ԷՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԾՏԵՐՆ ԷԼ ԵՆ ԳՈՂ (ՊԱՏՄՎԱԾՔ)
ԿԼԱՐԱ  ԹԵՐԶՅԱՆ








Խաչիկը թե մնար Ագուլիսում, ու կարգերն էլ չփոխվեին, նրան կմեծարեին` աղա Խաչիկ: Բայց գաղթել էր Երևան ու դարձել ընկեր Խաչիկ կամ` Խաչիկ Իգնատովիչ: Ականջին երկուսն էլ խորթ էին, մանավանդ` երկրորդը, մտքում դժգոհում էր` ՙՏո, հայ ես, էլ Իգնատովիչը ո՞րն է՚: Սակայն շատ բաների պես, սա էլ էր կուլ տալիս` սովետից վախենում էր, գիտեր, բերանը հազիվ բացած` կհայտնվեր Սիբիրում: Առանց այդ էլ թաքցրել էր, որ կալվածատեր էր եղել, ունեցած-չունեցածը կարմիր աստղով պոպոզավորները թալանել էին:

Խաչիկին Երևանի կենտրոնական փողոցում մի սենյակ էին տվել: Տունը քարաշեն էր, բազում հարևաններով և փոքրիկ բակով` ջուրն ու կոմունալ մյուս հարմարություններն ընդհանուր էին: Բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեին` ինչ եփեցին, ինչ կերան, ով եկավ, ով գնաց... Ոչինչ թաքցնել չէիր կարող: Խաչիկը տնտեսվար մարդ էր` բակից մի փոքր տարածք ցանցապատել էր, մի կեսում հավուճիվ էր պահում, մյուսում` ձմեռվա վառելափայտն էր շարված, անգամ լողարանի պես մի բան էր հարմարեցրել: Ցանցի չորս բոլորը խաղողի վազեր էր տնկել: Ամռանը, երբ ողկույզները սկսում էին հասունանալ, հոգսն ավելանում էր, կնոջ` Սաթենիկի կարած տոպրակների մեջ էր առնում յուրաքանչյուր ճութը, որ ծտերը չկտցահարեն, քթի տակ փնթփնթալով` ՙԷս պետության ծտերն էլ են գող՚:

Նրա տանը ոչինչ չէր թափվում, անգամ հացի փշրանքները: Սիրում էր տարին մեկ-երկու անգամ հյուր ընդունել. Սաթենիկը լավ տնտեսուհի էր, համեղ ճաշեր էր եփում, բայց հավով փլավը` նրա խոհարարական արվեստի դափնեպսակն էր, մանավանդ որ հավն իրենց խնամածն էր:

Հյուրերին ընդունելիս էլ հացը Խաչիկն էր կտրում` շերտերը բարակ էին, հավասար, փշրանքը տեղնուտեղը հավաքում էր` հավերի համար: Տանն ամեն ինչ կարգուկանոնով էր, անգամ վառելափայտը կտրել էր տալիս համաչափ, գեղեցիկ դարսում: Սաթենիկին կարգադրել էր օրվա որոշ ժամերին հավերին բաց թողնի, որ բակում քուջուջ անեն:

Օրերից մի օր, երբ հավերը վայելում էին իրենց ազատությունը, բակ մտան մի կին ու տղամարդ: Նրանք սկսեցին հետաքրքրվել բնակիչների կենցաղային պայմաններով: Կինը, տեսնելով հավերին, հարցրեց.

- Սրանք ո՞ւմ հավերն են:
Սաթենիկն ասաց.
- Մերը:
- Ձեր անուն-ազգանունը կասե՞ք:
Սաթենիկը, որ ամեն ինչում տալիս էր ամուսնու անունը, ձեռքերը կանթելով, ինքնագոհ ասաց.
- Խաչիկ Բուդաղյանի հավերն են:
Կինը տետրի մեջ ինչ-որ բան գրեց, տղամարդը տունն ու բակը լուսանկարեց, հետո` շնորհակալություն հայտնելով, գնացին:
- Ահ, - ասաց հարևաններից մեկը, - նրանց հետևից չանչելով, - ամեն ինչ ձևի համար էր. հո մեզ նոր տուն չե՞ն տալու:
Սաթենիկն ուսերը վեր քաշեց.
- Ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար... Քի՞չ մարդ ա նոր տուն ստացել:
- Երանի քե՛զ, որ հավատում ես: Տա Աստված՝ քո ասածն ըլի:
Մի քանի օր անց ռուսալեզու ՙԿոմունիստ՚ թերթում հոդված լույս տեսավ երևանյան բակերի մասին, որում, ի թիվս անպարտաճանաչ քաղաքացիների, նշված էր նաև Խաչիկ Բուդաղյանի անունը, որն ընդհանուր օգտագործման բակում հավեր է պահում ու հակասանիտարական միջավայր ստեղծում, զետեղված էր նաև հավերով բակի լուսանկարն ու հասցեն:
Խաչիկի աղջկա` Անահիտի ընկերուհիներից մեկը, որը հաճախակի էր լինում նրանց տանը և գիտեր Խաչիկի ծայրաստիճան մաքրասեր լինելը, հոդվածը հեռախոսով  կարդացել էր մյուս  ընկերուհուն, ասելով.
- Կարելի՞ է սրանից ավելի զավեշտական բան գրել` ՙԽաչիկ Բուդաղյանը հակասանիտարական միջավայր ստեղծող...՚:
Մի կուշտ ծիծաղել էին, հետո մտահոգվել` ի՞նչ անեն, որ Խաչիկը չիմանա: Ու որոշել էին Անահիտին ասել, որ թերթը հորից պահի:
Անահիտը հուզվել էր, զանգահարել ու բոլոր ծանոթներին զգուշացրել, որ հորը չասեն: Թվում էր` հաջողվել էր: Բայց արի ու տես, որ Խաչիկի ավագ քույրը թերթը ձեռքին եկել էր նրա տուն ու վրդովված ասել.
- Ախպեր ջան, քո մասին էս ի՞նչ են գրել:
- Չգիտեմ, մի տուր կարդամ, - ասել էր Խաչիկը ու արյունը գլուխն էր խփել:
Մի ամիս գնում էր թերթի խմբագրություն, պահանջում, որ հերքում տան: Գլխավոր խմբագիրը չգիտեր նրա ձեռքից ո՛ւր փախչի, քարտուղարուհուն կարգադրել էր, որ ասի` ՙՏեղում չի, գնացել է Կենտկոմ՚: Բայց Խաչիկը շուտ նահանջողներից չէր` գնաց տեղակալի մոտ:
- Հասկացեք, - ասաց նա, - դուք ապրում եք Երևանի կենտրոնում, բակն էլ ընդհանուր օգտագործման համար է: Դուք իրավունք չունեք այնտեղ հավ պահելու:
- Բայց հավերը ոչ մեկին չեն խանգարում, մեկուսացված են, եկեք, տեսեք, հարևաններին հարցրեք, - պնդում էր Խաչիկը:
- Ոչ, արդեն տեսել են, լուսանկարն էլ կա: Չեք համոզվում` դատի տվեք, թող ձեզ հետ օրենքի լեզվով խոսեն:
Խաչիկը զայրույթից կարմրած դուրս էր եկել տեղակալի մոտից, ինքն իրեն ասելով` ՙԱյ մարդ, էս ավազակների հետ ի՞նչ ես գլուխ դրել. հլա, որ ուզեն` բանտ էլ կնստեցնեն, սրանց ի՜նչ կա՚:

Խաչիկը խոսում էր քթի մեջ, ականջն էլ ծանր էր լսում` ձախ ձեռքի ափը, խխունջի պես, միշտ ականջին էր: Հաշվապահի մասնագիտությունն ասես իր համար էր ստեղծված` ինքն էր ու իր թվերը և մեկ էլ հաշվիչի չըրխկ-չըրխկոցը: Աշխատանքից հետո էլ` ինքն էր ու իր թվերը` Սաթենիկը դրսի հետ գործ չուներ, բոլոր գնումները Խաչիկն էր անում: Շուկայում այնքան էր պտտվում, մինչև համոզվում էր, որ գինը հարմար է ու մթերքն առնելիս աչքը կշեռքից չէր հեռացնում: Բոլորը գիտեին, որ Խաչիկը տուն է բերում շուկայի ամենաընտիր միսը, բանջարեղենն ու միրգը: Նա շուկայի առևտրից գոհ էր, ցավոք, խանութի մասին նույն կարծիքին չէր` այնտեղից առածը տանը կշռում էր, ու վայ նրան, ով թերակշռել էր: Վաճառողները գիտեին ու զգուշանում էին: 

Բայց մի օր նորեկ վաճառողի տված շաքարավազը տանը կշռեց ու սրտնեղած կանչեց կնոջը.
