ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական Դատարանի անդամ








Միջազգային պայմանագրերի իրացման համար անհրաժեշտ է, որպեսզի պայմանագրային նորմերը կամ փոխակերպվեն ազգային իրավունքի նորմերի, կամ որևէ կերպ դրանց դրույթներին հաղորդվի ներպետական իրավունքին բնորոշ համապարտադիր բնույթ։ Նման արդյունքի կարելի է հասնել, եթե միջազգային պայմանագրերը ձեռք բերեն ազգային օրենսդրության ուժ։

Ազգային օրենսդրությանը համարժեք իրավաբանական ուժ ստանալու դեպքում միջազգային պայմանագրերը կատարման տեսակետից դառնում են պարտադիր ինչպես պետական մարմինների, այնպես էլ պաշտոնատար անձանց և քաղաքացիների համար։

Սովորաբար, պետություններն իրենք են ընտրում, թե միջազգային պայմանագրերն ինչպես և ինչ կարգով պետք է ներառվեն իրենց ազգային օրենսդրության մեջ։ Պայմանագրի դրույթներն ազգային օրենսդրության մեջ փոխակերպելու եղանակների ընտրության հարցը մեծապես պայմանավորված է պայմանագրի բովանդակությամբ։ Բովանդակության առումով միջազգային պայմանագրերը կարելի է դասակարգել երկու խմբի։

Առաջին, երբ միջազգային պայմանագիրը, կողմերի համար նախատեսելով իրավունքներ և պարտականություններ, միաժամանակ ուղղակիորեն չի նախատեսում դրանց իրագործման համար անհրաժեշտ ներպետական միջոցառումներ, այլ դրանք ենթադրվում են՝ ելնելով պայմանագրով պետությունների ստանձնած պարտավորությունների էությունից։ Նման դեպքերում կողմերն այդ պարտավորությունների բարեխիղճ կատարման համար պետք է ստեղծեն համապատասխան ազգային օրենսդրություն։ Օրինակ, Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961թ. կոնվենցիան սահմանում է դիվանագիտական ներկայացուցչության գործառույթները և դիվանագիտական ներկայացուցչության գործունեության կազմակերպման հետ կապված մյուս հարցերը։ Նշված Կոնվենցիայի դրույթների կատարումն ապահովելու նպատակով պետությունները պետք է ստեղծեն համապատասխան ներպետական օրենսդրական հիմք։ Այս առնչությամբ մեր հանրապետությունն ընդունել է «Արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կարգավիճակի մասին» 1992թ. հունիսի 6-ի օրենքը, «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական աստիճանների մասին» 1992թ. մայիսի 5-ի օրենքը և այլ օրենքներ։

Երկրորդ, երբ միջազգային պայմանագիրը մասնակից պետություններին ուղղակի պարտավորեցնում է իրենց ստանձնած պարտավորությունների կատարման համար փոփոխել իրենց գործող օրենքները կամ ընդունել նոր օրենքներ ու այլ նորմատիվ ակտեր, ստեղծել հատուկ խմբեր, հանձնաժողովներ և ազգային կառույցներ։ Օրինակ, Կրթության բնագավառում խտրականության դեմ 1960թ. դեկտեմբերի 14-ի կոնվենցիան մասնակից պետություններին պարտավորեցնում է փոփոխության ենթարկել իրենց օրենսդրությունը։ Կոնվենցիայի 3-րդ հոդվածում նշվում է, որ կրթության բնագավառում խտրականությունը վերացնելու կամ կանխարգելելու նպատակով մասնակից պետությունները պարտավորվում են՝ չեղյալ հայտարարել ցանկացած նորմատիվ ակտ ու վարչական կարգադրություն և դադարեցնել ցանկացած վարչական պրակտիկա, որոնք ներառում են խտրականություն այդ բնագավառում։

Նոր օրենքների ընդունման պարտավորություն սովորաբար նախատեսվում է այն միջազգային պայմանագրերում, որոնց դրույթների խախտման համար անհրաժեշտ է կիրառել քրեական կամ այլ հարկադրական բնույթի պատասխանատվություն կամ սահմանել հատուկ ինստիտուցիոնալ համակարգ՝ ինչպես միջազգային, այնպես էլ ազգային մակարդակով պայմանագրի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար։ Որպես օրինակ կարելի է բերել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին 1948թ. կոնվենցիան, որի 5-րդ հոդվածը մասնակիցներին պարտավորեցնում է ընդունել համապատասխան օրենսդրություն այն անձանց արդյունավետ պատիժն իրականացնելու համար, որոնք մեղավոր են ցեղասպանության հանցագործության կատարման մեջ։ Նման դրույթներ են պարունակում նաև մարդասիրական իրավունքի վերաբերյալ 1949թ. Ժնևի կոնվենցիաները և դրանց կից արձանագրությունները։

