ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
![]() Սահմանադրական Դատարանի անդամ Չնայած Pacta sunt servanda սկզբունքի պահանջը համընդհանուր պարտադիր բնույթի է, այդուհանդերձ, պետությունները և միջազգային իրավունքի մյուս սուբյեկտները երբեմն տարբեր շարժառիթներով և հիմնավորումներով չեն կատարում իրենց վրա դրված պարտավորությունները։ ![]() Միջազգային պայմանագրերի կատարումն ապահովող որոշ երաշխիքներ (երդումը, պատանդ վերցնելը, տարածքի և արժեքավոր իրերի գրավադրությունը) աստիճանաբար վերացան։ Միաժամանակ, կիրառման մեջ դրվեցին միջազգային պայմանագրերի կատարումն ապահովող այնպիսի իրավական երաշխիքներ, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ միջազգային և ներպետական։ Միջազգային իրավական երաշխիքներ պարունակող փաստաթղթերում երաշխիքները սովորաբար դասակարգվում են ըստ երեք խմբի՝ երաշխավորություն, որը ձևակերպված է պայմանագրի տեքստում՝ հոդվածների տեսքով. դրան կից հավելվածի տեսքով և կամ առանձին կնքված հատուկ պայմանագրի տեսքով։ Առաջին խումբը ներառնում է երրորդ պետության կամ պետությունների խմբի երաշխավորությունն այն մասին, որ պայմանագիրը պատշաճ կերպով կկատարվի։ Որպեսզի նման երաշխավորությունը համարվի իրավազոր, անհրաժեշտ է, որ պայմանագրի կողմերը համաձայն լինեն երրորդ պետությանը կամ պետությունների խմբին տրամադրել նման իրավունք, և, միաժամանակ, պայմանագրի առարկայի վերաբերյալ երրորդ պետությունը կամ պետությունների խումբը չպետք է ունենան անմիջական շահագրգռվածություն։ ![]() Միջազգային հարաբերությունների պրակտիկան վկայում է, որ այս կարևոր ելակետային դրույթները պահպանվել են ոչ միշտ։ Այսպես, Ռուսաստանի և Թուրքիայի միջև 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքված պայմանագրում կողմերը, շարադրելով իրենց իրավունքները և պարտականությունները, միաժամանակ այդ պայմանագրի անդամ չհանդիսացող՝ երրորդ պետությունների համար նախատեսում են երաշխիքային բնույթի այնպիսի պարտադիր դրույթներ, որոնք ուղղակի ոտնահարում են վերջիններիս ինքնիշխան իրավունքները։ Մասնավորապես, պայմանագրի 3-րդ հոդվածում նշվում է. «Երկու Պայմանավորվող կողմերը համաձայն են, որ Նախիջևանի մարզը՝ սույն Պայմանագրի 1-ին © հավելվածում նշված սահմաններում կազմի ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի մի երրորդ պետության։ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակներից կազմված հանձնաժողովը կշտկի Նախիջևանի տարածքի եռանկյունի կազմող գոտու՝ արևելքում Արաքսի հնահունի և արևմուտքում Դաղնա (3829) և Վելի-դաղ (4121) և Բագարզիք (6587) և Քյոմուրլու-դաղ (6930) լեռների վրայով անցնող գծի միջև պարփակված տերիտորիայի սահմանագիծը, որն սկսվում է Քյոմուրլու-դաղ (6930) սարից, հետո անցնում է Սերայ Բուլաք սարի վրայով դեպի Արարատ կայարանը և վերջանում է Քարասուի և Արաքսի տրամախաչման տեղում»։ Ինչպես տեսնում ենք, Ռուսաստանը և Թուրքիան ստանձնել են երաշխիքային բնույթի այնպիսի պարտավորություններ, որոնք կանխորոշում են ոչ միայն Նախիջևանի կարգավիճակը, այլև նրա և Հայաստանի ապագա սահմանագիծը։ Նույն պայմանագրի 15-րդ հոդվածում նշվում է. «Ռուսաստանը պարտավորվում է Անդրկովկասյան Հանրապետությունների նկատմամբ դիմել քայլերի, որպեսզի այդ հանրապետությունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրերում անպատճառ ճանաչվեն սույն Պայմանագրի այն հոդվածները, որոնք անմիջաբար վերաբերվում են իրենց»։ Անկախ մեջբերված պայմանագրային դրույթների քաղաքական նշանակությունից, դրանք միջազգային իրավունքի տեսակետից անընդունելի են, որովհետև պայմանագրի կնքման պահին և դրան նախորդող ժամանակաշրջանում Թուրքիան այս հարցերում ուներ այնպիսի անմիջական շահագրգռվածություն, որը դուրս էր միջազգային հարաբերություններում բնական համարվող՝ ցանկացած ռազմական և այլ բնույթի բախումները կանխելու և դրանց խաղաղ լուծման ուղիները գտնելու պետությունների բնական շահագրգռվածության