ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿԱՍԵՑՈՒՄԸ (ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական Դատարանի անդամ








Միջազգային պայմանագիր կնքելու ժամանակ կողմերն այլ հարցերի հետ մեկտեղ որոշում են դրա գործողության դադարեցման և կասեցման հետ կապված հարցերը։ 

Քանի որ միջազգային պայմանագրի գործողության դադարեցումը կողմերին ազատում է դրանով նախատեսված իրավունքների և պարտականությունների պարտադիր կատարման պարտավորությունից, այսինքն՝ նրանց համար առաջացնում է էական իրավաբանական հետևանքներ, ուստի պայմանագրի գործողության դադարեցման կամ կասեցման ժամանակը, պայմանները և կարգը կողմերն ամրագրում են պայմանագրում։

Միջազգային հարաբերություններում պայմանագրերի դադարեցումը գործնականում կարող է դրսևորվել երկու՝ իրավազոր և ոչ իրավազոր եղանակներով։

Պայմանագրի դադարեցման իրավազոր եղանակը՝ որպես պետությունների և միջազգային իրավունքի մյուս սուբյեկտների համար իրավունքների և պարտականությունների ծագման և դադարեցման հիմք, նախատեսվում է միջազգային իրավունքի նորմերով, միջազգային իրավական փաստաթղթերով և կոնկրետ պայմանագրերով ու համաձայնագրերով։ 

Միջազգային պայմանագրի դադարեցումը ցանկացած պահի կարող է տեղի ունենալ նաև այն դեպքում, եթե դրա հետ համաձայն են բոլոր մասնակիցները։

Պայմանագրերի անիրավազոր դադարեցումը հակասում է միջազգային իրավունքի էությանը և ոգուն, պայմանագրերի բարեխիղճ կատարման սկզբունքին, հանդիսանում է իրավախախտում և կարող է պատասխանատվության հիմք դառնալ։

Միջազգային պայմանագրերի իրավազոր դադարեցման հիմքերը և պայմանները կարող են լինել տարբեր։

Ժամկետային պայմանագրերը դադարում են դրանցում նշված գործողության ժամկետի ավարտի կապակցությամբ, կոնկրետ պարտականությունների կատարման կապակցությամբ, որոշակի այնպիսի գործողությունների վրա հասնելուց հետո, որոնք դադարեցնում են պայմանագիրը, միևնույն հարցի վերաբերյալ կողմերի միջև նոր պայմանագիր կնքելու կապակցությամբ, պայմանագրի կնքման ժամանակ գոյություն ունեցած հանգամանքների հիմնովին փոփոխման պատճառով (rebus sic stantibus) վերապահման, միջազգային իրավունքի նոր պարտադիր նորմի (jus cogens) առաջացման հետևանքով, պայմանագրի կողմ պետության գոյության դադարման կամ կարգավիճակի փոփոխման պատճառով և այլ հիմքերով։

Միջազգային պայմանագրերի գործողության ժամկետը կարող է լինել տարբեր՝ 5, 10, 20, 30 և նույնիսկ 99 տարի։ Ժամկետի սահմանումը, որպես կանոն, պայմանավորված է այն հարցերի բնույթով, որոնց կարգավորմանն է ուղղված տվյալ պայմանագիրը։

Նման պայմանագրեր կնքելիս՝ կողմերը կարող են սահմանել ինչպես հստակ սահմանված ժամկետ, որի ավարտից հետո պայմանագիրը կդադարի գործել, կամ կարող են նախատեսել, որ պայմանագրի ժամկետի ավարտից հետո, եթե կողմերը չներկայացնեն որևէ առարկություն, դրա գործողությունը երկարաձգվում է ինքնաբերաբար։

Որպես օրինակ կարելի է բերել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև կրթության բնագավառում համագործակցության մասին» 1999թ. դեկտեմբերի 23-ին Կիևում կնքված համաձայնագիրը, որի 16-րդ հոդվածում նշվում է, որ Համաձայնագիրը գործում է հինգ տարի ժամկետով։

Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար երկարաձգվում է ևս հնգամյա ժամկետով, եթե կողմերից մեկը Համաձայնագրի գործողության ժամկետի դադարից առնվազն վեց ամիս առաջ մյուս կողմին գրավոր ձևով չի տեղեկացնում Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին։

