ԷԹՆԻԿԱԿԱՆ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԿՈՂՄ
ԱԼԲԵՐՏ ՆԱԼՉԱՋՅԱՆ
ՀՈԳԵԲԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՓՈՐՁԱԳԵՏ











Ի՞նչ բան է ինքնագիտակցությունն ընդհանրապես, և ի՞նչ պետք է հասկանալ էթնիկական ինքնագիտակցություն ասելով։ Ի՞նչ կապ ունեն այս երևույթները էթնիկական ինքնության հետ։ Այս բարդ ու բազմակողմանի երևույթների մասին կարելի է հատորներ գրել։ Այստեղ խոսելու ենք շատ համառոտ, քննարկելով միայն դրանց որոշ էական կողմեր։

Եթե այժմ խոսելու լինենք առանձին անձի մասին, ապա նրա ինքնագիտակցությունը, որպես անհատական հոգեկան կերտվածքի կարևորագույն մի մաս (բլոկ), իրենից ներկայացնում է իր ֆիզիկական և հոգեկան գծերի և ընդունակությունների մասին նրա պատկերացումների և դրանց տրվող գնահատականների համակարգ։ Յուրաքանչյուր անձ զգում է, որ ունի, բացի մարմնից, նաև հոգեկան «Ես» և պատկերացում իր հատկությունների մասին։ (Ժամանակակից հոգեբանության մեջ այդ բարդ կազմավորումն ստացել է ոչ այնքան հաջող «Ես-կոնցեպցիա» անվանումը)։

Այսպիսով, անձն ունի, մի կողմից, իրական (օբյեկտիվ) ֆիզիկական և հոգեկան առանձնահատկություններ և, մյուս կողմից, դրանց մասին պատկերացումների համակարգ, որը նույնպես իր բնույթով հոգեբանական է։ Վերջինն անձի ընդհանուր ինքնագիտակցությունն է, որը, ինչպես ցույց են տալիս ժամանակակից հետազոտությունները, ունի շատ բարդ կառուցվածք։ Այն կազմված է մի շարք մասնավոր ես-երից (իրական ես, իդեալական ես և այլն), որոնց թվում է նաև անձի էթնիկական ես-ը կամ էթնիկական (ազգային) ինքնագիտակցությունը։

Ի՞նչ է մտնում անձի էթնիկական ինքնագիտակցության մեջ։ Առաջին հերթին այն հանգամանքի գիտակցումը, թե ինչ էթնոսի (ազգի) է պատկանում ինքը, ինչ ազգի պատկանող ծնողների զավակ է։ Երբ որևէ մեկն ասում է. «Ես հայ եմ», ապա դա նշանակում է, որ նա գիտակցում է հայ ազգի գոյությունը, այն, որ այդ ազգը տարբերվում է մյուսներից և ինքն էլ նրա անդամներից (էթնոկիրներից) մեկն է։ Այնուհետև, նա կարող է որոշ չափով նաև բացահայտել «ես հայ եմե դատողության բովանդակությունը և թվարկել հայ էթնիկականության հոգեբանական մի շարք գծեր։

Բայց մենք տեսնում ենք, որ մարդիկ օգտագործում են նաև «մենք հայեր ենք», «մենք ռուսներ ենք» և նման արտահայտություններ։ Այսպիսի դեպքերում գործ ունենք էթնիկական ինքնագիտակցության այլ՝ խմբային աստիճանի հետ։ Որոշ իմաստով էթնոսը կամ ազգն ամբողջությամբ ունի «մենք» - ի գիտակցում, զգում է և գիտե, որ կան նաև «նրանք» - ուրիշներ, այլ էթնոսներ, որոնք տարբերվում են մեզանից իրենց մարդաբանական, հոգեբանական և մշակութային առանձնահատկություններով։

Ինչպես և պետք էր սպասել, էթնիկական ինքնագիտակցությունը ինչպես անհատի, այնպես էլ ողջ էթնոսի մակարդակում, միայն մասամբ է արտացոլում էթնոսի իրական հատկությունները, արդի վիճակն ու մշակութային նվաճումները։ Էթնիկական Ես-կոնցեպցիայի և Մենք-կոնցեպցիայի մեջ կան և բազմաթիվ աղճատումներ, և անհիմն, մտացածին վերագրումներ (ատրիբուցիաներ), և նույնիսկ ամբողջական ինքնապաշտպանական բարդույթներ։ Ահա թե ինչու միայն գիտական մանրակրկիտ հետազոտությունների միջոցով կարող ենք հասնել իրականության իմացությանը, այսինքն այն բանին, թե էթնոսի ինքնագիտակցության մեջ որքանով ճիշտ է արտացոլված նրա իրական հատկությունների բարդույթը՝ էթնիկականությունը։ Էթնիկական ինքնությունը և դրա ինքնարտացոլումը (ինքնիմացությունը, որի արդյունքը Մենք-կոնցեպցիան է)՝ տարբեր բաներ են։

