ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական Դատարանի անդամ








Պետությունների միջև քաղաքական, տնտեսական և այլ բնույթի համագործակցության կազմակերպման առավել տարածված իրավաբանական ձևը միջազգային պայմանագրերի կնքումն է։  Պայմանագրերով կարող է կարգավորվել պետությունների և միջազգային իրավունքի մյուս սուբյեկտների իրավահարաբերությունների ոլորտի ցանկացած հարց։ Միաժամանակ, ժամանակակից միջազգային իրավունքը նախատեսում է, որ պայմանագրային հարաբերությունների օբյեկտ կարող են դառնալ միայն այն հարցերը, որոնք օրինական են և կատարման տեսակետից հնարավոր։ Պայմանագրի օբյեկտ չեն կարող լինել միջազգային իրավունքի jus cogens (հիմնական) նորմերով արգելվող գործողությունների շուրջ ծավալվող հարաբերությունները։ 
Միջազգային պայմանագրերը մարդկության պատմության բոլոր փուլերում էլ եղել են միջպետական հարաբերությունների կարգավորման գլխավոր միջոց։
Միջպետական հարաբերությունների զարգացման վաղ փուլում միջազգային պայմանագրերով կարգավորվող հարցերի շրջանակը եղել է շատ նեղ, նրանում ներառված սահմանափակ թվով հարցերը առավելապես վերաբերել են պատերազմներին, խաղաղությանը, ռազմական համագործակցությանը, առևտրին ու օտարերկրացիների իրավունքներին։ 

Հին աշխարհում միջպետական պայմանագրերի կնքման և կատարման ողջ ընթացքը կարգավորվում էր սովորութային նորմերով, իսկ պետությունների ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարման հիմքում ավելի շատ ընկած էր բարոյաքաղաքական, քան իրավաբանական գործոնը։ Միջպետական պայմանագրերը հաճախ վավերացվում էին հանդիսավորությամբ տրված կրոնական երդումներով։ Դրանք դիտվում էին ոչ այնքան որպես իրավական ակտ, որքան կրոնի և բարոյականության վրա հիմնված հանդիսավոր պարտավորություններ։ Դեռևս ստրկատիրական ժամանակաշրջանից հայտնի է խեթերի թագավոր Խաթուսիլ III-ի և Եգիպտոսի փարավոն Ռամզես II-ի միջև կնքված պայմանագիրը (մ.թ.ա. 1296)։ 

Այդ պայմանագրում, մասնավորապես, նշվում էր. «Եթե Ռամզեսը զայրանա իր ստրուկների վրա« երբ նրանք ապստամբություն բարձրացնեն, և գնա նրանց խաղաղեցնելու, ապա նրա հետ համատեղ պետք է գործի նաև խեթերի թագավորը»։ Ռազմական համագործակցության օրինակ հանդիսացող այս գրավոր պայմանագրի կատարումը երաշխավորվում էր կողմերի՝ պայմանագրով ամրագրված՝ երդմամբ, որտեղ ասվում էր. «Խեթերի երկրի հազար աստվածներ և աստվածուհիներ պարտավորվում են Եգիպտոսի հազար աստվածների և աստվածուհիների հանդեպ կատարելու արծաթյա տախտակի վրա ամբողջ գրածը։ Դրանք իմ խոսքի վկաներն են։ Թող փտեն նրա տունը, հողը և ստրուկները, ով կխախտի այս խոսքերը։ Թող առողջություն և կյանք լինի նրան, նրա հողերին ու ստրուկներին, ով այդ խոսքերը կպահպանի»։ 

