ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿԱՍԵՑՈՒՄԸ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական Դատարանի անդամ







Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 62-րդ հոդվածի համաձայն, պայմանագրի կնքման ժամանակ գոյություն ունեցած հանգամանքների հիմնովին փոփոխվելը, ինչը նախատեսված չի եղել մասնակիցների կողմից, չի կարելի պատճառ համարել որպես պայմանագիրը դադարեցնելու կամ դրանից դուրս գալու համար հիմք, բացառությամբ, երբ.

ա) այդ հանգամանքների առկայությունը պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունների նկատմամբ մասնակիցների համաձայնության համար էական հիմք է հանդիսացել,

բ) հանգամանքների փոփոխության հետևանքը հիմնովին փոխում է ըստ համաձայնագրի դեռևս կատարման ենթակա պարտավորությունների ոլորտը։

Եթե Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 62-րդ հոդվածը նշված երկու հիմքի դեպքում թույլատրում է կիրառել rebus sic stantibus վերապահումը, ապա դրա կիրառումն արգելում է, եթե պայմանագիրը վերաբերում է սահմանների նախորոշմանը կամ եթե նման հիմնովին փոփոխությունը, որը պատճառաբանում է պայմանագրի մասնակիցը, հանդիսանում է այդ մասնակցի կողմից կա՛մ պայմանագրի՝ իր պարտավորության, կա՛մ պայմանագրի ցանկացած ուրիշ մասնակցի նկատմամբ իր ունեցած միջազգային այլ պարտավորության խախտման արդյունք։

Պետությունները, որպես կանոն, միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու համար հազվադեպ են դիմում այս վերապահմանը։ Որպես պայմանագրի կնքման ժամանակ գոյություն ունեցած հանգամանքների հիմնովին փոփոխություն կարող է համարվել, օրինակ, 1966թ. Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական համակարգից Ֆրանսիայի դուրս գալը։ 

Ֆրանսիան որպես այդ դաշինքի ռազմական համակարգից դուրս գալու հիմք նշում էր, որ այդ կազմակերպությունն այլևս չի համապատասխանում ներկա ժամանակաշրջանում աշխարհում տիրող իրավիճակին, որը 1949թ. համեմատությամբ հիմնովին փոխվել է։

Հանգամանքների հիմնովին փոփոխությունը, որպես միջազգային պայմանագրի գործողության դադարեցման հիմք, վկայակոչվեց Վարշավայի 1955թ. պայմանագրի դադարեցման ժամանակ։ Անդամ պետությունները 1991թ. հուլիսի 1-ին որոշեցին, նկատի ունենալով Եվրոպայում տեղի ունեցող արմատական փոփոխությունները, որոնք վերջ են դնում առճակատմանը մայրցամաքում և նպաստավոր պայմաններ ստեղծում պետությունների համագործակցության համար, դադարեցնել սոցիալիստական երկրների ռազմաքաղաքական դաշինքի հիմքում ընկած Վարշավայի 1955թ. մայիսի 14-ի պայմանագրի գործողությունը։

Որպեսզի կիրառվի rebus sic stantibus վերապահումը, անհրաժեշտ է, որ հենց պայմանագրի կնքման ժամանակ գոյություն ունեցող հանգամանքները հիմնովին փոփոխվեն, իսկ այդ փոփոխությունները պայմանագրի կողմերը նախատեսած չլինեն, և այդ փոփոխություններն էապես ազդելու լինեն կողմերի ստանձնած պարտավորությունների հիմքերի վրա։ 

Պայմանագիրը կարող է դադարել միջազգային իրավունքի նոր համընդհանուր պարտադիր նորմի (jus cogens) առաջացման հետևանքով։ Միջազգային իրավունքի համընդհանուր պարտադիր նորմերը միջազգային իրավական ողջ համակարգի առավել կարևոր, ընդհանրական և համընդհանուր ճանաչում գտած նորմատիվ հիմքերն են։

Միջազգային իրավունքի համընդհանուր պարտադիր նոր նորմի առաջացումը կամ գործող նորմի դադարումը էական փոփոխություններ կարող է առաջացնել միջազգային հարաբերություններում։ Նկատի ունենալով այս հանգամանքը, Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 64-րդ հոդվածը նախատեսում է, որ «եթե առաջանում է ընդհանուր միջազգային իրավունքի նոր պարտադիր նորմ, ապա ցանկացած պայմանագիր, որը հակասում է այդ նորմին, անվավեր է և դադարում է»։

Կոնվենցիայի այս դրույթը վերաբերում է այն իրավիճակներին, երբ պայմանագիրը կնքելու պահին գոյություն չի ունեցել որևէ արգելող համընդհանուր պարտադիր նորմ կամ սկզբունք, այլ դրանք առաջացել են հետագայում՝ պայմանագրի գործողության ընթացքում։

