ԷԹՆԻԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՔԱՅԻՆ ԴՐՍևՈՐՈՒՄՆԵՐԸ
ԱԼԲԵՐՏ ՆԱԼՉԱՋՅԱՆ
ՀՈԳԵԲԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՓՈՐՁԱԳԵՏ










Ազգի էթնիկական ինքնությունը, նրա հոգեկերտվածքի յուրահատկությունը, ունի ոչ միայն ներհոգեկան, այլև վարքային կողմեր։ Դա նշանակում է, որ էթնիկական ինքնության այս կամ այն բաղադրիչներն ու բարդույթները ժամանակ առ ժամանակ դրսևորվում են նրա անդամների, ենթախմբերի և նույնիսկ ողջ էթնոսի վարքում։ Հետևաբար, ուսումնասիրելով էթնոսի վարքը, մենք կարող ենք որոշակի եզրակացությունների հանգել նաև նրա հոգեբանական ինքնության մասին։ Որո՞նք են վարքի այն տեսակներն ու ձևերը, որոնք այս իմաստով ինֆորմատիվ են, այսինքն բխում են էթնոսի բուն էությունից։

1) Էթնոսի ինքնությունը դրսևորվում է վարքի այն ձևերում, որոնք կայուն են ու կրկնվող, այլ ոչ թե պատահական, հազվադեպ դրսևորվող։ Օրինակ, եթե խառնվածքի կամ բնավորության որևէ տեսակ կրկին ու կրկին, և պատմական տարբեր իրադրություններում, ավելի հաճախ է դիտվում էթնոկիրների մեծամասնության վարքում, ապա այն բխում է էթնոսի բուն էությունից և յուրահատկությունից, էթնիկական անհատականությունից։ Այդպիսին են, օրինակ, անհատապաշտությունը կամ կոլեկտիվիզմը, գերագրեսիվությունը կամ, ընդհակառակը, խաղաղասիրությունը և այլն։

2) Էթնոսի ինքնության դրսևորումներ են, ավելի մեծ հավանականությամբ, այն հատկությունները, որոնք դրսևորվում են կոնֆլիկտային, ֆրուստրացնող իրադրություններում, երբ էթնոկիրներն ինքնաբերաբար մի կողմ են թողնում սոցիալական վարքի կամ միջէթնիկական հարաբերությունների պայմանականությունները և «մերկացնում են» իրենց իրական Ես-ը, բնավորության իսկական գծերը, մոտիվացիան, ինքնապաշտպանական մեխանիզմներն ու ռազմավարությունները։ Օրինակ, եթե միջէթնիկական կոնֆլիկտի պայմաններում ազգերից մեկը կրկին ու կրկին դաժանություն է դրսևորում մյուսի նկատմամբ, ապա կարելի է ասել, որ այն ունի դաժան բնավորություն՝ որքան էլ խաղաղ պայմաններում ճգնի ցույց տալ, թե իբր խաղաղասեր է, զիջղ ու հանդուրժող։ Օրինակ, հայերի 1915 - 1923 թթ. էթնոցիդի ուսումնասիրությունը տողերիս հեղինակին սկզբում զարմացրեց հետևյալ իրողությամբ. մինչև 1915 թ. սկիզբը Օսմանյան կայսրության նոր ղեկավարները՝երիտթուրքերը, իրենց ներկայացնում էին որպես հայ ազգի բարեկամներ, նույնիսկ դաշնակցել էին հայկական քաղաքական կազմակերպությունների հետ՝ հին կարգերը համատեղ ուժերով տապալելու նպատակով, սակայն մի քանի ամիս անց սկսեցին ծայրահեղ դաժանություն դրսևորել նույն այդ մարդկանց նկատմամբ։ Վերաբերմունքի և վարքի մեկ բևեռից մյուսին արագորեն, կտրուկ կերպով անցնելը և նախկին բևեռին այլևս վերադառնալ չկարողանալը շատ համոզիչ ախտանշան է, ապացույց, որ հենց ատելությունն ու ոչնչացնելու հակումն են կազմում թուրքերի իսկական ինքնության միջուկին պատկանող հատկությունները, այլ ոչ թե ցուցադրական բարեհոգությունը և հաճոյասիրությունը։ Վերջիններս կեղծ են՝ թուրքի մյուս էական գծի՝ խորամանկության դրսևորումներ, և նախատեսված են այլազգիներին խաբելու համար։