Հին աշխարհի միջազգային պայմանագրերի վերաբերյալ բազմաթիվ օրինակներ է պարունակում նաև հայ ժողովրդի պատմությունը։ Պոնտական գահակալ Փառնակ Ա-ն, (մ.թ.ա.183) ռազմական դաշինք կնքելով Փոքր Հայքի կառավարիչ Միհրդատի հետ, պատերազմ է սկսում հակառակ խմբավորման դեմ՝ ներխուժելով նախ Գալաթիայի, ապա և Կապադովկիայի հողեր։ Նախահարձակ դաշնակիցների սկզբնական հաջողություններին հաջորդում են դժվարությունները։ Ի վերջո, Փառնակն ու Միհրդատը պարտություն են կրում և ստիպված են լինում ընդունել հաղթողների՝ Պերգամոնի, Կապադովկիայի և մյուս տուժած երկրների առաջադրած բավական ծանր պայմանները, որոնցով գրավված հողերը դատարկելուց բացի նախատեսվում էր և մեծ ռազմատուգանք։ Պայմանագիրը« որը կնքվել է մ.թ.ա. 179թ. մինչև մեր օրերն է հասել Պոլիբիոսի երկի մի հատվածում, որտեղ նշված է. «Պայմանագրի մեջ ընդգրկվել են. Ասիայի իշխաններից Հայաստանի մեծ մասի տիրակալ Արտաքսիասը (Արտաշեսը) և Ակուսիլոքսը, Եվրոպայի իշխաններից՝ սարմատ Գաթալոսը, ինքնավար քաղաքներից՝ հերակլեացիները, մեսեմբրիացիները, խերսոնեցիները և սրանց հետ կիզիկեցիները»։ 

Ռազմական դաշինքին էր նվիրված Հայաստանի և Պոնտոսի միջև կնքված պայմանագիրը (մ.թ.ա. 95 կամ 94 թթ.) Ինչպես նշում է Լեոն իր «Հայոց պատմության» մեջ «Երկու հարևանների մեջ կնքվեց մի գաղտնի պաշտպանողական և հարձակողական դաշնադրություն« որի նպատակը նախ և առաջ ազդեցությունների և շահերի բաժանումն էր։ Տիգրանին ցույց էր տրվում, նվաճումների համար, արևելքի և հարավի ուղղությունները ասել է՝ Պարսկաստանը, իսկ Միհրդատին՝ հյուսիսի և արևմուտքի ուղղությունը, այսինքն՝ հռոմեական պետության հողերը։ Միասին կատարած պատերազմական գործողությունների դեպքում ավարը, գանձերը և բոլոր շարժական գույքերը ստանում էր Տիգրանը, իսկ անշարժը, այսինքն՝ հողերը՝ Միհրդատը։ 

Այս քաղաքական դաշնադրությունն ամրապնդվեց ընտանեկան մի կապակցությամբ՝ Տիգրանն ամուսնացավ Միհրդատի աղջիկ Կլեոպատրայի հետ «որն իրենից երեք անգամ փոքր էր տարիքով»։ 

Տիգրան Բ Մեծի ամուսնական կապը Միհրդատի դեռատի աղջկա հետ, ըստ երևույթին, պետք է երաշխավորեր դաշինքի ամրությունն ու հարատևությունը։
Հայաստանի կնքած պայմանագրերից կարելի է հիշատակել նաև՝ մ.թ.ա. 120թ. Հայ-պարթևական պայմանագիրը մ.թ.ա. 94թ. Հայ-պոնտական պայմանագիրը, մ.թ. 194 թ. Հայոց թագավոր Վաղարշ Բ-ի և Հռոմի կայսր Սեպտիմիոս Սևերոսի միջև կնքված պայմանագիրը, 325 թ. Հայոց թագավոր Տրդատ Գ Մեծի և Հռոմի կայսր Կոստանդինոս I Մեծի միջև կնքված պայմանագիրը և այլ բազմաթիվ պայմանագրեր։ 

Միջնադարում բավականին ընդարձակվեցին միջազգային պայմանագրերով կարգավորվող հարաբերությունների ոլորտները։ Իշխանների և ֆեոդալների միջև արդեն կնքվում էին միջազգային պայմանագրեր՝ նվիրված պատերազմներին ու խաղաղությանը, դաշինքներին, տարածքների հանձնմանը, հյուպատոսական հարաբերություններին և այլն։ Այս ժամանակաշրջանի պայմանագրերին բնորոշ էր այն, որ դրանց բարեխիղճ կատարումը երաշխավորվում էր կրոնական երդումներով, պատանդներով, հողերի ու թանկարժեք իրերի գրավադրումով և այլ երաշխիքներով։ 

