ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ (ՄԱՐԳԻՆԱԼ ԷԹՆՈԿԻՐ)
ԱԼԲԵՐՏ ՆԱԼՉԱՋՅԱՆ
ՀՈԳԵԲԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՓՈՐՁԱԳԵՏ










Այն դեպքում, երբ անհատի էթնիկական սոցիալականացումն ընթանում է նրան ծնած ազգի միջավայրում և նորմալ ընթացք է ունենում, նրա էթնիկական հոգեկերտվածքն ու ազգային ինքնությունը լինում են ամբողջական և հիմնականում անհակասական հոգեբանական համակարգեր։ Եթե որևէ անհատ գիտակցում է, որ ինքը հայ է, և միա՛յն հայ, և եթե նա բողոքում ու զայրանում է, երբ նրան նմանեցնում են որևէ այլ, հատկապես չսիրված ազգի ներկայացուցիչների՝ «կարծես թուրք լինես», ապա նրա էթնիկական ինքնությունն ամբողջական է, կայուն ու հետևողական։

Սակայն փոքրաթիվ անձինք իրենց բուն հայրենիքում, և իրենց ծնող էթնոսի միջավայրում, իսկ շատ ավելի մեծաթիվ էթնոկիրներ՝ այլ երկրներում (Սփյուռքի գաղութներում) չեն հասնում իրենց էթնիկական ինքնության միասնականության։ Նրանք երկակի և հակասական էթնիկական ինքնություն են ունենում։ Որևէ մեկը կարող է լինել և՛ հայ, և՛ ֆրանսիացի, կամ և՛ հայ, և՛ լիբանանցի, և՛ հայ և՛ ամերիկացի և այլն։ Ժամանակակից հայ էթնոսի մոտավորապես երկու երրորդը (75 տոկոսը) ապրում է ոչ թե Հայաստանի Հանրապետությունում, այլ արտերկրում։ Ընդ որում գաղութներում ապրող մեր էթնոկիրները ձեռք են բերում բարդ էթնիկական ինքնություն (և ինքնագիտակցություն), որը սովորաբար լինում է նաև ներքուստ հակասական, կոնֆլիկտային։ Միշտ չէ, օրինակ, որ լիարժեք էթնիկ հայ լինելն ու Թուրքիայի կամ որևէ այլ երկրի քաղաքացի լինելը համատեղելի են։ Բայց Սփյուռքի հայկական գաղութներում բազմաթիվ հայեր ստիպված են հոգեբանական այդպիսի երկակի նույնացում (իդենտիֆիկացիա) ունենալ, որի հետևանքով էլ ձևավորվում են որպես հակասական էթնիկական ինքնություն ունեցող անձնավորություններ։ Դեռևս 20-րդ դարի առաջին կեսին որոշ էթնոհոգեբաններ (առաջին հերթին ամերիկացի Սթոունքվիստը), նկարագրելով և ուսումնասիրելով այդ երևույթը, նրան տվել են «մարգինալ ստատուս» անունը (որը անգլերեն marginal բառից է ստեղծվել և նշանակում է սահմանային կամ սահմանաշերտային դիրք)։ Մարգինալ ստատուսը մարդու այն հակասական դիրքն է տվյալ հասարակության մեջ, որը զբաղեցնելով նա հաճախ ստիպված է լինում միևնույն սոցիալական բեմերի վրա խաղալ երկու հակասական դերեր (օրինակ՝ հայի և, միաժամանակ, Թուրքիայի քաղաքացու, թրքահայի, որը գուցե նաև մահմեդական է)։

Յուրաքանչյուր հասարակության մեջ կարելի է դիտել անձի մարգինալ ստատուսի մի շարք տարբերակներ. գյուղացին՝ քաղաքում, ծնողը՝ իր զավակի նաև ղեկավար, գողը՝ օրենքի պաշտպան և ալյն։

