ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՔՍՏԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական Դատարանի անդամ










Միջազգային պայմանագրի կնքման հաջորդ փուլը դրա տեքստի ընդունումն է։ Թեև Վիեննայի 1969թ. մայիսի 23-ի կոնվենցիայում օգտագործվում են ինչպես «տեքստի ընդունում» (9-րդ հոդված), այնպես էլ «տեքստի բնագիր լինելու հաստատում» (10-րդ հոդված) հասկացությունները, այնուհանդերձ, գրականության մեջ, որպես կանոն, կիրառվում է «միջազգային պայմանագրի տեքստի ընդունում» ձևակերպումը։

Միջազգային պայմանագրի տեքստի ընդունումն իրականացվում է քվեարկության՝ միջազգային իրավունքի նորմերով նախատեսված այնպիսի հատուկ ընթացակարգով, որի միջոցով պետությունների լիազոր ներկայացուցիչներն իրենց համաձայնությունն են հայտնում պայմանագրի տեքստում տեղ գտած ձևակերպումների վերաբերյալ։

Պայմանագրի տեքստի ընդունումով, ըստ էության, ավարտվում են դրա նախապատրաստման աշխատանքները։ Տեքստի ընդունման նպատակն է՝ հաստատել, որ պայմանագրի մշակված նախագիծը համարվում է կողմերի միջև վերջնականապես համաձայնեցված և փոփոխության ենթակա չէ։ Ընթացակարգը, որի կիրառմամբ ընդունվող տեքստը համարվում է վերջնական, անվանվում է տեքստի նույնականության (աուտենտիկության) հաստատում։

Վիեննայի 1969թ. մայիսի 23¬ի կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն, պայմանագրի տեքստն ընդունվում է դրա կազմմանը մասնակցած բոլոր պետությունների համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագրի տեքստն ընդունվում է միջազգային խորհրդաժողովում, որտեղ տեքստն ընդունվում է ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող պետությունների՝ նրա օգտին տված ձայների երկու երրորդի մեծամասնությամբ, եթե ձայների նույն մեծամասնությամբ նրանք այլ կանոն չեն սահմանել։

Տեքստի ընդունումը լինում է նախնական և վերջնական։ Միջազգային պայմանագրի տեքստի նախնական ընդունումը սովորաբար կատարվում է քվեարկության և ստորագրման միջոցով։ Գոյություն ունի ստորագրման երեք ձև՝ երկու նախակնքման (մակագրելու և ad referendum) և մեկ՝ վերջնական։
Արդեն նշվեց, որ միջազգային խորհրդաժողովներում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում պայմանագրերի տեքստերի նախապատրաստման ավարտից հետո դրանք ընդունվում են քվեարկությամբ։ Պայմանագրի ընդունման փաստաթուղթը սովորաբար ձևակերպվում է համապատասխան խորհրդաժողովի կամ կազմակերպության համապատասխան մարմնի կողմից ընդունված բանաձևով։ Միջազգային խորհրդաժողովներում պայմանագրերի տեքստերն ընդունվում են ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող պետությունների՝ տվյալ տեքստի օգտին տված ձայների երկու երրորդով կամ պարզ մեծամասնությամբ։

Վերջին տարիներին միջազգային խորհրդաժողովներում և միջազգային կազմակերպություններում արմատավորվել է պայմանագրի տեքստի ընդունման նոր կարգ. այն ընդունվում է առանց քվեարկության« մասնակիցների դիրքորոշումների փոխհամաձայնեցմամբ« այսինքն՝ ընդհանուր համաձայնության կայացմամբ։ Պայմանագրի տեքստի ընդունման այս եղանակը միջազգային պրակտիկայում հայտնի է համաձայնություն (կոնսենսուս) անվանումով։
Մակագրման միջոցով պայմանագրի տեքստի ընդունումը կատարվում է հետևյալ կերպ. երբ ավարտվում է պայմանագրի համաձայնեցված տեքստի վերջնական նախապատրաստումը, պետությունների ներկայացուցիչները ամբողջ տեքստի կամ նրա առանձին մասերի տակ դնում են իրենց անվանատառերը կամ ստորագրությունը։ Այդպիսով կողմերը, փաստորեն, ընդունում են, որ դրանք իրենց համար ընդունելի են և դրանց այլևս չեն անդրադառնալու։

Պայմանագրի մակագրումից հետո տեքստը չի կարող փոփոխվել նույնիսկ կողմերի ներկայացուցիչների համաձայնությամբ։ Միաժամանակ, հարկ է նշել, որ մակագրությունը չի կարող փոխարինել պայմանագրի վերջնական ստորագրմանը։ Վիեննայի 1969թ. մայիսի 23-ի կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն պետությունների ներկայացուցիչները կարող են մակագրել ինչպես պայմանագրի տեքստը, այնպես էլ խորհրդաժողովի՝ այդ տեքստը պարունակող եզրափակիչ ակտը։

