ՀԱՏՈՒԿ ԴԱՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական Դատարանի անդամ, ԵՐԵՎԱՆ









Ժողովրդավարական յուրաքանչյուր երկրի պետական կյանքի կազմակերպման գլխավոր սկզբունքներից է սահմանադրականությունը։

Սահմանադրությունը, որպես պետության հիմնական օրենք, հանդիսանում է նրա տարածքում բնակվող ժողովրդի գերագույն կամքի դրսևորումն է։

Սահմանադրության մեջ արտացոլվում են պետական, հասարակական և քաղաքական ինստիտուտների ձևավորման և գործառնության վերաբերյալ ժողովրդի պատկերացումները, նպատակները և իղձերը։ Այս հանգամանքով է պայմանավորված սահմանադրության ընդունման հատուկ կարգը և իրավական բնույթը։ Սահմանադրությունն օժտված է բարձրագույն իրավաբանական ուժով, այն ընկած է պետական մարմինների կողմից իրականացվող նորմաստեղծ գործունեության հիմքում։ Սահմանադրությանը հակասող ցանկացած իրավական նորմ իրավաբանական ուժ ունենալ չի կարող և չի կարող կիրառվել տվյալ պետության տարածքում։

Այս սկզբունքը հավասարապես վերաբերում է միջազգային պայմանագրերին։ Միջազգային պայմանագիրը, որպեսզի իրավաբանորեն ընդունելի լինի պետության համար, ոչ միայն պետք է լինի նրա ազատորեն արտահայտված քաղաքական կամքի արդյունք, այլև չպետք է հակասի նրա սահմանադրության ոգուն և տառին։ Այս սկզբունքն անմիջականորեն ամրագրված է գրեթե բոլոր պետությունների օրենսդրություններում։ Որպեսզի լիարժեք ապահովվի այս սկզբունքի կիրառումը և ստեղծվեն համապատասխան երաշխիքներ, պետությունների պառլամենտները կամ նախագահները, միջազգային պայմանագիրը վավերացնելուց առաջ, պարտավոր են իրենց երկրի հատուկ լիազորությամբ օժտված պետական մարմնի միջոցով ստուգել պայմանագրի համապատասխանությունը սահմանադրությանը։

Միջազգային պայմանագրի սահմանադրականության որոշումը պետական գործառույթ հանդիսացող բարդ և հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող գործընթաց է։ Այն իրականացվում է պետություններում գործող սահմանադրական վերահսկողության համապատասխան ինստիտուտի կողմից։ Որպես կանոն, սահմանադրական վերահսկողություն իրականացնում են դրա համար հատուկ ստեղծված մասնագիտական մարմինները՝ սահմանադրական դատարանները։ Սակայն, առանձին երկրներում սահմանադրական վերահսկողության լիազորությունը կարող են ստանձնել նաև ընդհանուր իրավասության դատարանները։ Նման երկրներից են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան, Նորվեգիան, Դանիան, Մեքսիկան, Արգենտինան, Ճապոնաիան, Հնդկաստանը և այլն։ Ավելին, Ֆրանսիայում այս մարմինը, ըստ էության, դատական մարմին չէ։ Այն կոչվում է ՙՍահմանադրական խորհուրդ՚։

Սահմանադրական վերահսկողության օբյեկտ կարող է հանդիսանալ ինչպես անմիջականորեն միջազգային պայմանագիրը, այնպես էլ պայմանագրի վավերացմանը կամ հաստատմանն ուղղակիորեն առնչվող ներպետական յուրաքանչյուր իրավական ակտ։

