ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական Դատարանի անդամ









Պետության՝ միջազգային պայմանագրեր կնքելու իրավունակության հիմքում ընկած է նրա ինքնիշխանությունը, իսկ միջազգային միջկառավարական կազմակերպությունների՝ միջազգային պայմանագրեր կնքելու իրավունակությունը պայմանավորված է կազմակերպության կանոնադրությամբ նրան տրված իրավունքների և գործառույթների բնույթով ու ծավալով։ Միջազգային իրավունքը նախատեսում է, որ իր մյուս սուբյեկտները՝ իրենց անկախության համար պայքարող ազգերն ու ժողովուրդները, ինչպես նաև պետականատիպ կազմավորումները (օրինակ, Վատիկանը) նույնպես ունեն միջազգային պայմանագրեր կնքելու իրավունք։

Պետությունների՝ միջազգային պայմանագրեր կնքելու իրավունքը նրանց էությունից բխող և գոյության փաստով պայմանավորված իրավունք է, որը հանդես է գալիս որպես յուրաքանչյուր պետության ինքնիշխանության դրսևորման բնական և անօտարելի հատկանիշ։

Այս իրավունքը« որը դարեր շարունակ ընթացքում դիտվել է որպես պետությունների արտաքին գործառույթների իրականացման կարևոր միջոց և կարգավորվել միջազգային սովորութային նորմերով, XX դարում դարձավ պայմանագրային նորմ և մանրամասն կանոնակարգվեց։

Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիան, իրավաբանորեն համապարտադիր ճանաչելով ամեն մի պետության պայմանագրեր կնքելու իրավունքը, սահմանեց միջազգային իրավական այն ընդհանուր նորմերը, սկզբունքները և պահանջները, որոնք պետությունները պարտավոր են պահպանել միջազգային պայմանագիր կնքելու և կատարելու հետ կապված հարաբերությունների ողջ ընթացքում։

Միաժամանակ, ելնելով պետությունների ինքնիշխանության հարգման սկզբունքից, յուրաքանչյուր պետություն ինքն է իր ազգային օրենսդրության հիման վրա սահմանում միջազգային պայմանագրեր կնքելու հետ կապված ներպետական ընթացակարգը։

Սրան է առնչվում, մասնավորապես, 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ, արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ« մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը։

Պետությունների միջև ցանկացած, այդ թվում՝ պայմանագրային հարաբերությունների հաստատումը, նրանց ազատ կամքի իրացման արդյունքն է։ Ինչպես գրում է Ա.Ֆ.Գեֆտերը իր «Եվրոպական միջազգային իրավունք» դասագրքում. «Կամքի համաձայնությունը և այն ոչնչացնող պարագայի բացակայությունը իրենցից ներկայացնում են ցանկացած միջազգային պայմանագրի համար անհրաժեշտ նախադրյալ»։

Կարելի է ասել, որ ներկա փոխկապված աշխարհում միջազգային պայմանագրերին պետությունների մասնակցության իրավունքը նոր որակ է ձեռք բերել։ Այժմ միջպետական հարաբերությունների ծավալն ու միջազգային հանրության առջև ծառացած խնդիրների բնույթն այնպիսին են, որ միջազգային խաղաղությունը և պետությունների անվտանգությունը հնարավոր է ապահովել, եթե միայն միջազգային համընդգրկուն պայմանագրերին միանան որքան հնարավոր է շատ պետություններ, իսկ ողջ աշխարհում միջազգային անվտանգությանը վերաբերող առանձին պայմանագրերին՝ բոլոր պետությունները։ Վերջիններիս թվին կարելի է դասել միջուկային, քիմիական և բակտերիալոգիական զենքերի արտադրությունը« փորձարկումը, տարածումն ու օգտագործումն արգելող պայմանագրերը և բազմաթիվ այլ պայմանագրեր։