Պայմանագրերը կարող են կնքվել նաև անորոշ ժամկետով։ Նման դեպքերում դրանց գործողությունը դադարում է կողմերի կամ նրանցից մեկի նախաձեռնությամբ։ 

Անորոշ ժամկետով կնքված պայմանագրի գործողությունը դադարեցնելիս կողմերը պարտավոր են պահպանել դուրս գալու վերաբերյալ պայմանագրով նախատեսված հատուկ ընթացակարգը։

Որպես օրինակ կարելի է բերել Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջպետական բանկի գտնվելու պայմանների մասին 1999թ. հունվարի 27-ին Երևանում ստորագրված համաձայնագիրը, որի 15-րդ հոդվածում նշվում է, որ Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամանակով։ Կողմերի նախաձեռնությամբ Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել շահագրգիռ կողմի՝ մյուս կողմին ծանուցելուց առնվազն 12 ամիս հետո։

Պայմանագրերի ժամկետը լրանալու կապակցությամբ նրանց գործողության դադարեցումը միջազգային պրակտիկայում հանդիպող առավել տարածված հիմքերից է։
Միջազգային պայմանագրերը կարող են դադարել նաև դրանցով նախատեսված կոնկրետ պարտականությունների կատարման ավարտի կապակցությամբ։ Նման պայմանագրերը նախատեսում են ոչ թե գործողության ժամկետ, այլ որոշակի կոնկրետ պարտավորությունների կատարման հերթականություն, ժամանակացույց կամ ապրանքների մատակարարման ցանկ։ Երբ ավարտվում է այդ պարտականությունների կատարումը, համարվում է, որ պայմանագիրը կատարվել է, և այն կորցրել է իր իրավաբանական ուժը։

Որպես օրինակ կարելի է բերել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ռուսաստանի Դաշնության կողմից 1999-2000թթ. Հայաստանի Հանրապետությանը պետական վարկի տրամադրման մասին» 1998թ. դեկտեմբերի 16-ի համաձայնագիրը։ Ըստ այդ փաստաթղթի 7-րդ հոդվածի, Համաձայնագիրը դադարեցնում է իր գործողությունը հայկական կողմից պետական վարկի և տոկոսների լիակատար մարման օրվանից։

Միջազգային պայմանագիրը կարող է դադարել որոշակի պայմանների, հանգամանքների կամ գործողությունների վրա հասնելու հետևանքով։ Երկկողմ կամ բազմակողմ առանձին պայմանագրերում դրանց տևողությունը կարող է պայմանավորված լինել դրանցում նախատեսված պայմանների, հանգամանքների կամ գործողության վրա հասնելով։ 

Օրինակ, Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին Վարշավայի 1955թ. մայիսի 14-ի պայմանագրի 11-րդ հոդվածում տեղ է գտել բավական յուրօրինակ ձևակերպում։ Դրանում նշվում է, որ պայմանագիրն ուժի մեջ կմնա 20 տարի։ Եթե այդ ժամկետը լրանալուց մեկ տարի առաջ պայմանավորվող կողմերն ավանդապահ պետությանը չեն դիմում իրենց համար պայմանագիրը չեղյալ համարելու մասին, ապա այն ուժի մեջ կմնա հաջորդ տասը տարիների ընթացքում։

Պայմանագրում միաժամանակ նշվում է, որ Եվրոպայում կոլեկտիվ անվտանգության համակարգի ստեղծման դեպքում և այդ նպատակով կոլեկտիվ անվտանգության մասին համաեվրոպական պայմանագիր կնքելու դեպքում սույն պայմանագիրը համաեվրոպական պայմանագրի ուժի մեջ մտնելու օրից կկորցնի իր ուժը։

Միջազգային պայմանագրի գործողությունը կարող է դադարել նաև եթե դրանով կարգավորվող հարցերի վերաբերյալ կողմերի միջև կնքվում է նոր պայմանագիր (նովացիա)։ 

Նման նոր պայմանագրեր սովորաբար կնքվում են, երբ նախկին պայմանագրի բոլոր անդամ պետությունները համաձայնություն են հայտնում վերանայել և նորացնել գործող պայմանագիրը՝ նոր պայմանագիր կնքելու միջոցով։