Օրինակ, Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 49-րդ հոդվածում նշվում է. «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորություն են ստանձնում գործողության մեջ դնել օրենսդրություն, որն անհրաժեշտ է այն անձանց քրեական արդյունավետ պատիժների ապահովման համար, ովքեր կատարել կամ հրամայել են կատարել սույն կոնվենցիայի այս կամ այն լուրջ խախտումներ»։ Ապարտհեյդի հանցագործությունն արգելելու և պատժելու մասին 1973թ. նոյեմբերի 30-ի կոնվենցիայի 4-րդ հոդվածում նշվում է, որ մասնակից պետությունները պարտավոր են ձեռնարկել օրենսդրական կամ այլ բնույթի ցանկացած միջոցներ, որոնք անհրաժեշտ են ապարտհեյդի հանցագործության և համանման սեգրեգացիոն քաղաքականության կամ դրանց դրսևորումների ցանկացած խրախուսում ճնշելու, ինչպես նաև կանխելու և այդ հանցագործության մեջ մեղավորներին պատժելու համար։ Միաժամանակ, Կոնվենցիան նախատեսում է, որ մասնակից պետությունները Կոնվենցիայի կատարումը հսկելու նպատակով պարտավոր են ստեղծել հատուկ խումբ և նրան ներկայացնել պարբերական զեկույցներ այն օրենսդրական, դատական և վարչական կամ այլ միջոցների մասին, որոնք նրանք ընդունել են Կոնվենցիայի դրույթների կատարման համար։

Պետությունները պարտավոր են միջոցներ ձեռնարկել, որպեսզի ոչ միայն խուսափեն ներպետական իրավունքի և միջազգային իրավունքի կոլիզիայից, այլև ապահովեն ազգային իրավունքի համապատասխանությունը ստանձնած միջազգային իրավական պարտավորություններին։

Նման համապատասխանությունը սովորաբար ապահովվում է փոխակերպման միջոցով։ Փոխակերպումը, որը կարող է տեղի ունենալ ուղիղ կամ միջնորդավորված եղանակով, կարող է դրսևորվել ինկորպորացիայի, ռեցեպցիայի և հղման միջոցով։

Նշված եղանակների օգնությամբ, որոնց ամբողջությունը միջազգային պրակտիկայում անվանվում է նաև իմպլեմենտացիա, պետություններն իրենց միջազգային պայմանագրային պարտավորությունները փոխակերպում են ազգային իրավունքի և ապահովում դրանց կատարումը։

Միջազգային պայմանագրային նորմերի ուղիղ փոխակերպման դեպքում պետության կնքած, ուժի մեջ մտած պայմանագիրը ձեռք է բերում օրենքի ուժ։ Նման փոխակերպման համար իրավական հիմք է այն հանգամանքը, որ շատ պետություններ միջազգային իրավունքը ճանաչել են իրենց ներքին իրավունքի մաս կամ ընդունում են, որ միջազգային իրավական նորմերն օժտված են ավելի բարձր իրավաբանական ուժով, քան իրենց ազգային օրենքները։ Կարելի է բերել հետևյալ օրինակները։ 

ԱՄՆ-ի Սահմանադրության 6-րդ հոդվածում ասվում է. «պայմանագրերը, որոնք կնքվել են կամ կկնքվեն Միացյալ Նահանգների կողմից, հանդիսանում են երկրի գերագույն իրավունքը, յուրաքանչյուր նահանգի դատավոր պարտավոր է դրանք կատարել, եթե նույնիսկ առանձին նահանգների սահմանադրություններում և օրենքներում հանդիպեն դրանց հակասող դրույթներ»։

Ֆրանսիայի Սահմանադրության 55-րդ հոդվածում նշված է, որ պատշաճ ձևով վավերացված և հավանության արժանացած պայմանագրերն ու համաձայնագրերն ունեն ներքին օրենքների ուժը գերակշռող ուժ հրապարակման պահից, պայմանով որ մյուս կողմը կատարում է յուրաքանչյուր համաձայնագիրն ու պայմանագիրը։ 

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 15-րդ հոդվածում ասվում է. «Միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը և սկզբունքները և Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերը հանդիսանում են նրա իրավական համակարգի բաղկացուցիչ մասը»։

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածում նշվում է. «ՀՀ անունից կնքված միջազգային պայմանագրերը կիրառվում են միայն վավերացվելուց հետո։ Վավերացված միջազգային պայմանագրերը Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Եթե նրանցում նախատեսված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը...» (ի դեպ, ՀՀ Սահմանադրությունում չկա «հրապարակման պահ» արտահայտությունը, որին հանդիպում ենք այլ երկրների սահմանադրությունների համանման հոդվածներում