Պետությունների սահմանադրությունները և օրենքները տարբեր կերպ են լուծում միջազգային պայմանագրերի սահմանադրականության հարցը։ Ինչպես արդեն նշվել է, այսօր աշխարհի գրեթե բոլոր պետությունները ճանաչում են միջազգային իրավունքի առաջնայնությունը ազգային օրենքների նկատմամբ, և նրանց սահմանադրությունների մեջ նշվում է, որ տվյալ երկրի միջազգային իրավական պարտավորությունների և ազգային օրենքների միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային իրավական պարտավորությունների վերաբերյալ նորմերը։ Այս առումով սահմանադրական վերահսկողության ազգային մարմինների խնդիրն է պարզել ոչ թե միջազգային պայմանագրի և ընդհանրապես ազգային օրենսդրության փոխհարաբերակցության հարցը, այլ միջազգային պայմանագրի համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը։

Տարբեր պետություններ տարբեր կերպ են լուծում այս հարցը։ Նախ և առաջ անհրաժեշտ է նշել, որ կան որոշակի տարբերություններ միջազգային պայմանագրի՝ որպես ակտի՝ սահմանադրական վերահսկողության օբյեկտի, ձևակերպման հարցում։

Մի շարք երկրներում միջազգային պայմանագիրը որպես սահմանադրական վերահսկողության օբյեկտ է նշվում՝ առանց կոնկրետացնելու, թե խոսքը որ պայմանագրին է վերաբերում, նրա՞ն, որն ստորագրված է, սակայն դեռևս չի վավերացվել, թե՞ արդեն ուժի մեջ մտածին։ Այս տեսակետից, գոյություն ունի միջազգային պայմանագրերի սահմանադրականության ստուգման երկու եղանակ։ Առաջինի դեպքում, նախքան միջազգային պայմանագրի վավերացումը, սահմանադրական վերահսկողության մարմինը՝ սահմանադրական դատարանը կամ ընդհանուր իրավասության դատարանը, եթե օժտված է նման լիազորությամբ, ստուգում է, թե արդյո՞ք միջազգային պայմանագրի դրույթները չեն հակասում երկրի Սահմանադրությանը (նախնական ստուգում)։ Երկրորդը՝ միջազգային պայմանագրերի սահմանադրականության հետագա ստուգման եղանակն է, երբ ստուգումն իրականացվում է միայն անհրաժեշտության դեպքում, երբ կարիք է առաջանում ստուգելու արդեն վավերացված և ուժի մեջ մտած միջազգային պայմանագրի դրույթների համապատասխանությունը երկրի սահմանադրությանը։

Միջազգային պայմանագրերի սահմանադրականության նախնական ստուգման եղանակը կիրառվում է Հայաստանում, Ալբանիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ուկրաինայում և այլ երկրներում։ Այս եղանակի առավելությունն այն է, որ, մինչև պայմանագրի վավերացումը, դրա սահմանադրականության ստուգումը կանխում է այն իրադրությունը, երբ հետագայում կարող է կասկածի առնվել արդեն վավերացված և ուժի մեջ մտած պայմանագրի իրավազորության հարցը։

Միջազգային պայմանագրերի սահմանադրականության հետագա ստուգման եղանակը կիրառվում է Ավստրիայում, Մոլդովայում, Հունաստանում, Վրաստանում և այլ երկրներում։ Այն ունի որոշակի թերություն։ Եթե հետագա ստուգման արդյունքով որևէ պետություն իր վավերացրած և ուժի մեջ մտած միջազգային պայմանագիրը ճանաչի որպես իր երկրի սահմանադրությանը հակասող, ապա նշված իրավիճակը կարող է առաջացնել այնպիսի անցանկալի իրադրություն, երբ պետության՝ իր ներքին իրավունքի տեսակետից իրավազոր գործողությունը հիմք է դառնում նրա միջազգային իրավական պարտավորությունը չկատարելու համար։ Սա կարող է ստեղծել վտանգավոր իրավիճակ, եթե հատկապես նկատի ունենանք, որ, համաձայն Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 27-րդ հոդվածի, ՙՄասնակիցը, որպես պայմանագիրը չկատարելու արդարացման պատճառաբանություն, չի կարող հղում անել իր ներքին իրավունքի դրույթներին՚։ Կոնվենցիան նման հղում թույլատրում է միայն այն դեպքում, եթե այդ խախտումն ակընհայտ է։ Այս հանգամանքը չի վերաբերում այն իրադրությանը, որը, ինչպես նշեցինք, կարող է առաջանալ։

