ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական Դատարանի անդամ, ԵՐԵՎԱՆ








Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների միջազգային  պաշտպանության համակարգում  կարևոր դեր ունեն  միջպետական համաձայնությունների հիման վրա ստեղծված, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից  հիմնադրված՝  արդարադատություն իրականացնող դատական մարմինները:

Արդարադատության իրականացումը միջազգային դատարանների միջոցով, որպես մարդու իրավունքների միջազգային իրավական պաշտպանության երաշխիք, հատկապես կարևորվում է նրանով, որ Միջազգային դատարանների ընդունած որոշումները, ի տարբերություն կոնվենցիոնալ կառուցակարգերի, ունեն ոչ թե հանձնարարականի բնույթ, այլ ենթակա են անվերապահ կատարման։  Իսկ միջազգային քրեական արդարադատություն իրականացնող  դատական ատյանների գոյության փաստը կոչված է միջազգային ողջ հանրության գիտակցությունից դուրս մղելու անպատժելիության զգացումը։

Արդարադատության իրականացման  միջազգային ընթացակարգերը և  դատական մարմինները լիազորված են խաղաղ ճանապարհով կարգավորել միջպետական վեճերը, քննել  պետությունների կողմից մարդու իրավունքների խախտման փաստերը և գտնել դրանց լուծումները, մեկնաբանել մարդու իրավունքներին առնչվող համընդհանուր նշանակության միջազգային իրավական բնույթի հիմնահարցերը։  Այդ մարմինները կոչված են նաև իրենց գործունեությամբ ապահովել մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ միջազգային ստանդարտները։

Միջազգային արդարադատության մարմինների կարևոր խնդիրներից է նաև միջազգային հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության  հարցի քննությունը և լուծումը: Միջազգային արդարադատության մարմինները, պայմանավորված նրանց  իրավազորության բնույթով,  կարելի է դասակարգել հետևյալ խմբերի.
 
Դատարանների մի մասը  ստեղծվել է պետությունների միջև վեճեր լուծելու նպատակով, օրինակ, ՄԱԿ-ի Միջազգային դատարանը, Միջազգային միջնորդ դատարանը, Եվրոպական միության դատարանը, Ծովային իրավունքի վերաբերյալ միջազգային դատարանը, ԱՊՀ երկրների տնտեսական դատարանը և այլն։ Դատարանների մյուս  մասն ստեղծվել է մարդու՝ պետությունների կողմից միջազգային պայմանագրերով նախատեսված հիմնարար իրավունքների և ազատությունների խախտման փաստերը քննության առնելու և համապատասխան որոշումներ կայացնելու համար։ Դրանցից են՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը։ Ընդ որում, Մարդու իրավունքների  եվրոպական դատարանն իրավունք ունի քննելու նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև ծագած վեճերը, իսկ վերը հիշատակված Եվրոպական միության դատարանը լուծում է ոչ միայն միջպետական վեճեր, նրա  կարևոր խնդիրներից է նաև անդամ պետությունների կողմից մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավունքի համընդհանուր սկզբունքների պահպանումը։
                                        
Ի տարբերություն մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ոչ դատական կառուցակարգերի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950թ. եվրոպական կոնվենցիայի հիման վրա ստեղծված միջազգային դատարանը բավականին արդյունավետ գործող մարմին է։ Այս դատարանի հիմնադրման նպատակը շատ առարկայական ու կոնկրետ է, այն է՝ ապահովել  Եվրոպական կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը։  

Հարկ է նշել, որ այս կառուցակարգն իր արդյունավետությունն ու կենսունակությունը ձեռք է բերել ոչ միանգամից և ոչ առանց դժվարությունների: Դատարանն իր գոյության ընթացքում որոշակի զարգացում է ապրել: Հինգ տասնամյակների ընթացքում գործել է երկու մարմինների համակարգ՝ Մարդու իրավունքների հանձնաժողով և Մարդու իրավունքների դատարան: Հանձնաժողովն իրավասու էր ընդունելու գանգատներ առանձին անձանցից, հասարակական կազմակերպություններից և անձանց խմբերից: Սկզբնապես գործը Դատարան հանձնելու իրավասությունը պատկանում էր միայն Կոնվենցիայի մասնակից պետություններին և Հանձնաժողովին: Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Յոհեն Ֆրովայնի խոսքերով՝ իր գոյության 20 տարիների ընթացքում. “Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նման է եղել քնած գեղեցկուհու, որին շատ հաճախ են դիմել, սակայն, առանց շոշափելի արդյունքների” :

Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատական համակարգի աշխուժացման համար խթան հանդիսացավ 1994թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած 9-րդ արձանագրությունը, որով  դատարան դիմելու իրավունք վերապահվեց նաև այն անձանց, հասարակական  կազմակերպություններին և անձանց խմբերին, որոնք գանգատ էին ներկայացրել Հանձնաժողովին:

Մարդու իրավունքների պաշտպանության՝ Կոնվենցիայով հիմնադրված՝  համակարգի էական վերակառուցում կատարվեց 1998թ. նոյեմբերի 1-ին ուժի մեջ մտած 11-րդ արձանագրությամբ: Եվրոպայի խորհրդում մարդու իրավունքների պաշտպանության երկակի համակարգը, որը ներկայացված էր Մարդու իրավունքների կոմիտեով և Դատարանով, փոխարինվեց մեկ միասնական ու մշտական հիմունքներով գործող  ինստիտուտով՝ Մարդու իրավունքների դատարանով: Նշված բարեփոխումները նպատակ ունեին կրճատել գանգատների քննության երկարատև ընթացքը, որը միջին հաշվով տևում էր մինչև 6 տարի, խուսափել Մարդու իրավունքների հանձնաժողովի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործառույթների կրկնությունից, կրճատել  համակարգի գործունեության համար կատարվող ծախսումները:

Համաձայն  Կոնվենցիայի 34-րդ հոդվածի, Դատարանը քննության է ընդունում գանգատներ ցանկացած անձից, հասարակական կազմակերպությունից կամ անձանց խմբից, որոնք պնդում են, թե դարձել են  Կոնվենցիայում և կից արձանագրություններում  ամրագրված իրենց իրավունքների ու ազատությունների խախտման զոհ:

Եվրոպայի խորհուրդը սահմանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու որոշակի պահանջներ: Այդ պահանջները չպահպանելու արդյունքում շատ գանգատներ մերժվում են որպես անընդունելի գանգատներ և, ըստ էության, քննության չեն առնվում: Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվող գանգատներում սահմանված պահանջները չպահպանելը հիմնականում դիմումատուների՝ այդ պահանջներին իրազեկ չլինելու արդյունք է:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ
2325 reads | 11.02.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com