ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ,
«ՄՈԴՈՒՍ ՎԻՎԵՆԴԻ» ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ



Հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունը դեռևս Թուրքիայի կողմից պատասխանի է սպասում՝ ցեղասպանությունը պիտի ճանաչվի և վնասները պիտի փոխհատցվեն: Սրանք ուտոպիական նպատակներ չեն: Որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, թուրքական պետությունն ունի միջազգային իրավական պարտավորություններ: Համաձայն միջազգային իրավունքի, հանցագործությունների համար պատասխանատվությունն ընկնում է դրանք իրականացրած երկրի վրա, ինչպես նաև, ըստ շարունակականության և պատասխանատվության սկզբունքի, նրա իրավահաջորդի:


Ֆեդերիկո Անդրեու-Գուզման, ավագ իրավախորհրդատու,
Իրավաբանների միջազգային հանձնաժողով (Ժնև)

Մարդկային կյանքը գերագույն և բացառիկ արժեք է: Այն անգին է: Բնականաբար, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, մենք առաջին հերթին, և գրեթե բացառապես, շեշտել ենք հայ ժողովրդի մարդկային կորուստները: Սակայն ցեղասպանության տարիներին հայ ժողովուրդն ունեցել է նաև հսկայական նյութական կորուստներ: Անվիճելի է, որ ցեղասպանության ածանցյալ նպատակներից է եղել հայ ժողովրդի անհատական և հավաքական սեփականության յուրացումը: Միջազգային իրավունքը հռչակում է՝ Ex injմria non oritմr jմs (լատ.), այսինքն՝ հանցագործը չպիտի վայելի իր հանցագործության պտուղները: Այլ խոսքով, erga omnes հանցագործության հետևանքները չեն կարող ճանաչվել կամ օրինականացվել:

Այս առումով, շատ կարևոր է հստակեցնել, թե գումարային դրսևորմամբ ինչքան են եղել հայ ժողովրդի նյութական կորուստները Հայոց ցեղասպանության տարիներին՝ 1915-1923թթ.:

Քննության առնենք որոշ պաշտոնական փաստաթղթեր, որոնցում արձանագրվել են հայ ժողովրդի նյութական կորուստները, և ամրագրվել է նրա փոխհատուցում ստանալու իրավունքը:

1918թ. նոյեմբերի 11-ին Առաջին աշխարհամարտում ռազմական գործողությունները վերջնականապես դադարեցնող զինադադարը պաշտոնապես մտավ ուժի մեջ: Երկու ամիս
անց՝ 1919թ. հունվարի 18-ին, Փարիզում իր աշխատանքներն սկսեց Փարիզի Խաղաղության վեհաժողովը (The Paris Peace Conference), որի նպատակն էր համապարփակ քննության ենթարկել պատերազմին առնչվող հարցերը և նախապատրաստել խաղաղության պայմանագրերը: Կարևորագույն հարցերի թվին էր պատկանում պատերազմի հրահրման
համար մեղավոր երկրների կողմից նյութական կորուստների փոխհատուցումը (reparations): Ըստ այդմ, Փարիզի վեհաժողովի կազմում կար հատուկ հանձնաժողով փոխհատուցումների հարցով (The Commission on Reparations of Damage (Valմation of Damage)): Գրեթե 2 ամիս տևած աշխատանքներից հետո պարզ դարձավ, որ նյութական կորուստներ են ունեցել ոչ միայն պատերազմին անմիջականորեն մասնակցած երկները: Ուստի, մարտի 7-ին նշյալ հանձնաժողովը ձևավորեց առանձին մարմին՝ Հատուկ հանձնախումբ (Special Committee), որի նպատակն էր ի մի բերել հանձնաժողովում չներկայացված երկրների և ժողովուրդների նյութական կորուստները և դրանց փոխհատուցմանը տալ պաշտոնական ընթացք (The Commission on Reparations of Damage, of the Preliminary Peace Conference, has charged a special
Committee with the gathering together of claims which may be maid against the enemy Powers):

Հատուկ հանձնախումբն ուներ հետևյալ կազմը՝ անդամներ. գեներալ ՄըքՔինսթրի, (McKinstry) ԱՄՆ, գնդապետ Փիլ (Peel) Մեծ Բրիտանիա, պրն. Ժոասե (Joմasset) Ֆրանսիա,
քարտուղարներ՝ Հ. Ջայմս (H. James) ԱՄՆ, պրն. Փ. Լոր (P. Laմre) Ֆրանսիա:

Հանձնախմբի ձևավորման հաջորդ իսկ օրը՝ մարտի 8-ին, այն դիմեց Բոլիվիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Էկվադորի, Գվատեմալայի, Հայիթիի, Հեջազի (ներկայումս՝ Սաուդյան
Արաբիա), Պանամայի, Պերուի, Սիամի (ներկայումս՝ Թաիլանդ) և Հայաստանի Հանրապետության (Delegation of the Armenian Republic of the Conference of Peace)
պատվիրակություններին՝ խնդրելով տեղեկություններ կրած նյութական կորուստների վերաբերյալ: Մեկ ամսվա ընթացքում Հատուկ հանձնախումբն ամփոփեց
պատվիրակությունների ներկայացրած, ինչպես նաև այլ միջոցներով հայթայթած, փաստաթղթերը և 1919թ. ապրիլի 14-ին ներկայացրեց իր նախնական զեկույցը: Թեև արևմտահայության և արևելահայության համար հաշվարկները կատարվել էին առանձին-առանձին, սակայն կորուստները ներկայացված էին միասնական վերջնական թվով: Ըստ այդմ, հայության ամբողջական նյութական կորուստը 1914-1919թթ.-ին 1919թ.-ի գներով կազմել է. 19.130.982.000 ֆրանսիական ֆրանկ կամ 3.693.239.768 ԱՄՆ դոլար:

Ըստ զեկուցագրի, հայության նյութական կորուստներն ունեին հետևյալ պատկերը.

