ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅԱՆ, ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական Դատարանի անդամ








Պետությունները պարտավոր են բարեխղճությամբ պահպանել միջազգային պայմանագրերի անվավերության, դադարեցման, դրանցից դուրս գալու կամ դրանց գործողությունը կասեցնելու ընթացակարգը։ Նկատի ունենալով այս հարցի կարևորությունը՝ Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 4-րդ բաժնի 65-68-րդ հոդվածները հատուկ նվիրված են դրա կարգավորմանը։

Համաձայն Կոնվենցիայի, եթե որևէ պետություն գտնում է, որ միջազգային պայմանագրում առկա է թերություն կամ այնպիսի հիմք, որն իրեն իրավունք է տալիս վիճարկել դրա վավերականությունը, դադարեցնել կամ կասեցնել պայմանագրի գործողությունը, պետք է իր այդ պահանջի մասին ծանուցի մյուս մասնակիցներին։ 

Ծանուցման մեջ պետք է նշվի այն միջոցառման մասին, որը տվյալ պետությունն առաջարկում է կիրառել պայմանագրի նկատմամբ, ինչպես նաև պետք է տա դրա հիմնավորումը։ Եթե ծանուցվող մասնակից պետություններից ոչ մեկը երեք ամսվա ընթացքում, բացառությամբ հրատապ հատուկ դեպքերի, չի առարկում, ապա ծանուցում ուղարկող մասնակիցը կարող է Կոնվենցիայում նշված կարգով իրագործել իր նախատեսած միջոցառումը։

Ծանուցումը պետք է լինի գրավոր։ Եթե ծանուցող փաստաթուղթը պետության ղեկավարի, կառավարության ղեկավարի կամ արտաքին գործերի նախարարի կողմից չի ստորագրված, ապա այդ փաստաթուղթը փոխանցող պետության ներկայացուցչից կարող է պահանջվել լիազորագիր։

Նախատեսվում է, որ եթե որևէ այլ մասնակից պետության կողմից կա առարկություն, ապա պայմանագրի մասնակիցները պետք է կարգավորման հասնեն ՄԱԿ-ի կանոնադրության 33-րդ հոդվածով նախատեսված միջոցառումների օգնությամբ։ Այդ հոդվածի համաձայն, եթե վեճը կարող է վտանգել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, պետք է առաջին հերթին ձգտեն այն լուծել խաղաղ միջոցներով։ Կանոնադրությունը նման խաղաղ միջոցների թվին է դասում բանակցությունները, հարցապնդումները, միջնորդությունը, հաշտեցումը, արբիտրաժը, դատական կարգավորումը և այլն։

Այսպիսով, միջազգային իրավունքը պետություններին մի կողմից, պարտադրում է վեճը լուծել խաղաղ միջոցներով, մյուս կողմից, նրանց է վերապահում վեճի լուծման ձևի և մեթոդի ընտրությունը։ Նկատի ունենալով, որ արդի աշխարհում ցանկացած տարաձայնություն և վեճ պետք է լուծվեն միայն խաղաղ միջոցներով, ասվածը միանշանակ վերաբերում է նաև միջազգային պայմանագրերի կնքման և կատարման հետ կապված վեճերի կարգավորմանը։

Եթե ծանուցումն ստանալուց հետո որևէ պետություն ներկայացնում է առարկություն, ապա մասնակիցներն առարկության ձևակերպումից հաշված 12 ամսվա ընթացքում պետք է գտնեն որևէ լուծում։ Եթե լուծում չի գտնվում, ապա վեճի կողմերը կարող են գրավոր դիմել Միջազգային դատարանին։ Կողմերը կարող են նաև, ընդհանուր համաձայնության դեպքում, վեճի լուծումը հանձնել ոչ թե Միջազգային դատարանին, այլ արբիտրաժին։

Միջազգային պայմանագրի վավերականությունը, դրա գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու վերաբերյալ պահանջի մասին ծանուցումը կամ փաստաթղթերը, մինչև դրանց ուժի մեջ մտնելը, ցանկացած ժամանակ կարող են հետ վերցվել։

Անվավեր ճանաչված միջազգային պայմանագիրն իրավաբանական ոչ մի ուժ չունի և չի կարող այնպիսի հարաբերություններ ու իրավաբանական հետևանքներ առաջացնել, ինչպիսին ցանկանում և նախատեսել էին մասնակիցները պայմանագիրը կնքելիս։