Ցանկացած միջազգային պայմանագրին, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ, պետության մասնակցության հարցի հիմքում ընկած է այն հանգամանքը, թե որքանով է պետությունը շահագրգռված տվյալ պայմանագրին մասնակցելու հարցում, տվյալ պայմանագրի օբյեկտն ու նպատակը որքանով են համընկնում պետության օրինական շահերին և նրա ժողովրդի ազգային իղձերին։ Գործնական առումով կարևոր են նաև պայմանագրի բնույթը, նպատակը և դրան միանալու պայմանները։ Բայց այս հարցն ավելի շատ նպատակահարմարության քան իրավաբանական իրավունքի իրականացման խնդիր է։

Պետությունների՝ միջազգային պայմանագրերին միանալու իրավունքն ինքնուրույն իրավունք է և չի կարող կապվել պետության ճանաչման հարցի հետ։ Պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը չի կարող խոչընդոտել նրանց միջև ինչպես երկկողմ« այնպես էլ բազմակողմ պայմանագրային հարաբերություններ հաստատելուն։

Արդի փոխկապված աշխարհում միջպետական համընդգրկուն պայմանագրերին միանալու միջոցով միջազգային խաղաղության և անվտանգության ապահովմանն աջակցելը ոչ միայն պետությունների ինքնիշխանությամբ պայմանավորված և նրանց իրավահավասարության վրա կառուցված իրավունք է, այլև որոշ առումով վեր է ածվել բարոյական պարտավորության։ Կան բազմաթիվ պայմանագրեր և կոնվենցիաներ« որոնք արդյունավետ կլինեն, կարող են «աշխատել» միայն բավարար թվով մասնակիցների դեպքում, օրինակ, Մարդու իրավունքների մասին, 1966թ. Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին դաշնագրերը, Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961թ. կոնվենցիան և այլն։ Միաժամանակ, գոյություն ունեն բազմաթիվ պայմանագրեր, որոնց չմիանալն այսօր միջազգային հանրության կողմից ճիշտ չի ընկալվի, չի դիտվի որպես պետության ինքնիշխանության իրականացման բնականոն արդյունք, այլ հակառակը, կարող է հիմք հանդիսանալ այս կամ այն պետության նկատմամբ միջազգային անբարյացակամ վերաբերմունք ձևավորելու համար։ Օրինակ, դժվար է բացատրել այն պետության վարքագիծը, որը չի միանում Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին 1948թ. կոնվենցիային, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1965թ. կոնվենցիային և, ասենք, Օդանավերի անօրինական զավթումների դեմ պայքարի մասին 1970թ. կոնվենցիային և ուրիշների։
Համընդգրկուն պայմանագրերին միանալը, անկախ նրանից, դրանք ուղղված են միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմա՞նը, թե՞ միջազգային իրավունքի որևէ ինստիտուտի կոդիֆիկացմանը, միանշանակորեն յուրաքանչյուր պետության իրավաբանական իրավունքն է, որի իրականացումն այսօր խրախուսվում է և դիտվում որպես պետությունների կողմից բարի կամքի դրսևորում։

Հայաստանի Հանրապետությունը միացել է միջազգային համընդգրկուն գրեթե բոլոր պայմանագրերին՝ դրանով ընդգծելով իր պատրաստակամությունը համագործակցելու միջազգային կյանքի բոլոր բնագավառներում։

Միջազգային միջկառավարական կազմակերպությունների՝ միջազգային պայմանագրեր կնքելու իրավունքն իր բնույթով տարբերվում է պետությունների նույնանման իրավունքից։ Եթե պետության՝ միջազգային պայմանագիր կնքելու իրավունքը, որի հիմքում ընկած են նրա ինքնիշխանությունը և իրավահավասարությունը, որևէ սահմանափակում չունի, և նա կարող է ցանկացած հարցով պայմանագիր կնքել, ապա Պետությունների և միջազգային կազմակերպությունների միջև կամ միջազգային կազմակերպությունների միջև միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1986թ. կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն, «Միջազգային կազմակերպության՝ պայմանագիր կնքելու իրավունակությունը կարգավորվում է տվյալ կազմակերպության կանոններով»։ Կոնվենցիայի 2-րդ հոդվածում «կազմակերպության կանոններ» հասկացությունը մեկնաբանվում է որպես «կազմակերպության հիմնադիր ակտերը, դրանց համապատասխան ընդունված որոշումները և եզրակացությունները, ինչպես և այդ կազմակերպության պրակտիկան»։

