ՄԱԿ-Ի ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական Դատարանի անդամ, ԵՐԵՎԱՆ
 
 
 
 
 
 
 
 
Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին 1966թ. միջազգային դաշնագիրը, հռչակելով մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, նախատեսեց նաև այդ Կոնվենցիայով մասնակից պետությունների ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ միջազգային վերահսկողական հատուկ կառուցակարգ: Այդ նպատակով ստեղծվեց Մարդու իրավունքների կոմիտե, որին Կոնվենցիայով վերապահվեց մասնակից պետությունների ներկայացրած ազգային զեկույցների և որևէ մասնակից պետության տարածքում Կոնվենցիայի դրույթները խախտելու վերաբերյալ մասնակից պետությունների ներկայացրած հաղորդումների քննության իրավասությունը: 
 
Ելնելով Կոնվենցիայի կատարման նկատմամբ միջազգային վերահսկողության համակարգն առավել արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից՝ Կոնվենցիային կից կամընտրական արձանագրությամբ ընդլայնվեց Կոմիտեի իրավասությունների շրջանակը, որի արդյունքում Կոմիտեի իրավասությունների շրջանակը համալրվեց Կոնվենցիայով ճանաչվող իրենց իրավունքների խախտման վերաբերյալ առանձին անձանցից գանգատներ ստանալու և քննության առնելու իրավասությամբ: Կոմիտեն իր այդ իրավասությունը կարող է իրականացնել միայն այն պետությունների առնչությամբ, որոնք, միանալով Արձանագրությանը, դրանով իսկ ճանաչում են Կոմիտեի իրավասությունը: Կոմիտեն իրեն ներկայացված անհատական գանգատներն անընդունելի է համարում, եթե գանգատն անստորագիր է, չեն սպառվել տվյալ անձի իրավունքների պաշտպանության ներպետական միջոցները կամ գանգատը հանդիսանում է գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում: 

Կոնվենցիայի մասնակից պետության կողմից Կոնվենցիայով իր ստանձնած պարտավորությունները չկատարելու մասին Կոմիտեին կարող են ահազանգել նաև Կոնվենցիայի մյուս մասնակից պետությունները: Սակայն, այս դեպքում ևս անհրաժեշտ է, որպեսզի մասնակից պետությունը, որի առնչությամբ Կոմիտեին հաղորդում է ներկայացվել մեկ այլ մասնակից պետության կողմից, ճանաչի Կոմիտեի՝ նման հաղորդումներ ընդունելու և քննության առնելու իրավասությունը: 

Որևէ մասնակից պետության կողմից Կոնվենցիայով իր ստանձնած պարտավորությունները չկատարելու վերաբերյալ մեկ այլ մասնակից պետության հաղորդումը Կոմիտեում քննության ընդունելու համար որպես պայման նախատեսվում է, որ պետք է սպառված լինեն ներպետական պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները: Ինչպես մյուս դեպքերում, այստեղ նույնպես այս պայմանը չի գործում, երբ ներպետական պաշտպանության միջոցների կիրառումը ձգձգվել է անհիմն կերպով: 

Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտե։ Ի տարբերություն համապատասխան կոնվենցիաներով հիմնադրված բոլոր մյուս կոմիտեների, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն հիմնադրվել է ոչ թե այն փաստաթղթով (Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրով), որի դրույթների կատարման նկատմամբ կոչված է վերահսկողություն իրականացնելու, այլ Տնտեսական և սոցիալական խորհրդի որոշմամբ: Թեև, վերահսկողական այս կառուցակարգի հիմքում ընկած չէ Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին դաշնագիրը, այնուամենայնիվ, այն ճանաչվում է որպես կոնվենցիոնալ կառուցակարգ, քանզի կոչված է ապահովելու կոնկրետ միջազգային կոնվենցիայի կատարումը: 

Կոմիտեի հիմնական իրավասությունը, որի միջոցով իրականացվում է Կոնվենցիայի կատարման ապահովմանն ուղղված գործունեությունը, Կոնվենցիայի մասնակից պետությունների ներկայացրած ազգային պարբերական զեկույցների քննարկումն է: Համաձայն Կոմիտեի՝ Կոնվենցիայի մասնակից պետությունների կողմից ազգային զեկույցներ ներկայացնելու պարտավորությունն ունի հետևյալ նպատակները. ապահովել մասնակից պետությունների կողմից իրենց ներպետական օրենսդրության և պրակտիկայի վերանայումը՝ դրանք Կոնվենցիայի դրույթներին ու խնդիրներին համապատասխանեցնելու նպատակով. մշակել Կոնվենցիայի իրականացմանը նպատակաուղղված քաղաքականություն. նպաստել այդ քաղաքականության նկատմամբ հասարակական վերահսկողությանը. օգնել առանձին պետությունների՝ ճիշտ ըմբռնելու այն բացթողումներն ու թերությունները, որոնք խոչընդոտում են Կոնվենցիայի կատարմանը: 

