ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
![]() Սահմանադրական Դատարանի անդամ ![]() Վիեննայի 1969թ. և 1986թ. կոնվենցիաների 11-րդ հոդվածները նախատեսում են պայմանագրի պարտադիր լինելու մասին համաձայնություն հայտնելու այն միջոցները, որոնք պետությունների համար պայմանագրի ուժի մեջ մտնելու իրավաբանական հիմքն են։ Դրանք են՝ պայմանագրի ստորագրումը, պայմանագրի վավերացումը, պայմանագիրը կազմող փաստաթղթերի փոխանակումը, պայմանագրի ընդունումը, հաստատումը, նրան միանալը կամ ցանկացած այլ եղանակ, որի մասին կողմերը կարող են պայմանավորվել։ Ստորագրումը, որպես իր համար պայմանագրի պարտադիր լինելու մասին պետության համաձայնության միջոց, առավել մեծ տարածում ունի։ Ստորագրումը, որպես պայմանագրի պարտադիրության վերաբերյալ պետության համաձայնություն, ունի առանձնահատկությունը, որ այն միաժամանակ հանդիսանում է ինչպես պայմանագրի տեքստի ընդունման վերաբերյալ համաձայնության արտահայտություն, այնպես էլ այնտեղ ամրագրված պարտավորությունների ընդունման իրավաբանական ձևակերպում։ Սովորաբար, միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու հարցը լուծվում է անմիջականորեն պայմանագրի տեքստում։ Դրանում, որպես կանոն, առանձին հոդվածով նախատեսվում է, թե պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրելուց անմիջապես հետո կամ թե այլ հատուկ ընթացակարգով հաստատելուց, այդ թվում՝ վավերացնելուց հետո։ Միջազգային պայմանագրերի կնքմանը, կատարմանը և չեղյալ հայտարարմանը վերաբերող հարցերն ընդհանրապես կարգավորվում են ոչ միայն միջազգային իրավունքի նորմերով, այլև պետությունների օրենքներով և սահմանադրությամբ։ Օրենքներով և սահմանադրությամբ, մասնավորապես, նախանշվում է այն հարցերի ու հարաբերությունների ցանկը, որոնց վերաբերյալ կնքված միջազգային պայմանագիրը երկրի պառլամենտի կողմից ենթակա է պարտադիր վավերացման։ Հետևաբար, յուրաքանչյուր պետության ներկայացուցիչ այս կամ այն միջազգային պայմանագիրն ստորագրելիս, պարտավոր է ղեկավարվել ոչ միայն միջազգային իրավունքի, այլև իր ազգային իրավունքի նորմերով. եթե իր կողմից ստորագրվող բազմակողմ պայմանագրում նշվում է, որ այն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, իսկ իր պետության օրենսդրությամբ նման պայմանագիրը ենթակա է պարտադիր վավերացման, ապա նա պարտավոր է ստորագրելու ժամանակ վերապահման միջոցով իր երկրի համար նախատեսել վավերացման հնարավորություն։ Օրինակ, «Սպառազինության և ռազմական տեխնիկայի միջպետական ստանդարտացման աշխատանքների կազմակերպման մասին» 1995թ. նոյեմբերի 3-ին Մոսկվայում ստորագրված բազմակողմ համաձայնագրի 6-րդ հոդվածի համաձայն, այն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը համաձայնագիրն ստորագրելիս որևէ վերապահում չի արել, մինչդեռ, ըստ ՀՀ օրենսդրության՝ այդ համաձայնագիրն առանց վավերացման ուժի մեջ մտնել չէր կարող։ Այսպիսով, ՀՀ ներկայացուցչի իրավաբանորեն ոչ հստակ գործողության հետևանքով համաձայնագիրն ստորագրելու պահից սկսած Հայաստանը հայտնվեց իրավախախտ պետության կարգավիճակում։ Իսկ եթե ստորագրվում է երկկողմ պայմանագիր, ապա կողմերը, հաշվի առնելով, որ տարբեր երկրներում միջազգային պայմանագրի համար ուժի մեջ մտնելու համար հնարավոր է, տարբեր կարգերի գոյության առկայություն, դրանում, որպես կանոն, նախատեսում են հետևյալ ձևակերպումը. «Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ներքին օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ գործընթացն ավարտելու