ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՏԵՔՍՏԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական Դատարանի անդամ









Միջազգային պայմանագրի տեքստի նախապատրաստման փուլը միջազգային պայմանագրերի կնքման առաջին փուլն է։

Միջազգային պայմանագիր կնքելու գործընթացի այս փուլում պետությունները միմյանց են ներկայացնում իրենց մտադրությունները պայմանագրի առարկայի շուրջ, քննարկում փոխադարձ առաջարկությունները, համաձայնեցնում կողմերի դիրքորոշումը ամբողջությամբ վերցրած պայմանագրի կամ դրա մասերի վերաբերյալ, կատարում են զիջումներ և փոխզիջումներ։ Ըստ էության, միջազգային պայմանագրի տեքստի նախապատրաստման փուլը պետությունների կամքի դրսևորման և դրա համաձայնեցման փուլն է։

Միջպետական հարաբերությունների պրակտիկայում միջազգային պայմանագրի տեքստի նախապատրաստման համար կիրառվում է երեք հիմնական միջոց՝ բանակցություններ, միջազգային խորհրդաժողովներ և միջազգային կազմակերպություններ։

Բանակցությունների միջոցով միջազգային պայմանագրի տեքստի նախապատրաստման համար պետությունները հիմնականում օգտագործում են սովորական դիվանագիտական ուղիները։ Նրանք իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների և արտաքին գործերի նախարարությունների միջոցով, նոտաների և հուշագրերի փոխանակման ճանապարհով, ինչպես նաև պաշտոնատար անձանց շփումների օգնությամբ մտքեր են փոխանակում և ձեռք բերում նախնական պայմանավորվածություններ։ Միջազգային պայմանագրին առնչվող զրույցները և գրագրությունները կողմերի միջև սովորաբար իրականացվում են ապագա պայմանագրի վերաբերյալ առաջարկություններ կամ նախագծեր փոխանակելու։ Կողմերը, ուսումնասիրելով միմյանց կարծիքը և առաջարկությունները, դրանց ընդունելի կամ ոչ ընդունելի լինելու մասին միմյանց տեղյակ են պահում դիվանագիտական ուղիներով։ Բանակցող կողմերի գլխավոր խնդիրն է զիջումների և փոխհամաձայնությունների միջոցով մշակել պայմանագրի այնպիսի նախագիծ, որը, որպես պետությունների համաձայնեցված կամքի արդյունք, բոլոր կողմերի համար հավասարապես ընդունելի լինի։

Դիվանագիտական բանակցությունների միջոցով սովորաբար նախապատրաստվում են երկկողմ պայմանագրերի նախագծերը։ Բանակցությունները հաճախ տարվում են հատուկ լիազորված անձանց և մարմինների միջոցով։

Միջպետական հարաբերությունների պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ առանձնահատուկ կարևորության միջազգային պայմանագիր կնքելուց առաջ կողմ հանդիսացող պետությունների ղեկավարներն ապագա պայմանագրի սկզբունքային դրույթների վերաբերյալ գալիս են նախնական համաձայնության, որը կարող է հրապարակվել հայտարարության, կոմյունիկեի կամ մեկ այլ ձևով։

Միջազգային պայմանագրի տեքստի նախապատրաստման հաջորդ կարևոր միջոցը միջազգային խորհրդաժողովն է։ Միջազգային խորհրդաժողովը միջազգային պայմանագրի տեքստ մշակելու համար երկուսից ավելի պետությունների պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ գումարվող ժամանակավոր գործող մարմին է։

Այն, որպես կանոն, ունենում է մասնակիցների կողմից համաձայնեցված հստակ նպատակ, որոշակի կազմակերպական կառուցվածք և մարմինների իրավասություն։ Միջազգային խորհրդաժողովներում յուրաքանչյուր պետության պաշտոնական ներկայացուցիչն ունի մեկ ձայնի իրավունք։ Խորհրդաժողովի աշխատանքին կարող են մասնակցել նաև երրորդ պետության դիտորդները, միջազգային կազմակերպության և ազգային ազատագրական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք, սակայն, ձայնի իրավունք չունեն։

Խորհրդաժողովի աշխատանքներն ընթանում են խորհրդաժողովի մշակած և ընդունած ընթացակարգով որի կանոնները կարևոր նշանակություն ունեն խորհրդաժողովի աշխատանքների հաջող կազմակերպման և բոլոր մասնակիցների համար պայմանագրի ընդունելի տեքստի մշակման առումով։ Դա է պատճառը, որ խորհրդաժողովի ընթացակարգի կանոնների վերաբերյալ հարցերը հաճախ դառնում են քաղաքական լուրջ բանավեճի առարկա։ Մասնավորապես, ընթացակարգի կանոններով է սահմանվում, թե ձայների ինչպիսի մեծամասնությամբ պետք է ընդունվի պայմանագրի տեքստը՝ երկու երրորդո՞վ, թե՞ համաձայնության ¥կոնսենսուս¤ հիման վրա։

