ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական Դատարանի անդամ








Միջազգային պայմանագրի օբյեկտ կամ առարկա են միջազգային իրավունքի սուբյեկտների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այն բոլոր հարցերը, որոնց կապակցությամբ նրանք իրավասու են և ցանկանում են իրավահարաբերությունների մեջ մտնել։ Դրանք կարող են լինել ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական բնույթի արժեքներ։

Միջազգային պայմանագրերի օբյեկտ են պետությունների միջև քաղաքական հարաբերությունները (խաղաղության, անվտանգության, չեզոքության և այլ հարցեր), տնտեսական հարաբերությունները (արտաքին առևտրի և վարկերի տրամադրման հարցեր), մշակութային հարաբերությունները, իրավական օգնության հետ կապված, ինչպես նաև բազմաթիվ այլ կոնկրետ հարցերի շուրջ ծագող հարաբերությունները։

Պետությունները, ելնելով իրենց շահերից և հիմք ընդունելով իրենց ինքնիշխանությունը, մշտապես ձգտում են թույլ չտալ որևէ միջամտություն իրենց ներքին գործերին։ Այդ պատճառով ցանկացած պետություն ձգտում է, որպեսզի միջազգային պայմանագրի օբյեկտ չդառնան ներպետական կյանքի այնպիսի հարցեր, ինչպիսիք են ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը, երկրի պետական կառուցվածքը, պետական բյուջեի պլանավորումը, երկրում իրականացվող սոցիալական քաղաքականությունը և այլն։ Սակայն, որպես մեր ժամանակների իրողություն պետք է նշել այն հանգամանքը, որ այսօր հատկապես երիտասարդ ժողովրդավարական երկրներում միջազգային պայմանագրի օբյեկտ են դառնում ոչ միայն միջպետական, այլև ավանդաբար ներպետական կյանքի ոլորտին դասվող առանձին հարցեր։

Այս հարցը միաժամանակ ունի որոշակի բարդություն։ Բանն այն է, որ ներպետական կամ, ինչպես հաճախ ասում են, «ներքին կյանքի» մեջ մտնող հարցերն այնքան բազմատեսակ ու բազմաբնույթ են, որ հաճախ նույնիսկ դժվար է հստակ սահմանազատել, թե որ հարցերը կարելի է դասել և որոնք չի կարելի դասել ներքին կյանքին։ Օրինակ, այնպիսի հարց, ինչպիսին է գերեզմանաշիրիմների պահպանության ու խնամքի հարցը, թվում է, ցանկացած պետության զուտ ներքին գործն է, սակայն, Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև 1995թ. դեկտեմբերի 21-ին կնքված՝ Հայաստանի Հանրապետությունում գերմանական ռազմաշիրիմների վերաբերյալ համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, «Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովում է գերմանական ռազմաշիրիմների պաշտպանությունն ու գերմանացի ռազմազոհերի հավիտենական հանգստի իրավունքն իր տարածքում, ազատում է գերմանական զինվորական գերեզմանատեղիների շրջակայքը այն բոլոր շինություններից, որոնք անհամատեղելի են այդ վայրերի արժանավայել տեսքի հետ»։

Միաժամանակ, ըստ Համաձայնագրի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունն իրավունք է ստանում իր հաշվին իրականացնել գերմանական ռազմաշիրիմների և գերեզմանատեղիների կառուցումն ու խնամքը։ Իսկ առանց Գերմանական կողմի նախնական համաձայնության Հայաստանի տարածքից ոչ մի դեպքում չեն կարող տեղափոխվել գերմանացի ռազմազոհերի աճյունները։

Հայաստանի Հանրապետությունը, ինչպես և նախկին խորհրդային հանրապետությունները, Համաշխարհային բանկից, Միջազգային արժութային հիմնադրամից և միջազգային ֆինանսական մյուս կազմակերպություններից հաճախ երկարաժամկետ և կարճաժամկետ վարկեր է ստանում որոշակի կոնկրետ պայմաններով՝ իրականացնել սեփականաշնորհում, ազատականացնել, առանձին ապրանքների գները, իրականացնել տնտեսական կոնկրետ ծրագրեր կամ ձեռնպահ մնալ առանձին ծրագրերի իրականացումից և այնպիսի այլ պայմաններով, որոնցով նախատեսվող գործողություններն ավանդաբար դիտվել են որպես պետության ներքին գործ։ Այս առումով կարող է հարց առաջանալ, նշված պայմանների առաջադրումը միջազգային իրավունքի տեսանկյունից իրավազո՞ր է, թե՞ ոչ, այդ պայմանները որևէ կերպ ոտնահարո՞ւմ են Հայաստանի՝ որպես պետության, ինքնիշխանությունը։ Կարծում ենք, ելնելով միջազգային պայմանագրերի իրավունքի ոգուց ու տառից, կարելի է ասել, որ վերը նշված բնույթի պայմանագրերի կնքումը որևէ կերպ չի կարող դիտվել որպես պետության ներքին գործերին միջամտելու փորձ, եթե, իհարկե, Հայաստանի Հանրապետությունը, ինչպես և մյուս պետությունները, նշված բնույթի պարտավորություններն ստանձնում են միանգամայն կամավոր։