մասին դիվանագիտական ուղիով միմյանց իրազեկ պահելու օրվանից» կամ «Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի ներպետական անհրաժեշտ ընթացակարգի կատարման մասին դիվանագիտական ուղիով գրավոր ծանուցման փոխանակման օրվանից 30 օր հետո»։ Կարող են լինել նաև այլ ձևակերպումներ։ Ոչ պակաս կարևոր հարց է, թե պայմանագրի տեքստում պետությունների ներկայացուցիչներն ինչ կարգով և ինչ հերթականությամբ են ստորագրում։ Սա պայմանավորված է նրանով, որ ստորագրություն դնելը պայմանագրի ստորագրման որոշակի փուլ է։ Հիմք ընդունելով պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքը՝ միջազգային պրակտիկան մշակել է պայմանագրերի ստորագրման որոշակի կանոններ, ըստ որոնց միջազգային պայմանագրերի ստորագրումն իրականացվում է հերթագայության (alternare) սկզբունքով։ Համաձայն դրա, երկկողմ պայմանագրերում պետությունների ստորագրությունները դրվում են հորիզոնական տողով կամ իրար տակ։ Եթե պայմանագիրը կնքվում է երկու լեզվով, ապա տողի ձախ մասում կամ առաջին շարքում, որը համարվում է պատվավոր, գրվում է այն պետության անվանումը և դրվում է նրա ներկայացուցչի ստորագրությունը, ում ի պահ է տրվելու պայմանագրի տվյալ բնօրինակը։ Բազմակողմ պայմանագրերում պետությունների ներկայացուցիչների ստորագրությունները դրվում են իրար տակ՝ հիմք ընդունելով պետությունների պաշտոնական անուններն այն այբբենական կարգով, որն ընտրվում է կողմերի համաձայնությամբ։ Պայմանագրի վավերացումը դրա վերջնական հաստատումն է պետական իշխանության համապատասխան բարձրագույն մարմնի կողմից։ Վավերացումն արտացոլվում է երկու տարբեր՝ միջազգային իրավական (վավերագրում) և ներպետական (օրենք, պառլամենտի որոշում, պետության գլխի կողմից ընդունված ակտ) փաստաթղթերում։ Վիեննայի 1969թ. մայիսի 23-ի կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն, իր համար պայմանագրի պարտադիր լինելու մասին պետության համաձայնությունն արտահայտվում է վավերացման միջոցով, եթե. ա) պայմանագիրը նախատեսում է, որ նման համաձայնությունն արտահայտվում է վավերացման միջոցով, բ) այլ կերպ սահմանվել է, որ բանակցություններին մասնակցող պետությունները պայմանավորվել են, որ պահանջվում է վավերացում, գ) պետության ներկայացուցիչը ստորագրել է վավերացման ենթակա պայմանագիրը, կամ դ) վավերացման ենթակա պայմանագիրն ստորագրելու մասին պետության մտադրությունը բխում է նրա ներկայացուցչի լիազորություններից կամ արտահայտվել է բանակցությունների ընթացքում։ Միջազգային իրավունքում չկա նախապես կանխորոշող որևէ նորմ թե որ պայմանագրերն են վավերացման ենթակա։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այն սահմանվում է պայմանագրով կամ դրան մասնակից պետությունների ազգային օրենսդրությամբ։ Ընդ որում, յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում, թե պետական որ մարմնի կողմից և ինչ կարգով պետք է վավերացվի կամ հաստատվի միջազգային պայմանագիրը։ Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ երկրների մի մասում պայմանագրերը վավերացնում են պետությունների գլուխներն ինքնուրույն, ուրիշ երկրներում՝ պետությունների գլուխները՝ պառլամենտի համաձայնությամբ, իսկ երրորդներում՝ պառլամենտն ինքնուրույն։ Միջազգային պրակտիկան վկայում է նաև, որ պայմանագրի վավերացումն այս կամ այն երկրում կարող է դառնալ նաև հանրաքվեի հարց։ Այսպես, 1992թ. Ֆրանսիայում հանրաքվեի դրվեց Եվրոպական միության մասին Մաաստրիխտի պայմանագրի վավերացման մասին օրենքը։ Կան երկրներ, որոնց