ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական Դատարանի անդամ









Չնայած միջազգային իրավունքում միջազգային պայմանագրերի դասակարգման վերաբերյալ չկա համընդհանուր ճանաչման արժանացած մոտեցում, այդուհանդերձ, գրականության մեջ դրանք, որպես կանոն, դասակարգվում են ըստ մասնակիցների շրջանակի, ըստ պայմանագրին միանալու առանձնահատկության և ըստ կարգավորման առարկայի։

Ըստ մասնակիցների շրջանակի կամ, ավելի ճիշտ, ըստ մասնակիցների թվի միջազգային պայմանագրերը դասակարգվում են երկկողմի և բազմակողմի։
Երկկողմն այն պայմանագրերն են, որոնք ունեն պայմանագրի երկու կողմ։ Ընդ որում, երկկողմ ասելով՝ չի նշանակում, թե պայմանագրին պետք է մասնակցի միջազգային իրավունքի ընդամենը երկու սուբյեկտ։ Երկկողմ պայմանագրի անդամ կարող են հանդիսանալ երկուսից ավելի սուբյեկտներ, սակայն դրանք պետք է հանդես գան ոչ թե առանձին- առանձին, այլ երկու կողմի խմբավորված։ Նման պայմանագրի մի կողմում կարող է լինել միջազգային իրավունքի մեկ սուբյեկտ, իսկ մյուսում կարող են հանդես գալ երկու և ավելի սուբյեկտներ կամ ամեն կողմում կարող են հանդես գալ երկու և ավելի սուբյեկտներ։
Այս հանգամանքն իր ամրագրումն է ստացել «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում, որտեղ նշվում է. «Երկկողմ միջազգային պայմանագրում (ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ մյուս կողմի հետ) որպես տվյալ պայմանագրի մեկ միասնական (հավաքական) կողմ կարող են հանդես գալ միջազգային իրավունքի մեկից ավելի սուբյեկտներ»։

Որպես երկկողմ պայմանագրի օրինակ, որտեղ որպես մեկ հավաքական կողմ հանդես են գալիս միջազգային իրավունքի մի քանի սուբյեկտներ, կարելի է հիշատակել 1996թ. դեկտեմբերի 10-ին Բրյուսելում ստորագրված, մի կողմից, Հայաստանի Հանրապետության և, մյուս կողմից, Եվրոպական համայնքի, Ածխի ու պողպատի եվրոպական համայնքի և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի միջև առևտրի ու առևտրային հարցերի վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը։

Բազմակողմ են այն պայմանագրերը, որոնցում որպես կողմ հանդես են գալիս միջազգային իրավունքի երկուսից ավելի սուբյեկտներ։ Պրակտիկայում բազմակողմ պայմանագրերը լինում են երկու տիպի։ Առաջին՝ ընդհանուր կամ համընդգրկուն բնույթի, որին կարող է մասնակցել աշխարհի ցանկացած պետություն ցանկացած պահի. օրինակ, Հակահետևակային ականների օգտագործման, կուտակման, արտադրության և փոխանցման արգելման և դրանց ոչնչացման մասին 1997թ. սեպտեմբերի 13-ի կոնվենցիան, որը, 2000թ. հոկտեմբերի դրությամբ, ստորագրել է 140 պետություն։ Երկրորդ՝ մասնակիցների սահմանափակ քանակով բազմակողմ պայմանագիր, որը, ելնելով նաև պայմանագրի առարկայից, խնդիրներից ու նպատակներից, օբյեկտիվորեն չի կարող համընդգրկուն լինել. օրինակ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950թ. նոյեմբերի 4-ի եվրոպական կոնվենցիան, նախկին ԽՍՀՄ-ի մեջ մտնող հանրապետությունների կողմից ստեղծված Անկախ պետությունների համագործակցության կանոնադրությունը, որն ընդունվել է 1993թ. հունվարի 22-ին, և այլն։

Համընդգրկուն պայմանագրերին բնորոշ է այն, որ դրանք վերաբերում են միջազգային իրավունքի կոդիֆիկացման և առաջադիմական զարգացմանը, կամ որոնց օբյեկտը և նպատակները միջազգային ողջ հանրության համար ներկայացնում են էական հետաքրքրություն։ Նման պայմանագրերը բաց են համընդհանուր մասնակցության համար։

Միջազգային պայմանագրերը լինում են նաև բաց և փակ։ Բաց են այն պայմանագրերը, որոնց մասնակցելու համար մյուս անդամների համաձայնությունն անհրաժեշտ չէ։ Փակ են այն պայմանագրերը, որոնց մասնակցելու համար նախատեսվում է որոշակի պայման. օրինակ, նոր անդամը պետք է բարեփոխի իր ազգային օրենսդրությունը, կատարի որոշակի պայմաններ կամ անդամակցության համար անհրաժեշտ է մասնակից պետությունների համաձայնությունը և այլն։

Միջազգային պայմանագրերի կարգավորման առարկան շատ բազմազան է։

Ըստ կարգավորման առարկայի՝ միջազգային պայմանագրերը դասակարգվում են քաղաքական, անվտանգության, տնտեսական, գիտության, մշակույթի և իրավական հարցերով պայմանագրերի։

Նման դասակարգումը որոշակի առումով կրում է ընդհանրացված բնույթ, որովհետև միջպետական համասեռ շատ հարաբերություններ իրենց ներսում նույնպես դասակարգվում են։ Օրինակ, քաղաքական համագործակցության և անվտանգության վերաբերյալ պայմանագրերն իրենց հերթին լինում են՝ միություններ կազմելու, խաղաղության, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, փոխադարձ օգնության, չհարձակման, չեզոքության, պետական սահմանների և այլ հարցերով։ Նույն կերպ կարելի է դասակարգել նաև մյուս պայմանագրերը։

Անկախ պայմանագրի առարկայից, ուժի մեջ մտած ցանկացած միջազգային պայմանագիր անդամ պետության համար հանդիսանում է իրավունքի աղբյուր։ Միջազգային պայմանագրերը, որպես իրավունքի աղբյուր, լինում են երկու բնույթի։ Մի դեպքում պայմանագրերը կնքվում են արդեն համընդհանուր ճանաչում ստացած միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա, և դրանցով նախատեսված իրավունքներն ու պարտավորությունները կրում են, այսպես կոչված, գործարքային բնույթ. օրինակ, վարկային, առևտրային, մաքսային համաձայնագրերը, ռազմական համագործակցության մասին պայմանագրերը և այլն։ Երկրորդ դեպքում միջազգային պայմանագրերով սահմանվում են միջպետական հարաբերությունների նոր կանոններ. օրինակ, մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային դաշնագրերն ու կոնվենցիաները։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ
1558 reads | 22.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com