Քննարկվող հարցի վերաբերյալ գրականության մեջ արվել են բավական յուրատեսակ դատողություններ։ Սրանց էությունը այն է, որ միջազգային պայմանագրերի օբյեկտ կարող Է դառնալ ներպետական իրավունքի ցանկացած օբյեկտ։ Օրինակ, Գ. Քելզենը գտնում է, որ չկա առարկա, որը կարող է կարգավորվել միայն ազգային և ոչ թե նաև միջազգային իրավունքով։ Նրա կարծիքով, ցանկացած առարկա, որը կարգավորվում է կամ կարող է կարգավորվել ազգային իրավունքով, կարող է կարգավորվել նաև միջազգային իրավունքով: Լ. Օպենհեյմը նշում է, որ. «Պայմանագրի առարկա կարող է լինել պետության համար հետաքրքրություն ներկայացնող ցանկացած հարցով պարտավորությունը»։ Այս առնչությամբ դատողություններ են արել նաև Պ. Գուգենհեյմը, Ջ.Շվարցենբերգերը և ուրիշներ։

Միաժամանակ, ասվածից չի կարելի անվերապահ եզրակացնել, թե ներպետական իրավունքին առնչվող ցանկացած հարց առանց որևէ բացառության կամ պայմանի կարող է դառնալ նաև միջազգային պայմանագրի առարկա։ Այս առնչությամբ պետք է նկատել, որ եթե միջազգային իրավունքի նորմերը շատ հստակ են սահմանում այն միջպետական հարաբերությունների ոլորտը կամ այն գործողությունները, որոնք չեն կարող միջազգային պայմանագրի օբյեկտ դառնալ իրենց անիրավազորության բնույթով, ապա ներպետական օրենսդրության մեջ տվյալ պետության միջազգային պայմանագրերի հնարավոր առարկայի վերաբերյալ, որպես կանոն, բացակայում են հատուկ արգելող նորմերը։ Պետությունը ազատ է կնքելու ցանկացած միջազգային պայմանագիր, այդ թվում այնպիսի, որը կհակասի նույնիսկ նրա պառլամենտի կողմից ընդունված օրենքներին, կառավարության որոշումներին կամ պետության գլխի ակտերին։

Այստեղ կա միայն հետևյալ սահմանափակումը։ Գրեթե բոլոր պետությունների օրենսդրությամբ նախատեսված է, որ եթե միջազգային պայմանագրի նորմը հակասում է երկրի սահմանադրությանը, ապա պայմանագիրը կարելի է վավերացնել միայն սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց հետո։

Միջազգային հարաբերությունների պրակտիկան վկայում է, որ պետությունները կարող են ոչ միայն ռազմական, տնտեսական, ֆինանսական, սոցիալական կամ այլ բնույթի պարտավորություններ ստանձնել, այլև միջազգային պայմանագրով հրաժարվել իրենց տարածքի մի մասից, իսկ երբեմն, դաշնային հարաբերությունների մեջ մտնելով, նույնիսկ զիջել իրենց ինքնիշխանության բովանդակությունը կազմող առանձին իրավունքներ։

Կարծում ենք, հաշվի առնելով պետությունների և ժողովուրդների ինքնիշխանությունը, այս հարցի վերաբերյալ ցանկացած պետության դիրքորոշման հիմքում պետք է ընկած լինի այն կանխադրույթը, ըստ որի, միջազգային պայմանագրային հարաբերությունների օբյեկտ կարող է դառնալ տվյալ երկրի սահմանադրությամբ և օրենքներով թույլատրվող, ժողովրդի կամ պետության շահերից բխող, կամքի ազատ արտահայտությամբ ստանձնած ցանկացած պարտավորություն։

Ինչպես արդեն ասվեց, միջազգային պրակտիկայում համընդհանուր ճանաչում ստացած սկզբունք է, որ երկրի սահմանադրությանը հակասող ցանկացած միջազգային պայմանագիր կարող է պառլամենտի կողմից վավերացվել միայն սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց հետո։ Միաժամանակ, հարկ է իմանալ, որ առանձին երկրների սահմանադրություններում հատուկ նշվում է, որ դրանց առանձին նորմեր ընդհանրապես ենթակա չեն փոփոխման։ Որպես օրինակ կարելի է բերել Հայաստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Հունաստանի և մի շարք այլ երկրների սահմանադրությունները։ Այսպես, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի, Սահմանադրության 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածները ենթակա չեն փոփոխման։ Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածում նշվում է, որ «Կառավարման հանրապետական ձևը, տարածքային ամբողջականությունը, պետության ժողովրդավարական, իրավական, աշխարհիկ և սոցիալական էությունը անփոփոխելի են»։ Հունաստանի Սահմանադրության 110-րդ հոդվածում նշվում է, որ Սահմանադրության դրույթները կարող են փոփոխվել, բացառությամբ նրանց, որոնք սահմանում են պետության հիմքերը և պառլամենտական հանրապետության կառավարման ձևը, ինչպես նաև 2-րդ հոդվածի 1-ին կետը, 4-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 7-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, 13-րդ հոդվածի 1-ին կետը և 26-րդ հոդվածը։

