ԱՇՈՒՆՆ ՈՒ ՔԱՄԻՆ (ՀԵՔԻԱԹ)
ԿԼԱՐԱ  ԹԵՐԶՅԱՆ








Քամին մանրիկ թռիչքներով էր՝ այդպես թափ էր առնում, որ ուժգնանա, քշի ու տանի տերևները: Հենց այդ պահին աչքը դիպավ Աշնանը, զարմացած կանգ առավ.
- Ի՛նչ գեղեցիկ ես հարդարել մազերդ, ականջներիդ հակինթ ու զմրուխտ օղեր կախել, հոլանի թևերդ ոսկե ապարանջաններով զարդարել: Ո՞ւմ ես սպասում. արդեն վաղուց քո բերքն ու բարիքը բաժանել ես մարդուն, գազանին ու թռչունին: Խե՜ղճ Աշուն, իզուր ես պճնվել, հիմա քեզ էլ ոչ ոք չի հիշում, չի այցելում:
- Գուցե սխալվո՞ւմ ես, - վիրավորվեց Աշունը:
- Գուցե, բայց, ցավոք, իմ գործը քեզ տանելն է՝ թե որտեղ` ինքս էլ չգիտեմ:
- Ուր էլ տանես, ուր էլ հասցնես, թող իմ վերջին հանգրվանում ինձ տեսնեն ու հիշեն այս տեսքով` շքեղ ու գեղեցիկ:
- Ոչ միայն շքեղ ու գեղեցիկ ես, այլև՝ ինքնահավան: Բայց դա այլևս կարևոր չէ: Թևդ տուր, թռչենք:
- Գոնե մի քիչ սպասիր, - տխուր ասաց Աշունը, - չէ՞  որ ես դեռ ջահել եմ, ապրել եմ ուզում:
Հենց այդ պահին մի կին մոտեցավ ու խնդրեց Աշնանը, որ իր տերև-ծաղիկներից մի փունջ տա:
- Խնդրեմ, - ասաց Աշունը:
Կինը խնամքով սկսեց պոկել տերևները, փունջ կազմեց և ուզեց հեռանալ:
- Ինչո՞ւ այդքան քիչ, - ասաց Քամին, - առ, վերցրու: - Ու կնոջ գիրկը լցրեց բազում տերևներ:
Կինը մի մեծ փունջ կազմեց և, շնորհակալություն հայտնելով, հեռացավ:
- Տեսնես ինչի՞ն է պետք, - ասաց Քամին, - արի, հետևից գնանք:
 - Գնանք, ինձ էլ է հետաքրքիր:
Կինը մտավ դահլիճ, որտեղ տարեց շատ մարդիկ կային: Աշունը նստեց մի աթոռին, Քամին ծվարեց անկյունում: 
Կինը ողջունեց հավաքվածներին, մեծարելով նրանց սերունդներ կրթելու համար: Ու բեմը լցվեց երեխաներով, առջևից քայլող աղջկա զգեստը կարված էր աշնան տերևներից, գլխապսակը` նույնպես տերևներից էր, իսկ ձեռքին զամբյուղ էր՝ լցված խաղողով, դեղձով, տանձով, խնձորով: Աղջիկը կերպարավորել էր աշունը. նրա ուղեկիցներն էին ձմերուկը, սեխը, լոլիկը, վարունգը... Երեխաները մեծարում էին աշնանն ու նրա պարգևած բարիքները, գեղեցիկ ոտանավորներ ասում, երգում, պարում:
Դահլիճում նստած Աշունը հաճախ մաքրում էր խոնավացած աչքերը, ուզում էր Քամուն ասել, որ դրանք երջանկության արցունքներ են: Իսկ Քամին կախել էր գլուխը, ամաչում էր Աշնանն իր ասած խոսքերից: Հետո շշուկով ասաց.
- Աշուն, ինչո՞ւ ինձ ոչ ոք չի սիրում, չի սպասում, իմ մասին ոտանավոր չեն գրում: Մի՞թե ես ծնվել եմ վատն արարելու համար:
- Ինչո՞ւ, - ասաց Աշունը, - հապա բաց ծովն ու առագաստանավը, հողմաղացը...
Աշունը չկարողացավ շարունակել, քանի որ կինը բեմից ողջունում էր հավաքվածներին, նրանց համեմատելով աշնան հետ, որն իր բոլոր ունեցածը տալիս է մարդուն, շնչավորին, բնությանը: Եվ որքան տալիս է՝ այնքան ինքը հարստանում: Ու նա տերև-ծաղիկները սկսեց դահլիճին նետել: Քամին օգնեց, որ տերևները սավառնեն, հասնեն վերջին շարքերում նստածներին էլ:
Մարդիկ երիտասարդացել էին՝ օդում որսում էին տերևները որպես ծաղիկներ: Հետո դրանք տուն տարան՝ տերևները ողջ ձմեռ պետք է զարդարեին նրանց բնակարանները:
Քամին վախվորած ձեռքը պարզեց Աշնանը. նա ժպտաց իր գեղեցիկ ժպիտով: Աշունն ու Քամին դուրս եկան դահլիճից թև-թևի տված. թռչում էին միասին, իրենք էլ չիմանալով, թե ուր: Եվ դա կարևոր չէր: Քամին քնքշանքով շոյում էր Աշնան վարսերն ու շարունակ շշնջում.
- Թող մեր վերջին հանգրվանում բոլորը մեզ տեսնեն միասին՝ սիրով ու հավատով լեցուն:
 Եվ ոչ ոք երբեք Քամուն այդքան երջանիկ չէր տեսել:
ՉՎՈՂ ԹՌՉՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԹԵՎԵՐՈՎ
3435 reads | 13.06.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com