օրենսդրությամբ նախատեսվում է, որ միջազգային պայմանագրի վավերացումից առաջ սահմանադրական դատարանի կողմից պետք է որոշվի դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը տվյալ պետության սահմանադրությանը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովը, Հանրապետության Նախագահի առաջարկությամբ, վավերացնում կամ չեղյալ է հայտարարում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը։ Միաժամանակ, մինչև միջազգային պայմանագրի վավերացումը, ՀՀ սահմանադրական դատարանի կողմից որոշվում է դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Պետությունների ներպետական օրենսդրությունը սովորաբար նախատեսում է այն հարցերի շրջանակը, որոնց վերաբերյալ կնքված միջազգային պայմանագրերը ենթակա են պարտադիր վավերացման։ Պետությունների սահմանադրությունների ուսումնասիրությունը վկայում է, որ կան որոշակի հարցեր, որոնց վերաբերյալ կնքված միջազգային պայմանագրերը գրեթե բոլոր երկրների օրենսդրությունների համաձայն ենթակա են պարտադիր վավերացման։ Նման պայմանագրերի թվին են դասվում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ազգային օրենքներում փոփոխություն նախատեսող, քաղաքական համագործակցության և ռազմական փոխօգնության մասին, տարածքների վերաբերյալ, պետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող պայմանագրերը և այլ միջազգային պայմանագրեր։ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացման են ենթակա միջպետական պայմանագրերը, ինչպես նաև միջկառավարական և միջգերատեսչական այն պայմանագրերը, որոնք վերաբերում են վարկեր, փոխառություններ, երաշխիքներ ստանալուն կամ տրամադրելուն, կամ Հայաստանի Հանրապետության համար առաջացնում են այլ անմիջական ֆինանսական պարտավորություններ։ Համաձայն օրենքի, այլ անմիջական ֆինանսական պարտավորություններ են համարվում, մասնավորապես, հարկային և այլ պարտադիր վճարումների գծով արտոնություններ, միջազգային կազմակերպությունների պահպանման, միջպետական հիմնադրամների ձևավորման նպատակով դրամական միանվագ կամ պարբերական մուծումներ նախատեսող պարտավորությունները։ Նշված օրենքի 7-րդ հոդվածում շարադրված են այն բոլոր հարաբերությունները, որոնց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության անունից կնքված պայմանագրերը պետք է կոչվեն միջպետական։ Օրենքը նման հարաբերությունների շարքին է դասում՝ այլ պետությունների հետ բարեկամության և համագործակցության, պաշտպանության, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից փոխադարձաբար հրաժարվելու, հաշտության, քաղաքական կամ ռազմական դաշինք ստեղծելու կամ դրան անդամակցելու, սահմանային, տարածքային հարցեր լուծելու, միջազգային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց անդամակցելու, դիվանագիտական և հյուպատոսական հարաբերություններ հաստատելու, վարկեր, փոխառություններ, երաշխիքներ ստանալու կամ տրամադրելու, ֆինանսական համագործակցության և Հայաստանի Հանրապետության կենսական շահերին վերաբերող այլ հարաբերություններ։ Օրենքը նման հարաբերությունների թվին է դասում նաև՝ մարդու իրավունքների, ազատությունների և պարտականությունների, քաղաքացիության, օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի, փախստականների, հարկադիր տեղահանվածների, ինչպես նաև քաղաքացիական, ընտանեկան, քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների հաստատման, ՀՀ սեփականություն համարվող մշակութային արժեքների և այլ օբյեկտների օտարման հետ կապված հարաբերությունները։ Դժվար չէ նկատել, որ նշված ցանկն արհեստականորեն ընդարձակվել է. թվարկվող հարաբերություններից շատերը կարելի էր նաև միավորել։ Սակայն, կարծում ենք, լուրջ բացթողում պետք է համարել, որ օրենքում բացակայում է դրույթ այն մասին, որ վավերացման ենթակա են նաև Հայաստանի Հանրապետության այն միջազգային պայմանագրերը, որոնց կնքելու ժամանակ կողմերը հատուկ դրույթ են նախատեսել դրանց վավերացման մասին։ Ի դեպ, նման դրույթ կար Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման և չեղյալ հայտարարման մասին նախկին՝ 1992թ. հունիսի 6-ի օրենքում։ Նման դրույթ կա մյուս պետությունների սահմանադրություններում և օրենքներում, որոնցից կարելի է հիշատակել Լիտվայի Սահմանադրության 138-րդ հոդվածի 6-րդ կետը, Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի մասին 1995թ. հուլիսի 15-ի օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետը, Վրաստանի Սահմանադրության 65-րդ հոդվածի 2-րդ կետը և այլն։ Ի դեպ, Վրաստանի Սահմանադրության 65-րդ հոդվածի 3-րդ կետը պարունակում է բավականին յուրահատուկ դրույթ, համաձայն որի երկրի պառլամենտը պետք է տեղյակ պահվի նաև վավերացման ոչ ենթակա միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի կնքման մասին։ Վավերացման ինստիտուտն ունի ինչպես իրավաբանական, այնպես էլ քաղաքական կարևոր նշանակություն։ Իրավաբանական նշանակությունը կայանում է նրանում, որ վավերացվելուց հետո միջազգային պայմանագրերը վերածվում են պետության ներքին իրավունքի բաղկացուցիչ մասի, ավելին, վավերացման ուժով միջազգային պայմանագրային նորմն առաջնայնությամբ է օժտվում ներպետական իրավունքի նորմի նկատմամբ, և եթե առաջանում է հակասություն պայմանագրային նորմի և երկրի օրենքների (բացառությամբ՝ Սահմանադրության) նորմերի միջև, ապա կիրառվում են պայմանագրային նորմերը։ Պայմանագրերի վավերացման քաղաքական նշանակությունը կայանում է նրանում, որ վավերացման ընթացքում երկրի պառլամենտը կամ պետության գլուխը հնարավորություն են ստանում մեկ անգամ ևս վերլուծելու պայմանագրի բովանդակությունը, հաշվարկելու դրա դրական և բացասական կողմերը, լուծելու դրանք վավերացնելու կամ վավերացումից հրաժարվելու քաղաքական, տնտեսական և ռազմավարական նպատակահարմարության հարցերը։ Քանի որ վավերացումից հրաժարվելը միջազգային իրավունքի խախտում չի համարվում, քիչ չեն դեպքերը, երբ պետությունները, ստորագրելով այս կամ այն պայմանագիրը, հետագայում հրաժարվում են այն վավերացնելուց, և կամ վավերացման հարցը ձգձգում են երկար տարիներ։ Նման պայմանագրերի շատ օրինակներ կան նաև մեր հանրապետության պրակտիկայում։ Այսպես, 1996թ. հունվարի 9-ին ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև՝ նվիրված ներդրումների խրախուսմանն ու պաշտպանությանը։ Եգիպտոսն այն վավերացրել է դեռևս 1999թ. ապրիլի 20-ին, մինչդեռ Հայաստանը 2001թ. փետրվար ամսվա վիճակով այն դեռևս չէր վավերացրել։ Ճիշտ հակառակ պատկերն է Բուլղարիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև 1995թ. ապրիլի 10-ին կնքված «Քրեական գործերով իրավական օգնության մասին» պայմանագրի առնչությամբ։ Հայաստանն ստորագրելուց անմիջապես հետո՝ 1995թ. մայիսի 26-ին պայմանագիրը վավերացրել է, մինչդեռ առ փետրվարը 2001թ. Բուլղարիան այն չէր վավերացրել։ Արդեն նշվեց, որ միջազգային պայմանագրի վավերացումն ուշացնելը ինքնըստինքյան խախտում չի կարող համարվել, սակայն պայմանագրի վավերացումն անհարկի ձգձգելը կամ, վավերացման հարցը որոշակի հանգամանքների հետ կապելով, մյուս