ԴԻԼԻՋԱՆՅԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ (ՊԱՏՄՎԱԾՔ)
ԿԼԱՐԱ  ԹԵՐԶՅԱՆ






 
Գարնան շունչը բաց պատուհանից ներս մտավ աշխատասենյակ: Գրասեղանների առջև նստած էին չորս կին` Նազելին, Լաուրան, Շուշանն ու Փիրուզը:

- Ի՞նչ եք կարծում, գարնան գալուստը չնշե՞նք, - ասաց Նազելին, որ տարիքով մյուսներից մեծ էր:

- Իհարկե, - ձայնեցին ընկերուհիները` նրանք երիտասարդ էին ու յուրովի դժբախտ. Լաուրայի ամուսինը մահացել էր, Շուշանը բաժանված էր, իսկ Փիրուզը չէր ամուսնացել` բնավորությամբ բծախնդիր էր ու ոչ մեկին չէր հավանում: Նա իր արտաքինի մասին մեծ համարում ուներ, և դա անհիմն չէր: Առհասարակ չորսն էլ գեղեցիկ էին:

- Իսկ ի՞նչ ես առաջարկում, - հարցրեց Լաուրան:
- Մի երկու օրով գնալ Դիլիջան` Կոմպոզիտորների տուն:
- Ձմեռից փախանք, որ էլի ձմռան մեջ մտնե՞նք, - ասաց Շուշանը:
- Դու չգիտես` Դիլիջանի ձմեռն ուրի՛շ է` անտառը, սարերը, ձորերն անվերջանալի հեքիաթ են:
- Գնա՛նք, գնա՛նք, - ասացին Լաուրան ու Փիրուզը:
Հաջորդ առավոտյան, նշանակված ժամին, չորսն էլ ավտոկայանում էին:
- Վա՛յ, Փիրուզ, սպորտային հագուստը քեզ ո՛նց է սազում, - ասաց Լաուրան:
- Բա գլխա՛րկը, - ասաց Շուշանը, - որտեղի՞ց ես ճարել:
- Որ ուզես` դու էլ կճարես, ասա մտքումդ լինի:
  Ավտոբուսը ճիշտ ժամին շարժվեց: Վարորդը մեքենան դանդաղ էր քշում, ասես հատուկ այդ կանանց համար, որ շարունակ զմայլվում էին.
- Նայե՛ք, նայե՛ք այս ծառերին, ի՛նչ գեղեցիկ են` ձյունածածկ, մերկ ճյուղերը նման են սպիտակ քողով հարսների:
- Լաուրա, ուշքդ ու միտքդ հարս ու հարսնաքող է, - ասաց Փիրուզը:
- Աղջի, մի քիչ կաղապարիցդ դուրս արի, տես` ինչքա՛ն սիրուն են:
- Իսկ ո՞վ է ասում, որ սիրուն չեն, - վիրավորվեց Փիրուզը:
- Լաուրա, գոնե դու մի խոսիր` քո տունը պարտեզի մեջ է, մենք ենք չտես, որ զրկված ենք այդ վայելքներից, - ասաց Նազելին:
Որքան հեռանում էին Երևանից` բնապատկերներն ավելի գրավիչ էին դառնում, ասես իրար հետ մրցում էին, թե ո՞վ է ավելի գեղեցիկ: Փիրուզն աջակողմյան սարի մասին ասաց, որ սքանչելի սահատեղի կլիներ, եթե ճոպանուղի կառուցեին:
- Պատկերացնո՞ւմ եք, դահուկներով, սահնակներով ո՛նց կսլանային, բարձրացնելով ձնե շատրվաններ: Ու այդ պահին կթվար, որ անտառը, սարը, ձորը, ամբողջ աշխարհն իրենցն է, որ միշտ միասին են եղել:
- Այնպես ես խոսում, ասես դահուկորդ ես,  - հեգնեց Շուշանը:
- Մի քիչ զբաղվել եմ:
- Դու շատ տափուկն ես, ինչո՞ւ չես ասել:
Ընկերուհիներին քաղցր զրույցից կտրեց վարորդի ձայնը.
- Կոմպոզիտորների տուն գնացողներ, էստեղ իջեք ու ձախի կամրջով դիմացի սարի կողմը գնացեք` մի երկու կիլոմետր ոտքով պիտի գնաք: Ձեր բախտից, ձյունը կտրվել ա:
Կանայք շնորհակալություն հայտնելով, մեքենայից իջան ու քայլեցին վարորդի ասած ուղղությամբ: Ձյունը նստած էր հաստ շերտով, չնայած քայլելը դժվար էր, բայց շուրջն այնպիսի լռություն էր, օդն այնքան մաքուր, թափանցիկ, որ թվում էր, ամեն ինչ նախաստեղծ օրվանից էր, դեռ ոչ ոք այս տեղերով չի անցել` իրենք են, երկիրը, երկինքն ու Աստված:
Չորսն էլ մանկացել էին, անգամ ճամպրուկները ցած դրին ու մի քիչ ձնագնդիկ խաղացին: Ո՜չ մարդ կար, ո՜չ շարժում:
Կանայք չնկատեցին, թե ինչպես անցան այդ երկու կիլոմետրը: Ու հայտնվեցին Կոմպոզիտորների տան դարպասի մոտ:
- Գնացեք գրասենյակ, - ասաց պահակը, - այնտեղ կտան ձեր քոթեջի բանալիները:
Ու դրախտային մի այլ տեսարան բացվեց` սարն ի վեր առանձնատներ էին, որոնց ճակատներին սառցե անձեռակերտ քանդակներ էին կախված` երգեհոններ, ամրոցներ, ժանյակներ, ծաղիկներ… Օդը լցված էր երաժշտությամբ` ամեն կողմից դաշնամուրային նվագ էր: Որոշ առանձնատներին փակցված հուշատախտակներին գրված էր` ՙԱյստեղ հանգստացել է Արամ Խաչատրյանը՚, ՙԱյստեղ հանգստացել է Դմիտրի Շոստակովիչը՚: Մարտիրոս Սարյանի, Մայա Պլիսեցկայայի, Աննա Զեգերսի ու անվանի շատ մարդկանց անուններն են կապված հայ կոմպոզիտորների ստեղծագործական տան հետ:
Կանայք իրենց հատկացված առանձնատանը տեղավորվեցին, մի քիչ հանգստացան ու դուրս եկան:
Ճաշարանում հանդիպեցին ծանոթ կոմպոզիտորների, խոսեցին, կատակեցին: Ճաշերը շատ համեղ էին, բայց բոլորից ախորժաբերը` բազուկով, կարտոֆիլով ու թթու վարունգով աղցանն էր: Շուշանը, որ ուտել սիրում էր ու պետքը չէր, որ չաղանում է, երեք ափսե աղցան կերավ:

- Բախտդ բերել է, որ Ֆրանսիայում չես, - ասաց Նազելին:
- Ինչի՞:
- Երբ առաջին անգամ սովետական տուրիստների մի խումբ գնացել է Ֆրանսիա, աղցաններն այնքան համով են եղել, որ անզուսպ կերել են: Հաջորդ առավոտյան թերթերից մեկում մի ծաղրանկար է տեղադրվել` ՙՍովետական տուրիստները՚ վերնագրով: Պատկերված է եղել մի սայլ` մեջը լիքը բանջարեղենով ու մեր տուրիստները հարձակվել, ուտում են: Բայց ուտում են ոչ թե ձեռքով, այլ դունչները երկարած՝ կովերի պես:
- Երա՛նի ես էլ գնայի Ֆրանսիա, թեկուզ նկարեին:
- Կարծում ես խեղճ տուրիստները մի բան տեսնո՞ւմ են. ոչխարի հոտի պես, խմբով են գնում ու ամեն ինչի կողքով վազքով անցնում: Թե մեկն ուզի Էյֆելյան աշտարակում, կամ Լուվրում մի որևէ նկարի մոտ մի քիչ ավելի կանգնել կամ անձնական նախաձեռնությամբ թատրոն, թանգարան գնալ` ղեկավարը վերադարձին այնպիսի բնութագիր կգրի, որ երկրորդ անգամ խեղճին էլ չեն թողնի արտասահման գնալ:
- Հուսանք, որ այդ ժամանակներն անցել են, - ասաց Փիրուզը:
- Ներեցեք, որ ձեր քաղցր զրույցն ընդհատում եմ, -  կանանց մոտենալով, ասաց Սեպուհ անունով կոմպոզիտորը, - ես ձեզ հրավիրում եմ իմ քոթեջը` լսելու ՙԴաշնամուրի կոնցերտը՚, որ նոր եմ գրել: Սուրճն ինձ մոտ կխմեք` հայտնի սուրճ եփող եմ, իսկ օղին` ձեզանից, իմը վերջացել է:

Կանայք տարօրինակ հյուրասիրությունից զարմացան ու թեև օղի չէին խմում, բայց մի շիշ ունեին, հետները տարան: Սեպուհը նրանց շատ ջերմ ընդունեց, իրոք, համեղ սուրճ պատրաստեց, իսկ ինքը գրեթե կես շիշ օղի խմելուց հետո, նստեց ռոյալի առջև: Նվագում էր, բացատրելով, թե ստեղծագործության բուն միտքը որն է, նվագախումբը որ մասերում է միջամտում, ինչ երկխոսություն է գնում:

Կանայք հաճույքով էին լսում. գուցե համերգային դահլիճում` սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, կոնցերտն այդպիսի տպավորություն չթողներ, բայց այստեղ` դիլիջանյան առանձնատանը, որի պատուհանից ձյունածածկ ճյուղերը ծաղկած խնձորենիներ էին թվում, երաժշտությունը շնչում էր գարուն` հոգիդ դարձնելով ավելի հուզական:

Սեպուհը փոքրամարմին էր, բայց նվագելիս թվում էր ուժեղ, մեծ: Երբ նվագելը վերջացրեց` լռեց, ասես դեռ լսում էր հեռացող հնչյունները, որ պետք է մարեին հանդիպակաց սարում:

- Հրաշալի՛ է, - ասաց Նազելին:
- Ես տեսա ձեր պատմածը, թվաց` ամեն ինչ շունչ է առել, կենդանացել, - ասաց Լաուրան:
- Հենց Դիլիջանում պիտի գրեիք այս ստեղծագործությունը` այս անտառին, սար ու ձորին եք պարտական, որ կարողացել եք նման գործ ստեղծել, - ասաց Շուշանը;
Փիրուզը լռում էր: Չէր հասկացվում, տպավորության տա՞կ էր, թե՞ չէր հավանել:
- Փիրուզ, իսկ դուք, դուք ի՞նչ կարծիքի եք, - հարցրեց Սեպուհը:
- Լավ հեքիաթ էր, որը, ափսոս, տխուր ավարտ ունեցավ:
- Բայց, եթե հեքիաթ է, ուրեմն, պիտի լուսավոր ավարտ ունենա:
- Տխուր հեքիաթներ էլ են լինում:
Կանայք բազմիմաստ իրար նայեցին` մի՞թե Փիրուզը մեծ սեր է կորցրել:
Ընթրիքի ժամն էր, դուրս եկան, որ ճաշարան գնան: Հանկարծ Սեպուհը Փիրուզի առջև ծնկի եկավ ու ձեռքերը պարզեց, ասելով.
- Դուք սքանչելի՛ եք:
Այնքան անսպասելի ու զավեշտական տեսարան էր, որ ընկերուհիները ծիծաղը հազիվ զսպեցին` Սեպուհը կարճահասակ էր, նիհար ու ձների մեջ ծնկի եկած` քառորդ մարդու տպավորություն էր թողնում:
- Ես ձեզ սիրում եմ, դուք իմ թագուհին եք: Տվեք ինձ ձեր ձեռքը…
Թվում էր Փիրուզն այս պոռթկուն խոսքից պիտի շփոթվի: Բայց նա կանգնած էր հպարտ ու վերևից էր նայում ծնկաչոք ասպետին:
- Լավ, Սեպուհ, - ասաց Նազելին, - վեր կացեք, գնանք ճաշարան` ուշ է:
- Ցերբեր, արթուն ու չար պահակ, - կատակի տվեց Սեպուհը:
Փիրուզը մի ձնագնդիկ սարքեց ու, նշան բռնելով, նետեց ծառի վերին ճյուղին, բայց վրիպեց:
- Որպեսզի ձնագնդիկը լավ թռչի` պիտի ձեռքերիդ մեջ շատ տրորես, քար դարձնես, - ասաց Լաուրան և իր սարքած ձնագնդիկն ուղարկեց նույն ճյուղին ու չհաջողեց:
- Ձեր ձեռքերում ի՛նչ ուժ կա, որ ուզում եք ձնագնդիկը վերին ճյուղին հասնի: Հիմա, տեսեք, թե ո՛նց պիտի խփել…
Հեգնեց Շուշանն ու իր հաստլիկ ձեռքերով սարքած ձնագնդիկը թափով նետեց:
Սեպուհը, օգտվելով, որ Նազելիի հետ մենակ են, ասաց.
- Մի՞թե չնկատեցիք, որ Փիրուզն այնքան կարոտ է սիրո, քնքշանքի:
- Բայց, ոչ ձեր: Ձեր զգացմունքը ծնվեց պահի տակ ու պահի տակ էլ կորչելու է: Եթե Փիրուզն ուզեր` այդպիսի սերեր շատ կունենար: Նա իսկական սիրո կարոտ է:
Հետո Նազելին ձայնեց.
- Աղջիկներ, գնանք, ուշանում ենք` կարող է ընթրիքից զրկվենք:
Մի ուրիշ արկած էլ նրանց հաջորդ երեկոյան էր սպասում: Ընթրիքից հետո Շուշանն ասաց.
- Լսել եմ, երեկոյան ճաշարանը սրճարան է դառնում` կոմպոզիտորները նվագում են, երգիչներ, դերասաններ են գալիս, պարում, ուրախանում են: Մենք էլ գնանք:
Լաուրան ու Փիրուզը համաձայնվեցին, Նազելին ասաց.
- Ես պիտի գիրք կարդամ` հետս հետաքրքիր գիրք եմ բերել:
- Դու էլ կարդալու տեղ գտար` ընթերցարան-ակումբ չենք եկել, - կշտամբեց Շուշանը:
- Ի՞նչ արած, տանը կարդալու ժամանակ չունեմ:
Փիրուզն ու Շուշանը դեմքերի շպարը թարմացրին:
- Լաուրա, - ասաց Շուշանը, - այդ ինչքա՛ն մեծ կարծիքի ես  արտաքինիդ մասին, որ ուզում ես առանց ներկվելու գնալ:
- Ու՞մ պիտի զարմացնեմ:
- Վախենում ես, մի Սեպուհ չգտնվի՞…
- Պահ, միայն դա էր պակաս:
Երեքով գնացին զվարճանալու, իսկ Նազելին գիրքը ձեռքը վերցրեց և այնպես տարվեց ընթերցանությամբ, որ չնկատեց` շա՞տ ժամանակ անցավ, թե՞ քիչ: Վեր թռավ դռան տագնապալի զանգերից և Շուշանի ձայնից.
- Նազելի, շուտ, շուտ դուռը բաց արա:
- Ի՞նչ է պատահել, - դուռը բացելով, հարցրեց Նազելին:
- Մեր հետևից երկու մարդ են ընկել, հազիվ փախանք: Որ գան` դուռը չբացես:
- Կարգին պատմեք` հասկանամ:
- Սկզբից ամեն ինչ լավ էր, շատ մարդ կար` կոմպոզիտորները նվագում էին, դերասաններ, երգիչներ էին հրավիրված: Հետո լույսերը մարեցին ու մոմեր վառեցին: Սկսեցին տանգո, վալս պարել: Մի մարդ մեզ ուզում էր շամպայնով հյուրասիրել, ինձ պարի հրավիրեց` մերժեցի: Հետո, հետո չգիտեմ ի՞նչ կպատահեր… Փիրուզին, Լաուրային ասացի` փախչենք:
- Ոչինչ էլ չէր լինի, - ասաց Լաուրան, - մտածածդ երևակայությանդ արդյունքն է:
Փիրուզը լռում էր: Չէր հասկացվում` վախեցա՞ծ է, թե՞ ափսոսում է, որ փախել են:
Այդ պահին դուռը ծեծեցին.
- Խնդրում եմ բաց արեք, - կիրթ ձայնով ասաց մեկը:
- Նա է, - սարսափեց Շուշանը: - Նազելի, ասա, որ գնա:
- Ո՞վ է, - հարցրեց Նազելին:
- Վլադիմիրն ու Արտյոմը:
- Դուք ովքե՞ր եք, մենք այդպիսի ծանոթներ չունենք:
- Մի վախեցեք, մենք ութերորդ քոթեջից ենք: Մեզ թվաց, ձեր աղջիկներին վախեցրել ենք, եկել ենք ներողություն խնդրելու:
- Աղջիկները ձեր ներողությունը լսեցին: Գնացեք, բարի գիշեր:
Անծանոթները դուռը համառորեն ծեծում էին ու խնդրում, որ իրենց ներս թողնեն: Խոսում էին կիրթ և չէր զգացվում, որ գինով են:
- Խնդրում եմ, գնացեք` մենք ուզում ենք քնել, վաղը առավոտ շուտ մեկնելու ենք, - ասաց Նազելին:
- Ուրեմն, ձեզ շամպայնով բարի ճանապարհ մաղթենք:
- Մենք շամպայն չենք խմում, դուք առանց մեզ խմեք, իսկ մենք ձեզ մաղթում ենք` բարով մնաք: Աստված բոլորիս պահապան:
- Ի՛նչ լավ խոսք ասացիք` Աստված բոլորիս պահապան: Բարի գիշեր, մենք գնացինք:
 - Գիշեր բարի:
Անկոչ հյուրերը հենց դռնից հեռացան` Նազելին ընկերուհիներին ասաց.
- Գիտե՞ք ում էիք նման` անգլիական հեքիաթի խոզուկներին` քիչ էր մնում վախից մահճակալի տակ մտնեիք:
- Ես ճիշտ էի` կիրթ մարդիկ էին: Շուշան, իզուր վախեցար:
- Ես Լաուրայի հետ համամիտ եմ, - ասաց Փիրուզը:
- Թե չէ, դուք պակաս էիք վախեցել: Դե որ այդքան քաջ էիք` դուռը բանայիք:
- Վերջ, - ասաց Նազելին, - ինչպես վանեցին կասեր` ՙԶգուշություն լավ բան ի՚: Սա էլ էր պետք, որ դիլիջանյան էսքիզներն ամբողջանային` հիշելու ենք ու ծիծաղելու:
- Եվ ծաղկեցրած պատմելու, - ասաց Լաուրան:
- Ո՛նց ենք այս դրախտը թողնելու ու քաղաք վերադառնալու, - ափսոսանքով ասաց Փիրուզը:
Առավոտյան, տաքսի նստելուց առաջ, կանայք Դիլիջանին շնորհակալություն հայտնեցին, կրկին վերադառնալու խոստումով: Եղանակը գնալով մռայլվում էր, իսկ ոլորանների վրա մառախուղը շուրջբոլորը ծածկել էր, ոչինչ չէր երևում:
- Բնությունը տխրել է, որ գնում ենք, - ասաց Նազելին:
- Տեսնես անփորձանք տեղ կհասնե՞նք, - ասաց Լաուրան:
- Վայ, մամա ջան, վախենում եմ…, - Շուշանը քիչ էր մնում լաց լիներ:
- Առանց խուճապի, - ասաց վարորդն ու մեքենայի դեղին լապտերը վառեց: - Ես ձեզ ողջ-առողջ տեղ կհասցնեմ:
Բարեբախտաբար, դիմացից մեքենա չէր գալիս, և վարորդը մեքենան անփորձանք մայրուղի հանեց: Այնտեղ էլ ուրիշ փորձություն էր սպասում. բուք էր` քամին ձյան հետ պար էր բռնել: Գնացող-եկող մեքենաները կանգ էին առել` սարսափելի խցանում էր: Ձյունն այնպիսի խոշոր փաթիլներով էր իջնում` ասես ձմռան ամբողջ պաշարը պահել էր ու  հիմա էր ուզում պարպել: Բնության տարերքի դեմ խաղ չկար` պետք էր սպասել մինչև փոթորիկը հանդարտվի: Դրսում միայն ճանապարհային ոստիկաններն էին, որ կարգադրում էին վարորդներին, ուղևորներին մեքենաներից դուրս չգալ ու իրենց չխանգարել:
- Տեսեք, տեղացի ոստիկաններն ի՛նչ կոփված, պինդ մարդիկ են, բքին ո՛նց են դիմանում, - ասաց Շուշանը:
- Ո՛նց են դիմանում, նայիր դեմքերին, ձեռքերին` ցրտից բազուկի պես կարմիր են, - առարկեց Լաուրան:
Վերջապես քամին դադարեց, ոստիկանները, դիրիժորների նման, սկսեցին ղեկավարել երթևեկությունը. դիլիջանյան տաքսիի հերթն էլ հասավ` տեղից պոկվեց, ու կանայք թեթևացած շունչ քաշեցին, հավատալով, որ այլևս առանց արկածների տուն կհասնեն:
Ու հանկարծ Փիրուզն այնպիսի կարոտով ասաց` ՙՄնաս բարով, Դիլիջան՚, որ թվաց մտքում «Դաշնամուրի կոնցերտն» է ու ծնկաչոք Սեպուհը` «Փիրուզ, Դուք սքանչելի՛ եք»:
ՉՎՈՂ ԹՌՉՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԹԵՎԵՐՈՎ
748 reads | 13.05.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com