Պետությունների միջազգային իրավական պարտավորությունների և նրանց սահմանադրությունների փոխհարաբերության հարցը տարբեր երկրներում տարբեր ծավալով և տարբեր կերպ ձևակերպվում։ Այսպես, Ավստրիայի Դաշնային սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածում նշվում է. ՙՍահմանադրական դատարանը հատուկ դաշնային օրենքի հիման վրա քննում է միջազգային իրավունքի խախտման վերաբերյալ գործերը՚, Ադրբեջանի Սահմանադրության 151-րդ հոդվածում ասվում է. ՙԱդրբեջանի Հանրապետության օրենսդրական համակարգի մեջ մտնող նորմատիվ իրավական ակտերի (բացառությամբ, Ադրբեջանական Հանրապետության Սահմանադրության և հանրաքվեի միջոցով ընդունված ակտերի) և միջազգային պայմանագրերի, որոնց կողմ է հանդիսանում Ադրբեջանական Հանրապետությունը, միջև հակասություն առաջանալու դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերը՚։ Բելառուսի Սահմանադրության 116-րդ հոդվածում նշվում է, որ սահմանադրական դատարանը ՙեզրակացություն է տալիս օրենքների, դեկրետների, Նախագահի հրամանագրերի՝… Բելառուսի Հանրապետության վավերացրած միջազգային իրավական փաստաթղթերին համապատասխանության մասին՚։

Բուլղարիայի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածում նշվում է, որ սահմանադրական դատարանը ՙպարզում է… օրենքների համապատասխանությունը միջազգային իրավունքի համընդհանուր նորմերին և միջազգային պայմանագրերին, որոնց կողմ է հանդիսանում Բուլղարիան՚։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածում նշվում է. ՙՍահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով՝ … մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է նրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը՚։
Միջազգային պայմանագրերի սահմանադրականության ստուգման ժամանակ ուշադրության են առնվում ինչպես ողջ պայմանագիրը, այնպես էլ նրա առանձին դրույթներ։ Օրինակ, ինչպես նշվում է ՙՍահմանադրական դատարանի մասին՚ ՀՀ օրենքի 56-րդ հոդվածում, դատարանը միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննության ժամանակ կարող է ընդունել հետևյալ երկու որոշումներից որևէ մեկը. ՙ1. միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող, 2. միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները, ամբողջությամբ կամ դրանց մի մասը, ճանաչել Սահմանադրությանը չհամապատասխանող՚։

Որպես կանոն, սահմանադրական վերահսկողություն իրականացնող մարմինների որոշումները վերջնական են և վերանայման ենթակա չեն։ Բոլոր պետական մարմինները, պաշտոնատար անձինք և քաղաքացիները պարտավոր են դրանք կատարել անվերապահորեն։