Որպես օրինակ կարելի է բերել «Զինվորական կադրերի պատրաստման բնագավառում համագործակցության զարգացման մասին» 1998թ. բազմակողմ համաձայնագիրը, որի 13-րդ հոդվածում նշվում է, որ մասնակիցների համար ուժը կորցրած է համարվում զինվորական կադրերի պատրատման մասին 1992թ. նոյեմբերի 13-ի համաձայնագիրը։ 

Եթե նոր պայմանագրի կնքման շուրջ կողմերը համաձայնության չեն գալիս, բնականաբար, նախկինը պահպանում է իր իրավաբանական ուժը։

Այսպես, «Ցամաքային պատերազմների օրենքների և սովորույթների մասին» 1907թ. հոկտեմբերի 5(18)-ի կոնվենցիայի IV հոդվածում նշվում է. «Պատշաճ կերպով վավերացված սույն կոնվենցիան կփոխարինի Պայմանավորվող պետությունների միջև Ցամաքային պատերազմների օրենքների և սովորույթների մասին 1899թ. հուլիսի 29-ի կոնվենցիային։ 1899թ. Կոնվենցիան կմնա ուժի մեջ այն տերությունների միջև, որոնք այն ստորագրել են, և որոնք նույնպես չեն վավերացնում նաև սույն Կոնվենցիան»։

Գրականության մեջ կարծիք կա, որ նախկին պայմանագրի առարկայի վերաբերյալ ցանկացած նոր պայմանագիր կնքելու դեպքում նախկին պայմանագիրը դադարում է գործել։ 

Մասնավորապես, Լ. Օպենհեյմը նշում է մի քանի եղանակ, երբ անժամկետ պայմանագիրը կամ դեռևս գործողության մեջ գտնվող պայմանագիրը կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող է դադարել։ Նա բերում է այդպիսի երեք եղանակ։

Առաջին, երբ կողմերը հատուկ և մտադրված հայտարարեն, որ պայմանագիրը պետք է դադարի, ինչը նշանակում է պայմանագիրը չեղյալ համարել։

Երկրորդ, կողմերը կարող են կնքել նախկին պայմանագրի առարկային վերաբերող նոր պայմանագիր՝ առանց այն հիշատակելու, չնայած երկու պայմանագրերը միմյանց հետ անհամատեղելի են։ Սա նշանակում է, որ նախկին պայմանագիրը, կողմերի փոխադարձ լռելյայն համաձայնությամբ, դադարեցրել է իր գոյությունը։

Երրորդ, եթե պայմանագիրը պարտավորություն է նախատեսում միայն մեկ պայմանավորվող կողմի համար, ապա մյուս կողմը կարող է հրաժարվել իր իրավունքներից։ 

Կարծում ենք, որ նման մոտեցումը գործնական առումով իր մեջ որոշակի վտանգ է պարունակում։ Այն կասկածի տակ է դնում միջազգային պայմանագրերի կատարումն ապահովող pacta sunt servanda սկզբունքի անվիճելի կիրառման հանգամանքը։

Նոր պայմանագրի կնքման փաստը դեռևս չի նշանակում, թե կողմերը համաձայնել են, որ դրանով կարգավորվող հարցերի վերաբերյալ նախկինում կնքված պայմանագիրը կորցրել է իր ուժը։ Պայմանագիրը պետք է բարեխիղճ կատարվի, քանի դեռ չկա դրա գործողությունը դադարեցնելու վերաբերյալ կողմերի հստակ ձևակերպված որոշումը։

Միջազգային պայմանագրի գործողությունը կարող է դադարել պայմանագրի կնքման ժամանակ գոյություն ունեցած հանգամանքների հիմնովին փոփոխման պատճառով (rebus sic stantibus)։ 

Հանգամանքների հիմնովին, արմատական փոփոխություն է համարվում այն իրավիճակի փոփոխությունը, որի անփոփոխելիության հիմքով կնքվել էր միջազգային պայմանագիրը։ 

Rebus sic stantibus վերապահման կիրառումը միջազգային պայմանագրերի իրավունքը կարգավորում է ինչպես այն թույլատրելու, այնպես էլ արգելելու առումով։


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ
3504 reads | 05.11.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com