Այս իրավիճակն էապես տարբերվում է նշված Կոնվենցիայի 53-րդ հոդվածով նախատեսվածից, համաձայն որի ընդհանուր միջազգային իրավունքի համընդհանուր պարտադիր նորմին հակասող պայմանագիրը հանդիսանում է առոչինչ, եթե կնքման պահին հակասում է ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմին։

Տարբերությունն այն է, որ եթե պայմանագիրը ճանաչվում է առոչինչ, այսինքն՝ համարվում է անվավեր, ապա մասնակիցները պարտավոր են, հնարավորության սահմաններում, վերացնել ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմին հակասող որևէ դրույթի հիման վրա կատարված ցանկացած գործողության հետևանքները և իրենց փոխհարաբերությունները համապատասխանեցնեն ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմին։

Իսկ եթե պայմանագրի գործողության ընթացքում է առաջանում նոր համընդհանուր պարտադիր նորմ (jus cogens), ապա պայմանագրի հետագա կատարումը դադարում է։ 

Միաժամանակ այն հետադարձ ուժ չի ունենում, այսինքն չի ազդում մասնակիցների իրավունքների, պարտավորությունների կամ իրավաբանական վիճակի վրա, որոնք ծագել են մինչև պայմանագրի դադարումը, պայմանով, իհարկե, որ այդ իրավունքները, պարտավորությունները կամ իրավաբանական վիճակները չեն հակասում միջազգային իրավունքի նոր համընդհանուր պարտադիր նորմին (հոդվ. 71)։

Միջազգային իրավունքի նոր համընդհանուր պարտադիր նորմի (jus cogens) առաջացման հետևանքով պայմանագրի դադարման հարցը գործնականում կարող է շատ հարթ ընթանալ, եթե այդ նորմն ստեղծվի միջազգային բազմակողմ համընդգրկուն պայմանագիր կնքելու միջոցով, և կարող է բավականին վիճահարույց լինել, եթե այն ձևավորվի երկարատև ժամանակահատվածում՝ որպես գործընթացների և զարգացումների արդյունք։

Միջազգային պայմանագիրը կարող է դադարել նաև երբ դադարում է գոյություն ունենալ կողմ պետությունը, էապես փոխվում է նրա կարգավիճակը կամ դադարում է գոյություն ունենալ պայմանագրի առարկան։

Պետությունների միջև կնքված որոշակի բնույթի միջազգային պայմանագրեր, անկախ դրանցում նախատեսված ժամկետից, դադարում են գոյություն ունենալ, երբ այդ պետությունները վերանում են ընդհանրապես և կամ փոփոխվում է դրանց կարգավիճակը։

Պետության վերացման օրինակ է ԽՍՀՄ-ի դադարումը։ 1992թ. հուլիսի 6-ին կնքված Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախկին ԽՍՀՄ-ի պայմանագրերի վերաբերյալ իրավահաջորդության հարցով փոխըմբռնման մասին հուշագիրը սահմանեց, որ իրավահաջորդության հարցը պետք է լուծվի՝ ելնելով կոնկրետ դեպքից, պայմանագրի բնույթից և բովանդակության առանձնահատկությունից։

Փլուզման հետևանքով ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալ որպես միջազգային պայմանագրի սուբյեկտ։ ԽՍՀՄ-ի կնքած միջազգային պայմանագրերի իրավահաջորդության հարցը լուծվեց նախկին Խորհրդային Հանրապետությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա։

Հուշագրում հատուկ նշվեց, որ պայմանագրերի մի մասը, հատկապես պետական սահմանների մասին, մնում է ուժի մեջ և փոխանցվում է համապատասխան իրավահաջորդներին։
Պետության կարգավիճակը կարող է փոխվել, եթե նա դառնա դաշնության սուբյեկտ։ Նման դեպքում այդ պետության և դաշնության մյուս սուբյեկտների միջև նախկինում կնքված ռազմաքաղաքական պայմանագրերը, ինչպես, օրինակ, չհարձակման կամ փոխօգնության մասին, ինքնաբերաբար դադարում են գոյություն ունենալ, որովհետև դաշնության սուբյեկտների փոխհարաբերություններն ունեն ներպետական բնույթ և կարգավորվում են սահմանադրությամբ։

Պետությունները կարող են միջազգային պայմանագիրը դադարեցնել կամ դուրս գալ դրանից, եթե գտնեն, որ այն անհնարին է կատարելը, որովհետև պայմանագիրը կատարելու համար անհրաժեշտ առարկան անվերադարձ վերացել է կամ անվերադարձ ոչնչացել։