Այս ժամանակաշրջանում Կիլիկյան Հայաստանը մի շարք միջազգային պայմանագրեր կնքեց իր հարևան պետությունների հետ։ Դրանցից կարելի է հիշատակել 1201թ. Լևոն Բ Մեծագործի և Ջենովայի հանրապետության միջև կնքված ծովային իրավունքի վերաբերյալ պայմանագիրը։ Պայմանագիրը, որ կնքվել էր միակողմանի նվիրատվության փաստաթղթի տեսքով, նվիրված էր երկու պետությունների մերձափնյան իրավունքից երկկողմանի հրաժարվելուն։ Կարելի է հիշատակել նաև մեկ այլ պայմանագիր։ Նպատակ ունենալով ծովահենության դեմ պայքարում օգտագործել նաև միջազգային իրավական միջոցները՝ Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Գ աջակցության նպատակով 1285թ. միջազգային պայմանագիր կնքեց Եգիպտոսի սուլթանի հետ։ Պայմանագրով կողմերը պարտավորվում էին ծովահենների դեմ պայքարել համատեղ ուժերով։ 

Աշխատանքի համաշխարհային բաժանման խորացումը, իսկ հետագայում պետությունների միջև տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի ընդլայնումը, գիտատեխնիկական առաջընթացն օբյեկտիվորեն հանգեցրին միջազգային պայմանագրերով կարգավորվող հարաբերությունների ինչպես խորացմանը, այնպես էլ ընդլայնմանը։ 

XVI-XVIII դդ. միջազգային իրավունքն ապրեց բուռն զարգացում։ Այս ժամանակաշրջանում ձևավորվեցին և զարգացան միջազգային իրավունքի այնպիսի ինստիտուտներ, ինչպիսիք են պետությունների ինքնիշխանությունն ու իրավահավասարությունը, պետական տարածքների ձեռքբերման եղանակները, առևտրում առավել բարենպաստման ռեժիմը, դիվանագիտական ու հյուպատոսական իրավունքը, օտարերկրացիների համար հատուկ կարգավիճակ սահմանելը, միջազգային վեճերի խաղաղ լուծումը և այլն։ 

Պետությունների միջև պայմանագրային հարաբերությունների ծավալային ընդարձակումը միաժամանակ ուղեկցվում էր այդ հարաբերությունները կարգավորող իրավական նորմերի զարգացմամբ և կատարելագործմամբ։ Գործող սովորութային նորմերն աստիճանաբար իրենց տեղը զիջեցին պայմանագրային բնույթի նորմերին։ XVII-XVIII դդ. սկսեցին հրատարակվել միջազգային փաստաթղթերի ժողովածուներ։ Դրանցից առաջինը, որն անվանվում էր «Դիվանագիտության և միջազգային իրավունքի օրենսգիրք», 1693 թ. հրատարակեց գերմանացի լուսավորիչ, փիլիսոփա Գ. Վ. Լեյբնիցը։ 1700թ Հոլանդիայում սկսվեց հրատարակվել «Խաղաղության պայմանագրերի ժողովածու…» վերտառությամբ շարքը, որն այնուհետ լույս էր տեսնում «Դիվանագիտության և միջազգային իրավունքի համընդհանուր հավաքածու» անվանմամբ։ Այդ ժողովածուն ներառում էր 800-1738թթ. միջազգային փաստաթղթերը։ 1791թ. Գ.Ֆ.Մարտենսն սկսեց հրատարակել «Գլխավոր պայմանագրերի ժողովածուն»։ 

Միջազգային պայմանագրերի իրավունքի ինչպես գիտության, այնպես էլ կոդիֆիկացման աշխատանքները միշտ էլ եղել են ինչպես գիտնականների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և պետությունների ուշադրության ներքո։ Միջազգային պայմանագրերի իրավունքի զարգացումն ու կատարելագործումը, միջազգային հարաբերություններում պայմանագրերի դերի անընդհատ մեծացումն առաջին պլան մղեցին իրավունքի այդ ճյուղի կոդիֆիկացման անհրաժեշտությունը։ 

Պաշտոնական կոդիֆիկացման առաջին փորձն արվել է Ազգերի լիգայի շրջանակում, որտեղ 1924թ. ստեղծված թվով 16 իրավաբաններից կազմված փորձագետների կոմիտեն ձեռնարկեց միջազգային իրավունքի, այդ թվում՝ պայմանագրերի իրավունքի կոդիֆիկացման աշխատանքը։ Սակայն տարբեր պատճառներով այս հարցը չհաջողվեց լուծել Ազգերի լիգայի շրջանակում։ 1928թ. Ամերիկյան պետությունների VI խորհրդաժողովում ստորագրվեց միջազգային պայմանագրերի մասին Հավաննայի կոնվենցիան, որը պարունակում էր 21 հոդված։ Պետք է նկատել, որ այս Կոնվենցիան առավելապես տեղական նշանակության փաստաթուղթ էր։ 

Գիտական կոդիֆիկացման հարցերով զբաղվել են նաև առանձին գիտնականներ, որոնցից հատկապես պետք է նշել իրավաբաններ Ի. Բլյունչիելիին և Պ. Ֆիորեին։ Այս ուղղությամբ աշխատանք են տարել նաև առանձին գիտական կենտրոններ։ Մասնավորապես, 1935թ. կազմվեց ԱՄՆ¬ի Հարվարդի համալսարանի միջազգային պայմանագրերի իրավունքի կոդիֆիկացմանը նվիրված նախագիծ, որը պարունակում էր 36 հոդված։ 

Ելնելով հարցի կարևորությունից ու հրատապությունից և նկատի ունենալով, որ մինչև Միավորված ազգերի կազմակերպության ստեղծումը միջազգային պայմանագրերի կոդիֆիկացման ուղղությամբ, ըստ էության, որևէ էական աշխատանք չէր կատարվել, դրանով սկսեց զբաղվել ՄԱԿ-ը՝ իր հիմնադրումից անմիջապես հետո։ Միավորված ազգերի կազմակերպության հանձնարարությամբ նրա Միջազգային իրավունքի հանձնաժողովը 1949թ. ձեռնամուխ եղավ միջազգային պայմանագրերի իրավունքի ուսումնասիրությանը և միջազգային պայմանագրերի վերաբերյալ նորմերի ու սկզբունքների կոդիֆիկացման աշխատանքներին։ Հանձնաժողովը կատարեց մեծ և արդյունավետ աշխատանք։ Նրա ներկայացրած նախագծի հիման վրա ՄԱԿ-ի հովանու ներքո Վիեննայում հրավիրված խորհրդաժողովն իր երկու նստաշրջանների (1968-1969 թթ.) աշխատանքի արդյունքով ընդունեց Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիան, որը կազմված էր 85 հոդվածից և հավելվածից։ 

Պետությունների միջազգային պայմանագրային հարաբերությունների կարգավորման հարցում կարևոր դեր ունի նաև Պայմանագրերի վերաբերյալ պետությունների իրավահաջորդության մասին 1978թ. կոնվենցիան։ Ինչպես նշված կոնվենցիաները, այնպես էլ Վիեննայի 1986թ. Պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ միջազգային կազմակերպությունների միջև պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիան միջազգային պայմանագրերի իրավունքի բնագավառում գործող իրավունքի հիմնական աղբյուրներն են։ Դրանցում ամրագրված են միջազգային պայմանագրերի կնքման և կատարման վերաբերյալ այսօր գործող նորմերն ու սկզբունքները։ Միաժամանակ, նկատի ունենալով, որ դարերի ընթացքում պետությունների միջև պայմանագրային հարաբերությունները կարգավորվել են սովորութային նորմերով, Վիեննայի 1969թ. և 1986թ. կոնվենցիաները չմերժեցին սովորույթն ընդհանրապես, այլ ճանաչեցին որպես միջազգային պայմանագրերի իրավունքի աղբյուր՝ հատուկ նշելով, որ կոնվենցիաներում իրենց լուծումը չգտած հարցերը նախկինի պես կկարգավորվեն միջազգային սովորութային իրավունքի նորմերով։ 

Միջազգային պայմանագրային հարաբերությունների կառուցման համար տեսական և գործնական կարևորություն ունի միջազգային պայմանագրերի իրավունքի բնորոշման հարցը։ Միջազգային պայմանագրերի իրավունքը, ըստ էության, պետությունների և միջազգային իրավունքի մյուս սուբյեկտների կողմից միջազգային պայմանագրերի կնքման, կատարման և դադարեցման հետ կապված գործողությունների և դրանց գործընթացները կարգավորող միջազգային իրավական նորմերի ու սկզբունքների համակցությունն է։ 