- Սաթենիկ, հլա արի:
Սաթենիկը հաստատեց, որ 30 գրամ պակաս է: Անահիտը տանը չէր, տանն էլ լիներ, նման բաներով չէր հետաքրքրվում` ուշքն ու միտքը դասերն էին, գրքերը:
Խաչիկը  չզլացավ ու, աշխարհի լուտանքը թափելով, գնաց խանութ:
- Հլա էս շաքարավազը նորից կշռի, - ասաց վաճառողին:
- Հայրիկ ջան, ի՞նչ է եղել:
- Չհամարձակվես ինձ հայրիկ ջան ասել` ես գող զավակ չունեմ: Նայի կշեռքին, բա սա մի կիլո՞ա:
- Պահ, - ասաց վաճառողը, - ու տոպրակի մեջ կրկնակի շաքարավազ լցրեց:
- Ինձ քո ավելը պետք չի, հասկացա՞ր, տուր ուղիղ մի կիլո:
- Այ մարդ, գիշերվա երա՞զ  ես:
Գնորդների հերթ էր գոյացել, մարդիկ շտապում էին, մեկն անգամ ասաց.
- Ընկեր,  ուզածդ ի՞նչ է, առ ապրանքդ` գնա:
- Ես քեզ դատապաշտպան չեմ վարձել. էդպես եք անում, որ մեր գլխին ինչ օյին ասես` խաղում են, - զայրացավ Խաչիկը:
Վեճը գնալով թեժացավ` ոմանք նախատում էին վաճառողին, ոմանք՝ Խաչիկին, ասելով.
- Մարդ էլ 30 գրամի համար կռիվ դնի՛:

Աղմուկի վրա եկավ տնօրենը, Խաչիկը հանդարտվեց միայն այն ժամանակ, երբ նա խոստացավ վաճառողին պատժել:
Այդ չարաբաստիկ շաքարավազի մի մասը Խաչիկը հիմնարկություն տարավ. ընդմիջման ժամին տանից բերած նախաճաշն էր ուտում` հաց, պանիր, թեյ: Շաքարավազը պահում էր բանկայի մեջ, օրվա բաժինը` երեք գդալ էր, թեյի մեջ հաշվելով լցնում էր ու, բանկայի բերանը լաթով կապելով, տեղը դնում: Մի օր երիտասարդ աշխատողներից մեկն ընկերներին ասաց.
- Ես պիտի մի օյին խաղամ:
Խաչիկն արդեն շաքարավազը լցրել էր թեյի մեջ, երբ նրան ասաց.
- Ընկեր Խաչիկ, մոռացա ասեմ` պետի տեղակալը ձեզ կանչում է:
Խաչիկը դժկամությամբ տեղից վեր ելավ: Հենց գնաց` երիտասարդը բանկայից վեց-յոթ գդալ շաքար ավելացրեց նրա թեյի մեջ, խառնեց ու, բանկայի բերանը կապելով, տեղը դրեց: Երբ Խաչիկը վերադարձավ, նրան հարցրին, թե ինչի՞ էր պետի տեղակալը կանչել:
- Տեղում չէր, - ասաց Խաչիկն ու անցավ իր նախաճաշին: Թեյի առաջին կումից հոնքերը վեր թռան, փորձեց երկրորդ, երրորդ կումը ու բանկան դարակից հանեց, զննեց և քանի որ չափը գիտեր, տեսավ պակասել է ու գլխի ընկավ, մատը երիտասարդի վրա թափ տվեց.
