումը պայմանագրի կոնկրետ հոդվածներում երբեմն կարող է հանգեցնել առանձին հակասությունների։ Հետևաբար, միջազգային պայմանագիրը, որպես մասնակիցների համար միասնական պարտավորություն ստեղծող փաստաթուղթ, պետք է մեկնաբանվի որպես միասնական և ամբողջական փաստաթուղթ, այլ ոչ թե իր առանձին մասերով։ Տրամաբանական մեկնաբանությունը ենթադրում է, որ պայմանագրի տարբեր մասերում օգտագործվող հասկացություններն ու արտահայտությունները պետք է ընկալվեն միասնաբար, եթե, իհարկե, պայմանագրում դրանց իմաստային տարբերությունը հատուկ չի ընդգծվում։ Պատմական մեկնաբանությունն առավել կարևոր նշանակություն ունի հատկապես պայմանագրի իմաստն ու նպատակը պարզելու համար։ ![]() Պատմական մեկնաբանությունն այն պատմական կոնկրետ ժամանակաշրջանի, պայմանների և հանգամանքների ուսումնասիրությունն է, որոնք նպաստել կամ հիմք են հանդիսացել տվյալ պայմանագրի կնքման համար։ Այս առումով կարևոր նշանակություն ունի միջազգային պայմանագրի նախապատրաստական նյութերի ուսումնասիրությունը։ Նախապատրաստական նյութերի շարքն են դասվում ինչպես այն նյութերը, որոնք կողմերն ընդունել են համատեղ կամ նրանց համաձայնեցված կամքի արդյունք են, այնպես էլ այն պատմական նշանակության փաստաթղթերը, որոնք ոչ թե ընդհանուր կամքի դրսևորում են, այլ արտահայտում են այս կամ այն կողմի սուբյեկտիվ կարծիքը։ Միջազգային պայմանագրի պատմական մեկնաբանության ժամանակ նախապատրաստական նյութ կարող են համարվել նաև կողմերի ներկայացրած պայմանագրի նախագծերը՝ ինչպես ամբողջական, այնպես էլ առանձին հոդվածների և գլուխների տեսքով։ Կարող են ներկայացվել նաև պետությունների պառլամենտներում պայմանագրի քննարկմանն առնչվող նյութերն ու այլ փաստաթղթեր։ Պատմական մեկնաբանության ժամանակ կարող են օգտագործվել նաև պայմանագրի տեքստի նախապատրաստմանն առնչվող այնպիսի նյութեր, ինչպիսիք են՝ խորհրդաժողովի արձանագրությունները, պատվիրակությունների հայտարարությունը, դատական պրակտիկան և այլն: Համակարգային մեկնաբանությունն իրականացվում է որոշակի կոնկրետ հարցի կամ համասեռ հարաբերություններին առնչվող հարցերին վերաբերող տարբեր միջազգային պայմանագրերի համադրման միջոցով։ Հաճախ պետությունները, նկատի ունենալով հարցի բնույթը, հարկադրված են լինում այն կարգավորել ոչ թե մեկ, այլ մի քանի պայմանագրերով, որոնք, լինելով առանձին փաստաթղթեր, միևնույն ժամանակ միմյանց հետ փողկապված են ինչպես իրենց նպատակների ընդհանրությամբ, այնպես էլ հարցերի կարգավորման առանձնահատկությամբ։ Որպես օրինակ կարելի է վկայակոչել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական համագործակցության տարբեր հարցերին առնչվող՝ 1995-1997թթ. կնքված մոտ 9 միջազգային պայմանագրերը։ Ինչպես նշված, այնպես էլ նույնաբնույթ այլ պայմանագրերի բնորոշ է ներքին տրամաբանական կայուն կապը, որի ուժով դրանք ձեռք են բերում համակարգի որակ։ Նման դեպքում, նկատի ունենալով տարբեր պայմանագրերի միջև որոշակի կապը, պայմանավորվող կողմերը կարող են դրանցից որևէ մեկում իրենց կամքը ձևակերպող այս կամ այն բառի կամ հասկացության իրական իմաստը պարզելու համար հիմք ընդունել մեկ այլ պայմանագրում տեղ գտած ձևակերպումը։ ![]() Համակարգային մեկնաբանության դեպքում կարելի է հիմք ընդունել ոչ միայն պայմանագրի կողմերի, այլև կողմերից մեկի և երրորդ պետության միջև նախկինում կնքված