«ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ 14 ԿԵՏԵՐԸ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
արտակարգ
և լիազոր դեսպան,
«
Մոդուս վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար





Վուդրո Վիլսոնն իր ձեռքում է պահել ԱՄՆ քաղաքական ղեկը մի խռովահույզ ժամանակաշրջանում (1913-1921թթ.), երբ առաջին աշխարհամարտի փոթորիկների մեջ և դրան հաջորդած քաղաքական վերաձևումների ընթացքում կործանվում էին կայսրություններ, պատմական ասպարեզ էին իջնում նորանոր երկրներ, ի հայտ էր գալիս աշխարհի, որպես մի փոխկապակցված ընդհանրության, նոր ըմբռնումը: Անուրանալի է ԱՄՆ նախագահի և իրավագիտության դոկտորի դերը ազգերի ինքնորոշման իրավունքի քաղաքական հասկացության առաջադրման, մշակման և աներկբա սատարման ուղղությամբ, ինչպես նաև Ազգերի լիգայի, հետևաբար դրա իրավահաջորդը հանդիսացող ՄԱԿ-ի, ստեղծման գործում:

Գրեթե ինը տասնամյակ առաջ՝ 1918թ. հունվարի 8-ին, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը Կոնգրեսի համատեղ նիստին դիմեց մի ուղերձով, որը քաղաքական պատմության մեջ առավելաբար հայտնի է «Վուդրո Վիլսոնի 14 կետերը» անունով («14 Points of Woodrow Wilson»), սակայն որի պաշտոնական անվանումն է «Ուղերձ Կոնգրեսին, որը հայտարարում է Միացյալ Նահանգների պատերազմի նպատակներն ու խաղաղության պայմանները» («Address to Congress, Stating the War Aims and Peace Terms of the United States»): Այս ուղերձի մեջ, որը մինչ օրս ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնարար փաստաթղթերից է, շարադրված էին ԱՄՆ բարձրագույն իշխանավորի և արտաքին քաղաքականության համար անմիջական պատասխանատուի հայացքները հետպատերազմյան աշխարհակարգի վերաբերյալ:

Սույն փաստաթղթի 12-րդ կետն անմիջականորեն վերաբերում էր հայ ժողովրդի ապագային և ստեղծվելիք Հայաստանի Հանրապետությանը։ Այն միանշանակորեն շեշտում էր Օսմանյան կայսրության ոչ թուրք ազգերի, մասնավորապես հայության, ազատորեն ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը: Ուղերձի 12-րդ կետը հայտարարում էր. «Ներկայիս Օսմանյան կայսրության թուրքական մասի համար պետք է հավաստել անվտանգ ինքնիշխանություն, սակայն մյուս ազգերի համար, որոնք ներկայումս գտնվում են թուրքական իշխանության տակ, պետք է ապահովել կյանքի աներկբա անվտանգություն և ինքնավար զարգացման կատարելապես անխափան հնարավորություն, Դարդանելը, որպես ազատ ջրուղի, միջազգային երաշխիքների ներքո, մշտապես պետք է բաց լինի բոլոր երկրների նավերի և առևտրի համար»:

Թեև Վիլսոնի ուղերձում առանձնանշված չէ որևէ երկիր, այսուհանդերձ, անտարակույս, ԱՄՆ նախագահի ուղերձը վերաբերում էր նաև Հայաստանին: Վիլսոնը սույն ուղերձի վրա, իր խորհրդական, գնդապետ Էդվարդ Հաուզի (Edward House) հետ միասին, աշխատել է 1918թ. հունվարի 4-ին, 5-ին և 7-ին: Այդ մասին վկայված է նախագահի խորհրդականի օրագրի մեջ:

Ահա թե ինչ է արձանագրում Հաուզը 1918թ. հունվարի 7-ին. «Երբ գրվել էր Թուրքիային վերաբերող պարբերությունը, նախագահը մտածեց, որ այն պետք է դարձնել ավելի հստակ, որ Հայաստանը, Միջագետքը, Սիրիան և այլ մասերը պետք է նշվեն անուններով: Ես չհամաձայնեցի սրա հետ, հավատացած լինելով, որ այն ինչ ասված է բավարար է ցույց տալու համար դա, և ի վերջո ամեն ինչ մնաց այնպես, ինչպես ձևակերպված էր սկզբում»:

Ի լրումն և ի հաստատումն այս վկայության, վերոհիշյալ ուղերձի պաշտոնական մեկնաբանության մեջ («Official American Commentary on the Fourteen Points»), հղված Փարիզի խաղաղության վեհաժողովում ԱՄՆ պաշտոնական պատվիրակությանը (30 հոկտեմբերի, 1918թ.), նախագահ Վիլսոնը, անդրադառնալով իր ծրագրային ուղերձի 12-րդ կետին, տալիս է իր պատկերացումները Թուրքիայի ապագայի և նախնական դիրքորոշումը Հայաստանի սահմանների վերաբերյալ. «Հայաստանին պետք է տրվի նավահանգիստ Միջերկրականի ծովափում, և հաստատվի հովանավորող ուժ: Ֆրանսիան կարող է հավակնել դրան, սակայն հայերը կնախընտրեն Մեծ Բրիտանիան»: Իր հերթին, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հանձնարարկանը, գնդապետ Հաուզը, ով նաև Փարիզի Խաղաղության վեհաժողովում ԱՄՆ պաշտոնական պատվիրակության ղեկավարն էր, գրում է. «Մերձավոր արևելքում նախագահ Վիլսոնի նպատակն էր Կոնստանտինոպոլսի համար ապահովել միջազգային վերահսկողություն, Անատոլիան տալ թուրքերին և ստեղծել անկախ Հայաստան»:

Հայերին թուրքական լծից ազատագրված տեսնելու իր այս ձգտումը նախագահ Վիլսոնը վերահաստատել է Հռոմի Բենեդիկտոս XV պապին 1918թ. դեկտեմբերի 26-ին գրած նամակում. «Վստահեցնում եմ Ձեզ, որ խոսում եմ ոչ միայն իմ, այլև ողջ ամերիկյան ժողովրդի անունից, երբ ասում եմ, որ ոչ մի այլ ժողովրդի տառապանքը այդքան խորապես չի խռովել ամերիկացիներին, որքան հայերինը: Վստահաբար, իմ ամենանվիրական ձգտումներից է լինելու կարողությանս չափով մասնակցություն ունենալ, ապահովելու համար այդ անիրավված և տարաբախտ ժողովրդի օրինավոր և ամբողջական ազատագրումը անարդար լծից»:

ԱՄՆ նախագահ Վիլսոնն իր մեկ այլ ուղերձում (23 սեպտեմբերի, 1919թ.) հստակորեն նշում է. «Հայաստանը մեկն է այն շրջաններից, որը պետք է լինի Ազգերի Լիգայի խնամակալության ներքո: Հայաստանը պետք է ազատվի: Թուրքին պետք է արգելվի իշխանություն բանեցնել այնտեղ, և քրիստոնյա ժողովրդներին ոչ միայն պետք է թույլ տրվի օգնել Հայաստանին, այլև նրանց պետք է թույլ տրվի պաշտպանել Հայաստանը»: Ավելին, նույն ուղերձի մեջ նախագահ Վիլսոնը, վկայակոչելով Հայոց ջարդերը Թուրքիայում, միանշանակորեն մեղադրում է Թուրքիայի կառավարությանը. «Թուրքական կառավարությունը պետք է ասի, որ ի վիճակի չի եղել կանխելու ահավոր ջարդերը, որոնք այդ երկիրը դարձրել են գերեզմանոց»:

Անհրաժեշտ է ընդգծել, որ Թուրքիան Վուդրո Վիլսոնի առաջադրած սկզբունքները միանշանականորեն ճանաչել է որպես խաղաղության բանակցությունների հիմք: Օսմանյան կառավարությունը զինադադարի իր պաշտոնական գրության մեջ (14 հոկտեմբերի, 1918թ.) հստակորեն հայտարարել է. «Ինքը (Օսմանյան կայսերական կառավարությունը) որպես բանակցությունների հիմք է ընդունում այն ծրագիրը, որն առաջադրվել է ԱՄՆ նախագահի կողմից Կոնգրեսին հղված 1918թ. հունվարի 8-ի ուղերձում»: Միմիայն այս պարտավորությունն ի նկատի ունենալով է, որ ամերիկացիները միջնորդել են դադարացնելու ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ և կնքելու Մուդրոսի զինադադարը (30 հոկտեմբերի, 1918թ.):
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
2256 reads | 11.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com