3) Օրինակ, մտքի կառուցողականությունը կայուն ազգային հատկանիշ է այն դեպքում, եթե ամենատարբեր հանգամանքներում և իրավիճակներում դրսևորվում է կրկին ու կրկին։ Շինարարական հակումը, ստեղծագործական մտածողությունը, էթնիկական կառուցվածքային ինքնապաշտպանությունը և վարքի այլ ձևեր կարող են այդ հատկության առանձին վարքային դրսևորումներ լինել («շինարար հայ» և այլն)։ Կան ազգեր, որոնք, որտեղ էլ հայտնվելիս լինեն, միշտ հիմնականում նույն հատկություններն են դրսևորում. հայերը՝շինարարներ, առևտրականներ և արհեստավորներ, հրեաները՝ առևտրականներ և ֆինանսիստներ, ռուսները և գերմանացիները՝ զինվորականներ և այլն։ Այս կայուն հակումները վերաբերում են այդ ազգերի էությանը, այսինքն էթնիկական ինքնությանը, և իրենց թիկունքում, հավանորեն, ունեն այդ էությանը պատկանող նաև այլ, դեռևս չբացահայտված հատկություններ։

4) Կան խորքային (հիմնային, միջուկային) հոգեկան հատկանիշներ և միտումներ, որոնք, ծագելով էթնոգենեզի սկզբում, պահպանվում են դարեր և հազարամյակներ շարունակ։ Դրանք հենց էթնոսի ինքնությանն են պատկանում։ Օրինակ, հայկական հյուրասիրությունը, օտարներին ավելի բարձր գնահատելու ընդգծված հակումը, սեփական ականավոր գործիչներին ըստ արժանվույն գնահատել չկարողանալը և հալածելու հակումը, հավասարության սկզբունքին առաջնություն տալը՝ հաճախ ի հաշիվ արդարության սկզբունքի և այլն – կայուն գծեր են, էութենական հակումներ, որոնք, ինչպես ցույց է տալիս պատմական նյութերի ուսումնասիրությունը, կրկին ու կրկին դրսևորվում են ամենատարբեր պայմաններում։ «Չկա մարգարե իր հայրենիքում» հոգե-տրամաբանությունը որոշ ազգերի մտածելակերպում այնքան է ընդգծված, որ հասնում է իռացիոնալության, անմտության աստիճանի՝ մեծ վնաս պատճառելով ազգին։ Նրա մշակույթը դառնում է առավելապես ընդօրինակված, այլ ազգերի մշակույթներից փոխառնված։

5) Ազգի էթնիկական ինքնության դրսևորմանը նպաստում են այն կոնֆլիկտային իրադրությունները, որոնցում նրա ներկայացուցիչները ստիպված են դժվարին ու կարևոր, ճակատագրական որոշումներ կայացնել, այնուհետև դրանց համապատասխանող գործողություններ կատարել։ Ընտրությունը կատարվում է երկու կամ ավելի հնարավոր ելքերի միջև։ Այն, թե տվյալ հանգամանքներում մարդիկ որն են առավելապես ընտրում՝ կախված է ոչ միայն նրանց անհատական, այլև էթնիկական առանձնահատկություններից։ Ընդ որում էթնիկական գործոնները երբեմն հաշվի են առնվում գիտակցորեն։ Այսպես, անհատը կարող է մտածել, թե ինքը, լինելով տվյալ ազգի ներկայացուցիչ, պետք է գործի հենց այսպես, այլ ոչ թե այլ կերպ։ («Ես հռոմեացի եմ և այլ կերպ չեմ կարող վարվել»)։ Բայց ամենից հաճախ էթնիկական հատկանիշներն ու պատկերացումները վարքի վրա ազդում են ենթագիտակցորեն։
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
4008 reads | 02.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com