Միջազգային պայմանագրերի միջնորդավորված փոխակերպման դեպքում պետությունների սահմանադրությունները կամ մյուս օրենսդրական ակտերը հատուկ նախատեսում են, թե ինչպես և ինչ կարգով են միջազգային պայմանագրերը ներառվում ներպետական իրավական համակարգի մեջ։
Օրինակ, Նիգերիայի Սահմանադրության 12-րդ հոդվածում ասվում է. «Դաշնության և որևէ այլ պետության հետ չի ունենա օրենքի ուժ, բացի այն ծավալով, որքանով որ ցանկացած պայմանագիր Ազգային Ժողովի կողմից մուտք է արվել ներքին իրավունքի մեջ»։

Իսպանիայի Սահմանադրության 96-րդ հոդվածը նախատեսում է. «Իսպանիայում օրենքով կնքված և պաշտոնապես հրապարակված միջազգային պայմանագրերը կազմում են նրա ներքին օրենսդրության բաղկացուցիչ մասը», իսկ Իսպանիայի քաղաքացիական օրենսգրքում նշվում է, որ միջազգային պայմանագրերում եղած իրավական նորմերն Իսպանիայում ուղղակի կիրառում չունեն. այդ նորմերը կիրառվում են միայն պետության պաշտոնական տեղեկագրում ամբողջությամբ հրապարակելու միջոցով (ներքին իրավունքի մեջ ներառելով)։

Ինկորպորացիա ասելով՝ սովորաբար նկատի են առնվում այն դեպքերը, երբ օրենքի դրույթներն ամբողջովին համընկնում են միջազգային պայմանագրի դրույթներին։ Ընդ որում, եթե նույնիսկ օրենքի տեքստն ամբողջովին պարունակում է միջազգային պայմանագրի բովանդակությունը, միևնույն է, այն մնում է որպես ներքին իրավունքի աղբյուր։

Ինկորպորացիայի օրինակ կարող է լինել ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը նվիրված է ցեղասպանության հանցագործությանը։ Այստեղ գրեթե նույնությամբ կրկնվում են Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի առանձին դրույթներ՝ ավելացրած ցեղասպանության հանցագործության համար նախատեսվող պատժատեսակն ու պատժաչափը միայն։

Ռեցեպցիայի կիրառմամբ պետությունները շատ հաճախ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների ձևակերպումները բառացի ամրագրում են ազգային օրենքներում և նորմատիվ մյուս ակտերում։

Ռեցեպցիայի օրինակ կարող է հանդիսանալ ՀՀ քրեական օրենսգրքում այնպիսի հանցագործությունների վերաբերյալ հոդվածների շարադրանքը, ինչպիսիք են՝ ցեղասպանությունը, օտարերկրյա պետության կամ նրա դիվանագիտական ներկայացուցիչների նկատմամբ ահաբեկչական գործողությունը, էկոցիդը և այլն։

Միջազգային պայմանագրերի դրույթներն ազգային օրենսդրության փոխակերպելու խնդիրը հաճախ լուծվում է նաև հղման միջոցով։ Հղման դեպքում ազգային իրավունքում՝ սահմանադրության մեջ կամ առանձին նորմատիվ ակտերում ընդհանուր կամ կոնկրետ ձևակերպմամբ նշվում է, որ միջազգային և ներպետական իրավանորմերի հակասության դեպքում այդ հարաբերության կարգավորման համար կիրառվում են միջազգային իրավունքի նորմերը։

Հղումը կարող է լինել ընդհանուր և կիրառվել բոլոր միջազգային պայմանագրերի վերաբերյալ, ինչպես, օրինակ, նշված է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածում կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին կետում, որտեղ ասվում է. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը սույն օրենսգրքի 1-ին հոդվածում նշված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են անմիջականորեն, բացի այն դեպքերից, երբ միջազգային պայմանագրից բխում է, որ դրա կիրառման համար պահանջվում է ներպետական ակտի հրատարակում»։

Հղումը կարող է լինել նաև կոնկրետ հարցերի վերաբերյալ։ Այս դեպքում պետությունը միջազգային պայմանագրի դրույթների բովանդակությունն ազգային օրենսդրության մեջ շարադրելու փոխարեն ուղղակի նախատեսում է հղում, որտեղ նշվում է, որ համապատասխան հարաբերության կարգավորման հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա։ Որպես օրինակ կարելի է բերել ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախապատրաստվող նախագծի 1055-րդ հոդվածը, որը այդպես էլ վերնագրված է. «Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների իրականացմանն ուղղված հրաման կամ կարգադրություն տալը»։ Ինչպես տեսնում ենք, անկախ օրենսգրքի վերջնական բովանդակությունից, օրենսգրքի հեղինակները նկատի ունեն ոչ թե միջազգային պայմանագրային իրավունքի նորմերը՝ ընդհանրապես, այլ միջազգային մարդասիրական իրավունքը, այսինքն՝ նրանք, որոնք վերաբերում են պատերազմի ժամանակ ռազմագերիների և խաղաղ բնակչության պաշտպանությանը։

