ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ (ԷԹՆԻԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ) ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
ԱԼԲԵՐՏ ՆԱԼՉԱՋՅԱՆ
ՀՈԳԵԲԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՓՈՐՁԱԳԵՏ










Այն, ինչ և´ առօրյա խոսքում, և´ էթնոհոգեբանության բնագավառում ազգային կամ «էթնիկական ինքնություն» են անվանում, բարդ մշակութա-հոգեբանական համակարգ է, որը պետք է ուսումնասիրել ինչպես ընդհանրական ձևով, այնպես էլ յուրաքանչյուր կոնկրետ էթնոս և նրա անդամներին բնութագրելիս։ Կարելի է առաջադրել հետևյալ հարցերը. ա) Ի՞նչ է էթնիկականությունը (этничность, ethnicity) ընդհանրապես, ինչպիսի բնույթ, կառուցվածք և գործառնություններ (ֆունկցիաներ) ունի, բ) ինչ է հայկականությունը (հայ լինելը), ռուսությունը (ռուս լինելը), թրքականությունը (թուրք լինելը), «գերմանականությունը» (գերմանացի լինելը) և այլն։

Սույն հոդվածի այս բաժնում փորձենք պատասխանել առաջին հարցին («Ի՞նչ է էթնիկականությունն ընդհանրապես»), որն, ի դեպ, էթնոլոգիայի և էթնոհոգեբանության բնագավառներում ուսումնասիրության առարկա է դարձել սկսած առնվազն 19 – րդ դարի երկրորդ կեսից։

Ըստ ժամանակակից գիտության, մարդկային որևէ հանրույթի էթնիկականությունը կամ էթնիկական ինքնությունը (լայն իմաստով) մի համակարգ է, որը կազմված է մի շարք հիմնական բաղադրիչներից։

1) Մարդաբանական (ռասայական, ֆիզիկական) որոշակի գծերի խմբից։ Այդ գծերից են մաշկի գույնը, մազերի գույնն ու ձևը, աչքերի կտրվածքը, գլխի և դեմքի որոշ այլ առանձնահատկություններ՝ շրթունքների հաստությունը, երկարագլխությունը կամ կարճագլխությունը, մարմնում կատարվող որոշ ֆիզիոլոգիական գործընթացների յուրահատկությունները և այլն։ Պետք է նկատի ունենալ, որ ռասան և ազգը չեն համընկնում։ Որևէ ազգ կարող է կազմված լինել հիմնականում մեկ ռասայի ներկայացուցիչներից, բայց ավելի հաճախ մենք տեսնում ենք, որ միևնույն ազգի մեջ կան տարբեր ռասաների բնորոշ գծեր ունեցող մարդիկ։ Եթե որևէ ազգի մեջ կան ռասայական տարբեր խմբերի ներկայացուցիչներ, ապա կարող ենք եզրակացնել, որ այն ձևավորվել է տարբեր ռասաների պատկանող էթնիկական խմբերի ձուլման շնորհիվ։ Սակայն նոր ռասայական գծեր կարող են ծագել նաև մուտացիաների շնորհիվ։ Այնուամենայնիվ, որևէ էթնոս կամ նրա անդամներին (էթնոկիրներին) լիովին բնութագրելու համար, բացի զուտ էթնիկական գծերից, անհրաժեշտ է իմանալ նաև նրա մարդաբանական գծերը։

2) Յուրաքանչյուր էթնոսի հատուկ է հոգեկան գծերի, ընդունակությունների և մտածելակերպի մի ամբողջություն, որը նպատակահարմար է անվանել տվյալ էթնոսի հոգեկան կերտվածք (հոգեկերտվածք)։ Այս բարդ հոգեբանական համակարգի մեջ մտնում են խառնվածքն ու բնավորությունը, մտավոր ընդունակությունները, հուզական կյանքի առանձնահատկությունները, մտածելակերպն ու ստեղծագործական ընդունակությունները, հոգեբանական ինքնապաշտպանության մեխանիզմներն ու այլ հատկություններ։