Ad referendum ստորագրումը համարվում է նախնական, այն կատարվում է հետագայում հաստատելու պայմանով։ Կողմերի միջև համապատասխան պայմանավորվածության հիման վրա, տեքստի հետագա հաստատման դեպքում, այն ձեռք է բերում վերջնական ստորագրության ուժ։ Ինչպես պայմանագրի մակագրումը, այնպես էլ նախնական (ad referendum ) ստորագրումն ընդամենը հանդիսանում են ներկայացուցիչների կողմից տեքստի նախապատրաստման աշխատանքի ավարտման ապացույց։ Դրանով պայմանավորվող պետությունները որևէ միջազգային իրավական պարտավորություն չեն ստանձնում։
Միջազգային պայմանագրի տեքստը կողմերի համար իրավաբանորեն պարտադիր է դառնում, երբ այն ստորագրվում է վերջնականապես։

Պետությունները պայմանագրի տեքստի վերջնական ստորագրությամբ իրենց ակնհայտորեն ընդգծված համաձայնությունն են հայտնում այնտեղ տեղ գտած ձևակերպումներին և դրանց հիման վրա նախատեսված միջազգային իրավական պարտավորություններին։ Իսկ այն դեպքում, երբ վերջնական ստորագրված պայմանագիրը վավերացման անհրաժեշտություն չի ունենում, ապա ստորագրման փաստը պայմանագրին հաղորդում է պարտադիր կատարման ենթակա փաստաթղթի ուժ։

Պայմանագրի տեքստի վերջնական ստորագրումն առաջացնում է որոշակի իրավաբանական հետևանքներ։ Դրանք են. ա) ստորագրող պետությունն իրավունք է ստանում իր օրենսդրությամբ նախատեսված կարգով հաստատել կամ վավերացնել տվյալ պայմանագիրը, բ) ստորագրող պետությունը պարտավորվում է պայմանագիրը չզրկել նրա օբյեկտից և նպատակից՝ մինչև ուժի մեջ մտնելը։

Յուրաքանչյուր պետություն ինքնուրույն, իր օրենսդրությամբ սահմանված կարգով է նախատեսում, թե ստորագրած միջազգային պայմանագրերն իր համար ինչ ընթացակարգով են ուժի մեջ մտնում։ Միևնույն պայմանագիրը տարբեր պետությունների համար կարող է տարբեր կերպ մտնել ուժի մեջ։ Մեկի համար կարող է ուժի մեջ մտնել վերջնական ստորագրումից հետո, իսկ մյուսի համար՝ միայն վավերացումից հետո, ուստի հաճախ պայմանագրերում անմիջապես նախատեսվում է ընդհանուր բնույթի նորմ այն մասին, որ տվյալ պայմանագիրն ուժի մեջ կմտնի անդամ պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգով։ Հետևաբար, միևնույն պայմանագիրը կողմերից մեկի համար կարող է ուժի մեջ մտնել ստորագրելուց հետո, մյուսի համար՝ ստորագրելուց և վավերացնելուց հետո։ Օրինակ, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը նախատեսում է այն հարցերի ցանկը, որոնց վերաբերյալ կնքված միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերը ՀՀ Ազգային ժողովի կողմից ենթակա են պարտադիր վավերացման։ Ֆրանսիայի Սահմանադրության 53-րդ հոդվածը նույնպես նախատեսում է այն հարցերը, որոնց վերաբերյալ պայմանագրերը պետք է վավերացվեն պառլամենտի կողմից օրենք ընդունելու միջոցով։ Սակայն, համաձայն Ֆրանսիայի Սահմանադրության նույն այդ 53-րդ հոդվածի՝ այն միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են տարածքների զիջմանը, փոխանակմանը կամ միացմանը, չեն կարող վավերացվել առանց շահագրգիռ ազգաբնակչության համաձայնության, ինչը, բնականաբար, կարող է որոշվել համաժողովրդական քվեարկության կամ հարցման միջոցով։

Կարող է լինել երկիր, որի օրենսդրությունը չպահանջի, որ այս կամ այն հարցի վերաբերյալ միջազգային պայմանագիրը պետք է պարտադիր վավերացվի։ Նման դեպքում, բնականաբար, միևնույն պայմանագիրը մի պետության համար ուժի մեջ կմտնի վավերացումից հետո, մյուսի համար՝ ստորագրումից անմիջապես հետո։ Սակայն հնարավոր է նաև, որ անմիջականորեն պայմանագրում նախատեսվի դրույթ այն մասին, որ տվյալ պայմանագիրն ստորագրող պետությունների համար այն ուժի մեջ կմտնի միայն վավերացումից հետո։ Ուստի, նման դեպքերում, եթե նույնիսկ որևէ պետության օրենսդրություն չպարունակի կնքված պայմանագրի պարտադիր վավերացման դրույթ, միևնույն է, այն ենթակա է վավերացման։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ
2897 reads | 04.07.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com