Միջազգային պայմանագրերի անվավերությունը կարող է դրսևորվել բացարձակ անվավերության և հարաբերական անվավերության ձևով։

Բացարձակ անվավեր պայմանագիր է համարվում առոչինչ, ի սկզբանե (ab initio) անվավեր պայմանագիրը։ Վիեննայի 1966թ. կոնվենցիայի 52-րդ և 53-րդ հոդվածները նախատեսում են, որ «Պայմանագիրը համարվում է առոչինչ, եթե այն կնքված է ուժի կամ այն կիրառելու սպառնալիքի միջոցով» և «Պայմանագիրն առոչինչ է, եթե կնքման պահին հակասում է ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմին»։

Հարաբերական անվավերությունը պայմանագիրը դարձնում է վիճարկելի։ Հարաբերական անվավերության հիմքերը նշված են Վիեննայի 1966 թ. կոնվենցիայի 46, 49, 50-րդ և այլ հոդվածներում։ Համաձայն դրանց՝ պայմանագրի մասնակից պետությունը կարող է այն վիճարկել, եթե իր ստանձնած պարտավորության վերաբերյալ համաձայնությունն արտահայտվել է իր ներքին իրավունքի բացահայտ խախտումով, և այդ խախտումը վերաբերում է նրա ներքին իրավունքի առավել կարևոր նշանակության նորմերին։
Պետությունը կարող է պայմանագրով իր համար նախատեսված պարտավորությունների վերաբերյալ համաձայնությունը համարել անվավեր, եթե պայմանագիրը կնքվել է բանակցություններին մասնակից ուրիշ պետության՝ միջազգային իրավունքով արգելված գործողությունների ազդեցության ներքո։

Վիեննայի 1966թ. կոնվենցիայի 51-րդ հոդվածը նախատեսում է, որ եթե պետության համաձայնությունը պայմանագրով նախատեսված պարտավորությունների նկատմամբ հայտնվել է նրա ներկայացուցչի նկատմամբ սպառնալիք կամ հարկադրանք կիրառելու արդյունքով, ապա նման պայմանագիրը ոչ մի իրավական հետևանք չի ունենա։

Կոնվենցիայի 69-րդ հոդվածի համաձայն, եթե անվավեր ճանաչված պայմանագրով, այնուամենայնիվ, գործողություններ կատարվել են, ապա յուրաքանչյուր մասնակից ցանկացած ուրիշ մասնակցից կարող է պահանջել, որպեսզի, որքան հնարավոր է, իրենց փոխհարաբերություններում ստեղծվի այնպիսի վիճակ, որը գոյություն կունենար, եթե տեղի չունենային նման գործողությունները։ Այսինքն՝ պահանջվում է վերականգնել հարաբերությունների նախկին վիճակը։ Միաժամանակ, եթե առկա են նախքան պայմանագրի անվավեր ճանաչումը բարեխղճորեն կատարված գործողություններ, ապա դրանք անօրինական չեն կարող ճանաչվել միայն այն պատճառով, որ պայմանագիրը հետագայում ճանաչվել է անվավեր։ 

Նշված դրույթները չեն կիրառվում պայմանագրի այն մասնակցի նկատմամբ, որը պատասխանատու է խաբեության, կաշառատվության կամ այլ պետության ներկայացուցչի նկատմամբ սպառնալիք կամ հարկադրանք կիրառելու համար։ 

Միջազգային պայմանագրերի դադարեցման և դրա հետևանքներին առնչվող հարցերին է նվիրված Վիեննայի 1966թ. կոնվենցիայի 70-րդ հոդվածը։ Դրանով կարգավորվում են միջազգային պայմանագրերի ինչպես իրավազոր, այնպես էլ ոչ իրավազոր դադարեցման հետ կապված հարաբերությունները։ Հոդվածը կիրառվում է միայն այն դեպքերում, «եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված» կամ «եթե մասնակիցները չեն համաձայնել այլ կերպ»։ Նշված պարագաներում պայմանագրի դադարեցումը, անկախ այն հանգամանքից, թե այն կատարվում է իր դրույթների կամ Կոնվենցիայով նախատեսված հիմքերի համաձայն՝ մասնակիցներին ազատում է պայմանագրի հետագա կատարման ամեն տեսակի պարտավորությունից՝ չազդելով մասնակիցների մինչ դադարեցումը պայմանագրի կատարմամբ առաջացած իրավունքների, պարտականությունների կամ իրավական դրության վրա։ 