Եթե որևէ միջազգային պայմանագիր կամ դրա առանձին դրույթ սահմանադրական վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից ճանաչվում է սահմանադրությանը հակասող, ապա այն այլևս չի կարող ներկայացվել պառլամենտի վավերացմանը։ Այդ պայմանագիրը կարող է կրկին ներկայացվել սահմանադրականության ստուգման միայն այն բանից հետո, երբ պայմանագրի մասնակիցների միջև նոր բանակցությունների հիման վրա կփոփոխվի դրա բովանդակությունը կամ շարադրանքի ձևը։ Այս հարցին է վերաբերում ՙՀայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին՚ ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը։ Համաձայն դրա, եթե ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է ընդունել միջազգային պայմանագրով ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը հակասելու մասին, ապա ՀՀ Նախագահը, ելնելով Հայաստանի Հանրապետության համար այդ պայմանագրի կարևորությունից, կարող է իրականացնել հետևյալ երկու գործողություններից որևէ մեկը. ա) հանձնարարել ՀՀ կառավարությանը՝ պայմանագրի մյուս կողմի հետ բանակցություններ վարել դրանում ՀՀ Սահմանադրությանը հակասող պարտավորություններ նախատեսող նորմերը փոփոխելու, վերացնելու և սահմանված կարգով վավերացման ներկայացնելու համար, բ) աննպատակահարմար համարել տվյալ միջազգային պայմանագիր կնքելը՝ հանձնարարելով այդ մասին դիվանագիտական ուղիներով պարտադիր ծանուցել պայմանագրի մյուս կողմին (կողմերին)։

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն իր գործունեության ընթացքում որոշ միջազգային պայմանագրեր ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը հակասող։ Դրանցից կարելի է հիշատակել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության միջև կապիտալ ներդրումների խրախուսման ու փոխադարձ պաշտպանության մասին 1995թ. դեկտեմբերի 21-ի պայմանագիրը։ Սահմանադրական դատարանն իր 1996թ. օգոստոսի 30-ի թիվ 17 որոշման մեջ նշել է, որ այդ պայմանագրի 4-րդ հոդվածում ամրագրված պարտավորությունները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

ՀՀ Սահմանադրությանը հակասող են ճանաչվել նաև հանցագործություն կատարած անձանց հանձնման մասին 1996թ. հունիսի 4-ին կնքված Հայաստանի և Վրաստանի միջև պայմանագրի 1-ին, 2-րդ և մի շարք այլ հոդվածներ։

Միջազգային պայմանագիրը, վավերացնելուց հետո, դառնում է տվյալ երկրի իրավական համակարգի բաղկացուցիչ մասը։ Պետություններից մեծ մասում դա կատարվում է ինքնաբերաբար՝ վավերացումից անմիջապես հետո պայմանագիրը ձեռք է բերում ներպետական իրավական ակտին բնորոշ իրավաբանական ուժ։ Կան նաև երկրներ, որտեղ վավերացված պայմանագիրը ներպետական ակտին բնորոշ իրավաբանական ուժ է ձեռք բերում, երբ վավերացվելուց հետո պարտադիր կերպով հրապարակվում է։ Նման դրույթներ են պարունակում Ֆրանսիայի Սահմանադրության 55-րդ, Խորվաթիայի Սահմանադրության 134-րդ հոդվածները։

Նկատի ունենալով, որ վավերացված միջազգային պայմանագիրն օժտվում է ազգային օրենքին բնորոշ իրավաբանական ուժով, դեռ ավելին, միջազգային պայմանագրի և օրենքի միջև հակասության դեպքում առաջնայնությունը տրվում է միջազգային պայմանագրին, պառլամենտներում, որպես կանոն, միջազգային պայմանագրի վավերացման փաստաթուղթն ընդունվում է օրենքի տեսքով։ Օրինակ, Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի մասին՚ 1995թ. դաշնային օրենքի 14-րդ հոդվածում նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությանը համաձայն Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի վավերացումը կատարվում է դաշնային օրենքի տեսքով։ Ֆրանսիայի Սահմանադրության 53-րդ հոդվածում նշվում է, որ հաշտության, առևտրային, միջազգային կազմակերպություններին վերաբերող պայմանագրերը կամ համաձայնագրերը, որոնք ազդում են պետության ֆինանսների վրա, փոփոխում օրենսդրական բնույթի դրույթները, վերաբերում անձի կարգավիճակին, պետության տարածքի զիջմանը, փոխանակմանը կամ միացմանը, վավերացվել կամ հավանություն ստանալ կարող են միայն օրենքով։

ՙՀայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին՚ ՀՀ օրենքի 29-րդ հոդվածում նախատեսվում է, որ ՙՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովը միջազգային պայմանագիրը վավերացնելու, դրան միանալու կամ դա մերժելու մասին ընդունում է որոշում՚։ Կարծում ենք, որոշման միջոցով միջազգային պայմանագիրը վավերացնելը ճիշտ չէ, անհրաժեշտ է, որպեսզի հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացումը ձևակերպվի Ազգային ժողովի ոչ թե որոշման, այլ օրենքի տեսքով։

Մի շարք երկրների սահմանադրական դատարաններ լիազորված են ստուգելու միջազգային պայմանագրի համապատասխանությունը ոչ միայն երկրի սահմանադրությանը, այլև իրենց օրենքներին և նորմատիվ մյուս ակտերին, քանզի, ինչպես արդեն նշվել է, պետությունների մեծ մասի սահմանադրությամբ երկրի միջազգային պայմանագրերն ազգային իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։

Նման լիազորությամբ են օժտված Լեհաստանի, Ալբանիայի, Չեխիայի, Սլովակիայի և այլ երկրների սահմանադրական դատարանները։ Տարբեր երկրների սահմանադրություններում այն շարադրված է տարբեր կերպ։ Այսպես, Լեհաստանի Սահմանադրության 188-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական տրիբունալը քննում է ինչպես օրենքների համապատասխանությունը վավերացված միջազգային պայմանագրերին, որոնց վավերացումը օրենքի համաձայն պահանջում է նախնական համաձայնություն, այնպես էլ կենտրոնական պետական մարմինների կողմից հրապարակվող կարգադրությունների իրավունքի նորմի համապատասխանությունը Սահմանադրությանը, վավերացված միջազգային պայմանագրերին և օրենքներին։ Ինչպես տեսնում ենք, Լեհաստանի Սահմանադրությամբ նախատեսվում է ստուգել ոչ միայն օրենքների, այլ նաև ենթաօրենսդրական ակտերի համապատասխանությունը միջազգային պայմանագրերին։

Համաձայն Բուլղարիայի Սահմանադրության 149-րդ հոդվածի (1) 4-րդ կետի, սահմանադրական դատարանը պարզում է օրենքների համապատասխանությունը ոչ միայն միջազգային պայմանագրերին, որոնց կողմ է հանդիսանում Բուլղարիան, այլև միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած նորմերին։ Գրեթե նույնաբովանդակ, սակայն հսկողության առարկայի առումով փոքր-ինչ ավելի ընդարձակ դրույթ է նախատեսված Սլովենիայի Սահմանադրության 160-րդ հոդվածում. ՙՍահմանադրական դատարանը՝… որոշումներ է ընդունում օրենքների և նորմատիվ մյուս ակտերի՝ վավերացված միջազգային համաձայնագրերին և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխանության մասին՚։

Այս հարցում ավելի կոնկրետ ձևակերպում ունեցող լիազորությամբ է օժտված Չեխիայի սահմանադրական դատարանը։ Համաձայն Չեխիայի Սահմանադրության 87-րդ հոդվածի, սահմանադրական դատարանը որոշում է ընդունում օրենքների կամ դրանց առանձին դրույթների, ինչպես նաև այլ իրավական ակտերի կամ դրանց առանձին դրույթների վերացման մասին, եթե դրանք հակասում են 10-րդ հոդվածով նախատեսված միջազգային պայմանագրին։

Արգենտինայում նման լիազորությամբ օժտված են ընդհանուր իրավասության դատարանները։ Համաձայն Արգենտինայի Սահմանադրության 116-րդ հոդվածի, Գերագույն դատարանը և ստորադաս դատարաններն իրավասու են քննելու և լուծելու բոլոր այն գործերը, որոնք վերաբերում են օտարերկրյա պետությունների հետ կնքված պայմանագրերով սահմանված դրույթներին։