պայմանագիրը։ Այս կապակցությամբ Լ. Օպենհեյմը նշում է. «Որևէ պայմանի իմաստը պարզելու համար կարելի է օգտագործել կողմերից մեկի և երրորդ պետությունների միջև պայմանագիրը»։ Համակարգային մեկնաբանությունն առանձնապես կարևորվում է, երբ նոր կնքվող պայմանագրում կա ուղղակի հղում նախկինում կնքված պայմանագրին։ Սովորական մեկնաբանության դեպքում ելնում են այն կանխավարկածից, որ կողմերը պայմանագիրը կատարում են կնքման ընթացքում ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածության հիման վրա։ Եվ եթե առաջանում է միջազգային պայմանագրի նորմի իմաստի բացահայտման խնդիր, ապա դա կարելի է անել նաև կողմերի պրակտիկ գործողությունների հիման վրա, որովհետև այդ գործողությունները, ըստ էության, հանդիսանում են պայմանագրի նորմերի ընկալման և կատարման արդյունք։ Սովորական մեկնաբանության եղանակն իր արտացոլումն է գտել Վիեննայի 1969թ. Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիայի 31-րդ հոդվածի 3-րդ կետում, ըստ որի, ճանաչվում է պայմանագրի հետագա կիրառման պրակտիկայի նշանակությունը։ Հարկ է միայն ընդգծել, որ 31-րդ հոդվածի 3-րդ կետում հատուկ նշվում է, որ կարող է հիմք ընդունվել պայմանագրի կիրառման հետ կապված այնպիսի հետագա գործունեությունը, որը «սահմանում է դրա մեկնաբանման վերաբերյալ մասնակիցների համաձայնությունը», այսինքն՝ պայմանագրի մեկ կողմի պրակտիկ գործունեությունը, որը մյուսների համաձայնությանը չի արժանացել, չի կարող սովորական մեկնաբանության դեպքում ընդունվել որպես հիմք։ Տարբեր լեզուներով կազմված պայմանագրերի մեկնաբանության հարցը առանձնապես կարևորվեց միջազգային հարաբերություններում լեզուների իրավահավասարության ճանաչումից հետո։ Միջազգային պրակտիկան վկայում է, որ նույնիսկ երկկողմ պայմանագրերի ճնշող մասը կազմվում է երկու, երբեմն նույնիսկ երեք լեզվով։ Հաճախ մի քանի լեզուներով են կազմվում նաև միջազգային համընդգրկուն պայմանագրերը։ Դրա նպատակն է պայմանագրերն առավել մատչելի դարձնելը միջազգային հանրությանը։ Այսօր ձևավորված պրակտիկայի համաձայն, բազմակողմ պայմանագրերը կազմվում են անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և ռուսերեն։ Իսկ քանի որ, բացի նշված լեզուներից, ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են նաև արաբերենն ու չինարենը, ուստի ՄԱԿ-ի շրջանակներում կնքվող պայմանագրերը կազմվում են վերոնշյալ վեց լեզուներով։ Տարբեր լեզուներով կազմված, սակայն բնագիր ճանաչված պայմանագրային իրավունքները և պարտականությունները, ելնելով լեզվամտածողության առանձնահատկությունից, քերականական կանոնների տարբերությունից և լեզվի հետ կապված այլ հանգամանքներից, կարող են, կողմերի միջև բանավոր համաձայնությունից հետո, այնպիսի շարադրանք ունենալ, որ դրանց առանձին դրույթների իմաստը տարբեր տեքստերում տարբեր կերպ ընկալվի։ Բազմալեզու պայմանագրերի մեկնաբանման սկզբունքներին և մոտեցումներին է նվիրված Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 33-րդ հոդվածը։ Կոնվենցիայի 33-րդ հոդվածում հիշատակված առաջին սկզբունքի համաձայն, «Եթե պայմանագրի տեքստի բնագիրը սահմանվել է երկու կամ մի քանի լեզուներով, յուրաքանչյուր լեզվով տեքստն ունի միևնույն ուժը, եթե պայմանագրով չի նախատեսված կամ դրա մասնակիցների կողմից չկա պայմանավորվածություն, որ այդ տեքստերի միջև տարբերությունների