Վիճակի իրական բարդությունը է՛լ ավելի հասկանալի է դառնում, երբ մենք նկատում ենք, որ միջէթնիկական հարաբերություններում յուրաքանչյուր էթնոս պատկերացումներ է ստեղծում այլ էթնոսների մասին (այսինքն՝ յուրաքանչյուր էթնոս արտացոլվում է մեկ այլ էթնոսի հոգեկանում և նույնիսկ մշակույթի, օրինակ գեղարվեստական գրականության մեջ)։ Դրա հետևանքով յուրաքանչյուր էթնոսի վերաբերյալ ստեղծվում են մի շարք պատկերացումներ։ Օրինակ, հայերի մասին ուրույն պատկերացումներ ունեն ռուսները, վրացիները, թուրքերը, գերմանացիները և այլ ազգերի ներկայացուցիչներ, ընդ որում դրանք կարող են շատ հեռավոր կապ ունենալ հայկական իրական էթնիկականության, այսինքն հայ ազգի հոգեբանական ինքնության հետ։ Բայց դա չի նշանակում, թե դրանք որևէ ազդեցություն չեն գործում ընկալման օբյեկտ հանդիսացող էթնոսի վրա և հաշվի չեն առնվում նրա կողմից։ Ընդհակառակը, ազգերը շատ զգայուն են այլոց («նրանցե) պատկերացումների և գնահատականների նկատմամբ, և հաճախ սեփական էթնիկական Ես-կոնցեպցիաների մեջ ներառում են այդ կարծիքների որոշ տարրեր։ Օրինակ, հայտնի է, որ երբ 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած գերմանացիները և թուրքերը դաշնակիցներ դարձան, Գերմանիայի կանցլեր Բիսմարկը, թուրքերին սիրաշահելու նպատակով, նրանց «արևելքի միակ ասպետներե անվանեց։

Թուրքերին նման հորջորջումը շատ դուր եկավ և նրանք է՛լ ավելի մեծամտացան՝ իրենց ընտրյալներ համարելով։ Այստեղից էլ՝ «մենք երջանիկ ենք, որ թուրք ենքե և նման այլ, մի փոքր մանկամիտ արտահայտություններ և ինքնաբնորոշումներ, որոնք հաճախակի են օգտագործվում նաև ժամանակակից թուրքերի կողմից։ Սեփական էթնոսի գերարժեքության բարդույթը և գոռոզությունը մտան թուրք էթնոսի ներկայացուցիչների ինքնագիտակցության մեջ՝ կազմելով նրանց էթնիկական ինքնության մի մասը։

Ահա հիմնական գծերով այդպիսին է էթնիկական ինքնության (էության, ինքնատիպության) ընդհանուր կառուցվածքը։ Այս պատկերացման հիման վրա մենք պետք է կարողանանք նկարագրել և բացատրել տարբեր էթնոսների ինքնությունն ու դրանց առաջացման օրինաչափությունները։ Յուրաքանչյուր էթնոս, համամարդկային գծերի հետ միասին, ունի նաև յուրահատուկ գծեր, էթնիկական «անհատականությունե, որն այնքան նման կամ տարբեր կարող է լինել, օրինակ, երկու էթնոսների դեպքում, որ հնարավոր է խոսել ինչպես էթնիկական համատեղելիության, այնպես էլ էթնիկական անհամատեղելիության մասին։ Բացի այդ, միևնույն էթնոսի ներսում ևս որոշ էթնոկիրներ ավելի համատեղելի են ողջ էթնիկական հանրույթի և նրա մշակույթի հետ, մյուսներն՝ ավելի քիչ, իսկ կան նաև այնպիսիները, ովքեր անհամատեղելի են իրենց ծնած էթնոսի հետ, նրա կազմում ապրել, հարմարվել ու գործել չեն կարողանում։ Իրենց էթնիկական հանրույթի հետ անհամատեղելի լինելով, նրանք հեռանալու միտում են ունենում։ Արտագաղթը պայմանավորված է լինում նաև այս զուտ էթնոհոգեբանական գործոնով։ Վերջապես, կան նաև կոսմոպոլիտներ (աշխարհաքաղաքացիներ), ովքեր չունեն որոշակի էթնիկականություն և էթնիկական ինքնագիտակցություն և, ինչպես իրենք են կարծում, կարող են ապրել ցանկացած էթնոսի կազմում։ (Դա, իհարկե, անհնարին է թեկուզ միայն այն պատճառով, որ ոչ ոք աշխարհի բոլոր լեզուներն իմանալ չի կարող)։

Իսկ այժմ համառոտակի քննարկենք էթնիկական ինքնության մի շարք մասնավոր հարցեր, որոնք մեզ թույլ կտան առավել հստակությամբ գիտակցել և զգալ քննարկվող երևույթների կարևորությունն ու կապը էթնոսների ամենօրյա կյանքի իրադարձությունների հետ։
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
4932 reads | 17.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com