ՃԱԿԱՏԱԳՐԻՆ ՀԱՎԱՏԱ՞Լ, ԹԵ՞ …
            Ո՞վ գիտե, որ Վիլյամ Սարոյանի աճյունասափորը Օշին Քեշիշյանի հետ Աշոտ Շաբոյանն է բերել Երևան: Ո՞վ գիտե, թե Աշոտն է, որ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի աճյունն է հասցրել Հայաստան, իսկ Հնդկաստանից Երևան ուղեկցել ճանաչված նկարիչ Սարգիս Խաչատրյանի, ոչ պակաս հայտնի նկարչուհի Վավա Խաչատրյանին՝ վերջինիս ու ամուսնու նկարներով:
            Վստահ եմ, թե, ինչպես ասում են, մատների վրա հաշված մարդիկ գիտեն վերը գրված փաստերը, որոնք արդեն պատմության մեջ են մտել, իսկ Աշոտի արած շատ աշխատանքներ հիշարժան ու միշտ էլ օրինակելի են եղել:
            Ինչ հաշվարկ էր արել Արարիչը, որ տարիներ առաջ գործող Սփյուռքահայության հետ Մշակութային Կապի Կոմիտեի ավագ խորհրդական, երևանցի մի տղեկի «բաժին» էր տվել աճյուններ, այն էլ ինչպիսի, ոչ միայն հասցնել Հայրենիք, այլև գործող կազմակերպիչը լինել նրանց հուղարկավորության:
            Ճակատագի՞ր է սա, բա՞խտ, թե նախախնամություն, թող ընթերցողը որոշի, սակայն ինչ անուն էլ այն ունենա, առջևում գրվելու է՝ անարդարություն:
            Արդեն քանի օր է մեր կողքին չէ բացառիկ պարտաճանաչ, հանձնակատար, ազնիվ, անարդարարության դեմ միշտ անհաշտ պայքարող Աշոտը, համեստ ընտանիքի ծնունդ ու անմայր մեծացած Աշոտը, երեք չքնաղ, բարեկիթ ու առինքնող օրիորդների հայրը, օրինակելի ամուսինը, համեստագույն ու անհիշաչար այրը:
            Երկար տարիներ է ինչ Աշոտը շփվում է, աշխատում է Սփյուռքի հետ, որի կողմից ընդունված ու սիրված, փնտրված մեկն էր: Նրա մեծ կորուստը ցավով եմ հայտնում ի´ սփյուռ, քաջ գիտակցելով, որ նրան ճանաչող յուրաքանչյուր մարդ կհասկանա, թե որքան ծանր է ընտանիքի ու ընկերների վիշտը:
            Կարծես գողտրիկ տան մի պատ փլվեց, լուսավոր սենյակի մի դուռ կոտրվեց ու քամի է … քամի …
            Շատ կուզենայի և պատիվ կլիներ Աշոտի նման մեկի մասին գրել միայն որպես իմ բարեկամ, ընկեր, մտերիմ, գործակից, սակայն հիշելով իր կերպարը, «ես»-ը,    «իմ»-ը, «ինձ-ը երբեք առջևում չդնելու սկզբունքն ու, առավել ևս, հայր ու որդու հասնող հարաբերությունները, չեմ ուզում նրան սեփականացնել ու միայն անձիս վերագրել կորուստը, ուստի, ասում եմ, թե մենք բոլորս կորցրեցինք լավ ընկերոջ ու թանկ բարեկամի:
 
            Ռոմեն Կոզմոյան
ՀՈՒՇԵՐ
1016 reads | 05.03.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com