1. Արևմտահայաստան (կամ ինչպես փաստաթղթում է գրված՝ Turkish Armenia).
ա) գյուղաբնակների անհատական նյութական կորուստներ՝ 4.601.610.000
բ) քաղաքաբնակների անհատական նյութական կուրուստներ՝ 3.235.550.000
գ) ոչ անհատական նյութական կորուստներ՝ 6.761.350.000
Ընդամենը՝ 14.598.510.000 ֆրանկ

2. Հայաստանի Հանրապետություն և Կովկասի այլ հայաբնակ տարածքներ.
ա) այն բնակավայրերի բնակչության կորուստները, որոնց բնակաչությունն ամբողջությամբ տեղահանվել է՝ 1.831.872.000
բ) այն բնակավայրերի կորուստները, որոնց բնակչությունը չի տեղահանվել՝ 1.293.600.000
գ) այլ նյութական կորուստներ՝ 1.407.000,000
Ընդամենը՝ 4.532.472.000 ֆրանկ

Համընդհանուր նյութական կորուստները՝ 19.130.982.000 ֆրանկ:

Անհրաժեշտ է ընդգծել, որ այս թվի մեջ ներառված չեն հայերի 1920թ., 1921թ., և 1922թ. (համապատասխանաբար՝ Արևելյան Հայաստան, Կիլիկիա, Զմյուռնիա և այլն) նյութական
կորուստները: Եթե հաշվառվեն նաև նշյալ ժամանակահատվածի կորուստները, ապա, բնականաբար, վերոնշյալ թիվն առնվազն պետք է 15-20%-ով մեծացվի: Այստեղ պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը եnբեք չի հրաժարվել իրեն հասանելիք հատուցումից (reparation): Անգամ հայոց պետականության կորստից հետո, երբ այն ռազմակալվեց օտարերկրյա զինված ուժերի կողմից (ռուսական 11-րդ բանակ + թուրքական 3-րդ բանակ), Հայաստանի Հանրապետության օրինական ներկայացուցիչները շարունակել են պնդել հայ ժողովրդի իրավունքների, մասնավորապես նյութական փոխհատուցման վրա:

Այսպես, Լոզանի պայմանագրի կնքումից (24 հուլիսի, 1923թ.) անմիջապես հետո Փարիզի վեհաժողովում Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը պաշտոնական գրությամբ (8 օգոստոսի 1924 թ.) դիմել է Գլխավոր դաշնակից ուժերի արտաքին գործերի նախարարներին և վերահաստատել հայոց իրավունքներին հավատարիմ մնալը:

Փոխհատուցումների հարցով ահնրաժեշտ է առանձնացնել մի կարևոր հանգամանք՝ ժամանակային գործոնը բնավ հիմք չէ նյութական պարտավորություններից խուսափելու
համար: Ֆինլանդիան ԱՄՆ-ի նկատմամբ Առաջին համաշխարհային պատերազմից մնացած իր նյութական պարտավորությունների կատարումն ամբողջացրեց միայն 1969-ին, Մեծ
Բրիտանիան՝ միայն 1965թ.: Ներկայիս Ռուսաստանը դեռևս խնդիրներ ունի ցարական Ռուսաստանի նյութական պարտավորությունների առումով: Թուրքիայի Հանրապետությունն ինքը, չնայած հսկայական զիջումներին, Օսմանյան կայսրության պարտքը կարողացավ փակել միայն 1944թ. հունիսին: «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերությունն (NYLIC) իր 1875-1915թթ. շահառուների ժառանգներին փոխհատուցման հանձնառության մասին հայտարարեց միայն 2004թ. հունվարին, այն էլ երկարատև դատավարությունից հետո: Սույն դատավարությունը, թեև անմիջականորեն չի վերաբերում Հայոց ցեղասպանության ընթացքում մեր ընդհանրական նյութական կորուստների փոխհատուցմանը, այնուհանդերձ խիստ կարևոր է: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի մեկ ֆրանսիական ֆրանկը ներկայումս հավասար է 2.17 ԱՄՆ դոլարի: Այսինքն, դատական նախադեպի կիրառմամբ, մենք կարող ենք հաշվարկել հայության նյութական կորուստների չափը Հայոց ցեղասպանության հետևանքով՝ 19.130.982.000 ֆրանսիական ֆրանկ x 2.17 = 41.514.230.940 ամերիկյան դոլար:

Այսպիսով, Թուրքիայի Հանրապետության, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, փոխհատուցման պարտավորությունը ներկայիս Հայաստանի Հանրապետության
նկատմամբ, որպես Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդի, կազմում է առնվազն 41 միլիարդ 514 միլիոն 230 հազար 940 ամերիկյան դոլար:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
2301 reads | 13.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com