Անհրաժեշտ է նկատել, որ, թեև առանձին երկրների սահմանադրություններ, ի տարբերություն Արգենտինայի Սահմանադրության, դատարանների համար ուղղակի չեն նախատեսել նման լիազորություն, սակայն նրանք գործնական կյանքում նման գործառույթ իրականացնում են։ Նման գործերով որոշումներ են ընդունել Նորվեգիայի, Հունգարիայի, Բելգիայի դատարանները։

Այս առումով յուրատեսակ որոշում է ընդունել Հունգարիայի սահմանադրական դատարանը։ Նրա 1996թ. սեպտեմբերի 4-ի որոշումը վերաբերում է երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հունգարացիներից բռնագրավված սեփականությանը։ Սահմանադրական դատարանը նախ արձանագրում է, որ եթե օրենսդիրը չի կատարում իրավունքի նորմից բխող օրենսդրական պարտականությունները և դրանով իսկ ստեղծում է ոչ սահմանադրական իրադրություն, ապա ՙՍահմանադրական դատարանի մասին՚ օրենքի 49.1-րդ հոդվածի համաձայն դատարանը կարող է պահանջել, որ այդ մարմինը կատարի իր պարտականությունը՝ դրա համար սահմանվող որոշակի ժամկետում։ Ապա, ելնելով այն հանգամանքից, որ Փարիզի խաղաղության պայմանագրի 29.3-րդ հոդվածը Հունգարիայի կառավարությանը պարտավորեցնում է փոխհատուցում վճարել այն հունգարացիներին, որոնց սեփականությունն անհատույց և անվերադարձ բռնագրավվել է։ Այդ փոխհատուցումը պետք է իրականացվի ներքին օրենսդրության մեջ համապատասխան իրավական նորմեր նախատեսելու միջոցով։ Եվ քանի որ կառավարությունը դեռևս չէր կատարել այդ պարտավորությունը, Հունգարիայի սահմանադրական դատարանն իր որոշմամբ առաջարկել է երկրի պառլամենտին՝ իրականացնել օրենսդրական միջոցառումներ միջազգային պարտավորությունը մինչև 1997թ. հունիսի վերջը կատարելու համար։
Ի տարբերություն նշված երկրների, ինչպես նաև այն պետությունների, որոնք հնարավորություն ունեն դատական հատուկ վերահսկողության կառուցակարգերի միջոցով ապահովել ազգային օրենքների ու նորմատիվ այլ ակտերի համապատասխանությունը միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետությունում չկա նման լիազորությամբ օժտված որևէ մարմին։ Ո՜չ ՀՀ սահմանադրական դատարանը և ո՜չ էլ ընդհանուր իրավասության որևէ դատարան իրավասու չեն քննելու և լուծելու այնպիսի հարց, ինչպիսին ՀՀ օրենքների, մյուս նորմատիվ ակտերի և Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի համապատասխանության հարցն է։ Ինչ խոսք, նշված փաստը շատ լուրջ թերացում է և անհրաժեշտ է այն շտկել։ Սակայն, միաժամանակ կարծում ենք, անընդունելի է այն լուծումը, որն առաջարկել է ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը։

ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը, որի ձևավորման և գործունեության հիմքում ընկած է ՙԴատարանակազմության մասին՚ 1998թ. հունիսի 18-ի ՀՀ օրենքը, լիազորված է իրականացնելու կազմակերպախորհրդատվական բնույթի գործառույթ։ Ավելին, օրենքի 27-րդ հոդվածում շարադրված նրա լիազորությունների ցանկում որևէ ուղղակի հիշատակում չկա այն մասին, որ նա կարող է ստուգել ՀՀ օրենքների, մյուս նորմատիվ ակտերի և Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի համապատասխանության հարցը և այդ կապակցությամբ անել եզրակացություն։ Հակառակ այս հանգամանքին, ՀՀ դատարանների նախագահների խորհուրդն իր 2000թ. փետրվարի 12-ի No 20 որոշման 4-րդ կետում հանգել է այնպիսի եզրակացության, որն, անկախ կարևորությունից, դուրս է այդ մարմնի լիազորության շրջանակներից։

