ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԼԵԶՈՒՆ
![]() Սահմանադրական Դատարանի անդամ Միջազգային պայմանագրի լեզվի ընտրության հարցն ունի գործնական և իրավաբանական կարևոր նշանակություն։ Պայմանագրի տեքստը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտների միջև ձեռք բերված պայմանավորվածության և նրանց համաձայնեցված կամքի գրավոր ապացույց, կարող է կողմերի համար կիրառման առումով դյուրին լինել, եթե դրա բովանդակությունը մատչելի և ընկալելի լինի բոլոր կողմերի համար։ Պայմանագրի տեքստի կազմման ժամանակ շատ կարևոր է, թե ինչպես է լուծված պայմանագրի նույնականության (աուտենտիկության) հարցը, ինչ լեզուներով է կազմված տվյալ պայմանագիրը, պետությունների միջև պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված վեճերի դեպքում որ լեզվով կազմված օրինակը պետք է ընդունվի որպես հիմք։ Միաժամանակ, միջազգային պայմանագրի տեքստի լեզվի ընտրության հարցը սերտորեն առնչվում է պետությունների իրավահավասարության սկզբունքին։ ![]() Եթե մինչև 17-րդ դարը՝ լատիներենը, իսկ 18-րդ դարում ֆրանսերենն էին համարվում միջազգային պայմանագրերի կնքման տիրապետող լեզուներ, ապա հետագայում, առավելապես այսօր, միջազգային պայմանագրերի կնքման որևէ համապարտադիր կամ համընդհանուր կիրառման արժանացած լեզու գոյություն չունի։ Ժամանակակից միջազգային իրավունքում գոյություն ունի սկզբունք, համաձայն որի, երկկողմ պայմանագրերը կազմվում են երկու պայմանավորվող պետությունների լեզուներով։ Նման պայմանագրերը կազմվում են երկու բնօրինակից, որոնցում ներառվում են երկու լեզուներով կազմված տեքստերը, և երկու բնօրինակներն էլ համարվում են նույնական, այսինքն՝ իրավաբանորեն հավասարազոր։ Միջազգային պայմանագրերի կնքման պրակտիկայում հայտնի են նաև դեպքեր, երբ երկկողմ պայմանագիրը կնքվում է միայն մեկ լեզվով։ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված վարկային պայմանագրերը կազմվում են միայն անգլերենով։ Հաճախ, երկկողմ պայմանագիր կնքելիս, պետությունները, ելնելով իրենց ազգային լեզուների միջազգային ճանաչման վիճակից, ստիպված են լինում բնօրինակ ներառել նաև երրորդ լեզվով կազմված տեքստ։ Դա արվում է, որպեսզի կողմերի միջև պայմանագրի կատարման կամ մեկնաբանության հետ կապված վեճի դեպքում հիմք ընդունվի այն լեզվով կազմված տեքստը, որը մատչելի կլինի ինչպես կողմերի, այնպես էլ նրանց վեճը քննող միջազգային դատական կամ արբիտրաժային մարմնի համար։ Այսպես, օրինակ, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև քաղաքացիների առանց արտոնագրերի այցելությունների մասին 1999թ. դեկտեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրի 8-րդ հոդվածում նշվում է. «Համաձայնագիրը կազմված է երկու բնօրինակով՝ յուրաքանչյուրը հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն լեզուներով, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են։ Համաձայնագրի դրույթների մեկնաբանման դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը»։ Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև 1997թ. ապրիլի 9-ին ստորագրված հյուպատոսական կոնվենցիայի 44-րդ հոդվածում նշվում է. «Կատարված է… երկու բնօրինակով՝ հայերեն, հունարեն և անգլերեն լեզուներով, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են։ Տարակարծությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն լեզվով տեքստին»։ Բազմակողմ պայմանագրերի տեքստերի բնօրինակները, որպես կանոն, կազմվում են միջազգային լայն ճանաչում ստացած լեզուներով, որոնցից են՝ անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և որոշ այլ լեզուներ։ ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատությունների կանոնադրությունները, որպես կանոն, կազմվում են անգլերենով և ֆրանսերենով, իսկ միջազգային կոնվենցիաները՝ Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական լեզուներով։ | |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ | |
3214 reads | 17.07.2013
| |