ՈՒԾԱՑՄԱՆ ԵՎ ՁՈՒԼՄԱՆ ՄԱՍԻՆ
ԱԼԲԵՐՏ ՆԱԼՉԱՋՅԱՆ
հոգեբան, միջազգային ճանաչում ունեցող փորձագետ








Ս. Թոփչյանը կարծում է, թե «… վերջին երկու տասնամյակում Հայաստանից արտագաղթածների շնորհիվ ուծացումը դանդաղել է»։ Ինչպիսի սփոփիչ լուր, «դանդաղել է»։ Մի՞թե պարզ չէ, որ դա ժամանակավոր երևույթ է, և որ ուծացումն ու ձուլումը հետագայում նոր թափ են առնելու՝ հատկապես վերջին տարիներին Հայաստանից արտագաղթածների ավագ սերնդի հեռանալուց հետո։
Թոփչյանը սխալվում է նաև այն հարցում, թե իբր ոչ մի տեսությամբ ու քարոզչությամբ մարդկանց հայրենադարձնել չի լինի։ Կլինի, եղել է, և չի կարելի թերագնահատել գաղափարների ուժն ու հմուտ քարոզչության արդյունավետությունը։ 

Իսկ ինչ վերաբերում է իրավական, տնտեսական և մյուս հարցերի լուծմանը և բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, ապա հայ ժողովրդի բոլոր կարող ուժերը այդ նպատակին պետք է հասնեն միասնական ջանքերի շնորհիվ, չպետք է լինեն միայն աշխատողներ և միայն դիտորդներ։ Հայ ազգի առկա խնդիրներն այնպիսին են, որ դրանց լուծման բեռը միայն հայաստանաբնակ հայերի ուսերին բարդել չի կարելի։ Կասկած չկա, որ ծագումով հայերի տարբեր խմբերի հետ կատարվող և կատարվելիք աշխատանքը պետք է լինի նուրբ ու հարգալից, չէ՞ որ, որպես կանոն, այդ մարդիկ մեղավոր չեն, որ օտար և հաճախ նաև թշնամական միջավայրում կորցրել են իրենց էթնիկական գծերից շատերը։ Խոսքը վերաբերում է հատկապես Արևմտյան Հայաստանում ապրող ծագումով հայ մարդկանց, որոնց թիվը, ինչպես պարզվում է, բավականին մեծ է։ 

Նուրբ ու տարբերակված պետք է լինի մեր վերաբերմունքը նաև այն հայերի նկատմամբ, ովքեր, չտիրապետելով հայոց լեզվին և, ուրեմն, լրիվ էթնոկիրներ չլինելով, այնուամենայնիվ, հայի ինքնագիտակցություն ունեն և օգնում են Հայաստանին։ Նման փաստերը վկայում են, որ նույնիսկ էթնիկականության մեջ մտնող առանձին գծեր և բարդ որակական հատկություններ ունենում են ուժգնության (ինտենսիվության) տարբեր մակարդակներ, որի հետևանքով էլ նույն էթնոսի տարբեր էթնոկիրների վարքը նույնը չի լինում։ Դիտարկենք, օրինակ, անհատի էթնիկական ինքնագիտակցությունը (ինչպես ներկայումս ընդունված է ասել՝ նրա էթնիկական Ես-կոնցեպցիան)։ Էթնոկիրներից մեկի մոտ այն կարող է, ըստ գիտակցվածության աստիճանի, լինել աղոտ և գրեթե բովանդակազուրկ, մյուսի մոտ՝ ավելի հստակ ու բովանդակալից, երրորդի մոտ՝ այնքան ինտենսիվ, որ նա չի կարող ձուլվել այլ էթնոսի կազմի մեջ։ Այս մարդկանց էթնիկական վարքն ու զգացմունքները ևս խիստ տարբեր են լինում՝ սկսած իրենց ծնած էթնոսի ճակատագրի նկատմամբ կատարյալ անտարբերությունից մինչև նրա հետ հոգեբանական խոր նույնացում՝ այնպիսին, որի դեպքում նրանք իրենց գոյությունն իսկ այդ էթնոսից դուրս պատկերացնել չեն կարողանում։

Ուրեմն՝ «ծագումով հայերն» էլ տարբեր են լինում։ Նա, ում էթնիկական ինքնագիտակցությունն ուժեղ է ու բովանդակալից, հեշտությամբ է վերագտնում ու ձեռք բերում էթնիկականության բարդույթի մեջ մտնող մյուս բաղադրիչները և, ինչպես առօրյա խոսքում են ասում, «վերադառնում է իր արմատներին»։ Այսպիսի արդյունքի հասնելու համար այդ մարդկանց պետք է ցույց տալ հայ էթնիկականության դրական կողմերն ու գրավչությունը՝ մի արդյունք, որին կարելի է հասնել ոչ միայն կյանքի պայմանները բարելավելով, այլև հմուտ էթնոքաղաքական քարոզչության միջոցով։ 

Իմ տպավորությունն այնպիսին է, որ և՜ վիճող կողմերին (Այվազյան – Թոփչյան), և՜ տողերիս հեղինակին, և՜ հարյուր հազարավոր այլ հայերի հիմնականում նույն ազգային խնդիրներն են մտահոգում։ Ուրեմն ոչ թե «ներէթնիկական պատերազմ» մղենք, այլ մտածենք համատեղ գործողությունների մասին, ազգօգուտ ձեռնարկներ իրականացնենք, չփակենք միմյանց ճանապարհը։ Իսկ այն քաղքենիներին, ովքեր սարսափում են Հայաստան՝ մշտական բնակության գալուց, պետք չէ արդարացնել։ Սակայն պետք է հիշեցնել նրանց, որ սատանան այնքան էլ սարսափելի չէ, ինչպես նկարագրում են։
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
1591 reads | 07.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com