ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական Դատարանի անդամ









Գրականության մեջ միջազգային պայմանագրի կառուցվածքի վերաբերյալ կա կարծիք, որ միջազգային պայմանագիրը փոխկապակցված նորմերի միասնական համակարգ է, ուստի այն պետք է դիտվի որպես ամբողջություն, որում բոլոր դրույթները կողմերի համար պարտադիր են։ 

Պայմանագրերի ճնշող մեծամասնությունն ունի հետևյալ տիպային կառուցվածքը՝ պայմանագրի անվանում, նախաբան (պրեամբուլա), հիմնական մաս և եզրափակիչ մաս։ 

Միջազգային պայմանագրի նախաբանում սովորաբար նշվում են դրա մասնակիցները, մատնացույց են արվում կնքման շարժառիթը, նպատակն ու խնդիրները։ Նախաբանի դերը հատկապես կարևորվում է միջազգային պայմանագրի մեկնաբանության ժամանակ։ 

Պայմանագրի հիմնական մասում, հոդված առ հոդված, իսկ երբեմն նաև առանձին գլուխներով ու մասերով, շարադրվում են մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, նշվում է պայմանագրի կատարումն ապահովելու հետ կապված միջոցառումների բնույթը և այլն։
Միջազգային պայմանագրի եզրափակիչ մասում նշվում է դրա ուժի մեջ մտնելու կարգը։ 

Այստեղ, մասնավորապես, նշվում է, թե պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահի՞ց, ազգային օրենսդրությամբ նախատեսված կարգով վավերացվելուց հետո՞, թե՞ մեկ այլ կարգով։ Բազմակողմ պայմանագրերում նշվում են նաև վավերագրերն ավանդապահին հանձնելու կարգն ու ժամկետները։ Եզրափակիչ մասում նշվում են նաև պայմանագրին միանալու կարգը, գործողության ժամկետը, դրա երկարաձգման և պայմանագրի չեղյալ հայտարարման կարգը, այն կնքելու վայրն ու տարեթիվը։ Այստեղ պարտադիր նշվում է, թե պայմանագիրը քանի օրինակից է կազմված և որ լեզուներով, նախատեսվում է, թե նրա մեկնաբանության կամ կողմերի միջև վեճի դեպքում որ լեզուն է ընդունվում որպես հիմք և այլն։ Օրինակ, Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրում նշվում է. «Կատարված է և ստորագրված Նիկոսիայում՝ 1995թ. հունվարի 18-ին, երեք բնօրինակով՝ հայերեն, հունարեն, անգլերեն, ընդ որում՝ երեքն էլ հավասարազոր են։ Մեկնաբանման անհամաձայնության դեպքում որպես հիմք կընդունվի անգլերեն բնօրինակը»։

Միջազգային պայմանագրերը կարող են ունենալ նաև հավելվածներ։ Դրանք, սովորաբար, լինում են սահմանագիծը նկարագրող քարտեզների, արձանագրությունների, կանոնների, ապրանքների ցանկերի, կանոնակարգերի և այլ տեսքով։ Հավելվածները միջազգային պայմանագրի բաղկացուցիչ մասն են համարվում միայն այն դեպքում, երբ այդ մասին ուղղակի նշվում է պայմանագրում կամ հավելվածում։ Այսպես, Հայաստանի և Բելառուսի Հանրապետությունների կառավարությունների միջև օդային հաղորդակցության մասին 1995թ. դեկտեմբերի 16-ի համաձայնագրի հավելվածում տրվում են այն երթուղիները, որոնք կշահագործվեն երկու ուղղություններով՝ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության նշանակած ավիաընկերության (ների) կողմից։ Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետում նշվում է. «Սույն Համաձայնագրի հավելվածը կազմում է նրա անբաժանելի մասը»։

Թեև արդեն նշվեց, որ պայմանագրերի ճնշող մեծամասնության կառուցվածքներն ունեն որոշակի ընդհանրություններ, որոնք հավասարապես վերաբերում են անվանմանը, նախաբանին, հիմնական և եզրափակիչ մասերին, այդուհանդերձ, պայմանագրի տեքստը նախապատրաստելիս՝ կողմերը որևէ կերպ կաշկանդված չեն այս հանգամանքով և բացարձակապես ազատ են իրենց հայեցողությամբ որոշելու պայմանագրի կառուցվածքի ձևը։ 

Այդ դրույթն ուղղակի նշված է Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 2-րդ հոդվածում, որտեղ տրված սահմանումից բխում է, որ պայմանագրի կառուցվածքային առանձնահատկությունն իրավաբանական ուժի տեսակետից որևէ նշանակություն ունենալ չի կարող:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ
1731 reads | 21.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com