Ցանկացած միջազգային խորհրդաժողովի նպատակն ու գործունեությունը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։ Մասնավորապես, խորհրդաժողովի ընթացակարգը և աշխատանքի կազմակերպումը պետք է նպաստեն, որպեսզի ապահովվի կողմերի իրավահավասարությունը խորհրդաժողովի բոլոր փուլերում, հաշվի առնվեն բոլոր կողմերի օրինական շահերը, կողմերի դիրքորոշումների մերձեցման և նրանց կամքի համաձայնեցման գործընթացն իրականացվի բացառապես կամավորության սկզբունքով։

Միջազգային խորհրդաժողովներում սովորաբար նախապատրաստվում են համընդգրկուն բնույթի բազմակողմ պայմանագրեր։

Մեծ տարածում ունի միջազգային պայմանագրերի տեքստերը միջազգային կազմակերպությունների շրջանակում և նրանց հովանու ներքո նախապատրաստելու պրակտիկան։ Այս առումով հատկապես առանձնանում է Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի դերը։ Ինչպես նշվում է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, Կազմակերպությունն իր առջև խնդիր է դրել միջազգային կարևորագույն հարցեր լուծելիս ՙլինել ազգերի գործողության համաձայնեցման կենտրոն՚։ ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև միջազգային մյուս կազմակերպությունների շրջանակներում սովորաբար նախապատրաստվում են առանձնակի կարևորության և որոշակի բարդության բազմակողմ պայմանագրերի տեքստերը։

Միջազգային կազմակերպությունների ճնշող մեծամասնությունում, որպես կանոն, գործում է պայմանագրերի տեքստերի նախապատրաստման և ընդունման կայուն ընթացակարգ։ Նման ընթացակարգ գոյություն չունի ՄԱԿ-ում, որովհետև, ի տարբերություն մյուս, հատկապես միջազգային մասնագիտացված կազմակերպությունների, Միավորված ազգերի կազմակերպության իրավասության մեջ մտնում են ոչ թե կոնկրետ, այլ բազմաթիվ և բազմաբնույթ հարցեր։
ՄԱԿ-ի շրջանակներում նախապատրաստվել և ընդունվել են ամենատարբեր կարգի կոդիֆիկացիոն բնույթի կոնվենցիաներ ու պայմանագրեր։ Դրանցից կարելի է հիշատակել զինաթափման, մարդու իրավունքների պաշտպանության, ծովային և տիեզերական տարածություններում պետությունների գործունեության կարգավորման և բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթեր։

ՄԱԿ-ը ակտիվ մասնակցում է իր հովանու ներքո կնքվող միջազգային պայմանագրերի ինչպես տեքստի նախապատրաստմանը, այնպես էլ ընդունմանը։ Որպես կանոն, բազմակողմ միջազգային կոնվենցիաները և պայմանագրերը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ներկայացվում են ստորագրության՝ դրանց նախագծերը Կազմակերպության Գլխավոր կոմիտեների և մյուս մարմինների կողմից մանրամասն քննարկելուց հետո։ Պայմանագրերի տեքստերի վերջնական համաձայնեցումը տեղի է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Երբ Գլխավոր ասամբլեան պայմանագրի կնքումը համարում է նպատակահարմար, ապա պայմանագրի տեքստն ընդունելու նպատակով հրավիրում է պետությունների հատուկ խորհրդաժողով։ Այս կերպ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1961թ. հրավիրեց խորհրդաժողով, որտեղ քննարկվեցին Միջազգային իրավունքի հանձնաժողովի կողմից ներկայացված Դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ միջազգային կոնվենցիայի նախագծի հոդվածները։ Իսկ 1968-1969թթ. նույն կերպ քննարկվեցին Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիայի նախագծի հոդվածները։

Միջազգային կոնվենցիաների ու պայմանագրերի տեքստերի նախապատրաստման և ընդունման գործում առանձնահատուկ կարևոր դեր ունեն ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատությունները։ Առավել մեծ թվով կոնվենցիաներ են նախապատրաստվել և ընդունվել Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից։ Դրանցից կարելի է հիշատակել աշխատանքի ոլորտում խտրականության արգելման, աշխատանքի և հանգստի տևողության, անչափահասների աշխատանքի պաշտպանության մասին և բազմաթիվ այլ կոնվենցիաներ, որոնք, նախատեսելով նոր մոտեցումներ, պահանջներ և միջազգային ստանդարտներ, էական նշանակություն են ունեցել պետությունների ազգային օրենսդրության ձևավորման և զարգացման համար։
Զգալի թվով միջազգային կոնվենցիաների տեքստեր են նախապատրաստվել և ընդունվել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մյուս միջազգային կազմակերպությունների շրջանակներում և նրանց հովանու ներքո։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ
1383 reads | 27.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com