ՎԱՀՐԱՄ ՄԱՎՅԱՆ. ԺՊՏԵՐԵՍ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ
ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ 
Սփյուռքի հարցերի փորձագետ







Որտե՞ղ եմ տեսել առաջին անգամ, ինչպե՞ս եմ ծանոթացել, ոչ մի կերպ չեմ կարողանում մտաբերել։ Ինձ թվում է, թե նրան ճանաչել եմ երկար տարիներ, միշտ հարազատ ու փնտրված է եղել, մեր հարաբերությունները սկիզբ ու վերջ չեն ունեցել։
Մի օր էլ ժպտերես հեռացել է ու չի վերադարձել։

Մեքենաների շարասյունը, դանդաղ քայլող ուղտերի նման բռնել էր Երևան-Լենինական ճանապարհը։ Իսահակյանի 100-ամյակը տոնելու ժամանած սովետական հյուրերից բացի, Հայաստան էին ժամանել բազմաթիվ սփյուռքահայ գրողներ, մտավորականներ, ազգային ու հասարակական գործիչներ։

Նույն ավտոբուսում ենք Մավյանի հետ։ Չնայած առավոտվա ժամը 9-ինն է, բայց բոլորի «քեֆն էլ, լա՜վ լավ է»։ «Շքերթը գլխավորում է» Գևորգ Էմինը, որն Աշտարակ հասնելուն պես գրպանից հանում է մի տափաշիշ ու իր ծննդավայրի (Աշտարակի) կենացը առաջարկում։ Առաջինը խմում է Մավյանը ու բարձրաձայն հայտարարում.

- Չխմե՛ք, քացախ է։

Ավտոբուսը ցնցվում է ծիծաղից, ու բոլորը խմում են՝ բացի ԱՄՆ-ից ժամանած «Լրաբերի» խմբագիր Վահան Ղազարյանից։ Էմինը նոր է վերադարձել ԱՄՆ-ից, և բոլորիս հայտնի է, որ այնտեղ բանաստեղծն ու խմբագիրը «իրենց բաժինը խմել են»… Ծայր են առնում անեկտոդները, մինչև Լենինական չի դադարում երգն ու ծիծաղը։

Մաստարայից հետո մեքենաները կանգնում են, սպասում ենք, մտածելով՝ ուր որ է կշարժվենք, բայց ի՜նչ շարժվել. լենինականցիները, զուռնա-դհոլով, առքով-փառքով եկել են դիմավորելու և կիլոմետրից ավել ավտոշարասյան ձախ մասում սկսվում է մի աշխարհացունց պար։ Պարն ապոգեյին է հասնում, երբ մենք չենք տեսնում, բայց իմանում ենք, որ առջևում Բաղրամյանն է պարում։

Խաշի սեղանի շուրջն ենք. մի կողմում Մավյանն է, մյուսում՝ Գերսամ Ահարոնյանը։
- Ես փաչա չեմ ուտեր,- իր առջև դրված ափսեից հրաժարվում է Գերսամը, ես էլ նրան մենակ չթողնելու համար՝ հրաժարվում եմ իմ ափսեից։
- Հասկացա՞ր, ինչ ըսել է փաչա,- հարցնում է ինձ Մավյանը,- անշուշտ, ես արևմտահայի զավակ եմ։
- Հարցրու Գերսամին, եթե մի գեղեցիկ կնոջ փաչա ըլլար, գոնե ձեռք մը կուտար չէ, թող մեկ պատառ ալ այս փաչայեն փորձե…
Նորից ծիծաղ ու «քաշքշոց»…

Երևան վերադարձին նույն ավտոբուսում ենք, այս անգամ, Վահագն Դավթյանի խոսքով ասած, բոլորը «ծիրան-ծիրան են», իսկ «շքերթը գլխավորում է» սկզբից մինչև վերջ կանգնած Սերո Խանզադյանը Մավյանի մասնակցությամբ։ Կարծես թե մրցակցություն է երկուսի միջև, թե ով շատ երգ կհիշի և հատկապես հին հայկական։
Մավյանը երգում է հրաշալի ձայնով, երբեմն ծամածռվում է՝ Սերոյի տնազն անելով։