Այսպես, օրինակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1253-րդ հոդվածում նշվում է, որ օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ, ինչպես նաև այն դեպքերում, երբ քաղաքացիական իրավունքների օբյեկտը գտնվում է արտասահմանում, քաղաքացիական իրավական հարաբերությունների նկատմամբ դատարանի կողմից կիրառվելիք իրավունքը որոշվում է սույն օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված միջազգային սովորույթների հիման վրա։

Ինչպես նախկինում ԽՍՀՄ օրենքներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ընդունված շատ օրենքներ և օրենսգրքեր հատուկ դրույթ են պարունակում այն մասին, որ եթե միջազգային պայմանագրով սահմանված են այլ կանոններ, քան պարունակում է տվյալ օրենքը կամ օրենսգիրքը, ապա պետք է կիրառվեն միջազգային պայմանագրի կանոնները։ Կարծում ենք, եթե ԽՍՀՄ օրենքներում այս դրույթի առկայությունը կարելի էր բացատրել, ապա այսօր, երբ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածն ուղղակի սահմանում է օրենքների նկատմամբ վավերացված միջազգային պայմանագրի առաջնայնությունը, նպատակահարմար չէ օրենքներում և օրենսգրքերում հատուկ հոդված նախատեսել այս մասին։ 

Որպեսզի միջազգային իրավունքի նորմը հղման միջոցով կարգավորի ներպետական իրավունքի սուբյեկտների հարաբերությունները, անհրաժեշտ է, որ այն լինի լիարժեք և պատշաճորեն կոնկրետ։ Այդպիսի իրավանորմերը կոչվում են ինքնակատարվող։

Միջազգային պայմանագրերի ճնշող մեծամասնությունն ինքնակատարվող չէ, դրանցում տեղ գտած ձևակերպումները հաճախ ընդհանուր բնույթի են և զուրկ կոնկրետությունից։ Դրանք բարեխիղճ կատարելու համար պետությունները, որպես կանոն, ընդունում են ազգային համապատասխան օրենսդրական ակտեր։

Միջազգային պայմանագրերի իրացման համար, որպես կանոն, անհրաժեշտ է իրականացնել ներպետական բնույթի լուրջ օրենսդրական, տեխնիկական, կազմակերպչական և այլ միջոցներ։ Ժնևի մարդասիրական իրավունքի վերաբերյալ 1949թ. կոնվենցիաները և դրանց կից լրացուցիչ արձանագրությունները նախատեսում են, որ կողմերը պարտավոր են ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ թարգմանել այդ փաստաթղթերի տեքստերը, հնարավորինս լայնորեն տարածել դրանք իրենց երկրներում, կոնվենցիաների ուսումնասիրումը ներառել ռազմական և քաղաքացիական կրթության ծրագրերի մեջ, նախատեսել կոնվենցիաների կատարումն ապահովող հարկադրական բնույթի նորմեր և այլ գործողություններ։

«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է 2000թ. հուլիսի 28-ին, մի շարք նորմեր է պարունակում՝ նվիրված միջազգային պայմանագրերի կատարման ապահովմանը։ Օրենքը, պայմանագրային պարտավորությունների կատարմանն ուղղված բազմաթիվ այլ դրույթների հետ մեկտեղ, նախատեսում է, որ միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ Նախագահը, ՀՀ կառավարությունը և ՀՀ վարչապետը, իրենց իրավասության շրջանակներում, ձեռնարկում են համապատասխան կազմակերպչական և իրավական միջոցներ։

Օրենքում չի ճշգրտվում, թե դրանք կոնկրետ ինչպիսի միջոցներ են, բայց գործնական կյանքում կարող են ունենալ ամենատարբեր դրսևորումներ։ Կազմակերպչական միջոցներ կարող են համարվել խմբերի, հանձնաժողովների և ազգային ինստիտուցիոնալ այլ կառույցների ստեղծումը, իսկ իրավական միջոցները, ինչպես արդեն նշվել է, այն նոր օրենքներն ու նորմատիվ ակտերն են, որոնք անհրաժեշտ են միջազգային պայմանագրային պարտավորությունների կատարումն ապահովելու համար։ 

Այսպիսով, պետությունների ստանձնած միջազգային պայմանագրային պարտավորությունների կատարումն անհնարին է ապահովել՝ առանց ձեռնարկելու ազգային մակարդակով դրանց իրացումն ապահովող նորմատիվ իրավական և կազմակերպական իրավական գործուն միջոցներ։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ
4272 reads | 23.12.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com