Հարկ է նկատել, որ իրավազոր պայմանագրի դադարեցումը, ի տարբերություն այն չեղյալ կամ առոչինչ հայտարարելուն, հետադարձ ուժ չունի և, որպես կանոն, չի առաջացնում նոր իրավունքներ կամ պարտականություններ։ Սակայն միջազգային պրակտիկայում կարող են հանդիպել նաև պայմանագրեր, երբ դրանց անգամ իրավազոր դադարեցումից հետո մասնակիցները շարունակում են կրել որոշակի պարտականություններ։

Երբ մասնակից պետությունն անվավեր է հայտարարում բազմակողմ պայմանագիրը կամ դուրս է գալիս դրանից, այսինքն՝ մասնակից պետության համար պայմանագիրը դադարում է գործել անիրավազոր ճանապարհով, ապա Վիեննայի 1966թ. կոնվենցիայի 70-րդ հոդվածի կանոնները կիրառվում են այդ պետության և պայմանագրի յուրաքանչյուր մասնակցի հարաբերություններում՝ ամբողջ ծավալով։

Ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր (jus cogens) նորմին հակասող պայմանագիրը հանդիսանում է առոչինչ, այսինքն՝ անվավեր է կնքման պահից և պետք է ունենա հետադարձ ուժ։ Նման պայմանագրերի անվավերության հետևանքներին առնչվող հարցերը կարգավորվում են Վիեննայի 1966թ. կոնվենցիայի 71-րդ հոդվածով։ 

Եթե պայմանագիրը կնքման պահից համարվում է հակասող ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմին, ապա մասնակիցները պարտավոր են, որքանով որ դա հնարավոր է, վերացնել պարտադիր նորմին հակասող որևէ դրույթի հիման վրա նախկինում կատարված ցանկացած գործողության հետևանքները և իրենց փոխհարաբերությունները համապատասխանեցնել ընդհանուր միջազգային իրավունքի գործող պարտադիր նորմին։

Պայմանագիրն առոչինչ կհամարվի, եթե այնտեղ մասնակիցները նախատեսեն մարդու իրավունքների և ազատությունների խտրականություն նախատեսող նորմեր, այն պարունակի ագրեսիվ բնույթի նկրտումներ կամ կնքված լինի հարկադրանքի ազդեցությամբ։

Միջազգային հարաբերությունների զարգացումը կարող է հանգեցնել ընդհանուր միջազգային իրավունքի նոր համընդհանուր պարտադիր նորմի առաջացման։ Նման պարագայում, անկախ կողմերի կամքից, պատշաճ ձևով կնքված և իրավազոր գործող պայմանագիրն ինքնաբերաբար վերածվում է անվավեր պայմանագրի։

Համաձայն միջազգային իրավունքի, եթե առաջանում է ընդհանուր միջազգային իրավունքի նոր համընդհանուր պարտադիր նորմ, ապա ցանկացած պայմանագիր, որը հակասում է այդ նորմին, անվավեր է և դադարում է գործել։ Այդպիսի պայմանագրի դադարեցումը մասնակիցներին ազատում է պայմանագրի հետագա կատարման պարտականությունից։ Միաժամանակ, այդպիսի պայմանագրի դադարեցումը չի ազդում մասնակիցների այն իրավունքների, պարտավորությունների կամ իրավաբանական վիճակի վրա, որոնք ծագել են մինչև դրա դադարեցումը կատարված գործողություններով։

Ինչ խոսք, այդ իրավունքները, պարտավորությունները կամ իրավիճակները կարող են հետագայում պահպանվել միայն այն չափով, որ չափով դրանց պահպանումը չի հակասի միջազգային իրավունքի նոր պարտադիր նորմին։

Միջազգային պայմանագրերի գործողության կասեցման հետևանքները նույնպես կարգավորվում են Վիեննայի 1966թ. կոնվենցիայով։ Պայմանագրի գործողության կասեցման հետևանքների հետ առնչվող հարցերի լուծման կարգը սովորաբար նախատեսվում է անմիջականորեն պայմանագրում։ Նման կարգի բացակայության դեպքում մասնակիցներն այդ հարցի շուրջ կարող են համաձայնության գալ ցանկացած այլ կերպ։