շրջանակներից։ Երկրորդ խմբի մեջ մտնում են այն երաշխավորությունները, որոնք ունեն փոխադարձության բնույթ։ Նման երաշխավորությունների տրամադրման դեպքում պայմանագրի կողմերը պարտավորվում են համատեղ միջոցներ ձեռնարկել պայմանագրի դրույթների խախտումն այլ պետության կամ պետությունների կողմից բացառելու համար։ Նման երաշխավորություններ կարող են նախատեսվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ պայմանագրերով։ Միջազգային իրավական երաշխիքների դրսևորման երրորդ ձևը միջազգային կազմակերպությունների կամ պետությունների կողմից տրվող կոլեկտիվ երաշխիքներն են։ Այսօր աշխարհում գործում են բազմաթիվ միջազգային պայմանագրեր և կոնվենցիաներ, որոնք նպատակ ունեն բացառել ազգերի, ժողովուրդների և պետությունների նկատմամբ ցանկացած սպառնալիք և նրանց հարաբերությունները կառուցել խաղաղության, վստահության և փոխադարձ անվտանգության հիման վրա։ Այս պայմանագրերի կատարման գլխավոր երաշխավորը Միավորված ազգերի կազմակերպությունն է։ Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության (գլուխ VII), Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը որոշում է խաղաղության նկատմամբ ցանկացած սպառնալիքի, խաղաղության խախտման կամ ագրեսիայի գործողության առկայությունը և հանձնարարականներ է ներկայացնում կամ վճռում է, թե ինչ միջոցներ, այդ թվում՝ հարկադրական բնույթի, պետք է ձեռնարկվեն միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման կամ վերականգնման համար։ Միջազգային պայմանագրերի կատարումն ապահովելու համար հաճախ դրանցում նախատեսվում է խորհրդակցական բնույթի հատուկ մարմինների ստեղծման հնարավորություն։ Որպես օրինակ կարելի է բերել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին 1990թ. նոյեմբերի 19-ին կնքված պայմանագիրը, որի XVI հոդվածում նշվում է. «Պայմանագրի նպատակների և դրույթների կատարմանն օժանդակելու համար մասնակից պետությունները սույնով հաստատում են համատեղ խորհրդակցական խումբ»։ Համատեղ խորհրդակցական խմբի շրջանակներում մասնակից պետությունները պետք է քննարկեն պայմանագրի դրույթների կատարման կամ դրանց հնարավոր շրջանցման հետ կապված հարցերը, ձգտեն կարգավորել պայմանագրի կատարման հետ կապված մեկնաբանությունների ընթացքում առաջացող ոչ հստակ իրավիճակներն ու տարաձայնությունները, քննարկեն և հնարավորության սահմաններում համաձայնեցնեն պայմանագրի կենսունակության և արդյունավետության բարձրացման միջոցները։ Համատեղ խորհրդակցական խումբը կարող է պայմանագրի վերաբերյալ ուղղումներ առաջարկել։ Խմբի որոշումները կամ հանձնարարականներն ընդունվում են համաձայնության հիման վրա։ Համատեղ խորհրդակցական խումբն օժտված է նաև այլ գործառույթներով։ Նրա գործունեության հիմքում ընկած է Համատեղ խորհրդակցական խմբի մասին արձանագրությունը, որը պայմանագրի բաղկացուցիչ մասն է։ ![]() Վերջինս, արձանագրելով, որ Կոնվենցիան ցեղասպանությունը ճանաչեց որպես զազրելի ոճիր, որը հանգեցրել է մարդկության մեծ կորուստների և ապացուցել է ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի ապահովման նպատակով միջազգային համագործակցության անհրաժեշտությունը, և որ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել ցեղասպանության կատարման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ իրավազորություն ունեցող միջազգային քրեական դատարանների ստեղծման ուղղությամբ, նշում է, որ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան. 1. վերահաստատում է Կոնվենցիայի կարևորությունը՝ որպես ցեղասպանության հանցագործությունը պատժելու արդյունավետ միջազգային միջոցի, 2. արտահայտում է իր գոհունակությունը բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք վավերացրել են Կոնվենցիան կամ միացել են դրան, 3. կոչ է անում Կոնվենցիան չվավերացրած կամ դրան չմիացած երկրներին՝ միանալ Կոնվենցիային, 4. կոչ է անում բոլոր երկրներին՝ ակտիվացնել իրենց գործունեությունը Կոնվենցիայի բոլոր