Գլուխգործոցները Սայաթ-Նովայի երգերն են, որոնք ժամանակ առ ժամանակ վեր են ածվում 50 հոգանոց ավտոբուսի խմբերգի, իսկ հաջողված «համարները» Վահրամը կրկնել է տալիս մի քանի անգամ։ Սերոն ամեն անգամ «շախով նազանի» ասելիս մատն այնքան է տնկում վեր, որ դուրս է գալիս, ավտոբուսի սալոնի բաց մասից։
Մի պահ դադար է, որի ժամանակ Մավյանը կռացած, ինչ որ բան է պատմում Արամ Արաքսին ու կնոջը, որոնք ուշադիր, ժպտերես լսում են։
Քիչ անց պարզվում է, որ Արամ Արաքսը Սերոյին չճանաչելով՝ Մավյանին հարցնում է, թե սա այն որսորդ գրողը չէ (նկատի ունենալով Վաղթանգ Անանյանին)։

Մավյանն էլ օգտվելով առիթից՝ ասում է, որ այո սա էլ է որսորդ, բայց ավելի մեծ ու ճանաչվածը այ այս մարդն է՝ մատնացույց անելով Համո Սահյանին։
Արաքսը, ոգևորված անգլերենով կնոջն է պատմում այն պատմությունը, որ որսորդ գրողներից մեկը արջի ձագին է խփել, իսկ մայր արջը հարձակվել է վրան։ Ու ցույց է տալիս Համոյին։

Մեր հրճվանքը, ծիծաղը, բերկրանքը գագաթնակետին հասան այն ժամանակ, երբ Վահրամի թելադրանքով, Արաքսի կինը դիմեց Համոյին՝ հիացումի խոսքեր ասելով, իսկ խեղճ Համոն (ինչպես միշտ), մի կողմ քաշված ու բանից բեխաբար, իրեն հատուկ անտարբերությամբ, ընդունեց գովասանքը՝ այդպես էլ չիմանալով կատարվածը։

Վահրամն այս պատմությունը հաճախ էր պատմում՝ միշտ ավելի ծաղկացրած, համով ու հոտով և խորամանկ ժպիտով ինձ հարցնում.
- Բան մը պակաս կամ ավել ը՞սի…

Հիշում եմ, թե ինչպես միշտ նուրբ հումորով պատմում էր իր այցելությունը Ջեզիրե։ Անկասկած ծաղկեցրաց, ներկայացնում էր դպրոցի տնօրենի գլխավորությամբ իրեն ընդունելը՝ որպես Գալուստ Գյուլբենկյան,- «բարերար տե՜ր»… ժպտում էր ու զուսպ շարժ ու ձևով ցույց տալիս, թե ինչպիսի արժանապատվությամբ է ընդունել մեծարանքը։

Հիշում եմ, որ Անդրանիկ Ծառուկյանը Մավյանին ասաց.
- Վահրա՛մ, չեմ գիտեր՝ մեր ազգը գրող մը շահեցավ, թե մեծ դերասան մը կորսընցուց՝ նկատի ունենալով Մավյանի դերասանական ձիրքը։
Այս լսելով՝ Մավյանը վեր կացավ, բռնեց աթոռի թիկնակն ու պատմեց, թե ինքը ինչպես է մաքսատունն անցնում։

- Ճամպրուկս կդնեմ սայլակի վրա, այս ակնոցներս ալ կդնեմ քթիս ծայրին (ակնոցները բարակ ու նեղ էին) ծնոտս ծանրորեն կկախեմ, բերանս կիսաբաց ու սանկ. ապուշ-ապուշ կքալեմ։ Տեսնողն ալ կմտածե, այս փերուշանը մինչև տուն կհասնի, թե չէ։
- Որքան հիշում եմ, այդ օրն էր, որ պատմում էր իր գրադարանի մասին և ինչ որ գրքերից խոսելիս ասաց, թե դրանք ինքը Հայաստան պետք է տանի ու զավեշտով ավարտեց։ Երբ ըսի՝ «Իվո՛ն, (կնոջը) նայե օր մը, եթե չըլլամ, այս գրքերը Հայաստան կհասցնես»։
Իվոնը ուշադիր լսեց ու հարցուց,
- Նորեն ցույց տուր, ո՞ր գրքերը…

Իր վերջին այցելության ժամանակ, Բեյրութում (կարծես թե եկել էր հրաժեշտ տալու) շատ մարդկանց հանդիպեց, շփման առիթները նրա հետ շատ եղան, մի օր էլ, երբ էլեկտրականություն չկար, իսկ ինքն ապրում էր 8-րդ, թե 9-րդ հարկում, ինտերֆոնով խոսեցի, պատշգամբ դուրս եկավ և երբ հրավիրեցի կնոջ հետ մեր տուն այցելության, բավականությամբ ընդունեց հրավերս՝ ասելով, որ ուրախությամբ կգան։

