ՄԱԿ-Ի ՈՉ ԿՈՆՎԵՆՑԻՈՆԱԼ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական Դատարանի անդամ, ԵՐԵՎԱՆ







Մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների կատարումն ապահովող միջազգային ոչ դատական կառուցակարգերի համակարգը չի սահմանափակվում առանձին պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողական հատուկ կառուցակարգերով միայն:

Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում վերահսկողական գործառույթներով օժտված են նաև Միավորված ազգերի կազմակերպության համակարգի մեջ մտնող առանձին մարմիններ և նրա մասնագիտացված հաստատությունները:

Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը, ամրագրելով պետությունների վճռականությունը և պատրաստակամությունը՝ "վերահաստատելու իրենց հավատարմությունը մարդու հիմնարար իրավունքներին, մարդկային անհատի արժանապատվությանն ու արժեքին, կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը և մեծ ու փոքր ազգերի հավասարությանը”, միաժամանակ սահմանում է ՄԱԿ-ի մարմինների լիազորությունները մարդու իրավունքների միջազգային ստանդարտների ապահովման գործում։ Այդ մարմիններն են՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, Տնտեսական և սոցիալական խորհուրդը, Մարդու իրավունքների հանձնաժողովը, Կանանց իրավունքների հանձնաժողովը, Փոքրամասնությունների խտրականության արգելման և պաշտպանության ենթահանձնաժողովը, Մարդու իրավունքնրեի կենտրոնը:

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան կանոնադրության 13-րդ հոդվածի համաձայն. "տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական և առողջապահության ասպարեզներում միջազգային համագործակցությունը խրախուսելու և առանց ցեղային, սեռային, լեզվի ու դավանանքի տարբերակման բոլորի համար մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրագործմանը նպաստելու նպատակներով” իրականացնում է հետազոտություններ և ընդունում հանձնարարականներ։

Հարկ է նկատել, որ մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող առանցքային նշանակության միջազգային համընդգրկուն իրավական փաստաթղթերն ընդունվել են այս մարմնի կողմից:

Մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհուրդն իրականացնում է հետևյալ վերահսկողական գործառույթները. "ընդունում է հանձնարարականներ՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակի բարելավման և պաշտպանության նպատակով”, ՄԱԿ-ի անդամ պետությունների և մասնագիտացված հաստատությունների հետ կնքում է համաձայնագրեր, որոնց միջոցով ստանում է զեկույցներ անդամ պետությունների կողմից Խորհրդի և Գլխավոր ասամբլեայի հանձնարարականների կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին: Այս Խորհուրդը կարող է նաև նախապատրաստել և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ներկայացնել մարդու իրավունքների վերաբերյալ կոնվենցիաների նախագծեր: Մարդու իրավունքների ասպարեզում իր գործառույթների իրականացման գործում Տնտեսական և սոցիալական խորհրդին օժանդակում են Մարդու իրավունքների հանձնաժողովը, Կանանց հարցերով հանձնաժողովը: Մարդու իրավունքների հանձնաժողովի գործունեության ոլորտն ու ուղղությունները բավականին ընդգրկուն են. այս մարմինը ոչ միայն պատրաստում է մարդու իրավունքների հարցերով հանձնարարականներ և միջազգային իրավական փաստաթղթերի նախագծեր, այլև ընդունում է մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հայտարարություններ և դրանց կապակցությամբ կազմակերպում քննություն:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
881 reads | 21.07.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com