- Ա՛խ, դու` ավազակ:
Նրան սիրում էր, էլ չնախատեց ու մի կերպ թեյը խմեց:
Խաչիկի դուստր Անահիտը բուհը, հետո էլ ասպիրատուրան գերազանցությամբ ավարտեց, նրան պահեցին համալսարանում դասավանդելու: Թեկնածուական թեզը բարձրագույն մաթեմատիկայի գծով էր: Հորից ժառանգել էր խստապահանջություն, որը ծայրահեղության էր հասնում: Չէր կարողանում անպարտաճանաչ ուսանողին ներել` վայ նրան, ով աչքից ընկներ` ներում չկար: Բարձր կուրսեցիները նորեկներին զգուշացնում էին, որ նրա առարկան լավ սովորեն: Հակառակ դեպքում, կարող էին համալսարանից դուրս մնալ:
Անգամ մի առասպել էր շրջում` իբր ընկեր Անահիտին փոքր ժամանակ օձը կծել է, ու մի հայտնի հեքիմ կին իր թքով կյանքը փրկել է, բայց թույնը միջից չի կարողացել հանել:
Մի օր Անահիտը դասի չգնաց. ասացին, մայրը մահացել է: Ուսանողների մեջ գրեթե ցավակցող չկար: Հոգեհանգստին Անահիտը լալիս էր, ասելով.
- Մամ ջան, ո՞ւմ էի վատություն արել, որ Աստված ինձ պատժեց:
- Ո՞ւմ վատություն չէիր արել, ընկեր Անահիտ ջան, - նրա ձայնով, հազիվ լսելի, ասաց ուսանողներից մեկը: Կողքին կանգնած դասախոսը հազիվ դուրս թռավ, որ փռթկոցը չլսեն:
Դժբախտությունը չմեղմեց Անահիտի խստությունը:
- Չի ամուսնացե՜լ, երեխա չունի, դրա համար էլ ուսանողին չի հասկանում, - ասում էին գործընկերները:
Եղան երիտասարդներ, որ Անահիտին ամուսնության առաջարկություն արեցին: Բայց նա մերժում էր, մարդիկ չէին հասկանում, մտածում էին` մաթեմատիկայից բացի ոչինչ չի հետաքրքրում:
Ոչ ոք, բացի դասընկեր Բաղդասարից, չգիտեր Անահիտի մեծ սիրո` Թևոսի մասին, որն անէացել էր ռազմաճակատի ճամփաներում, բայց ապրում էր Անահիտի հոգում:  
Պատերազմի առաջին ամիսներին Թևոսը հաճախ էր գրում, նրա` մի թևանի կռունկի պես եռանկյունի նամակներն Անահիտին էր հանձնում Բաղդասարը: Գնալով   նամակները պակասեցին, իսկ հետո` դադարեցին:  Սև ծովի ալիքները հայ զինվորների հետ նրանց նամակներն էլ էին լափում: Ու հարազատների դռները  բախեց ՙՍև թուղթը՚: Այն հասավ նաև Անահիտին.
- Չեմ հավատում, - ասում էր Անահիտը, - Թևոսն ինձ խոստացել է` կգա:
Ականջին շարունակ Թևոսի ձայնն էր.
- Սպասի՛ր ինձ, անպայման կգամ: Սպասի՛ր ինձ...
Ու գնացքը տարել էր նրան, օդում թողնելով` ի՛նձ, ի՛նձ...
Թևոսի մասին գիտեր նաև Անահիտի մայրը` Սաթենիկը: Նա էլ աղջկա պես Թևոսին սիրում էր, սպասում, ողբաց՝ մահվան լուրն առնելով: Իսկ Անահիտն ասում էր.
- Սուտ է, Թևոսը կենդանի է, կգա:
Մայրը կյանքին հրաժեշտ տալուց առաջ աղջկան ասել էր.
