ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական Դատարանի անդամ








Pacta sunt servanda սկզբունքը

Ինչպես ցանկացած պայմանագիր, այնպես էլ միջազգային պայմանագրերը պետք է պահպանվեն: Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 26-րդ հոդվածում ամրագրված «պայմանագրերը պետք է պահպանվեն» սկզբունքի համաձայն, յուրաքանչյուր գործող պայմանագիր պարտադիր է դրա մասնակիցների համար և նրանց կողմից պետք է կատարվի բարեխղճորեն։

Միջազգային իրավունքի զարգացման բոլոր փուլերում էլ այս սկզբունքը դիտվել է որպես դրույթ, որը պետք է կատարվի անվերապահորեն, և որի կատարումը պետությունների կողմից որևէ կասկածի տակ դրվել չի կարող։

«Այս սկզբունքն իր ծագումից ի վեր միջազգային իրավունքի անկյունաքարն է և մեծ կարևորություն ունի միջազգային հարաբերությունների կայունության ու զարգացման համար։ Pacta sunt servanda սկզբունքը ծագում է բարոյականության խոր գիտակցումից»։

Այսօր աշխարհում, երբ գոյություն չունի միջազգային պայմանագրերի անվերապահ կատարումն ապահովող հատուկ միջազգային ինստիտուցիոնալ համակարգ, պայմանագրերի անվերապահ ու բարեխիղճ կատարման սկզբունքը քաղաքակիրթ և կանխատեսելի միջպետական հարաբերությունների կառուցման գլխավոր հիմքն ու երաշխիքն է։ Պետություններն իրենց կողմից պատշաճ ձևով կնքված և ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերից կարող են հրաժարվել ոչ թե կամայականորեն, այլ միայն միջազգային իրավական նորմերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում։

Միջազգային պայմանագրի ոչ մի մասնակից, որպես պայմանագիրը չկատարելու արդարացման պատճառաբանություն, չի կարող վկայակոչել իր ներքին իրավունքի դրույթները։ Պայմանագիրը խախտող կողմի նկատմամբ, ելնելով խախտման բնույթից և հետևանքներից, կարող են կիրառվել միջազգային իրավական պատասխանատվության տարբեր տեսակներ ու ձևեր։

Pacta sunt servanda սկզբունքը միջազգային իրավունքի հիմնական սկզբունքն է (jus cogens, բառացի` անվիճարկելի իրավունք), որի կատարումը պարտադիր է տվյալ իրավունքի բոլոր սուբյեկտների համար։ Սակայն այս սկզբունքը չի կարող կիրառվել այնպիսի ոչ իրավազոր միջազգային պայմանագրերի կնքման և կատարման համար, որոնք նախատեսում են ուժի կիրառում, զավթողական պատերազմի սանձազերծում և վարում, այնպիսի այլ գործողությունների իրականացում, որոնք արգելված են միջազգային իրավունքի նորմերով։ 

«Պայմանագրերը պետք է պահպանվեն» սկզբունքը ենթադրում է, որ պայմանագրերը պետք է պահպանվեն բարեխղճորեն։ Պայմանագրերի բարեխիղճ կատարման հասկացությունը չի կարելի շփոթել արդարության կամ ճշմարտության հասկացությունների հետ։ Ինչպես իրավացիորեն նշում է Ա. Ն. Տալալաևը, «Միջազգային պայմանագրերի առնչությամբ դրանց բարեխիղճ կատարումը նշանակում է պայմանագրի բովանդակության, ժամկետի, որակի, կատարման տեղի և այլնի ճշգրիտ կատարումը։ Այլ կերպ ասած, ինչ նախատեսված է միջազգային պայմանագրում, գործնականում պետք է կատարվի։ Դա էլ կլինի պայմանագրի պատշաճ կատարում»։

Քանի որ միջազգային պայմանագրերի կատարման ապահովման բեռը հիմնականում ծանրացած է ներպետական օրենսդրության վրա, ուստի պետությունները, իրենց սահմանադրությամբ և օրենքներով ճանաչելով միջազգային պայմանագիրը որպես ներպետական իրավական համակարգի բաղկացուցիչ մաս, միաժամանակ կանխորոշում են այն պետական մարմինների ցանկը, որոնք անմիջական պարտավորություն են կրում միջազգային պայմանագրային նորմերի կատարումն ապահովելու համար։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ, եթե ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը։ 

Իսկ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը ենթակա են անվերապահ կատարման Հանրապետության կողմից։ Օրենքն ամրագրում է, որ ուժի մեջ մտած միջազգային պայմանագրի կատարման ընթացքում Հայաստանը չպետք է իրականացնի այնպիսի գործողություններ, որոնք կարող են հակասել այդ պայմանագրերի նպատակներին և առարկային։ Միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահը, ՀՀ կառավարությունն ու վարչապետը պարտավոր են ձեռնարկել համապատասխան կազմակերպչական և իրավական միջոցներ։