դեպքում առավելություն կունենա որևէ որոշակի տեքստ» (հոդվ. 33, կետ 1)։ Այս սկզբունքի ամրապնդումն ունի գործնական կարևոր նշանակություն։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կնքած որոշ պայմանագրեր կազմված են երեք լեզվով, օրինակ, հայերեն, թուրքմեներեն, ռուսերեն կամ հայերեն, հունարեն, անգլերեն։ Ընդ որում, նման պայմանագրերում երեք լեզուներն էլ համարվում են բնագիր։ Եթե երկկողմ պայմանագրերը երկու լեզվով կազմելը նպատակ ունի ընդգծելու կողմերի ինքնիշխան հավասարության, նրանց պետական լեզուների իրավահավասարության հանգամանքը, ապա երրորդ լեզվի օգտագործումը կոչված է կողմերի միջև վեճի դեպքում ապահովելու միջազգային դատական մարմինների և հենց իրենց՝ երկու կողմերի համար երրորդ մատչելի լեզվով կազմված տեքստի առկայությունը, որը և տարակարծության դեպքում ընդունվում է որպես հիմք։ Ոչ բնագիր ճանաչված տեքստը մեկնաբանության հիմք ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ հարցը Կոնվենցիայի 33-րդ հոդվածում որևէ կերպ չի շոշափվում։ Այս առումով գրականության մեջ կարծիք կա, որ 33-րդ հոդվածում պայմանագրերի ոչ բնագիր տեքստերի վերաբերյալ ցուցումների բացակայությունը պետք է հասկացվի այն իմաստով, որ ոչ բնագիր տեքստերի գործածումն ունի օժանդակ բնույթ և կարող է դասվել այն միջոցների շարքը, որոնք Վիեննայի կոնվենցիայի 32-րդ հոդվածով որակվում են որպես լրացուցիչ՝ Կոնվենցիայով սահմանված մեկնաբանության ընդհանուր համակարգի մեջ։ Երկրորդ սկզբունքի համաձայն, «Պայմանագրի՝ ոչ այն լեզվով տարբերակը, որի համար սահմանվել է տեքստի բնագիր լինելը, համարվում է բնագիր միայն այն դեպքում, եթե այն նախատեսված է պայմանագրով, կամ եթե դրա մասին պայմանավորվել են պայմանագրի մասնակիցները» (հոդվ. 33, կետ 2)։ Տարբեր լեզուներով կազմված միջազգային պայմանագրերի բնագիր լինելու հարցը լուծվում է պայմանագրի տեքստի կազմման և կնքման փուլերում, սակայն գործնականում հնարավոր է, որ բազմակողմ պայմանագրի անդամ պետությունները հետագայում համաձայնության գան և որևէ նոր լեզվով կազմված տեքստը ճանաչեն բնագիր։ ![]() Վիեննայի միջազգային պայմանագրերի մասին 1969թ. կոնվենցիան, նշված սկզբունքներից բացի, նախատեսում է նաև հետևյալ երկու մոտեցումը։ Առաջին մոտեցման համաձայն. «Ենթադրվում է, որ յուրաքանչյուր բնագիր տեքստում պայմանագրի հասկացություններն ունեն միատեսակ բովանդակություն» (հոդվ. 33, կետ 3)։ Կոնվենցիայի այս դրույթն ունի այսպես կոչված կանխիչ նշանակություն։ Դրա խնդիրն է՝ պայմանագրի կողմերին զերծ պահել տարբեր լեզուներով բնագրերի բառերն ու ձևակերպումները տարբեր կերպ բացատրելուց և մեկնաբանելուց։ Իսկ եթե, այդուհանդերձ, բնագիր տեքստերի համեմատումից առկա է առանձին բառերի և ձևակերպումների տարբերություն, որը կարող է հանգեցնել տարբեր լեզուներով կնքված պայմանագրերի բովանդակային տարբերության, գործում է երկրորդ մոտեցումը, համաձայն որի «… եթե բնագիր տեքստերի համեմատումից հայտնաբերվում են բովանդակության տարբերություններ, որոնք չեն վերանում 31 և 32-րդ հոդվածները կիրառելիս, ընդունվում է այն բովանդակությունը, որը պայմանագրի առարկան և նպատակները հաշվի առնելով, առավել լավ է համաձայնեցնում այդ տեքստերը» (հոդվ. 33, կետ 4)։ Նման մոտեցման հիմքում ընկած է այն կանխադրույթը, որ, չնայած միևնույն պայմանագրի տարբեր բնագրերը