- Անահիտ ջան, Թևոսն էլ չի գա, աղաչում եմ` մենակ մի մնա, ամուսնացիր, երեխաներ ունեցիր:
Թվում էր, Խաչիկը չէր մտահոգվում, որ Անահիտը չի ամուսնանում: Հպարտանում էր, որ նա լավ մասնագետ է, իր նման սիրում է թվերի աշխարհը: Դե, ամուսնանալը մի օր կլինի, կարևորը` ընտրության մեջ չխաբվելն է:
Չնայած Անահիտը հոր նկատմամբ շատ հոգատար էր, բայց նա իր Սաթենիկին էր փնտրում, Աստծուց խնդրում, որ իրեն նրա մոտ շուտ տանի:
Մահը եկավ, բայց տարավ ոչ թե Խաչիկին, այլ` քրոջը: Խաչիկը լալիս էր, ասելով.
- Ես գիտեի, գիտեի, որ քույրս մեռնելու է` տասներկու տարեկան տղա էի, որ երազիս մեջ տեսա:
Ցավակցողներից ոմանք հազիվ զսպեցին ծիծաղը: Այդպես է` մեռելատանը միշտ լացն ու ծիծաղը ընկերանում են: Դրանից շատ չանցած, Խաչիկն էլ իր լավ ու վատ օրերին հրաժեշտ տվեց, գնաց` միանալու իր Սաթենիկին:
Անահիտը մնաց մեն-մենակ` հոգում միշտ ապրող, միշտ կենդանի իր սիրո հետ:
- Դու աշխարհի ամենասիրուն աղջիկն ես, - ասել էր Թևոսը:
- Դու աշխարհի ամենախելացի տղան ես, - ասել էր Անահիտը:
Այդ խոսքերով էին նրանք դպրոցում խոստովանել իրենց սերը: Միասին պետք է համալսարան գնային, սովորեին ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում: Բայց հանկարծ պայթեց պատերազմը, ու Թևոսին բանակ տարան:   
Սկզբում սովետական բանակը նահանջում էր, թշնամուն թողնելով այրվող քաղաքներ, գյուղեր, քոչի ճանապարհը բռնած բնակիչների քարավաններ...  Հետո անցավ հակահարձակման. տիեզերքն ասես դարձել էր երկու կես` մեկում կրակ ու բոց, ջահել զինվորների դեգերող հոգիներ, մյուսում` նրանց հարազատների լացն ու կոծը, աղոթքները: Քանի-քանի՛ մայրեր, ջահել հարսներ սևեր հագան, քանի-քանի՛ աղջիկներ դեռ չամուսնացած` այրիացան, քանի-քանի՛ տներ կարոտ մնացին օրորոցների...
Վերջապես եկավ այնքա՛ն երազած հաղթանակը: Ծանոթներից ոմանք տուն դարձան, Թևոսը չկար: Բայց մի օր Բաղդասարը Անահիտին զանգահարեց ու ասաց, որ շտապ իրենց դպրոցի մոտ գա: Ձայնը հուզմունքից դողում էր: Անահիտը շնչակտուր հասավ` նրան թվաց Թևոսին է տեսնելու, բայց Բաղդասարը մենակ էր: Նա Անահիտին շշուկով ասաց.
- Թևոսը կենդանի է:
- Ճի՞շտ ես ասում, - Անահիտն ականջին չհավատաց:
- Ազնիվ խոսք:
- Ումի՞ց իմացար:
- Գերմանիայից եկած հայ հոգևորականից: Խնդրում եմ, ոչ ոքի չասես: Պատկերացնո՞ւմ ես` մարդը կենդանի է ու իրավունք չունի հարազատներին հայտնելու, որ ապրում է, այս աշխարհի երեսին կա: Թևոսը պատերազմի ժամանակ գերի է ընկել, տառապել ֆաշիստական ճամբարում: Գերմանիայի պարտությունից հետո շատ-շատերի պես ազատվել է ճամբարից: Հիմա կարող է տուն վերադառնալ, բայց...