Միաժամանակ, պայմանագրի մասնակիցը չի կարող ցանկացած այնպիսի անհնարինություն վկայակոչել, որը հանդիսանում է իր կողմից պայմանագրով նախատեսված պարտավորությունների կամ իր կողմից պայմանագրի ցանկացած ուրիշ մասնակցի նկատմամբ ստանձնված միջազգային պարտավորությունների խախտման արդյունք։

Եթե միջազգային պայմանագրերի իրավունքը բազմակողմ պայմանագրերի համար, որպես կանոն, նախատեսում է, որ դրանք ուժի մեջ կարող են մտնել մասնակիցների որոշակի անհրաժեշտ թվի առկայության դեպքում, ապա Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 55-րդ հոդվածում ամրագրված է այն դրույթը, որ երբ բազմակողմ պայմանագրից դուրս է եկել անդամ պետությունների մի մասը, և նրա մասնակիցների թիվը դարձել է պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ թվից պակաս, ապա տվյալ փաստն ինքնաբերաբար չի կարող հանգեցնել դրա դադարեցման, եթե այդ մասին պայմանագրում չկա որևէ այլ պայմանավորվածություն։

Միջազգային պայմանագրերի գործողության կասեցումը դադարեցումից տարբերվում է իրավաբանական հետևանքների առումով։ Եթե պայմանագրի գործողության դադարեցումը խզում է կողմերի միջև պայմանագրային հարաբերություններն ընդհանրապես, ապա պայմանագրի կասեցումը կրում է ժամանակավոր բնույթ, և որոշ հանգամանքների առկայության դեպքում պայմանագրի գործողությունը կարող է վերականգնվել նույնիսկ ինքնաբերաբար։

Վիեննայի 1969թ. կոնվենցիայի համաձայն, բազմակողմ պայմանագրի երկու կամ ավելի մասնակիցներ կարող են համաձայնագիր կնքելու միջոցով միմյանց միջև պայմանագրի դրույթների գործողությունը ժամանակավորապես կասեցնել, եթե պայմանագիրը նախատեսում է նման հնարավորություն կամ ուղղակի չի արգելում։

Բազմակողմ պայմանագրի երկու կամ ավելի մասնակիցներ կարող են համաձայնագիր կնքելու միջոցով միմյանց միջև պայմանագրի դրույթների գործողությունը ժամանակավորապես կասեցնել նաև այն դեպքում, երբ դա չի ազդում ո՛չ մյուս մասնակիցների կողմից՝ պայմանագրից բխող իրենց իրավունքներից օգտվելու և ո՛չ էլ իրենց պարտավորությունների կատարման վրա, ինչպես նաև, եթե դա անհամատեղելի չէ պայմանագրի առարկայի և նպատակի հետ։

Պայմանագրի գործողությունը կարող է կասեցվել, եթե կնքվել է հաջորդող պայմանագիր։ Եթե պայմանագրի բոլոր մասնակիցները նույն հարցով կնքում են հաջորդող պայմանագիր, որից բխում է, որ մասնակիցները մտադիր են տվյալ հարցը այսուհետև կարգավորել այդ պայմանագրով, կամ հաջորդող պայմանագրի դրույթներն այնքան անհամատեղելի են նախորդ պայմանագրի դրույթների հետ, որ երկու պայմանագրերը հնարավոր չէ միաժամանակ կիրառել, նախորդ պայմանագիրը համարվում է դադարեցված։ Սակայն նման դեպքում հնարավոր է նաև, որ հաջորդող պայմանագրում կողմերը նախատեսեն, որ նախորդ պայմանագիրը ոչ թե դադարեցվում, այլ կասեցվում է։

Պայմանագրի կասեցման հիմք կարող է դառնալ նաև մասնակիցների կողմից երկկողմ պայմանագրի էական խախտումը։ Էական խախտում է համարվում պայմանագրից այնպիսի հրաժարումը, որը արգելված է միջազգային պայմանագրերի իրավունքի նորմերով, կամ այնպիսի խախտումը, որն էական նշանակություն ունի պայմանագրի առարկան և նպատակն իրականացնելու համար։

Բազմակողմ պայմանագրի դեպքում, եթե մասնակիցներից մեկը էական խախտում է թույլ տվել, ապա դա մյուսներին իրավունք է տալիս միաձայն համաձայնությամբ իրենց և խախտող պետության հարաբերություններում կամ էլ բոլոր մասնակիցների հարաբերություններում պայմանագրի գործողությունը ամբողջությամբ կամ մի մասով կասեցնել։ 

Միջազգային պայմանագիրը կարելի է կասեցնել նաև եթե պայմանագրի կատարումը, կասեցնողից անկախ պատճառով, ժամանակավորապես դառնում է անհնարին։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ
2969 reads | 11.11.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com