ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական Դատարանի անդամ










Միջազգային պայմանագիրը կնքվում է պետության ներկայացուցչի կողմից։ Որպես պետության ներկայացուցիչ կարող են հանդես գալ ինչպես պետության ղեկավարը, կառավարության ղեկավարը և այն պաշտոնատար անձինք, ովքեր իրավունք ունեն միջազգային պայմանագիր կնքել իրենց պարտականությունների ուժով (ex officio), այնպես էլ նրանք, ովքեր, տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան իրավասու անձանցից ստացել են միջազգային պայմանագիր կնքելու հատուկ լիազորություն։

Ըստ Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 7-րդ հոդվածի, 2-րդ կետի, պետության ղեկավարները, կառավարության ղեկավարները և արտաքին գործերի նախարարներն իրենց գործառույթների ուժով համարվում են իրենց պետությունը ներկայացնող, և, դրանով պայմանավորված, պայմանագրին վերաբերող ամեն տեսակի գործողություններ կարող են կատարել՝ առանց լիազորությունների մասին որևէ ապացույց ներկայացնելու։

Իրենց պարտականությունների ուժով և առանց լիազորություններ ներկայացնելու անհրաժեշտության իրենց պետությունը ներկայացնողներ են համարվում նաև դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները՝ հավատարմագրող երկրի և այն երկրի միջև պայմանագրի տեքստն ընդունելու նպատակով« որտեղ նրանք հավատարմագրված են։

Նշված կարգավիճակից օգտվում են նաև այն անձինք, ովքեր իրենց պետությունների կողմից հավատարմագրված ներկայացուցիչներ են միջազգային խորհրդաժողովներում կամ միջազգային կազմակերպություններում կամ դրանց մարմիններից մեկում, երբ այդտեղ ընդունվում է պայմանագրի տեքստ։
Միաժամանակ, Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, պայմանագրի տեքստն ընդունելու կամ բնագիր լինելը հաստատելու, կամ պայմանագրով պետության համաձայնությունը հայտնելու ժամանակ անձը համարվում է պետությունը ներկայացնող, եթե նա ներկայացնում է համապատասխան լիազորություններ, կամ համապատասխան պետությունների փորձից կամ այլ հանգամանքներից հետևում է, որ նրանք մտադիր են եղել տվյալ անձին դիտել որպես այդ նպատակների համար պետությունը ներկայացնող և չպահանջել նրանից այդ լիազորությունները։

Պետությունների և միջազգային կազմակերպությունների միջև կամ միջազգային կազմակերպությունների միջև միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1986թ. կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն, միջազգային կազմակերպությունը կարող է ներկայացվել կամ համապատասխան լիազորությամբ օժտված անձի միջոցով, կամ այն անձի միջոցով, որը կազմակերպության կանոնների համաձայն նրան կարող է ներկայացնել առանց լիազորագրի։ Միջազգային կազմակերպությանը կամ դրա մարմնին կից պետության ներկայացուցիչը կարող է առանց լիազորագրի այդ կազմակերպությունում կամ մարմնում ընդունել պայմանագրի տեքստ։

Նշված միջազգային իրավական դրույթներին համապատասխան, պետությունների ազգային օրենսդրությունը նախատեսում է այն մարմինների և բարձրագույն պաշտոնատար անձանց լիազորությունները, ովքեր իրենց պարտականությունների ուժով և առանց լիազորություններ ներկայացնելու կարող են իրենց պետությունը ներկայացնել և համապատասխան միջազգային պայմանագիր կնքել։

«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, առանց հատուկ լիազորությունների, իրավունք ունեն բանակցություններ վարելու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի շուրջ և ստորագրելու այն։ Օրենքը նախատեսում է, որ ՀՀ գերատեսչությունների ղեկավարները նույնպես իրավունք ունեն առանց հատուկ լիազորությունների բանակցություններ վարելու միջգերատեսչական պայմանագրի շուրջ և ստորագրելու այն՝ տվյալ գերատեսչության լիազորության շրջանակում։

Միջազգային պայմանագրեր կարող են կնքել ոչ միայն ի պաշտոնե իրավասու անձինք, այլև պետությունների այն ներկայացուցիչները, ովքեր տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան իրավասու պաշտոնատար անձանցից ստացել են միջազգային պայմանագիր կնքելու հատուկ լիազորություն։ Միջազգային պայմանագիր կնքելու հատուկ լիազորությունը հաստատող փաստաթուղթը տրվում է լիազորագրի ձևով, որտեղ սովորաբար նշվում են լիազորվող անձի պաշտոնը, անուն ազգանունը, պետության այն մարմնի անվանումը, որի անունից նա պետք է հանդես գա, այն երկրի անվանումը, որի կամ նրա մարմնի հետ պայմանագիր պետք է կնքվի, ինչպես նաև պայմանագրի առարկայի բնույթը և անվանումը։ Լիազորագիրն ստորագրվում է այն տվող անձի կամ մարմնի ղեկավարի կողմից և կնքվում է։

Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն, լիազորված անձը կարող է պետությունը ներկայացնել երեք տարբեր կարգավիճակներով, այն է՝ պայմանագրի տեքստն ընդունելու նպատակով, նրա բնագիր լինելը հաստատելու նպատակով և կամ պայմանագրով նախատեսված պարտավորությունների նկատմամբ պետության համաձայնությունը հայտնելու նպատակով։

«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, անձին կարելի է հատուկ լիազորել երկու՝ կամ պայմանագրեր կնքելու համար բանակցություններ վարելու, կամ պայմանագրեր ստորագրելու նպատակով։ Այսինքն՝ պետության ներկայացուցիչը կարող է լիազորվել ինչպես՝ միայն պայմանագիր կնքելու համար բանակցություններ վարելու նպատակով, այնպես էլ միայն պայմանագիր ստորագրելու նպատակով։ Լիազորագիրը կարող է տրվել նաև այդ երկու գործառույթները միասին կատարելու համար։ Լիազորագրում նշվող պայմանագրի առարկան և անվանումը պետք է խստիվ համապատասխանեն նախապատրաստվող կամ ստորագրվող պայմանագրի առարկային և անվանմանը։

Երկկողմ պայմանագրի կնքման դեպքում կողմերը նախապես փոխանակում են իրենց լիազորագրերը, իսկ բազմակողմ պայմանագրի դեպքում դրանք հանձնում են այն միջազգային կազմակերպության կամ միջազգային խորհրդաժողովի քարտուղարությանը, որի շրջանակում կնքվում է պայմանագիրը։ Կարող է նաև ստեղծվել լիազորություններն ստուգող հատուկ մարմին։

Հայաստանի Հանրապետության պրակտիկայում ընդունված է, որ ներպետական համապատասխան մարմինները լիազորագիրը կազմում են հայերեն, սակայն ներկայացուցչին տրվում է դրա ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն կամ մեկ այլ լեզվով կազմված և վավերացված տեքստը։

Ցանկացած պետության լիազորված ներկայացուցիչը միջազգային պայմանագիր կնքելիս՝ իրավունք չունի դուրս գալու իր լիազորությունների շրջանակից։ Եթե պայմանագիր կնքելուն վերաբերող գործողությունն, իրագործել է պատշաճ լիազորություն չունեցող անձը ապա նա չի կարող համարվել պետության՝ այդ նպատակով լիազորված ներկայացուցիչ, և նշված գործողությունը չունի իրավաբանական նշանակություն, եթե այն հետագայում չի հաստատվում տվյալ պետության իրավասու մարմնի կողմից։

Շատ հաճախ միջազգային պայմանագիր կնքելու համար լիազորված ներկայացուցիչներին տրվում են նաև պայմանագիրը կնքող պետության դիրքորոշումը որոշարկող հրահանգներ, որոնք զուտ ներքին գործածության փաստաթուղթ են և հրապարակման ենթակա չեն։ Նման հրահանգների խախտումով կնքված պայմանագիրը չի կարող համարվել ոչ իրավազոր։ Այս մասին ուղղակի նշված է Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 47-րդ հոդվածում, համաձայն որի, եթե պետության՝ որոշակի պայմանագրով պարտավորված լինելու վերաբերյալ համաձայնություն արտահայտելու՝ ներկայացուցչի լիազորությունները պայմանավորված են հատուկ սահմանափակումներով, ապա ներկայացուցչի կողմից նման սահմանափակումները չպահպանելը չի կարելի պատճառ համարել՝ նրա հայտնած համաձայնությունն անօրինակ ճանաչելու համար, եթե այդ սահմանափակումների շուրջ բանակցող մյուս պետությունները տեղյակ են պահվել մինչև ներկայացուցչի կողմից նման համաձայնություն հայտնելը։

Միաժամանակ, պետությունն իրավունք չունի, վկայակոչելով լիազորված ներկայացուցչի գործողության հետ կապված որևէ հանգամանք, պատճառաբանել, թե պայմանագրի՝ իրեն վերաբերող պարտավորության նկատմամբ իր համաձայնությունն արտահայտվել է իր ներքին իրավունքի այս կամ այն դրույթի խախտումով։ Նման պատճառաբանությունը կարող է հարգելի համարվել, եթե այդ խախտումն ակնհայտ է և վերաբերում է պետության ներքին իրավունքի առավել կարևոր նշանակության նորմերին։ Ընդ որում, խախտումը համարվում է ակնհայտ, եթե այն առարկայորեն բացահայտ է այդ հարցում առօրյա փորձին համապատասխան գործող և հարցին բարեխղճորեն վերաբերվող ցանկացած պետության համար։

Հարկ է նկատել, որ, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, միջազգային պայմանագրերը նախաստորագրելու կարգը ճիշտ այնպիսին է ինչպես ստորագրելու կարգը։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ
1763 reads | 21.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com