- Ի՞նչ բայց:
- Ստալինը նախկին ռազմագերիներին չի ներում` որպես հայրենիքի դավաճանների Սիբիր է աքսորում:
- Դահիճ, ճիվաղ, - ասաց Անահիտը, - զինվորը քո անունով կռվի էր նետվում, իսկ դու նրան դավաճան ես ասում ու Սիբիր աքսորում: Այսքան արյունից չկշտացա՞ր, նորե՞րն ես ուզում:    
- Անահիտ, սուս, խելքդ թռցրե՞լ ես, որ լսեն՝ երկուսիս էլ կբռնեն: Արի մտածենք, Թևոսին ի՞նչ ենք պատասխանելու: Գերմանիայից եկած հոգևորականն ասաց, որ մի հայտնի ամերիկահայ` Ջորջ Մարտիկյան, հայ տղաներին առաջարկում է նավով ձրի Ամերիկա տեղափոխել, ասում է, որ հենց Հայաստան գնան` նրանց կբռնեն: Ամերիկա գնալով` Սիբիրից կազատվեն, բայց դա նշանակում է ընդմիշտ հեռանալ ընտանիքից, հարազատներից: Թևոսը մեր պատասխանին է սպասում: Ի՞նչ խորհուրդ տանք:
- Մայրը գիտի՞:
- Հա, ասել եմ: Չես պատկերացնի ո՜նց էր ձենը աշխարհ գցել, ո՜նց էր լալիս: Չոքել, ուզում էր ոտքերս համբուրեր, Աստծուն հազար փառք էր տալիս: Խեղճն ուրախությունից գժվել էր, սիրտը քիչ էր մնում, որ պայթի:
- Մայրն ի՞նչ ասաց:
- Թող գնա Ամերիկա. գիտեմ` տղայիս չեմ տեսնի, գոնե աչքս չոր գերեզման կմտնեմ, իմանալով, որ նա կենդանի է:
Լաց էր լինում ու շարունակ կրկնում` ՙԻմ խեղճ բալա, տանջված բալա: Ինչե՛ր ես քաշել, ո՛նց ես դիմացել՚: - Անահիտ, իսկ դու ի՞նչ ես մտածում` տուն գա՞, թե՞ ` չգա:
Անահիտն ամբողջ մարմնով դողում էր:
- Չգիտեմ, ամեն ինչ այնքան անսպասելի էր, որ ուղեղս չի աշխատում: Ես գիտեի, սիրտս վկայում էր, որ Թևոսը կենդանի է` այսքան ժամանակ նրան էի սպասում: Իսկ հիմա` նրան գտնելուց հետո, ո՞նց կորցնեմ: Երջանկությունն ու ողբերգությունը միասին են ինձ ձեռք մեկնում:
Անահիտը լալիս էր:
- Գիտե՞ս, - ասաց Բաղդասարը, - մենք մտածելու շատ ժամանակ չունենք` հոգևորականն այս երեկո մեկնում է:
- Դու ի՞նչ կասեիր, - հարցրեց Անահիտը:
- Մայրը ճիշտ է` թող գնա Ամերիկա: Աշխարհը մեծ է` մեկ էլ տեսար, երկաթե վարագույրը վերացավ ու տունդարձի ճանապարհը բացվեց...  
- Ասածիդ հավատո՞ւմ ես, դա անկարելի է: Բայց եթե գա...,- Անահիտի դեմքն այլայլվեց, - ո՞վ է Սիբիրից վերադարձել` հազարից մեկը:
Նա նվաղած ձայնով ասաց.
