ՄԱԿ-Ի ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական Դատարանի անդամ, ԵՐԵՎԱՆ








Ի տարբերություն համապատասխան կոնվենցիաներով հիմնադրված բոլոր մյուս կոմիտեների, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն հիմնադրվել է ոչ թե այն փաստաթղթով (Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրով), որի դրույթների կատարման նկատմամբ կոչված է վերահսկողություն իրականացնելու, այլ Տնտեսական և սոցիալական խորհրդի որոշմամբ: Թեև, վերահսկողական այս կառուցակարգի հիմքում ընկած չէ Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին դաշնագիրը, այնուամենայնիվ, այն ճանաչվում է որպես կոնվենցիոնալ կառուցակարգ, քանզի կոչված է ապահովելու կոնկրետ միջազգային կոնվենցիայի կատարումը: 

Կոմիտեի հիմնական իրավասությունը, որի միջոցով իրականացվում է Կոնվենցիայի կատարման ապահովմանն ուղղված գործունեությունը, Կոնվենցիայի մասնակից պետությունների ներկայացրած ազգային պարբերական զեկույցների քննարկումն է: Համաձայն Կոմիտեի՝ Կոնվենցիայի մասնակից պետությունների կողմից ազգային զեկույցներ ներկայացնելու պարտավորությունն ունի հետևյալ նպատակները. ապահովել մասնակից պետությունների կողմից իրենց ներպետական օրենսդրության և պրակտիկայի վերանայումը՝ դրանք Կոնվենցիայի դրույթներին ու խնդիրներին համապատասխանեցնելու նպատակով. մշակել Կոնվենցիայի իրականացմանը նպատակաուղղված քաղաքականություն. նպաստել այդ քաղաքականության նկատմամբ հասարակական վերահսկողությանը. օգնել առանձին պետությունների՝ ճիշտ ըմբռնելու այն բացթողումներն ու թերությունները, որոնք խոչընդոտում են Կոնվենցիայի կատարմանը: 

Կոմիտեն համապատասխան կառավարություններին կարող է աջակցել նաև Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման գործում նորմատիվային, ղեկավար և այլ կոնկրետ առաջարկությունների ու հանձնարարականների մշակմանն օժանդակելու միջոցով: 

Ներկայումս Կոմիտեն իրավասու չէ քննության առնելու Դաշնագրում ամրագրված իրավունքների խախտման վերաբերյալ առանձին անձանց կամ անձանց խմբերի գանգատները: Նման իրավասության բացակայության պայմաններում էապես կրճատվում է Դաշնագրի դրույթների խախտման զոհ դարձած անձանց՝ միջազգային ընթացակարգի շրջանակներում իրենց իրավունքները վերականգնելու հնարավորությունը: Այժմ Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում նախաձեռնվել է Դաշնագրի Արձանագրության մշակման գործընթացը, որը նպատակ ունի առանձին անձանց իրավունք տալու Դաշնագրով նախատեսված իրենց իրավունքների խախտման վերաբերյալ գանգատով դիմելու Կոմիտեին։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ
2501 reads | 01.07.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com