1) Մարգինալ էթնիկական ստատուս ունեցող մարդիկ, տիրապետող էթնիկական մեծամասնության ներկայացուցիչների համեմատությամբ, միջին հաշվով, ավելի ակտիվ, գործունյա են լինում։ Մարգինլ ստատուսը կարծես նպաստում է անձի օրգանիզմում հոգեֆիզիոլոգիական ավելի մեծաքանակ եռանդի արտադրությանը։

2) Մարգինալ ստատուս ունեցող անձանց շրջանում այդպիսի գերակտիվությունը հանգեցնում է ստեղծագործական ընդունակություններ ունեցող ավելի մեծաթիվ մարդկանց ասպարեզ գալուն, քան տվյալ միջավայրում ընդհանրապես։ Այդ նշանակում է, որ տոկոսային հարաբերությամբ նման անձանց թիվը մի շարք ժամանակակից էթնիկական փոքրամասնությունների կազմում նկատելիորեն ավելի մեծ է, քան իրենց հիմնական էթնոսում կամ նույնիսկ այժմյան բնակության երկրի տիրապետող էթնոսի կազմում։

3) Նման մարգինալ էթնոսների կազմում ավելի մեծաթիվ են նաև հանցագործ հակումներ դրսևորող անձինք։ Դրանց թիվը հատկապես մեծ է այն էթնիկական փոքրամասնությունների կազմում, որոնց միայն առաջին սերունդն է ապրում այդ նոր միջավայրում, այսինքն այդ խումբը միայն վերջերս է տեղափոխվել այդ նոր երկիր։

4) Նման էթնոսների կազմում համեմատաբար ավելի մեծ թիվ են կազմում նաև նևրոտիկները և նույնիսկ փսիխոզի տարբեր տեսակներով տառապողները։
Նկատի առնելով նման բացասական, էթնոսի վրա ավերիչ ազդեցություն գործող, հետևանքները, մենք չենք կարող չհանգել այն եզրակացությանը, որ միշտ ցանկալի է այնպես կազմակերպել ազգային փոքրամասնությունների էթնիկական սոցիալականացումը, որպեսզի նրանք հոգեբանորեն առավելապես նույնանան իրենց ծնող էթնոսի հետ, բայց քանի որ ապրելու և գործելու են այլ (տիրապետող) էթնոսի կամ բազմազգ միջավայրում, ապա դրանցում, վարքային հարմարման հետ միասին, ունենան լոկ մակերեսային հոգեբանական նույնացում։ Այլ դեպքում հիշյալ վտանգավոր հետևանքներից հնարավոր չի լինի խույս տալ։

Որոշ թվով անձինք, նման կոնֆլիկտային վիճակը հաղթահարել չկարողանալով, որոշում են լիովին հրաժարվել իրենց ծնած էթնոսի հետ նույնանալուց և բռնում են նրանից օտարանալու և տիրապետող էթնոսի մեջ ձուլվելու ռազմավարական ուղին։ Օրինակ, հայերը, հրեաները և այլ ազգեր այդ ճանապարհով կորցրել են իրենց էթնիկական հանրույթների հարյուրհազարավոր, եթե ոչ միլիոնավոր անդամների։

Ընդ որում նոր էթնոսի մեջ գրեթե լիովին ներգրավված անձինք, որոնց թվում լինում են նաև խառնածիններ, հաճախ հանդես են բերում նորահավատներին (նեոֆիտ) հատուկ մի շարք գծեր, որոնց թվում կան նաև հիվանդնգին հակումներ և վարքային դրսևորումներ։

Մի առիթով ռուս փիլիսոփա Նիկոլայ Բերդյաևն ասել է. «Յուրաքանչյուր մարդ մարդկության մեջ մտնում է իր ազգային անհատականության միջոցով»։ (Կամ. «Մարդը մտնում է մարդկության մեջ իր ազգային անհատականության միջոցով»)։ («Человек входит в человечество через национальную индивидуальность»). Հիանալի միտք է։ Հենց այդ պատճառով էլ նա, ով փորձում է իր ազգային ինքնությունը կորցնելու ճանապարհով մտնել մարդկության մեջ, պարզապես ձուլվում ու անհետանում է։
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
2667 reads | 25.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com