Նպատակահարմար ենք գտնում որոշման 4-րդ կետը շարադրել ամբողջությամբ. ՙՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ՙՎավերացված միջազգային պայմանագրերը ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Եթե նրանցում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը՚։ 1991թ. ապրիլի 1-ին Հայաստանի Հանրապետությունը միացել է ՙՔաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին՚ դաշնագրին, որի 9-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ ՙձերբակալման կամ կալանքի տակ պահելու հետևանքով ազատազրկված յուրաքանչյուր անձ օժտված է դատարանում իր գործի քննության իրավունքով, որպեսզի այդ դատարանը կարողանա անհապաղ որոշում կայացնել նրա ձերբակալման օրինականության վերաբերյալ և նրան ազատելու որոշում կայացնի, եթե ձերբակալումն անօրինական է՚։

Ելնելով վերոհիշյալ Դաշնագրի և ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի պահանջներից, ՀՀ քր.դատ.օր. 137-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրվել է, որ ՙկալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան՚։ Սակայն նույն օրենսգիրքը չի կարգավորել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին վերաքննիչ դատարանի որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունն ստուգելու ընթացակարգը։ Ուստի նման դեպքերում վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան, որի քրեական և զինվորական գործերի պալատը բողոքը պետք է քննի ՀՀ քր.դատ.օր. 288 հոդվածով սահմանված կանոններով՚։
Բերված եզրակացության բնույթից դժվար չէ կռահելը, որ նման որոշում կայացնելու իրավունք կարող է ունենալ միայն դատարանը, այլ ոչ թե կազմակերպա-խորհրդատվական բնույթի գործունեությամբ զբաղվող այնպիսի մարմին, ինչպիսին ՀՀ դատարանների նախագահների խորհուրդն է։

Արդեն ասվեց, որ միջազգային պայմանագրի սահմանադրականության որոշումը կարևոր նշանակություն ունեցող պետական գործառույթ է։ Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ սահմանադրական դատարանների կողմից կայացված որոշումները մեծամասամբ վերաբերում են մարդու համար կենսական լուրջ կարևորության հարցերի։ Որպես օրինակ բերենք Լիտվայի սահմանադրական դատարանի 1995թ. հունվարի 24-ի որոշումը։ Որոշման հիմքում ընկած էր Լիտվայի Նախագահի հարցումը սահմանադրական դատարան, որով նա խնդրել էր պարզել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 4, 5, 9 և 14-րդ հոդվածների և դրան կից 4-րդ Արձանագրության 2-րդ հոդվածի սահմանադրականությունը։
Դատարանն իր որոշման մեջ նշել է, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան կատարում է նույն գործառույթը, ինչ մարդու իրավունքների սահմանադրական երաշխիքները։ Այն փաստը, որ մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և երաշխիքներն այս կամ այն կերպ հռչակվում են Սահմանադրության մեջ, չի նշանակում, որ դրանք չեն կարող առավել լայն բնորոշում ստանալ օրենքում կամ օրենքի ուժ ունեցող այլ ակտում։ Քանի որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան չի նախատեսում այդ իրավունքների իրացման որևէ մեխանիզմ, դրանք պետք է պաշտպանվեն կոնվենցիայի, որպես օրենքի ուժ ունեցող ակտի, դրույթների ուղղակի կիրառմամբ։

Դատարանն իր որոշմամբ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի և 4-րդ Արձանագրության վիճարկվող դրույթները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։