3) Էթնոսի հոգեկերտվածքի կարևորագույն ենթահամակարգն է նրա ինքնագիտակցությունը (էթնիկական կամ ազգային ինքնագիտակցություն, էթնիկական Ես - և Մենք - կոնցեպցիաներ և պատկերներ)։ Սա էթնոսի և նրա անդամների հոգեկերտվածքի այն ենթահամակարգն է, որի մեջ արտացոլված է էթնոսն ինքը։ Այլ կերպ ասած, էթնիկական ինքնագիտակցությունը էթնոսի պատկերացումների և ինքնագնահատականների համակարգն է։ Սրա հետ սերտորեն կապված են այն պատկերացումնեը, որ տվյալ էթնոսն ունի այլ էթնիկական հանրույթների և ազգերի, նրանց ներկայացուցիչների մարդաբանական և հոգեբանական առանձնահատկությունների մասին։

4) Լեզուն էթնոսի կարևորագույն հոգեբանական և մշակութային առանձնահատկությունն է և սերտորեն կապված է նրա հոգեկերտվածքի այնպիսի «բաղադրիչների» հետ, ինչպիսիք են մտածողությունը, երևակայությունը, ստեղծագործական ընդունակություններն ու գործընթացները, աշխարհընկալումը և այլն։ Երբ մենք հանդիպում ենք որևէ անծանոթ անհատի, ապա առաջին հատկանիշներից մեկը, որը թույլ է տալիս նրան որոշակի էթնիկական պատկանելիություն վերագրել, այն լեզուն է, որով նա խոսում է՝ իր մայրենին համարելով։ Մայրենի լեզվի բավարար իմացությունը մարդու էթնիկական պատկանելիության և յուրահատկության, այսինքն՝ նրա էթնիկական ինքնության հիմնական կողմերից մեկն է։

5) Էթնիկական հանրույթի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ այն ունի իր ուրույն մշակույթը։ Էթնիկական կամ ազգային մշակույթը հանրույթի էթնիկական ինքնության կարևորագույն մասն է (բլոկը) և էական յուրահատկությունը, իսկ լեզուն՝ դրա մի «բաղադրիչը», բայց այնքան կարևոր մի ենթահամակարգը, որ մենք այն դիտարկեցինք առանձին։ Մշակույթի մեջ, բացի լեզվից, մտնում է նաև այն ամենը, ինչ տվյալ էթնոսը ոչ թե պատրաստի վիճակում ստացել է բնությունից, այլ ինքն է ստեղծել իր սեփական գործունեության շնորհիվ։ Մշակույթը ստեղծվում է բազմաթիվ դարերի ընթացքում (նրանում կարող են լինել նաև այլ էթնոսներից փոխ առնված տարրեր) և ներառում է տվյալ հանրույթի կողմից ստեղծված գեղարվեստական գրականությունը՝ արձակն ու պոեզիան, պատմագրությունը, արհեստներն ու արվեստները, երաժշտությունը, գիտությունն ու իմաստասիրությունը, կառավարման և ռազմական արվեստը և այլն։ Յուրաքանչյուր անհատ, որևէ էթնոսի լիարժեք անդամ լինելու համար, պետք է իմանա նրա լեզուն և մշակույթի մյուս տարրերի գոնե որոշ մասը։

6) Յուրաքանչյուր էթնոս ծագում և իր ձևավորման նախնական փուլերն անցնում է որոշակի տարածքում (էթնոգենետիկ տարածք), որի աշխարհագրական և կլիմայական առանձնահատկություններն իրենց խոր կնիքն են դնում նրա գործունեության առաջատար տեսակների, մշակույթի և հոգեկերտվածքի վրա։ Որոշակիորեն սահմանազատված կենսական տարածք ունենալն ու նրա հետ էթնոսի հոգեբանական կապը նույնպես էթնիկականության կարևոր կողմերից մեկն է։ Հոգեբանորեն այդ կերպ իմաստավորված տարածքն անվանում են հայրենիք։ Միայն թե շատ էթնոսների և ազգերի այժմյան գոյության (կենսագործունեության) և ծագման (էթնոգենեզի) տարածքները միշտ չէ, որ նույնն են։