Այսպիսով, միջազգային կազմակերպությունների՝ պայմանագիր կնքելու իրավունակությունն ածանցյալ է դրանք ստեղծող պետությունների կամքից և պայմանավորված է հիմնադիրների կողմից ընդունված կանոնադրությամբ, քանզի պետությունները, միջազգային կազմակերպություն հիմնադրելիս, նրա մարմինների լիազորությունների բնույթը և ծավալը որոշող պայմանագրում սահմանում են նաև այն հարցերի շրջանակը, որոնց շուրջ կազմակերպությունը կարող է կնքել միջազգային պայմանագիր։

Այսօր գործող միջազգային կազմակերպություններից առավել մեծ ծավալի պայմանագրային իրավասուբյեկտությամբ օժտված է Միավորված ազգերի կազմակերպությունը։ Նա, որպես միջազգային համընդգրկուն կազմակերպություն, իրավունք ունի պետությունների և այլ միջազգային կազմակերպությունների հետ բանակցություններ վարել և պայմանագրեր կնքել քաղաքական, ֆինանսատնտեսական« ռազմական և միջազգային կյանքին առնչվող այլ հարցերի վերաբերյալ։

Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 43-րդ հոդվածի, Կազմակերպության բոլոր անդամները պարտավոր են միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում իրենց ներդրումը բերելու համար հատուկ համաձայնագրի հիման վրա, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջով նրան տրամադրել զինված ուժեր և սպասարկման համապատասխան միջոցներ։ Նման համաձայնագրում կամ համաձայնագրերում նշվում են զինված ուժերի թվակազմը և տեսակը, նրանց պատրաստության աստիճանը և ընդհանուր տեղակայումը և օգնության ու տրամադրվող սպասարկման միջոցների բնույթը։ Նման համաձայնագրեր կնքվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ՝ նրա և Կազմակերպության անդամ պետությունների միջև կամ նրա և Կազմակերպության անդամ պետությունների խմբի միջև։ Համաձայնագիրը անդամ պետությունների սահմանադրությամբ նախատեսված կարգով պետք է վավերացվի։ ՄԱԿ-ի պայմանագրային հարաբերություններին են վերաբերում նաև նրա Կանոնադրության 57-րդ և 63-րդ հոդվածները, համաձայն որոնց՝ միջազգային մասնագիտացված կազմակերպությունները պետք է պայմանագրային հարաբերությունների մեջ մտնեն ՄԱԿ-ի մարմինների հետ։ Նման համաձայնագրերը ենթակա են հաստատման Գլխավոր ասամբլեայի կողմից։

ՄԱԿ-ի պայմանագրային հարաբերություններին է նվիրված նաև կանոնադրության XII գլուխը, որտեղ շարադրված են խնամակալության միջազգային համակարգի պայմանագրային իրավական կարգավորմանն առնչվող հարցերը։

ՄԱԿ-ի մասնակցությամբ միջազգային պայմանագրերից կարելի է հիշատակել ՄԱԿ-ի կենտրոնական մարմինների գտնվելու վայրի մասին 1947թ. հուլիսի 26-ին նրա և ԱՄՆ-ի միջև կնքված պայմանագիրը։

