ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
![]() Սահմանադրական Դատարանի անդամ ![]() Պայմանագրերը լինում են ժամկետային և անժամկետ։ Անժամկետ պայմանագրերի շարքն են դասվում նրանք, որոնք վերաբերում են հաշտությանը և խաղաղությանը, չհարձակմանը, ինչպես նաև նրանք, որոնք ուղղված են միջազգային իրավունքի ընդհանուր նորմերի ստեղծմանը, ինչպիսին են, օրինակ, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը, Վիեննայի 1961թ. դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիան, 1966թ. Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրերը և այլն։ Հարկ է նկատել, որ անժամկետ պայմանագիր ասելով՝ չի ենթադրվում, թե կողմերը դրանից դուրս գալու կամ դրա գործողությունը դադարեցնելու ոչ մի իրավունք չունեն։ Պետություններն իրավասու են դադարեցնելու իրենց անդամությունը ցանկացած անժամկետ պայմանագրին, սակայն դա պետք է կատարվի տվյալ պայմանագրով նախատեսված պայմաններին և ընթացակարգին համապատասխան։ Իսկ եթե պայմանագիրը նման պայմաններ և ընթացակարգ չի նախատեսում, ապա դա պետք է կատարվի միջազգային իրավունքի նորմերի հիման վրա։ Այս առումով բավականին յուրատեսակ կարգ է սահմանված 1997թ. դեկտեմբերի 9-ին Փարիզում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու և հարկային խուսափումն ու խարդախությունը կանխելու մասին» համաձայնագրով։ Դրա 31-րդ հոդվածում նշվում է. «Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնում առանց տևողության սահմանափակման։ Սակայն, Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է այն դադարեցնել սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից հինգ տարվա ժամկետը լրանալուց հետո ցանկացած օրացուցային տարվա ավարտից առնվազն 6 ամիս չգերազանցող ժամկետի ընթացքում դիվանագիտական ուղիներով դադարեցման մասին գրավոր ծանուցման միջոցով»։ ![]() Ժամկետային պայմանագրերի գործողությունը դադարում է դրանում նշված ժամանակի ավարտից հետո։ Սակայն պայմանագիրը կարող է դադարել նաև այնտեղ նախատեսված պարտավորության կատարման կապակցությամբ։ Պայմանագիրը կարող է դադարել բոլոր կողմերի համաձայնության հիման վրա, ինչպես նաև միևնույն պետությունների միջև գործող պայմանագրի առարկայի վերաբերյալ նոր պայմանագիր կնքելու կապակցությամբ։ Միջազգային պայմանագրի գործողությունը կարող է դադարել նաև դրա չեղյալ հայտարարման և դրանից դուրս գալու հետևանքով։ Միջազգային պայմանագրերի գործողության ժամկետները շատ տարբեր են։ Կարող են լինել 5, 10, 15, 20 և նույնիսկ 30, 35 տարով կնքված պայմանագրեր։ Հազվադեպ, սակայն լինում են նաև պայմանագրեր, որոնք կնքվում են անգամ 1 տարով։ Նման պայմանագրի օրինակ է Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին 1999թ. օգոստոսի 7-ի համաձայնագիրը, որի գործողության ժամկետը մեկ տարի է։ Իհարկե, Համաձայնագիրը նախատեսում է, որ կողմերը ցանկության դեպքում կարող են դրա գործողության ժամկետը երկարացնել։ Իրավաբանական կարևոր նշանակություն ունի միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու պահի հարցը, որը լուծվում է տարբեր կերպ։ Պայմանագրերը կարող են ուժի մեջ մտնել՝ ստորագրման պահից, վավերագրերի փոխանակումից որոշակի ժամանակ անց, պայմանագրում նշված ամսաթվի օրը, նոտաների փոխանակման օրը, բազմակողմ պայմանագրի դեպքում՝ դրանով նախատեսված որոշակի քանակի վավերագրեր ավանդապահին հանձնելուց հետո, առանձին բազմակողմ պայմանագրերի դեպքում՝ վերջին վավերագիրն ավանդապահին հանձնելու օրը և այլ կարգով։ Ինչպես արդեն ասվել է, հաճախ միջազգային պայմանագրում նշվում է, որ այն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ Ընդ որում, եթե նման ձևակերպում պարունակող պայմանագրով կարգավորվում են այնպիսի հարաբերություններ, որոնք կարգավորող պայմանագիրը ըստ պետության օրենսդրության ենթակա է պարտադիր վավերացման, ապա ստորագրած, սակայն դեռևս չվավերացրած պետության համար այն կարող է առաջացնել իրավաբանական բնույթի բավականին բարդ խնդիրներ։ Այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ որոշ երկրների ազգային օրենսդրություններն առանձին պայմանագրի ուժի մեջ մտնելու հարցն ուղղակի կապում են վավերացման փաստի հետ։ Օրինակ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածում նշվում է. «Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերը կիրառվում են միայն վավերացվելուց հետո»։ ![]() Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի՝ եթե միջազգային պայմանագիրը պարունակում է ՀՀ օրենքներին հակասող կամ օրենքներում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենքներ ընդունելու վերաբերյալ դրույթներ, ապա, մինչև սահմանված կարգով այդ պայմանագրի ուժի մեջ մտնելը, տվյալ պայմանագրի՝ ստորագրման պահից ուժի մեջ մտնելու կամ ժամանակավորապես կիրառելու մասին դրույթները ՀՀ-ի համար գործում են այդ պայմանագրով նախատեսված միայն այն պարտավորությունների կամ նորմերի նկատմամբ, որոնք չեն հակասում ՀՀ օրենքներին։ Նշված ձևակերպումը ոչ այնքան հաջող, սակայն փորձ է հնարավորության դեպքում հանրապետությունում ժամանակավորապես կիրառել միջազգային պայմանագրի դրույթները՝ մինչև դրա վերջնական ուժի մեջ մտնելը։ Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ նախկին օրենքում վերը նշված դրույթները բացակայում էին։ ՀՀ միջազգային պայմանագրերի մասին 2000թ. հուլիսի 28-ի օրենքում դրանց ամրագրմամբ փաստորեն լուրջ երաշխիք ստեղծվեց, որպեսզի հանրապետությունը չհայտնվի հակասահմանադրական վիճակում։ Նման եզրահանգման համար հիմք է տալիս այն փաստը, որ երբ 1998թ. մարտի 6-ին Մոսկվայում ստորագրվեց «Զինվորական կադրերի պատրաստման բնագավառում համագործակցության զարգացման մասին» բազմակողմ համաձայնագիրը, որի 11-րդ հոդվածի համաձայն այն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը համաձայնագիրը ստորագրել էր առանց որևէ վերապահում անելու՝ դրանով իսկ հանրապետության համար ստեղծելով իրավաբանական բնույթի բարդություններ։ Եթե որևէ պայմանագիր նախատեսում է, որ այն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, սակայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այն ենթակա է պարտադիր վավերացման, ապա պայմանագիրն ստորագրող անձը ստորագրման ժամանակ պարտավոր է դրա ուժի մեջ մտնելու կապակցությամբ անել վերապահում, նշելով, որ «Հայաստանի Հանրապետության համար պայմանագիրն ուժի մեջ կմտնի ներպետական օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգով վավերացվելուց հետո»։ Իհարկե, հնարավոր է նաև այնպիսի վիճակ, երբ պայմանագիրն արգելի վերապահման իրավունքը։ Նման դեպքում պետք է փորձել լուծում գտնել պայմանագրի և դրա մասնակիցների շրջանակում, հակառակ պարագայում նման պայմանագիրը չի կարող գործել ՀՀ տարածքում։ Մինչև ուժի մեջ մտնելը պայմանագիրը կողմերին չի պարտավորեցնում, սակայն միջազգային իրավունքում ընդունված է, որ մինչև պայմանագրի ուժի մեջ մտնելը, կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք կզրկեն պայմանագիրն իր առարկայից և թույլ չեն տա հասնել դրանում նախատեսված նպատակներին։ | |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ | |
3373 reads | 09.09.2013
| |