ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՓԱՐԻԶԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ. ԲՆՕՐԻՆԱԿ
1856թ. մարտի 30-ին կնքված Փարիզի հաշտության պայմանագրով ավարտվեց 1853-56թթ. Ղրիմի պատերազմը: Ռուսաստանը վերադարձնում էր Թուրքիային Կարսը ի փոխանակումն Սևաստոպոլի և դաշնակիցների կողմից գրավված ռուսական մյուս քաղաքների: Փարիզի պայմանագրի կնքումից հետո արևելյան հարցն ավելի սրվեց, հատկապես 1870-ական թվականներին: 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանի հաղթանակից հետո Փարիզի հաշտության պայմանագիրը 1878թ. փոխարինվեց Բեռլինի պայմանագրով: Փարիզի պայմանագիրը բաղկացած էր 33 հոդվածներից: Մյուս հոդվածները վերաբերում են Դանուբյան իշխանությունների, Մոլդովիայի ու Վալախիայի նոր ռեժիմին, Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներին:

ՓԱՐԻԶԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
18/30 մարտի, 1856 թ.

Հոդված 3. Նորին Մեծություն Ամենայն ռուսաց կայսրը պարտավորվում է Նորին Մեծություն սուլթանին վերադարձնել Կարս քաղաքը՝ նրա միջնաբերդով հանդերձ, ինչպես նաև օսմանյան տիրապետությունների այն մասերը, որոնք գրավված են ռուսական զորքերի կողմից:

Հոդված 30. Նորին Մեծություն Ամենայն ռուսաց կայսրը և Նորին Մեծություն սուլթանը ամբողջությամբ պահպանում են իրենց տիրույթները Ասիայում, այն կազմով, որպիսին նրանք ունեին օրինաբար մինչև խզումը:

Տեղային ամեն տեսակի վեճերից խուսափելու համար սահմանագծերը կստուգվեն և կարիքի դեպքում կշտկվեն, բայց այնպես, որպեսզի հողային տիրակալության մեջ դրանից տեղի չունենա որևէ կորուստ ոչ մեկ, ոչ մյուս կողմի համար:

Այսպիսի դեպքում ռուսական արքունիքի և Բարձր Դռան միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից անմիջապես հետո սահմանավայր կուղարկվի երկու ռուսական կոմիսարներից, երկու օսմանյան կոմիսարներից, մեկ ֆրանսիական կոմիսարից և մեկ անգլիական կոմիսարից կազմված հանձնաժողով: Հանձնաժողովը պետք է իր վրա դրված գործը կատարի ութ ամսվա ընթացքում՝ հաշվելով սույն պայմանագրի վավերացումների փոխանակման օրից:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
3920 reads | 30.03.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com