Կոմիտեն համապատասխան կառավարություններին կարող է աջակցել նաև Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման գործում նորմատիվային, ղեկավար և այլ կոնկրետ առաջարկությունների ու հանձնարարականների մշակմանն օժանդակելու միջոցով:
Ներկայումս Կոմիտեն իրավասու չէ քննության առնելու Դաշնագրում ամրագրված իրավունքների խախտման վերաբերյալ առանձին անձանց կամ անձանց խմբերի գանգատները: Նման իրավասության բացակայության պայմաններում էապես կրճատվում է Դաշնագրի դրույթների խախտման զոհ դարձած անձանց՝ միջազգային ընթացակարգի շրջանակներում իրենց իրավունքները վերականգնելու հնարավորությունը: Այժմ Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում նախաձեռնվել է Դաշնագրի Արձանագրության մշակման գործընթացը, որը նպատակ ունի առանձին անձանց իրավունք տալու Դաշնագրով նախատեսված իրենց իրավունքների խախտման վերաբերյալ գանգատով դիմելու Կոմիտեին։ 

Ոչ կոնվենցիոնալ այլ կառուցակարգեր: Մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների կատարումն ապահովող միջազգային ոչ դատական կառուցակարգերի համակարգը չի սահմանափակվում առանձին պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողական հատուկ կառուցակարգերով միայն: 

Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում վերահսկողական գործառույթներով օժտված են նաև Միավորված ազգերի կազմակերպության համակարգի մեջ մտնող առանձին մարմիններ և նրա մասնագիտացված հաստատությունները: 

Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը, ամրագրելով պետությունների վճռականությունը և պատրաստակամությունը՝ «վերահաստատելու իրենց հավատարմությունը մարդու հիմնարար իրավունքներին, մարդկային անհատի արժանապատվությանն ու արժեքին, կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը և մեծ ու փոքր ազգերի հավասարությանը», միաժամանակ սահմանում է ՄԱԿ-ի մարմինների լիազորությունները մարդու իրավունքների միջազգային ստանդարտների ապահովման գործում։ Այդ մարմիններն են՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, Տնտեսական և սոցիալական խորհուրդը, Մարդու իրավունքների հանձնաժողովը, Կանանց իրավունքների հանձնաժողովը, Փոքրամասնությունների խտրականության արգելման և պաշտպանության ենթահանձնաժողովը, Մարդու իրավունքնրեի կենտրոնը: 

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան կանոնադրության 13-րդ հոդվածի համաձայն. «տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական և առողջապահության ասպարեզներում միջազգային համագործակցությունը խրախուսելու և առանց ցեղային, սեռային, լեզվի ու դավանանքի տարբերակման բոլորի համար մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրագործմանը նպաստելու նպատակներով» իրականացնում է հետազոտություններ և ընդունում հանձնարարականներ։ 

Հարկ է նկատել, որ մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող առանցքային նշանակության միջազգային համընդգրկուն իրավական փաստաթղթերն ընդունվել են այս մարմնի կողմից: 

Մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհուրդն իրականացնում է հետևյալ վերահսկողական գործառույթները. «ընդունում է հանձնարարականներ՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակի բարելավման և պաշտպանության նպատակով», ՄԱԿ-ի անդամ պետությունների և մասնագիտացված հաստատությունների հետ կնքում է համաձայնագրեր, որոնց միջոցով ստանում է զեկույցներ անդամ պետությունների կողմից Խորհրդի և Գլխավոր ասամբլեայի հանձնարարականների կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին: 
 
Այս Խորհուրդը կարող է նաև նախապատրաստել և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ներկայացնել մարդու իրավունքների վերաբերյալ կոնվենցիաների նախագծեր: Մարդու իրավունքների ասպարեզում իր գործառույթների իրականացման գործում Տնտեսական և սոցիալական խորհրդին օժանդակում են Մարդու իրավունքների հանձնաժողովը, Կանանց հարցերով հանձնաժողովը: Մարդու իրավունքների հանձնաժողովի գործունեության ոլորտն ու ուղղությունները բավականին ընդգրկուն են. այս մարմինը ոչ միայն պատրաստում է մարդու իրավունքների հարցերով հանձնարարականներ և միջազգային իրավական փաստաթղթերի նախագծեր, այլև ընդունում է մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հայտարարություններ և դրանց կապակցությամբ կազմակերպում քննություն:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ
3134 reads | 26.06.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com