ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական Դատարանի անդամ









Պետությունների միջև գրավոր տեսքով կնքվող համաձայնությունները կրում են տարբեր անվանումներ։ Միջազգային իրավունքի գիտության մեջ միջազգային պայմանագրերի անվանման վերաբերյալ չկա համընդհանուր ճանաչում ստացած գիտական որևէ մոտեցում։ Միջազգային հարաբերությունների պրակտիկայում պետությունները պայմանագրեր կնքելիս ելնում են Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիայում ամրագրված այն դրույթից, որ պայմանագրի անվանումն իրավաբանական նշանակություն չունի և, անկախ անվանումից, դրանով ստանձնված պարտավորությունները պետք է կատարվեն բարեխղճորեն։

«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում փորձ է արված հիշատակելու միջազգային պայմանագրերի հնարավոր անվանումները։ Որպես այդպիսի անվանում նշվում են՝ պայմանագիրը, համաձայնագիրը, կոնվենցիան, հուշագիրը, արձանագրությունը, նոտաների փոխանակումը։ Օրենքը միաժամանակ նախատեսում է, որ միջազգային պայմանագիրը կարող է ունենալ միջազգային պրակտիկայում ընդունված այլ անվանում։

Այսօր միջազգային հարաբերություններում կնքվող պայմանագրերը սովորաբար անվանվում են հետևյալ կերպ՝ պայմանագիր, համաձայնագիր, կոնվենցիա, շրջանակային կոնվենցիա, դաշնագիր, հռչակագիր (դեկլարացիա), տրակտատ, կանոնադրություն« ստատուտ, խարտիա, արձանագրություն, կոմյունիկե, նոտաների փոխանակում, կոնկորդատ և այլն։

Միջազգային պայմանագրային հարաբերությունների փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ պայմանագրերի անվանման ընտրության հարցում պետությունները չունեն կայուն կերպով արմատավորված որևէ պրակտիկա այն մասին, թե այս կամ այն բնույթի հարաբերությունները կարգավորող միջազգային գրավոր համաձայնությունն ինչպիսի անվանում պետք է ունենա։ Շատ հաճախ պետությունների միջև միևնույն բնույթի հարաբերություններ կարգավորող փաստաթուղթը կարող է ունենալ տարբեր անվանումներ։ Մի դեպքում այն կարող է կոչվել կոնվենցիա, մեկ այլ դեպքում՝ պայմանագիր կամ համաձայնագիր։ Այդուհանդերձ, կարելի է ասել, որ միջազգային պրակտիկայում ձևավորվել է թեկուզ ոչ կայուն, սակայն ավանդույթ, որի ուժով կոնվենցիա մեծամասամբ անվանվում է պետությունների միջև հատուկ ոլորտի հարաբերություններ կարգավորող գրավոր համաձայնությունը։ Օրինակ, Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիան, Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին 1968թ. նոյեմբերի 26-ի կոնվենցիան, Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961թ. ապրիլի 18-ի կոնվենցիան և այլն։

Պայմանագիր են անվանվում առավել մեծ կիրառում ունեցող երկկողմ և բազմակողմ միջազգային փաստաթղթերը, որոնք սահմանում են ռազմական, քաղաքական, տնտեսական և ընդհանուր բնույթի այլ պարտավորություններ։

Կանոնադրություն կամ ստատուտ են կոչվում միջազգային կազմակերպությունների ստեղծման հիմքում ընկած կոլեկտիվ համաձայնությունները. օրինակ, ՄԱԿ-ի կանոնադրությունը, ՄԱԿ-ի Միջազգային դատարանի ստատուտը և այլն։

Տրակտատ է անվանվում, սովորաբար, այն բազմակողմ միջազգային փաստաթուղթը, որը կարգավորում է մասնակիցների քաղաքական հարաբերությունների առանձին ոլորտներ. օրինակ, Բեռլինի 1878թ. տրակտատը։

Հռչակագրում, որպես կանոն, շարադրվում են կողմերի սկզբունքային մոտեցումները միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի այս կամ այն հարցի վերաբերյալ։ Հռչակագիրը պարտադիր իրավաբանական ուժ չունի, սակայն կողմերը ձգտում են դրա դրույթները կատարել ամենայն բարեխղճությամբ. օրինակ, 1948թ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։

Կոնկորդատ է անվանվում Հռոմի պապի և որևէ պետության միջև կնքվող համաձայնությունը։ Որպես օրինակ կարելի է բերել Վատիկանի և Իտալիայի միջև 1929թ. փետրվարի 11-ին կնքված պայմանագրերը, որոնցով, այլ հարցերի հետ մեկտեղ, մասնավորապես, սահմանվեցին նաև կաթոլիկ եկեղեցու իրավունքներն ու պարտականություններն Իտալիայում։

Միջազգային հարաբերությունների պրակտիկայում կարող է հանդիպել նաև ցանկացած այլ անվանում ունեցող համաձայնություն։ Օրինակ, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1998-1999թթ. կնքված մի շարք վարկային ու դրամաշնորհային համաձայնագրերը կոչվում են Նամակ համաձայնագիր։ Իսկ Հայաստանի Հանրապետության, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և UNDCP-ի միջև թմրամիջոցների հսկողության և փողի լվացման դեմ գործունեության մեջ համագործակցելու մասին 1999թ. հունիսի 10-ին Թբիլիսիում ստորագրված փաստաթուղթը կոչվում է փոխըմբռնման հուշագիր։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ
1243 reads | 01.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com