- Թող գնա Ամերիկա: Այնտեղ նրան չեն սպանի:
Հայ հոգևորականը լուրը հասցրեց Թևոսին: Նա չլսեց ո՜չ մոր, ո՜չ Անահիտի ու Բաղդասարի խորհուրդները` կարոտը նրան խեղդում էր, ասաց` ՙԳոնե մի անգամ մորս, Անահիտին ու ընկերներիս կտեսնեմ՚: Ու տան ճանապարհը բռնեց: Բայց նրան բերող գնացքը սուրաց Սիբիրի հեռաստաններով: Աքսոր:
Ու դարձյալ հարազատներին գրելու իրավունքից զրկվեց:
Բաղդասարը սրանից-նրանից կցկտուր լուրեր էր ստանում, մորն ու Անահիտին ծածուկ հայտնում, որ Թևոսը սիբիրյան փշալարերի հետևում է, ուր օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարող մտնել, բայց դիմանում է, հավատում, որ վերջապես մի օր ճակատագիրն իրեն կժպտա: Ապրում է հանուն այդ օրվան:
- Ուրեմն, ես էլ պիտի ապրեմ ու դիմանամ հանուն այդ օրվա,- ասաց Անահիտը:
Տարիներ անցան, միշտ գաղտնի լուրեր, որ Թևոսը կենդանի է, միշտ նույն գաղտնի պատասխանը, որ հարազատները սպասում են նրան, սիրում, հավատում լուսայգին:
Բայց, ավա՛ղ, մոր սիրտը չդիմացավ, աշխարհից հեռացավ` աչքը որդու վերադարձի ճանապարհին:
Ու հանկարծ երկրով մեկ ձնհալ` Ստալինը չկա, սիբիրյան փշալարերը քանդվում են: Բանտարկյալներին ներում շնորհվեց, բայց իրավունք չտրվեց իրենց տները վերադառնալու:
Անահիտը, վերջապես, ստացավ տարիներով երազած նամակը. Թևոսը գրում էր Անահիտին, աղաչում, որ գա իր մոտ: Գրում էր, որ մի հայ աղջիկ` Օվսաննա անունով, խիզախել է, եկել ընկերոջ մոտ, ամուսնացել են, անգամ մի փոքր հարսանիք են արել:
Ոչ ոք Անահիտին այդքան մտահոգ չէր տեսել. երեսից գույնը թռել էր, նիհարել: Գործընկերները հարցնում էին.
- Արդյոք հիվանդ չե՞ս, ինչո՞վ օգնենք:
- Շնորհակալություն, - ասում էր, - դոկտորական թեզիս վրա եմ աշխատում, շատ դժվար թեմա եմ ընտրել:
Անահիտը գիշերներով չէր քնում` գնա՞լ, թե՞ չգնալ: Ո՞նց թողնել համալսարանը, տունն ու տեղը, ծնողների գերեզմանը: Զգաց, թե որքան է կապված ուսանողության հետ: Աչքի առաջ հոր կշեռքն էր` մի նժարին Թևոսն էր, մյուսին` այդ բոլորը: Ոնց էլ կշռում էր` Թևոսի նժարը միշտ ծանր էր: Ու մի գիշեր քնելուց առաջ տեսիլքի պես բան պատահեց` մայրը հայտնվեց` այնքան կենդանի, այնքան բնական: Ասաց.
- Լաց մի լինի, հերիք է` էլ քեզ մի տանջի. ես ու հայրդ ամեն ինչ գիտենք` գնա Թևոսի մոտ: Մենք քեզ օրհնում ենք:
Ասաց ու անհետացավ:
Անահիտը տեղից վեր թռավ.
- Մամ ջա՛ն, ո՞ւր ես, մամ ջան...
Ուզեց հետևից վազել, բայց չգիտեր ո՛ւր: Իրեն նախատեց, թե ինչո՞ւ էր քարացել, ինչո՞ւ վզովը չընկավ, չհամբուրեց:
Անահիտի Սիբիր մեկնելու լուրը համալսարանում ռումբի պես պայթեց. ոչ մեկի հավատալը չէր գալիս` բոլորի պատկերացմամբ, նա իր գիտությունից ու համալսարանից զատ ուրիշ հետաքրքրություն չուներ: Մինչդեռ, ի՛նչ մեծ սեր էր ապրում նրա հոգում, որ ամեն ինչ թողած, մեն-մենակ մեկնում է Սիբիր, որի անունն անգամ սահմռկեցուցիչ է:
Բայց Անահիտը Սիբիր մենակ չէր գնում` նրա հետ էր աշխարհի ամենաթանկ բանը` հոր ու մոր օրհնությունը:

 
ՉՎՈՂ ԹՌՉՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԹԵՎԵՐՈՎ
1334 reads | 13.03.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com