ՄԱԿ-ի մասնագիտացված կազմակերպությունների՝ Աշխատանքի համաշխարհային կազմակերպության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության, Համաշխարհային փոստային միության և մյուսների կանոնադրությունները նույնպես պարունակում են հոդվածներ նրանց պայմանագրային իրավասուբյեկտության մասին։ Այս կազմակերպությունները պայմանագրեր են կնքում ինչպես միմյանց և մյուս միջազգային կազմակերպությունների, այնպես էլ տարբեր պետությունների հետ։ Պայմանագրերը սովորաբար վերաբերում են կազմակերպությունների և գտնվելու վայր պետությունների միջև հաստատվող հարաբերություններին, կազմակերպությունների կողմից պետություններին ցուցաբերվող տեխնիկական օգնությանը, կազմակերպությունների կողմից պետությունների հետ կնքվող վարկային պայմանագրերին և այլն։

Հայաստանի Հանրապետությունը միջազգային կազմակերպությունների հետ կնքել է մոտ երկու տասնյակի հասնող պայմանագրեր։ Դրանք վերաբերում են ինչպես համագործակցության, այնպես էլ Հայաստանի տարածքում դրանց իրավական կարգավիճակին։ Որպես օրինակ կարելի է բերել «Հայաստանի Հանրապետության և Ճանապարհային երթևեկության միջազգային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչություն բացելու մասին» 1995թ. հուլիսի 31-ին ստորագրված համաձայնագիրը։

Միջազգային կազմակերպությունների պայմանագրային իրավասուբյեկտության բնույթը տարբերվում է պետությունների պայմանագրային իրավասուբյեկտությունից այն առումով, որ եթե պետություններն այս հարցում բացարձակապես իրավահավասար են, ապա ամեն մի միջազգային կազմակերպության իրավունակության հիմքում ընկած են միայն նրան բնորոշ իրավունքներ և պարտականություններ, այսինքն՝ տարբեր միջազգային կազմակերպություններ կարող են օգտվել տարբեր ծավալի իրավասուբյեկտությունից։

Միջազգային կազմակերպությունը, ինչպես պետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, պետք է հիմնվի և իր գործառույթներն իրականացնի բացառապես միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների (jus cogens) պահպանմամբ։ Այս մասին ուղղակի ասվում է Պետությունների և միջազգային կազմակերպությունների միջև կամ միջազգային կազմակերպությունների միջև միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1986թ. կոնվենցիայի 53-րդ հոդվածում, համաձայն որի, միջազգային կազմակերպությունների կողմից կնքվող պայմանագրիրը համարվում են առոչինչ, եթե կնքման պահին այն հակասում է ընդհանուր միջազգային իրավունքի համընդհանուր պարտադիր նորմին։

Միջազգային կազմակերպություններն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են պահպանել միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներից բխող ցանկացած պարտավորություն։ Ստանձնած պարտավորությունները բարեխիղճ չկատարելու դեպքում կարող է առաջանալ միջազգային կազմակերպության պատասխանատվության հարց։

Իրենց անկախության համար պայքարող ազգերի և ժողովուրդների պայմանագրային իրավասուբյեկտությունը պայմանավորված է ազգերի և ժողովուրդների ինքնորոշման իրավունքով։

Այս սկզբունքի գործնական իրականացումը ենթադրում է իր հայրենիքի պատմական տարածքի որոշարկված աշխարհագրական միջավայրում ձևավորված և հավաք կերպով բնակվող ազգաբնակչության՝ իր քաղաքական և տնտեսական կյանքի կազմակերպման ճանապարհն ինքնուրույն ընտրելու իրավունքը։ Ո՜չ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ո՜չ էլ ինքնորոշման իրավունքը ամրագրող ոչ մի միջազգային փաստաթղթում հնարավոր չէ գտնել որևէ դրույթ, որում ինքնորոշման իրավունքի իրականացումը կանխորոշված լինի ինչ-որ պայմաններով կամ նախադրյալներով, սահմանվի իրավունքների այն շրջանակը, որից դուրս գալու իրավունք ինքնորոշվող ազգը չպետք է ունենա։ Ավելին, 1970թ. Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում հստակ շարադրված է. «Յուրաքանչյուր պետություն պարտավոր է ձեռնպահ մնալ ցանկացած բռնի գործողությունից, որն ազգերին զրկում է ինքնորոշման, ազատության և անկախության իրավունքից։ Նման բռնի միջոցների դեմ իրենց գործողություններում և դիմադրության մեջ այդ ազգերն իրավունք ունեն հավակնելու և ստանալու ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին և նպատակներին համապատասխան աջակցություն»։

Հելսինկիի 1975թ. Եզրափակիչ փաստաթղթում ինքնորոշման իրավունքի սկզբունքը կրում է «Ժողովուրդների իրավահավասարությունը և իրենց բախտը տնօրինելու նրանց իրավունքը» անվանումը։ Այնտեղ նշվում է. «Ելնելով ժողովուրդների իրավահավասարության և իրենց բախտը տնօրինելու նրանց իրավունքի սկզբունքից՝ բոլոր ժողովուրդները միշտ իրավունք ունեն լիակատար ազատության պայմաններում, երբ և ինչպես ցանկանում են, որոշելու իրենց ներքին ու արտաքին քաղաքական կարգավիճակը՝ առանց արտաքին միջամտության, և սեփական հայեցողությամբ իրականացնելու իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը»։

Ազգերի և ժողովուրդների միջազգային պայմանագրային իրավունքը նրանց միջազգային իրավասուբյեկտության մի մասն է կազմում։
Յուրաքանչյուր ազգ կամ ժողովուրդ, որը գտնվում է գաղութային կախվածության մեջ և ինքնորոշման սկզբունքի հիման վրա պայքարում է իր անկախ պետականության ստեղծման կամ քաղաքական կարգավիճակի փոփոխման համար, կարող է պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել այլ սուբյեկտների հետ։ Նրա՝ այդ իրավունքի իրականացմանը չեն կարող խոչընդոտել ինչպես այն փաստը, որ դրա հետ համաձայն չէ այն պետությունը, որի իշխանության ներքո նա գտնվում է, այնպես էլ այն, որ նրա պայքարի օրինականության հետ համաձայն չեն մյուս պետությունները։

Իր անկախության կամ քաղաքական կարգավիճակի համար պայքարող ազգը և ժողովուրդը սովորաբար ստեղծում են այդ պայքարը ղեկավարող մարմին, որը կարող է ունենալ տարբեր անվանումներ՝ հեղափոխական կոմիտե, ազգային ազատագրական ճակատ, ժամանակավոր կառավարություն և այլն։ Այդ մարմինը« եթե վայելում է տվյալ ազգի կամ ժողովրդի մեծամասնության համակրանքը և պաշտպանությունը, կարող է այդ ազգի կամ ժողովրդի անունից պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել և ստանձնել ինչպես իրավունքներ, այնպես էլ պարտականություններ։

Ազգերը և ժողովուրդները պայմանագրային հարաբերություններ կարող են հաստատել ինչպես իրենց պայքարին անմիջապես առնչվող հարցերով, օրինակ, ռազմական գործողությունների դադարեցում, գերիների փոխանակում, անվտանգության գոտիների ստեղծում, այնպես էլ այլ հարցերով, օրինակ, այլ ինքնիշխան պետությունների հետ դիվանագիտական և հյուպատոսական իրավունքով կարգավորվող պաշտոնական հարաբերությունների հաստատում, նրանցում ներկայացուցչության ստեղծում և ներկայացուցիչների փոխանակում, պաշտոնական հարաբերությունների հաստատում միջազգային կազմակերպությունների հետ և ներկայացուցիչների փոխանակում։

Ազգերն ու ժողովուրդները, երբ ազատագրական պայքարի շնորհիվ ձեռք են բերում անկախություն և ստեղծում իրենց պետականությունը, այդ պահից դադարում են հանդես գալ որպես ազգ, ժողովուրդ կարգավիճակով միջազգային իրավունքի սուբյեկտ և միջազգային հարաբերություններում արդեն ներկայանում են որպես պետություն։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ
2289 reads | 15.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com