Բերենք մեկ այլ օրինակ ևս։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանը, քննելով միջազգային խաղաղարար գործողություններին ԳԴՀ-ի զինված ուժերի մասնակցության սահմանադրականության վերաբերյալ վեճը, որը ծագել էր ԳԴՀ-ի կառավարության և Բունդեստագի միջև, իր 1994թ. հուլիսի 12-ի որոշման մեջ նշել է, որ Հիմնական օրենքի 24.2-րդ հոդվածը ԳԴՀ-ին լիազորում է մասնակցել կոլեկտիվ անվտանգության համակարգերին և կրելու համապատասխան պարտավորություններ։ Տվյալ հոդվածը թույլատրում է ԳԴՀ-ի զինված ուժերը ներգրավել այն գործողություններում, որոնք անց են կացվում ԳԴՀ մասնակցությամբ գործող միջազգային կազմակերպությունների կողմից։

Դատարանը հանգել է այն եզրակացության, որ Անվտանգության խորհրդի որոշմամբ նախկին Հարավսլավիայի տարածքում ՄԱԿ-ի և Արևմտաեվրոպական միության կողմից իրականացվող գործողություններում ԳԴՀ-ի զինված ուժերի օգտագործումը չի խախտում միջազգային պայմանագրերի վերաբերյալ Դաշնային պառլամենտի իրավասությունը։ Դատարանը որոշել է, որ հետագայում նույնպես կառավարությունը զինված ուժերի ցանկացած օգտագործման համար պետք է ստանա պառլամենտի նախնական համաձայնությունը։ Նման հարցերի լուծմանը պառլամենտի մասնակցության սահմաններն ու կարգը պետք է որոշվեն օրենքով։

Կարելի է օրինակներ բերել նաև Հայաստանի պրակտիկայից։ Այսպես, հանցագործություն կատարած անձանց հանձնման մասին 1996թ. հունիսի 4-ին Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ստորագրված պայմանագրի սահմանադրականության հարցը քննելիս՝ ՀՀ սահմանադրական դատարանը 1997թ. փետրվարի 3-ին որոշեց, որ ՙպայմանագրի առաջին, երկրորդ և քրեական պատասխանատվության ենթարկելու համար հանձնումը կարգավորող մյուս հոդվածները, երրորդ հոդվածի առաջին կետի ՙե՚ ենթակետը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՚։ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված պայմանագիրը կողմերը հետագայում վերանայեցին, վերացրեցին հակասահմանադրական դրույթները, և այն կրկին ներկայացվեց ՀՀ սահմանադրական դատարան, որը և իր 1998թ. մայիսի 15-ի որոշմամբ պայմանագիրը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող։

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, առանձին միջազգային պայմանագրերի սահմանադրականության հարցը քննելիս՝ իր որոշումներում հատուկ անդրադարձել է դրանց՝ ամբողջությամբ կամ որոշ հոդվածների կատարմանն առնչվող հարցերին։ Նման որոշումներից հատկապես հիշատակենք ՙ1993թ. հունվարի 22-ի Քաղաքացիական« ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին կոնվենցիայի՚ 1997թ. մարտի 28-ին Մոսկվայում ստորագրված արձանագրության կապակցությամբ ընդունված որոշումը։ Այս փաստաթղթի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանի 2000թ. հունվարի 7-ի որոշման մեջ նշվում է, որ արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, պայմանով, որ վավերացման ժամանակ ՀՀ Ազգային ժողովը 221 -րդ հոդվածի վերաբերյալ անի վերապահում։

Հարկ է նշել, որ Արձանագրությունն առանց նման վերապահման վավերացնելու դեպքում կարող է իրոք առաջանալ հակասահմանադրական իրավիճակ։
Կարելի է բերել բազմաթիվ այլ օրինակներ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ ուրիշ պետությունների պրակտիկայից, որոնք վկայում են յուրաքանչյուր երկրի պետական և հասարակական կյանքում միջազգային պայմանագրերի սահմանադրականության ստուգման կարևոր դերի և նշանակության մասին։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ
1846 reads | 14.01.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com