ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻ՞Ր, ԹԵ՞ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՈՐՆ Է ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական Դատարանի անդամ








Պետության համար իրավաբանական պարտադիր ուժ ունեն այն միջազգային իրավական սկզբունքներն ու նորմերը միայն, որոնց վերաբերյալ կա նրա կողմից հստակորեն արտահայտված համաձայնություն:
 
Բոլոր պետությունների սահմանադրություններն այս կամ այն վերապահումով ճանաչում են իրենց երկրի կողմից վավերացված կամ հաստատված միջազգային պայմանագրերը և/կամ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները որպես ազգային իրավական համակարգի բաղկացուցիչ մաս: Ավելին, Ավստրիան, Լյուքսեմբուրգը և Նիդեռլանդները միջազգային պայմանագրերի և իրենց սահմանադրությունների միջև հակասության դեպքում ճանաչում են միջազգային պայմանագրի առաջնայնությունը նույնիսկ սահմանադրության նկատմամբ:

Այն պետությունների սահմանադրությունները (իսկ դրանք ճնշող մեծամասնություն են), որոնք, սահմանելով, որ իրենց պետության կնքած միջազգային պայմանագրերն առաջնայնություն ունեն օրենքների և ենթաօրենսդրական ակտերի նկատմամբ, միաժամանակ հատուկ ընդգծում են, որ պայմանագրերը չեն կարող հակասել երկրի սահմանադրությանը:

Միջազգային և ազգային իրավունքի փոխհարաբերակցության, այդ թվում` առաջնայնության հետ կապված հիմնախնդիրը տարբեր սահմանադրություններ լուծում են տարբեր կերպ: Սահմանադրությունների մի մասում տարաբնույթ խմբագրություններով նշվում է այն միտքը, որ տվյալ երկրի համար պարտադիր ուժ ունեցող վավերացված միջազգային պայմանագրերն ազգային իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են կազմում, իսկ հակասության դեպքում պայմանագիրն ավելի բարձր ուժ ունի, քան օրենքը: Կան երկրներ, որոնց սահմանադրությունը պայմանագրի հետ մեկտեղ նշում է նաև միջազգային կազմակերպության ակտը:

Կան սահմանադրություններ էլ, որոնք որպես ազգային իրավական համակարգի բաղկացուցիչ մաս ճանաչում են ինչպես միջազգային պայմանագրերը, այնպես էլ «միջազգային իրավունքի համապարտադիր սկզբունքներն ու նորմերը»: Տրամաբանական է, որ վերջին դեպքում օրենքների նկատմամբ կիրառման առաջնայնություն պետք է ունենան ոչ միայն վավերացված միջազգային պայմանագրերը, այլև միջազգային իրավունքի «համընդհանուր ճանաչում ունեցող նորմերը»: Հանդիպում են նաև այլ առանձնահատկություններ: Օրինակ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածը թեև որպես ազգային իրավական համակարգի բաղկացուցիչ մաս ուղղակիորեն ճանաչում է վավերացված և հաստատված միջազգային պայմանագրերը միայն, սակայն 3-րդ և 9-րդ հոդվածներում, համապատասխանաբար, նշում է, որ «Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան» և «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան…»:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ
1140 reads | 12.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com