Այդ պահին մտածեցի, իսկ մենք՝ հայաստանցիներս, մի՞թե այդպես ենք ընդունում հրավերը։ Եթե չեմ սխալվում, չեմ ու չում ենք անում, դե ինչ կարիք կա, նեղություն մի քաշեք և այլն…
Բայց դա Մավյանն էր՝ իր ամեն ինչով գեղեցիկ։
Այս նոթագրությունից հետո, շատ ջրեր հոսեցին։
Մահվան լուրը գուժեցին Լիսաբոնից… Վահրամը վատ էր զգացել, տեղափոխել էին հիվանդանոց, ուր մարել էր նրա տաք ու մեծ սիրտը մենության մեջ։ Առավոտյան բանից անտեղյակ կնոջը պատմել էին, որ ոչ մի միջոց Վահրամին կյանքի չկոչեց։

Չէի կարող անտարբեր մնալ, թղթին չհանձնել այդ օրերի անց ու դարձը, ուստի ցավով վերցրեցի գրիչը և գրեցի Համազասպյանին. (նամակը՝ կրճատումներով)

Սիրելի Վարդգես Եղիշևիչ,
Չգիտեմ այսօր, թե վաղը, Դուք կբացեք Ձեր օրագիրը, կգրեք. «Լիսաբոնում վախճանվեց Վահրամ Մավյանը»։ Գուցե արդեն գրել եք, չէ՞ որ վատ լուրը միշտ շուտ է հասնում։
Պատահական չէ, որ մտքով օրագիր և Վահրամ Մավյան զուգահեռ անցկացրի, քանզի այն մեկ ամսում, որն անցկացրինք նրա հետ՝ վերջին անգամ վայելելով այդ անզուգական մարդու ներկայությունը, բազմիցս հիշվեց օրագիրը, որին Վահրամը մասամբ ծանոթ էր, իսկ ես հաճախ Ձեր օրագրի հետ «մենակ եմ մնացել», բայց համարձակություն չեմ ունեցել թերթելու։
Հիմա նստած եմ մշակութային կենտրոնում և այն հազվագյուտ պահերից մեկն է, որ չեմ ուզում դուռս բացվի, մարդ գա, խանգարի մտորումներս, որ ստիպված լինեմ թաքցնելու հոգուս խռովքը և ժպտալու։ (Երանի այն մարդկանց, որոնք ողջ կյանքում իրենց ուզածն են արել և ոչ անհրաժեշտը)։
Թե ով կգա, իսկապես, չգիտեմ, բայց ուր որ է կերևա Գառնիկը, որը, հիմնականում, ոչ մի ընդունելության օր բաց չի թողնում։ Ի՞նչ եմ ասելու նրան, ի՞նչ է ասելու նա։
Դատարկ խոսքեր, ա՜խ ու վա՜խ, իսկ Վահրամը չկա։

Լուրը ստանալուն պես մտածեցի` ուր են թաղելու նրան և հանգեցի այն մտքին, թե ինչ նշանակություն ունի, թե ուր։ Լիսաբոնը նրա համար նույնն էր, ինչ որ Փարիզը, ինչ իր ծննդավայր Երուսաղեմը կամ Բեյրութը։ Կա՞ արդյոք աշխարհի քարտեզի վրա, բացի Հայաստանից, մեկ այլ վայր, ուր հայը թաղվի և լինի ճիշտ, այն էլ՝ այդպիսի հայ։
Տարվելով միստիկ մտքերով` ուզում եմ հավատալ, որ նրա հոգին չի մնա Պորտուգալիայում, նա կծվարի Նորադուզի խաչքարերից մեկի տակ կամ կթևածի Երևանի պանթեոնում` շքեղ շիրիմներին նախանձելով։