Միջազգային պայմանագրով կարգավորվող հարաբերությունների բնույթից ելնելով՝ դրանց կատարման աշխատանքներին կարող են ներգրավվել հանրապետության գերատեսչությունները և այլ պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները։ Օրենքը թույլատրում է անհրաժեշտության դեպքում միջազգային պայմանագրերի կատարման աշխատանքներին ներգրավել նաև առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնարկների, ինչպես նաև ֆիզիկական անձանց։

Ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում միջազգային պայմանագրերի կատարման հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ Նշված գործառույթն արդյունավետ իրականացնելու նպատակով արտաքին գործերի նախարարությունն իրավունք ունի համապատասխան գերատեսչություններում ծանոթանալու միջազգային պայմանագրերի կատարման վիճակին ու ընթացքին, համակարգելու միջազգային պայմանագրի կատարման ուղղությամբ գերատեսչությունների կողմից կատարվող աշխատանքները, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է համապատասխան առաջարկություններ ներկայացնել հանրապետության Նախագահին, կառավարությանը կամ վարչապետին։

Միջազգային պայմանագրերի կատարումն ապահովելու համար պետությունները երբեմն պարտավորված են լինում ընդունելու հատուկ օրենքներ և այլ նորմատիվ ակտեր, մերձեցնելու ազգային օրենսդրությունները։ Նման օրենքների և նորմատիվ ակտերի ընդունման անհրաժեշտությունը հաճախ նախատեսվում է հենց միջազգային պայմանագրում։

Օրինակ, «ՄԻԱՎ վարակի հետ կապված խնդիրների լուծման հարցում համագործակցության մասին» 1998թ. Մոսկվայում ստորագրված բազմակողմ համաձայնագրի 11-րդ հոդվածում նշվում է, որ կողմերն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն ՄԻԱՎ-վարակի հետ կապված խնդիրների վերաբերյալ ազգային օրենսդրությունների մերձեցման շուրջ, ինչպես նաև ժամանակին միմյանց կտեղեկացնեն ազգային նորմատիվ իրավական նոր ակտերի ընդունման մասին, «Գրական և գաղարվեստական երկերի պահպանության մասին» 1886թ. սեպտեմբերի 9-ի Բեռնի կոնվենցիայի 36-րդ հոդվածի 1-ին կետում նշվում է. «Յուրաքանչյուր երկիր, որը սույն Կոնվենցիայի մասնակից է, պարտավորվում է ձեռնարկել իր Սահմանադրությանը համապատասխան անհրաժեշտ միջոցներ՝ սույն Կոնվենցիայի կիրառումն ապահովելու համար»։

Միջազգային պայմանագրերի կատարման սկզբունքը ոչ միայն ենթադրում է դրա մասնակցի կողմից իր պարտավորությունների բարեխիղճ և անվերապահ կատարում, այլև կանխորոշում է, որ նման մասնակիցն իրավունք չունի կնքելու այնպիսի նոր պայմանագիր, որը կհակասի իր կողմից ավելի շուտ կնքված մեկ այլ պայմանագրի դրույթներին։

Միջազգային պայմանագրերի բարեխիղճ կատարման պարտավորությունը պետք է ապահովվի պաշտոնատար անձանց, պետական և միջազգային բոլոր ինստիտուտների կողմից, սակայն, այս հարցում առավել լուրջ գործառույթով են օժտված դատական մարմինները։ Սա պայմանավորված է նրանով, որ ներպետական օրենսդրության և միջազգային պայմանագրային նորմերի միջև հաճախ հանդիպող հակասություններն իրենց լուծումն են գտնում ինչպես ազգային, այնպես էլ միջազգային դատարանների կողմից։ Այս առումով հետաքրքիր դատողություն է արել արբիտր Փորթեր Մորսերը՝ ԱՄՆ-ի և Հաիթիի միջև վեճի վերաբերյալ իր 1888թ. դեկտեմբերի 4-ի որոշման մեջ։ Նա գրում է. «Իրավասու իշխանությունների կողմից կնքված պայմանագրերն ազգերի համար նույնքան պարտադիր են, որքան մասնավոր պայմանագրերը պարտադիր են առանձին անձանց համար, և պետք է կատարվեն առավելագույն բարեխղճությամբ»։

Այսպիսով, կարելի է ասել, որ ոչ մի պետություն իրավասու չէ իրեն ազատել միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորության կատարումից կամ միակողմանի փոփոխել պայմանագրով նախատեսված պայմանները՝ առանց դրա համար միջազգային իրավունքով նախատեսված իրավազոր հիմքերի։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ
3407 reads | 30.09.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com