դրույթների կիրառման նպատակով, 5. կառավարություններին և միջազգային հանրությանը կոչ է անում՝ շարունակելու վերահսկել և գնահատել Կոնվենցիայի իրացման առաջընթացը դրա ընդունումից ի վեր, և հստակեցնելու խոչընդոտներն ու դրանք հաղթահարելու ուղիները՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային համագործակցության միջոցներով, 6. կոչ է անում կառավարություններին, ՄԱԿ-ի Քարտուղարությանը, իրավասու մարմիններին և ՄԱԿ-ի մարմիններին, այլ միջազգային կազմակերպություններին և ոչ կառավարական կազմակերպություններին՝ լայնորեն տարածել Կոնվենցիան մարդու իրավունքների ասպարեզում այլ միջազգային փաստաթղթերի հետ միասին՝ Կոնվենցիայի համընդհանուր բնույթը և լիարժեք կիրառումն ապահովելու նպատակով։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նշված բանաձևը, որն ընդունվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչության նախաձեռնությամբ, լուրջ քայլ կարելի է համարել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայով ստանձնված պարտավորությունների կատարումն ապահովելու համար։ Միջպետական հարաբերություններում շատ է կիրառվում նաև միջազգային պայմանագրերի կատարումն ապահովող միջազգային բնույթի հատուկ հսկողական կառույցների ստեղծումը։ Սրանք կիրառվում են միջպետական հարաբերությունների այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մարդու իրավունքների միջազգային իրավական պաշտպանությունը, զինաթափման և զինված ուժերի սահմանափակումը, առանձին տարածքների, մասնավորապես, Անտարկտիդայի կարգավիճակի պահպանումը և այլն։ Օրինակ, Անտարկտիդայի մասին 1959թ. դեկտեմբերի 1-ի պայմանագրի VII հոդվածի համաձայն, պայմանագրի պահանջների կատարումը հսկելու համար յուրաքանչյուր մասնակից օգտվում է դիտորդներ ուղարկելու իրավունքից։ Դիտորդները լիովին ազատ են տեսչական զննության ենթարկելու Անտարկտիդայում գտնվող բոլոր կայանները, սարքավորումը, ինչպես նաև բեռնաթափման և բեռնավորման կետերում գտնվող բոլոր նավերն ու օդանավերը։ Օդից դիտարկումը կարող է իրականացվել ցանկացած ժամանակ և Անտարկտիդայի բոլոր կամ ցանկացած շրջաններում։ Ըստ իրենց կազմակերպման ու կառուցվածքի՝ միջազգային պայմանագրերի կատարումն ապահովող հսկողական մարմինները տարբերվում են։ Հսկողական մարմիններ կարող են ստեղծվել ինչպես միջազգային կազմակերպությունների կողմից, այնպես էլ անմիջապես պայմանագրի անդամ պետությունների կողմից։ Օրինակ, ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություն հանդիսացող Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) համակարգում գործում է Ապահովության և տեսչությունների դեպարտամենտ։ Հսկողական այս մարմնի տեսուչների կողմից տեղերում վերահսկողություն է իրականացվում այն հաշվով, որպեսզի թույլ չտրվի խաղաղ օգտագործման համար նախատեսված միջուկային նյութերի ու սարքավորման կիրառումը ռազմական նպատակներով։ Իսկ երբ 1968 թ. ընդունվեց միջուկային զենքի տարածումն արգելող պայմանագիրը, դրա անդամ ոչ միջուկային պետությունները պարտավորվեցին պայմանագիր կնքել ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ իրենց կողմից իրականացվող միջուկային խաղաղ գործունեությունը ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո դնելու մասին։ Նման հսկողական կառույցներ կան նաև ՄԱԿ-ի մասնագիտացված մյուս հաստատությունում՝ Աշխատանքի միջազգային կազմակերպությունում։ Այստեղ գործում են երկու հատուկ մարմիններ, որոնք կոչվում են. ա) Կոնվենցիայի և հանձնարարականների կիրառման վարչական խորհրդի փորձագետների կոմիտե, բ) Կոնվենցիայի և հանձնարարականների կիրառման խորհրդաժողովի կոմիտե։ Այս երկու մարմիններն էլ օժտված են հսկողական բնույթի բավականին մեծ լիազորություններով։ Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում գործող մի շարք միջազգային կոնվենցիաներ և պայմանագրեր նախատեսում են անդամ պետությունների կողմից պարտականությունների բարեխիղճ կատարումն ապահովող հատուկ մարմինների ստեղծման անհրաժեշտություն։ Այս մարմինների մասին կխոսվի ավելի ուշ։ Պետության կողմից միջազգային պարտավորությունների կատարումն անհնար է՝ առանց պայմանագրում այդ պարտավորությունների իրացումն ապահովող ներպետական միջոցառումների նախատեսման։ Միջազգային պայմանագրերի կատարումն ապահովող ինչպես կազմակերպչական, այնպես էլ ներպետական օրենսդրական միջոցների ընտրությունը, որպես կանոն, պայմանավորված է հենց միջազգային պայմանագրի բովանդակությամբ։ Հանդիպում են միջազգային պայմանագրեր, որոնք անդամ պետությունների պարտավորությունների կատարումն ապահովող ազգային հատուկ օրենքների և նորմատիվ այլ ակտերի ընդունում չեն նախատեսում։ Այս դեպքում պետություններն այդ պայմանագրերի կատարումն ապահովող անհրաժեշտ օրենսդրական դաշտի ձևավորման հարցում ազատ են։ Սակայն կան նաև միջազգային պայմանագրեր, որոնք պետություններին պարտավորեցնում են ընդունելու ներպետական համապատասխան օրենքներ և նորմատիվ այլ ակտեր։ Արդեն ասվեց, որ ցանկացած միջազգային պայմանագրի կատարումն ապահովող ներպետական օրենսդրական և կազմակերպչական միջոցների ընտրության հարցը պայմանավորված է այդ պայմանագրի բովանդակությամբ։ Ելնելով պայմանագրերի բովանդակությունից, օրենսդրական և կազմակերպչական միջոցները կարելի է դասակարգել ըստ հետևյալ խմբերի. - երբ պայմանագրի կողմերն ուղղակի պարտավորություն են ստանձնում իրենց երկրում գործող օրենսդրության մեջ կատարել համապատասխան փոփոխություն։ ![]() - երբ պայմանագրի կողմերը պարտավորվում են, միաժամանակ, ընդունել ինչպես օրենսդրական, այնպես էլ ենթաօրենսդրական բնույթի ակտեր։ Այսպես, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 33-րդ հոդվածում նշվում է. «Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները, ներառյալ օրենսդրական, վարչական, սոցիալական միջոցները, այդ թվում՝ կրթության բնագավառում, որպեսզի երեխաներին պաշտպանեն հոգեներգործուն միջոցների և թմրանյութերի ապօրինի օգտագործումից, ինչպես դրանք բնութագրված են միջազգային փաստաթղթերում, և թույլ չտան երեխաներին օգտագործել այդպիսի նյութերի հակաօրինական արտադրության ու վաճառքի ասպարեզում», - երբ կողմերը պարտավորվում են վերացնել այն բոլոր օրենքները և վարչական ակտերը, որոնք պայմանագրի ընդունումից հետո կհակասեն դրան։ Այս առումով հարկ է նշել, որ եթե նույնիսկ պայմանագրում նման կոնկրետ դրույթ չպարունակվի, միևնույն է, պետությունների ճնշող մեծամասնության սահմանադրություններում հատուկ նշված է, որ եթե միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրային նորմերը, հետևաբար, պայմանագրերին հակասող օրենքները, ամեն դեպքում, կհամարվեն իրավաբանական ուժ չունեցող, - երբ կողմերը պարտավորվում են քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկել ազգային իրավունքի այն սուբյեկտներին, որոնք կխախտեն պայմանագրի դրույթները, - երբ պայմանագրային պարտավորությունների արդյունավետ կատարման համար կողմերն ստեղծում են մշտապես կամ պարբերաբար գործող ազգային հատուկ մարմին, որը հսկում է պայմանագրի կատարման ընթացքը, - երբ կողմերը միջազգային կազմակերպություններին և այլ կառույցների տեղեկություններ են հաղորդում պայմանագրային պարտավորությունների կատարման նպատակով ձեռնարկված միջոցների վերաբերյալ։ Որպես օրինակ կարելի է բերել Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի 16-րդ հոդվածը, համաձայն որի Դաշնագրի մասնակից պետությունները պարտավորվում են ներկայացնել զեկույցներ՝ Դաշնագրում ճանաչվող իրավունքների պահպանման ասպարեզում նրանց կողմից ձեռնարկվող միջոցների և այդ ուղղությամբ ձեռք բերված առաջընթացի մասին։ Հարկ է նշել, որ միջազգային պայմանագրերի կատարումն ապահովող միջոցներ ձեռնարկելու պարտավորություն կարող է նախատեսվել, ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ պայմանագրերում։ | |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ | |
3158 reads | 07.10.2013
| |