լեզվային առանձնահատկությունների ուժով կարող են տարբեր կերպ ընկալվել, միևնույն է, դրանց նպատակը, բովանդակությունը և իմաստը միատեսակ են, այնպիսին, ինչպես պայմանավորվել են կողմերն իրենց կամքի համաձայնեցման ընթացքում։ ![]() Բոլոր լեզուներով տեքստերի իմաստի միասնականության կանխադրույթը կոչված է ապահովելու ինչպես մեկնաբանության կայունությունը, այնպես էլ մեկնաբանման բարեխղճությունը։ Նման մոտեցումը ենթադրում է, որ բազմալեզու միջազգային պայմանագրի մեկնաբանման հիմքում չի կարող դրվել միայն մեկ լեզվով բնագիրը։ Մեկնաբանության ընթացքում քննարկման առարկա պետք է դառնան բնագիր պայմանագրերի բոլոր լեզվային տարբերակները։ Կարող են հանդիպել բազմալեզու միջազգային պայմանագրեր, որոնցում նշված չլինի, թե դրանցից որ տեքստն է համարվում բնագիր։ Նման պարագայում բնական կլինի, եթե բոլոր տեքստերն էլ հավասարապես համարվեն բնագիր, եթե, իհարկե, հետագայում կողմերի միջև ձեռք չբերվի միայն այս կամ այն լեզվով կամ լեզուներով տեքստը բնագիր ճանաչելու համաձայնություն։ Թեև պայմանագրերի նախագծերը նախապատրաստման փուլում, որպես կանոն, կազմվում են մեկ լեզվով և հետագայում, վերջնական ավարտից հետո, թարգմանվում այլ լեզուներով և ճանաչվում որպես բնագիր, միևնույն է, այն լեզվային տարբերակը, որով կազմվել է սկզբնական տեքստը, որևէ առավելություն չի կարող ունենալ։ Միջազգային պայմանագրերի կողմերը կարող են ներպետական օգտագործման համար պաշտոնապես թարգմանել այս կամ այն պայմանագրի տեքստը։ Նման թարգմանություն իրականացնող պետական մարմինը, նրա լիազորությունները և թարգմանված տեքստի իրավական նշանակության հարցերը զուտ ազգային օրենսդրության խնդիր են։ Այս հարցի կարգավորմանն է ուղղված «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը, համաձայն որի օտարերկրյա պետության կամ միջազգային իրավունքի որևէ այլ սուբյեկտի կողմից ներկայացված ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ միջազգային պայմանագրի նախագիծը պետք է թարգմանվի հայերեն։ Նշված թարգմանության և ընդհանրապես պայմանագրի հայերեն տեքստը կազմելու պարտականությունը դրված է այն գերատեչության վրա, որը շահագրգռված է դրա ընդունմամբ։ Եթե միջազգային պայմանագիրն ստորագրված է օտար լեզվով, ապա դրա հայերեն թարգմանելու պարտականությունը դրվում է իրավասու գերատեսչության վրա։ Միջազգային պայմանագրերի հայերեն և օտար լեզուներով տեքստերի նույնականությունը հաստատվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։ Ընդ որում, պայմանագրի նույնականացված հայերեն տեքստը համարվում է պաշտոնական թարգմանություն և հավասարազոր է օտար լեզվով ստորագրված միջազգային պայմանագրի տեքստին։ Սակայն կարևոր է իմանալ, որ ներպետական մակարդակով արված պաշտոնական թարգմանությունները միջազգային իրավական նշանակություն չեն կարող ունենալ, և պետությունները միջազգային որևէ ատյանում դրանք չեն կարող վկայակոչել։ Միջազգային պայմանագրերի մեկնաբանման վերոնշյալ եղանակներից որևէ մեկը մյուսի նկատմամբ որևէ առավելություն չունի: Դրանք կարող են կիրառվել ինչպես առանձին-առանձին, այնպես էլ համատեղ, նայած, թե մեկնաբանության ընթացքում պայմանագրի վերաբերյալ ինչպիսի հատուկ տեղեկատվություն է ակնկալվում ստանալ: | |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ | |
2972 reads | 21.10.2013
| |