Եթե, այդուհանդերձ, պայմանագրով այլ բան չի նախատեսված կամ եթե մասնակիցներն այլ կերպ չեն համաձայնել, պայմանագրի գործողության կասեցումը, անկախ կասեցման եղանակից, պայմանագրի մասնակիցներին, որոնց միջև կասեցված է դրա գործողությունը, կասեցված ժամանակամիջոցում ազատում է իրենց փոխհարաբերություններում պայմանագիրը կատարելու պարտականությունից։

Պայմանագրի գործողության կասեցումը չի ազդում մասնակիցների միջև պայմանագրով այլ կերպ սահմանված մնացած իրավահարաբերությունների վրա։ Այս դրույթն ընդգծում է, որ, չնայած պայմանագրի կասեցմանը, մասնակիցների միջև դեռևս շարունակում են պահպանվել պայմանագրով հաստատված հարաբերությունները։
Անկախ կասեցման պատճառներից և հիմքերից, պայմանագրի գործողության կասեցման ողջ ժամանակամիջոցում մասնակիցները չպետք է ձեռնարկեն այնպիսի քայլեր, որոնք կարող են խոչընդոտել պայմանագրի գործողությունը վերսկսելուն։

Հարկ է նկատել, որ անկախ նրանից, թե միջազգային պայմանագիրն ինչ հիմքերով և ինչ կարգով է ճանաչվում անվավեր, դադարում, չեղյալ հայտարարվում, կասեցվում կամ համարվում առոչինչ, այդ հանգամանքը ոչ մի կերպ չպետք է ազդի պետության պայմանագրով նախատեսված ցանկացած պարտավորություն կատարելու պարտականության վրա, եթե այն, անկախ պայմանագրից, պետության համար պարտավորություն է առաջացնում նաև միջազգային իրավունքի ուժով։

Այս մասին հատուկ նշվում է 1949թ. Ժնևի մարդասիրական իրավունքի վերաբերյալ կոնվենցիաներում։ Մասնավորապես, Ժնևի 1949թ. օգոստոսի 12-ի Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին կոնվենցիայի 63-րդ հոդվածում նշվում է. «… Չեղյալ հայտարարվելը ուժի մեջ կմտնի միայն Շվեյցարիայի Դաշնային խորհրդին արված հայտարարությունից մեկ տարի անց: Սակայն, չեղյալ հայտարարվելը, որի մասին հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ չեղյալ հայտարարող տերությունը մասնակցելիս է եղել ընդհարմանը, չի կարող ուժ ունենալ մինչև հաշտություն կնքելը և, համենայնդեպս, մինչև այն ժամանակը, քանի դեռ չեն ավարտվել սույն կոնվենցիայի հովանավորությունից օգտվող անձանց ազատման և հայրենադարձության գործողությունները:

Չեղյալ հայտարարվելն ուժ կունենա միայն չեղյալ հայտարարող տերության վերաբերմամբ: Այն ոչ մի կերպ չի կարող ազդել այն պարտավորությունների վրա, որոնք ընդհարման մեջ գտնվող կողմերը պարտավոր կլինեն շարունակելու կատարել միջազգային իրավունքի սկզբունքների ուժով, քանի որ դրանք բխում են քաղաքակիրթ ժողովուրդների միջև սահմանված սովորույթներից, մարդասիրության օրենքներից և հանրային խղճի հրամայականից»:

Ամփոփելով, կարելի է ասել, որ միջազգային պայմանագրի գործողության դադարումը վերացնում է դրա մասնակիցների միջև պայմանագրով նախատեսված իրավունքների և պարտականությունների փոխադարձ կատարման պարտավորությունը։ Այն այլևս չի կարող հանդես գալ որպես իրավունքների և պարտականությունների աղբյուր։ 

Սակայն նման պայմանագրի մասնակիցները պարտավոր են բարեխղճորեն կատարել այն բոլոր պարտավորությունները, որոնք պայմանագրի գործողության արդյունք են և որոնցից չի կարելի հրաժարվել նույնիսկ պայմանագրի գործողութ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ
2974 reads | 18.11.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com