Երկար ժամանակ է, ինչ ուզում էի Ձեզ մի նամակ գրել, թե՛ մտորումներով, թե՛ գործնական բնույթի, սակայն այսօր գործնական ոչինչ աչքիս չի գալիս, ուստի, գրում եմ, քաջ գիտենալով, որ վաղը նամակս այս լալկան ոգին չի ունենա։
Հավանաբար անակնկալն ավելի մեծ էր այստեղ, մեզ համար, քանի որ 5 օր առաջ ճանապարհեցինք նրան և Իվոնին։
Ծառուկյանի հետ եղան մեր տանը, այլ հանդիպումներ էլ ունեցանք, բաժանվեցինք՝ նորից հանդիպելու հույսով ու որոշմամբ։
Քիչ առաջ եկա Ծառուկյանի տանից, որի դուռը փակ գտա։ Թողի մի «Գրական թերթ» և մի հանդես, որ կարդա ու ցրվի։ Ուզում էի, գոնե, մի քանի րոպե նրա հետ լինել` կարծես թե վախենալով այն մտքից, թե վաղը կարող է նա էլ չլինել։
Թե ինչ կգրեք օրագրի հաջորդ էջում, ոչ մեկս չգիտե, հուսանք, որ նման գրառումների առիթ գոնե այս տարի չի լինի։

Իվոնի ցանկության համաձայն` Վահրամի աճյունը տեղափոխեցին Բեյրութ և այսօր /16-ին/ հողին հանձնեցին Պուրճ-Համուդի գերեզմանատանը, մոր կողքին։ Պատմեցին, որ տարիներ առաջ մորը թաղելիս հող է գնել գերեզմանատանը և հուղարկավորությունից հետո, իրեն հատուկ կատակաբանությամբ, հայտարարել, որ իր առաջին և միակ կալվածն է սա։ Անկասկած մտքով չանցկացնելով` որ լինելու է նաև վերջինը։
Աճյունը դրեցին Սուրբ Նշանում։ Եկավ Գարեգին աթոռակիցը, ժողովուրդ կար բավական։

Կարևորը Ծառուկյանի հուզական խոսքն էր։ Բանն այն էր, որ չհամաձայնվեցին Ծառուկյանին ձայն տալ եկեղեցում, Գարեգինից առաջ կամ հետո, ուստի, նա խոսեց բակում, խիստ քամու և անձրևի պայմաններում։ Վարպետը կարդաց Վազգեն Վեհափառի հեռագիրը և չմոռացավ ընդգծել, որ նշանակալին՝ ո՛չ թե Սուրբ Նշանի արարողությունն է Գարեգինի մասնակցությամբ, այլ, նույն ժամին, Էջմիածնում տրվող պատարագը։

Գերեզմանատան արարողությունը կատարեց Գնել Սրբազանը։ Վահրամին ամփոփեցին գերեզմանատան լուսավորչական մասում։ Լսել էի, բայց աչքով էլ տեսա, որ մեռնելուց հետո էլ հայերը հատվածական են։ Կա երեք գերեզմանատուն` լուսավորչական, կաթողիկե և ավետարանական, ճիշտ է` իրար կպած, բայց անջատված պարիսպներով, առանձին մուտքերով և գերեզմանաքարերի ուրույն ոճով։

Որպեսզի ժամանակները ճիշտ գնահատվեն, հարկ եմ համարում, մի քանի դատողություն հիշել արված Վահրամի թաղման թափորի մասնակիցների կողմից, որով և, գոնե մասամբ, կճանաչվի այն մթնոլորտը, որ տիրում էր այդ օրերին Բեյրութում, և որ ավելի կարևոր՝ Վահրամի հոգին ինձ թելադրում է խոսքս ավարտել զավեշտով ու ականջիս շշնջում է. ընթերցողը թող որոշի՝ զավեշտ է սա, թե ողբերգություն…
- Դաշնակցությունը պաշտոնապես ներկայացված չէ.
- Ասիկա թաղում չէր, ասիկա ջամբազություն է.
- Պետք չէր, որ Ծառուկյանը խոսեր.
- Ինչ պետք էր Բեյրութ թաղել, ինք Փարիզ ուզած էր.
- Կը կարծեմ Ծառուկյանը եկեղեցում խոսեր նե ավելի լավ կըլլար, մարդն անձրևի տակ թրջվեցավ.
- Ինչո՞ւ Գավուքչյանը հարզատների շարքում ցավակցություն կընդուներ, տգեղ էր կինն ալ այլազգ.
- Վահեն ամեն բան ինքնագլուխ ըրավ, ով իրեն իրավունք տված է, դաշնակցական թաղում եղավ.
- Ծառուկյանն ո՞վ է, առավ փախավի մեկը, Վահյանը պետք է խոսեր……
ՀՈՒՇԵՐ
1409 reads | 06.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com