Նկատի ունենալով, որ գրականության մեջ միջազգային պայմանագրերի բնորոշման վերաբերյալ արվել են էապես տարբեր և հաճախ վիճահարույց բազմաթիվ դատողություններ ու առաջարկություններ, և այդ բազմազանությունը, վերջին հաշվով, այնքան էլ դրականորեն չպետք է ազդեր միջազգային պայմանագրերի իրավունքի արդյունավետ գործառնության վրա, Վիեննայի 1969թ. կոնվենցիան պայմանագրերի իրավունքին առնչվող շատ խնդիրների հետ մեկտեղ լուծեց նաև «միջազգային պայմանագիր» հասկացության բնորոշման հետ կապված հիմնահարցը։ 

Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն «պայմանագիր» նշանակում է պետությունների միջև գրավոր ձևով կնքված և միջազգային իրավունքով կարգավորվող միջազգային համաձայնություն, անկախ նրանից, այդ համաձայնությունը պարունակվում է մեկ կամ երկու, կամ միմյանց հետ կապված մի քանի փաստաթղթերում, ինչպես նաև անկախ դրա կոնկրետ անվանումից։ 

Միջազգային պայմանագրի բնորոշումը տրված է նաև Վիեննայի 1986 թ. կոնվենցիայի 2-րդ հոդվածում, համաձայն որի՝ «պայմանագիր» նշանակում է գրավոր ձևով կնքված և միջազգային իրավունքով կարգավորվող միջազգային համաձայնություն.
a) մեկ կամ մի քանի պետությունների և մեկ կամ մի քանի միջազգային կազմակերպությունների միջև, կամ
b) միջազգային կազմակերպությունների միջև, անկախ նրանից՝ այդ համաձայնությունը պարունակվում է մեկ փաստաթղթում, երկու կամ միմյանց հետ կապված մի քանի փաստաթղթերում, ինչպես նաև անկախ դրա կոնկրետ անվանումից։ 

Թեև նշված կոնվենցիաներում տրված բնորոշումներում չկա որևէ հիշատակում բանավոր պայմանագրերի մասին, սակայն դրանց բովանդակության վերլուծությունը վկայում է, որ կոնվենցիաները որևէ կերպ չեն բացառում պետությունների՝ բանավոր պայմանագրեր կնքելու հնարավորությունը։ Ավելին, նշված փաստաթղթերից կարելի է եզրակացնել, որ միջազգային իրավունքի սուբյեկտները կարող են փոխադարձ համաձայնությամբ նաև բանավոր պայմանագրերի վրա տարածել կոնվենցիաների դրույթները։ 

Միջազգային պայմանագրերի իրավունքի՝ գործող նորմերի և սկզբունքների համաձայն, պայմանագրային հարաբերությունների հաստատումը միջազգային իրավունքի սուբյեկտների իրավունքն է, որի իրականացումը պայմանավորված է բացառապես նրանց կամքով։ Ոչ մի պետության չի կարելի հարկադրել պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել կամ չմտնել միջազգային իրավունքի մեկ այլ սուբյեկտի կամ սուբյեկտների հետ։ Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 6-րդ հոդվածում հատուկ նշվում է. «Յուրաքանչյուր պետություն օժտված է պայմանագրեր կնքելու իրավունակությամբ»։ Կոնվենցիայում տեղ գտած այս հրամայական բնույթի ձևակերպումը ենթադրում է, որ որևէ պետություն երբեք և ցանկացած նկատառումով չի կարող զրկվել միջազգային պայմանագրեր կնքելու իրավունքից։ Միջազգային պայմանագրերի կնքման իրավունքը պետության ինքնիշխանությամբ պայմանավորված նրա բնական և անօտարելի համարվող իրավունք է։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ
2913 reads | 13.03.2013
միջազգային պայմանագրեր |
avatar

avatar
1
Արդյոք միջազգային պայմանագրերը համարվում են իրավաբանական ավելի բարձր ուժով օժտված նորմեր, քան սահմանադրությունները:

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com