կողմի կամ կողմերի վրա ճնշում գործադրելը միջազգային իրավունքի տեսակետից անընդունելի և դատապարտելի է։ Պետական իշխանության համապատասխան մարմնի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը ձևակերպվում է վավերագրով։ Այն, սովորաբար, կազմված է լինում ներածական մասից, հիմնական մասից, որը կարող է բովանդակել պայմանագրի ամբողջ տեքստը կամ վերնագիրն ու նախաբանը, և եզրափակիչ մասից, որում արձանագրվում է պայմանագրի վավերացման փաստը։ Վավերագիրը և միջազգային պայմանագրին միանալու մասին պառլամենտի հայտարարագիրը, որպես կանոն, ստորագրում է պետության գլուխը։ Հայաստանի Հանրապետության Նախագահը ստորագրում է ինչպես Ազգային ժողովի կողմից վավերացված միջազգային պայմանագրի վավերագիրը, այնպես էլ միջազգային պայմանագրին միանալու մասին Ազգային ժողովի որոշման հիման վրա կազմված հայտարարագիրը։ ՀՀ Նախագահի ստորագրած և՜ վավերագիրը, և՜ հայտարարագիրը ամրագրվում են Հայաստանի Հանրապետության պետական կնիքով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ստորագրությամբ։ Վավերացման ենթակա երկկողմ պայմանագրի դեպքում պայմանագիրն ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակման պահից, իսկ բազմակողմի դեպքում՝ վավերագրերն ավանդապահին հանձնելուց հետո, որոշակի պայմանների առկայությամբ։ Բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահի հարցը որոշում են պայմանավորվող պետությունները։ Ավանդապահի խնդիրն է՝ պահպանել բազմակողմ պայմանագրի բնագիրը, այն ընդունելու մասին վավերագրերը և մյուս փաստաթղթերը, մասնակիցներին ուղարկել պայմանագրի հաստատված պատճենները, նրանց տեղյակ պահել նոր միացած անդամների մասին և այլն։ Ավանդապահ կարող են լինել ինչպես պետությունները, այնպես էլ միջազգային կազմակերպությունները։ Ավանդապահի նշանակման կարգը և նրա գործառույթների բնույթը սահմանված են Վիեննայի 1969թ. մայիսի 23-ի կոնվենցիայի 76 և 77-րդ հոդվածներով։ Միջազգային պայմանագրի ավանդապահ կարող են նշանակվել մեկ կամ մի քանի պետություններ, միջազգային կազմակերպություններ կամ նման կազմակերպության գլխավոր գործադիր պաշտոնատար անձը։ Ավանդապահի գործառույթն իր բնույթով միջազգային է, և այդ գործառույթը կատարելու ժամանակ նա պարտավոր է գործել անկողմնակալ։ Մասնավորապես, այն փաստը, որ պայմանագիրը որոշ մասնակիցների միջև ուժի մեջ չի մտել, կամ պետությունների և ավանդապահի միջև ծագել են տարաձայնություններ՝ վերջինիս կողմից իր գործառույթը կատարելու կապակցությամբ, չի ազդում այդ պարտավորության կատարման վրա։ Ավանդապահի դերը բավականին բազմաբնույթ է։ Նա պահպանում է պայմանագրի բնագիրը, պատրաստում բնագրի հաստատված պատճեններ, պատրաստում է նաև պայմանագրով նախատեսված մյուս լեզուներով տեքստեր և դրանք առաքում պայմանագրին մասնակից և մասնակցելու իրավունք ունեցող պետություններին։ Ստանում և պահպանում է պայմանագրի տորագրմանը վերաբերող փաստաթղթերը, ծանուցումներն ու հաղորդագրությունները։ Ուսումնասիրում է, թե պայմանագրին վերաբերող ստորագրությունը, փաստաթղթերը, ծանուցումները կամ հաղորդագրություններն արդյո՞ք կանոնավոր վիճակում են և արված են պատշաճ ձևով, և, եթե առաջանում է որևէ խնդիր, այդ մասին տեղյակ է պահում համապատասխան պետությանը։ Միջազգային պայմանագրի վերաբերյալ փաստաթղթեր, ծանուցումներ և հաղորդագրություններ ստանալու դեպքում դրանց մասին տեղեկատվություն է հաղորդում պայմանագրին մասնակից դառնալու իրավունք ունեցող պետություններին։ Ավանդապահը պարտավոր է պայմանագրին