Նշված սահմանադրական դրույթները, ելնելով ժողովրդավարության՝ որպես կայուն և անփոփոխ արժեքի շահերից, այդ երկրների համապատասխան պետական մարմիններին արգելում են ցանկացած պարագայում փոփոխել սահմանադրական դրույթները։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ այս պետությունների կողմից երբևէ չի կարող կնքվել այնպիսի միջազգային պայմանագիր, որում վերը նշված սահմանադրական նորմերում տեղ գտած դրույթները կդառնան պայմանագրային իրավահարաբերության օբյեկտ։

Միջազգային պայմանագրերի իրավունքի կարևոր դրույթներից է այն, որ պայմանագիրն օրինական չի կարող համարվել, եթե դրա օբյեկտը հակասում է jus cogens նորմերի պահանջներին։ Այս կապակցությամբ Վիեննայի 1969թ. Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիայի 53-րդ հոդվածում նշվում է, որ պայմանագիրը առոչինչ է, եթե կնքման պահին հակասում է ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր (jus cogens) նորմին։

Միջազգային պայմանագրերի օբյեկտների առանձնահատկությունները հաշվի առնելով՝ դրանք սովորաբար բաժանում են երեք մեծ խմբերի՝ քաղաքական պայմանագրեր, տնտեսական պայմանագրեր և հատուկ հարցերով պայմանագրեր։

Միջազգային պայմանագրի նպատակը, ի տարբերություն պայմանագրի օբյեկտի, ավելի կոնկրետ է։ Սովորաբար, կողմերն աշխատում են որքան հնարավոր է միարժեք և առարկայական ձևակերպել այն, ինչին ձգտում են հասնել պայմանագրի միջոցով։ Օրինակ, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ 1996թ. մարտի 25-ի համաձայնագրի նախաբանում նշվում է. «Ղեկավարվելով երկու պետությունների միջև տնտեսական, գիտական, տեխնիկական ու մշակութային համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու մտադրությամբ, եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու, հարկումից խուսափելը կանխելու և հարկային խտրականություն թույլ չտալու նպատակով՝ որոշեցին կնքել սույն Համաձայնագիրը և պայմանավորվեցին հետևյալի մասին»։
Նման համառոտ շարադրանքի օրինակ է նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995թ. մարտի 16-ի պայմանագրում տեղ գտած ձևակերպումը. «Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության պաշտպանության երկուստեք ձգտումով՝…»։

Նմանաբնույթ համառոտ ձևակերպումներ կարելի է հանդիպել պայմանագրերի գերակշռող մասում։ Սակայն առանձին պայմանագրերում նպատակի ձևակերպումը կարող է ունենալ նաև լայն և բավական ընդհանուր բնույթ։ Այսպես, Հայկական ՍՍՀ-ի, Ադրբեջանական ՍՍՀ-ի ու Վրացական ՍՍՀ-ի միջև մի կողմից և Թուրքիայի միջև՝ մյուս կողմից, ՌՍՖՍՀ-ի մասնակցությամբ Կարսում կնքված բարեկամության մասին 1921թ. հոկտեմբերի 13-ի պայմանագրում, որպես նպատակ, նշվում է. «Հայաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետության, Ադրբեջանի Սոցիալիստական Սովետական Հանրապետության և Վրաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետության կառավարությունները մեկ կողմից և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը՝ մյուս կողմից, բաժանելով ազգերի եղբայրության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները, նրանց միջև մշտական սրտագին փոխհարաբերություններ և երկու կողմերի փոխադարձ շահերի վրա հիմնված անխախտ ու անկեղծ բարեկամություն հաստատելու ցանկությամբ խանդավառված, որոշեցին բարեկամության պայմանագիր կնքելու նպատակով Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության մասնակցությամբ սկսել բանակցություններ և դրա համար որպես իրենց լիազորներ նշանակեցին՝...»։

Միջազգային պայմանագրի նպատակը, որպես կանոն, նշվում է նրա նախաբանում, չնայած հնարավոր է, որ այն շարադրվի նաև հիմնական մասում։

Միջազգային պայմանագրի նախապատրաստման փուլում նրա յուրաքանչյուր առանձին վերցրած անդամ պետության մտադրությունները, նպատակներն ու ձգտումները պարտադիր չէ, որ համընկնեն պայմանագրում կոնկրետ ձևակերպված նպատակի հետ։ Նպատակի պայմանագրային ձևակերպումը կողմերի համատեղ համաձայնեցված կամքի արդյունք է և, ունենալով փոխզիջումային բնույթ, բնականաբար, չի կարող ամբողջովին համընկնել պայմանագրի կողմերի նախնական նպատակներին և խնդիրներին։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ
1722 reads | 19.03.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com