մասնակից դառնալու իրավունք ունեցող պետություններին տեղեկատվություն տալ նաև այն մասին, թե ստորագրությունների թիվը, վավերագրերը կամ ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են պայմանագրի ուժի մեջ մտնելու համար, երբ են ստացվել և ի պահ հանձնվել։ Ավանդապահն ապահովում է նաև Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությունում միջազգային պայմանագրի գրանցումը։ Եթե որևէ պետության և ավանդապահի միջև վերջինիս գործառույթների կատարման կապակցությամբ տարաձայնություններ են ծագում, ապա ավանդապահը այդ մասին տեղյակ պետք է պահի պայմանագիրն ստորագրող պետություններին, պայմանավորված պետություններին կամ, եթե միջազգային կազմակերպություն է, նրա իրավասու մարմնին։ Վավերացումը վերջնական է և դրանից հրաժարվել չի կարելի։ Պետությունն իրավունք չունի պատճառաբանելու, թե իրեն վերաբերող պայմանագրային պարտավորության նկատմամբ իր համաձայնությունն արտահայտվել է իր ներքին իրավունքի այս կամ այն դրույթի խախտումով՝ որպես իր համաձայնության ոչ իրական լինելու հիմք, բացի այն դեպքից, եթե այդ խախտումն ակնհայտ է և վերաբերում է նրա ներքին իրավունքի առավել կարևոր նշանակության նորմերին։ Իսկ խախտումը համարվում է ակնհայտ, եթե այդ հարցում առօրյա փորձին համապատասխան գործող և հարցին բարեխղճորեն վերաբերող ցանկացած պետության համար առարկայորեն բացահայտ է։ Պայմանագիր կազմող փաստաթղթերի փոխանակման միջոցով պայմանագրի պարտադիր լինելու մասին համաձայնություն հայտնելը կատարվում է նոտաների կամ նամակների փոխանակմամբ։ Համաձայն Վիեննայի 1969թ. մայիսի 23-ի կոնվենցիայի 13-րդ հոդվածի՝ պետությունների համաձայնությունը միմյանց հետ՝ փոխանակվող փաստաթղթերից կազմված պայմանագրի՝ իրենց համար պարտադիր լինելու մասին, արտահայտվում է այդ փոխանակման միջոցով, եթե այդ փաստաթղթերով նախատեսվում է, որ դրանց փոխանակումը կունենա նման ուժ, կամ այլ կերպ սահմանվել է այդ պետությունների պայմանավորվածությունն այն մասին, որ փաստաթղթերի այդ փոխանակումը պետք է ունենա նման ուժ։ Միջազգային պայմանագրի ընդունումը պետք է տարբերել միջազգային պայմանագրի տեքստի ընդունումից. դրանք բացարձակապես տարբեր երևույթներ են։ Եթե պետությունը տեքստի ընդունման ժամանակ ընդամենն իր համաձայնությունն է տալիս պայմանագրի փոխհամաձայնեցված տեքստին, որի դրույթներն իր համար դեռևս իրավաբանորեն պարտադիր չեն, ապա վավերացման, ընդունման կամ հաստատման միջոցով պայմանագրի պարտադիր լինելու մասին պետության համաձայնությունը տվյալ փաստաթուղթն իր համար դարձնում է իրավաբանորեն պարտադիր։ Պայմանագիրն ընդունելով կամ հաստատելով՝ իր համար պարտադիր ճանաչելու մասին պետության համաձայնությունն արտահայտվում է այն նույն պայմաններով, որոնք կիրառվում են վավերացման համար։ Ի տարբերություն վավերացման, որը ձևակերպվում է վավերագրերի տեսքով, պայմանագրի ընդունումը ձևակերպվում է նոտաների և նամակների միջոցով։ Միջազգային պայմանագրի հաստատումը (կոնֆիրմացիա) պետության գլխի, կառավարության կամ մեկ այլ մարմնի կողմից դրա վերջնական հաստատումն է։ Կան միջազգային պայմանագրեր, որոնք ուժի մեջ են մտնում ոչ թե վավերացման, այլ ստորագրման հիմքով, սակայն, միաժամանակ, առանձին պետությունների օրենսդրությամբ նախատեսվում է, որպեսզի դրանց մի մասն ստորագրվելուց հետո հաստատվի համապատասխան պետական մարմնի կողմից։ Միջազգային միջպետական կազմակերպությունների կողմից կնքված միջազգային պայմանագրերի նկատմամբ նույնպես կիրառվում է «հաստատում» ձևակերպումը։ Միջազգային կազմակերպությունների կողմից կնքված պայմանագրերը հաստատում են նրանց բարձրագույն մարմինները, և այդ հաստատումը վերջնական է։ Չի կարելի շփոթել արդեն ստորագրված պայմանագրի հաստատումը պայմանագրի նախապատրաստման փուլում ներկայացված նախագծի հաստատման հետ։ Միջազգային պայմանագրին միանալը պետության կամ միջազգային կազմակերպության կողմից այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կնքած միջազգային պայմանագրով նախատեսված պարտավորությունների պաշտոնական ստանձնման գործողությունն է։ Միանալ կարելի է ինչպես ստորագրված, սակայն դեռևս ուժի մեջ չմտած, այնպես էլ արդեն ուժի մեջ մտած միջազգային պայմանագրին։ Պայմանագրին միանալու հնարավորությունն ու պայմանները, որպես կանոն, նախատեսվում են պայմանագրով կամ մասնակիցների կողմից համաձայնեցվում են այլ կերպ։ Սակայն պետությունները, սովորաբար, միանում են արդեն ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերին, չնայած, ինչպես արդեն ասվեց, հանդիպում են դեպքեր, երբ պետությունները միանում են ստորագրված, սակայն դեռևս ուժի մեջ չմտած պայմանագրին։ Համաձայն Վիեննայի 1969թ. մայիսի 23-ի կոնվենցիայի 15-րդ հոդվածի՝ իր համար պայմանագրի պարտադիր լինելու մասին պետության համաձայնությունն արտահայտվում է միանալու միջոցով, եթե պայմանագիրն է նախատեսում, որ պետության կողմից նման համաձայնությունը կարող է արտահայտվել միանալու միջոցով, կամ եթե այլ կերպ սահմանվել է, որ բանակցություններին մասնակցող պետությունները պայմանավորվել են, որ նման համաձայնությունն այդ պետության կողմից կարող է արտահայտվել միանալու միջոցով, կամ եթե բոլոր կողմերն են հետագայում պայմանավորվել, որ նման համաձայնությունը կարող է արտահայտվել այդ պետության կողմից միանալու միջոցով։ Միջազգային իրավունքը նախատեսում է պայմանագրերին միանալու երկու տեսակ՝ սահմանափակ և ամբողջովին։ Իր համար պայմանագրի միայն մի մասի պարտադիր լինելու մասին պետության համաձայնությունն ուժ կարող է ունենալ միայն այն դեպքում, եթե պայմանագիրն այդ թույլատրում է, կամ եթե դրան համաձայն են պայմանավորված մյուս պետությունները։ Պրակտիկայում հանդիպում են պայմանագրեր, որոնցում նախատեսվում է ինչպես սահմանափակ, այնպես էլ ամբողջովին միանալու հնարավորություն։ Միջազգային պայմանագրի տեքստը նախապատրաստող և կնքող պետությունների և հետագայում դրան միացած պետությունների իրավասության միջև որևէ տարբերություն չկա։ Յուրաքանչյուր պետության ներքին իրավասության մեջ է մտնում միջազգային պայմանագրին միանալու ընթացակարգի որոշումը։ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունը, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, կարող է միանալ ուժի մեջ մտած միջազգային ցանկացած պայմանագրի, որում ինքը պայմանագրի կնքման ժամանակ հանդես չի եկել որպես կողմ։ Ըստ այդ օրենքի, միջազգային պայմանագրին միանալու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ ՀՀ Նախագահը, ՀՀ կառավարությունը, ՀՀ վարչապետը, գերատեսչությունները՝ իրենց գործունեության ոլորտին կամ իրավասությանը վերաբերող հարցերով։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, որպես գործառութային գործադիր մարմին, կարող է միջազգային պայմանագրին միանալու նախաձեռնությամբ հանդես գալ նաև այլ գերատեսչության իրավասությանը վերաբերող հարցերով՝ վերջինիս համապատասխան առաջարկություն ներկայացնելու միջոցով։ | |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ | |
5117 reads | 03.08.2013
| |