Օրինակ, հայկական Սփյուռքի համայնքները, որոնք էթնիկական խմբեր են, ապրում են տարբեր երկրներում, բայց դրանցում նրանց զբաղեցրած տարածքները, եթե նույնիսկ համախումբ (կոմպակտ) են ապրում, նրանց ծագման, այսինքն՝ էթնոգենեզի տարածքներ չեն և էթնոհոգեբանական իմաստով նրանց համար հայրենիք չեն։ Բոլոր հայերի հայրենիքը Հայաստանն է՝ այժմյան, ինչպես նաև հայոց էթնոգենեզի տարածքի այն հսկայական մասը, որը կորցրել ենք հայտնի իրադարձությունների հետևանքով, բայց ապագայում կարող ենք հետ վերցնել։ Իսկ, օրինակ, թուրքական ազգը այժմյան իր կեցության տաարծքում չի ծագել. ծագելով Ալթայում և շրջակա տարածքում, թյուրքական ցեղերն այնուհատև զավթողական արշավանքներ են ձեռնարկել և գրավել են այլ ժողովուրդների, այդ թվում նաև հայերի հայրենիքի մեծ մասը։ Ահա թե ինչու ժամանակակից Թուրքիայի մեջ մտնող տարածքները միայն պայմանականորեն կարելի է թուրքերի հայրենիք անվանել։

7) Պետականությունը (պետական կարգն իր հիմնական բաղադրիչներով) էթնիկականության կարևորագույն հատկանիշներից մեկն է, թեև այն ավելի հատուկ է էթնոսի զարգացման բարձրագույն աստիճանին՝ ազգին։ Սակայն իր պատմության որ փուլում էլ գտնվելիս լինի էթնիկական հանրույթը (տոհմ, ցեղ, ցեղային միություն, ազգ), այն միշտ ունենում է կառավարման մարմիններ և կառավարման ու լիդերության եղանակներ, ղեկավարներ և ենթականեր։ Յուրաքանչյուր էթնոս, որպես սոցիալական մեծ խմբի տեսակ, ժամանակի ընթացքում ձեռք է բերում ներքին կառուցվածք՝ ի դեմս էթնոկիրների այն դիրքերի, դերերի և դրանց փոխադարձ կապերի, որ մենք հայտնաբերում ենք էթնիկական բոլոր հանրույթներում, թեև զարգացման տարբեր աստիճաններում։ Կառավարման մշակույթը էթնիկականության կարևորագույն կողմերից մեկն է։

8) Էթնիկականության կարևորագույն բաղադրիչներից մեկը կրոնն է։ Յուրաքանչյուր էթնոս արդեն իր ծագման վաղ փուլերում ստեղծում կամ ձեռք է բերում պարզագույն կրոնական պատկերացումներ։ Սակայն մոնոթեիստական մեծ կրոններ ծնում են միայն առանձին ժողովուրդներ։ Այնուամենայնիվ, եթե էթնոսն իր կրոնն անգամ փոխ է առնում այլ ժողովրդից, ապա այն ժամանակի ընթացքում կարող է ձեռք բերել ազգային առանձնահատկություններ՝ իր հերթին ազդեցություն գործելով էթնիկական հոգեկերտվածքի վրա։ Օրինակ, քրիստոնեությունը լուրջ ազդեցություն է գործել հայերի և այլ քրիստոնյա ազգերի հոգեկերտվածքի վրա, քանի որ այն և գաղափարախոսություն է, և ապրելակերպ։

Իզուր չէ, որ առաջացել են այնպիսի արտահայտություններ, ինչպես «հայ քրիստոնյա», «մուսուլման արաբ» և այլն։ Այս և շատ այլ ժողովուրդների հոգեկերտվածքում կրոնն ու էթնիկականությունը խորապես փոխներթափանցել ու գրեթե անբաժան են դարձել։ Նույնիսկ պատմական դժվարին ժամանակներում, երբ հայերին մահից կարող էր փրկել միայն կրոնափոխությունը, բազմաթիվ հայեր իրենց չեն կարողացել պատկերացնել որպես մահմեդականներ և գերադասել են մեռնել, քան թե կրոնափոխ լինել։ Կրոնի և էթնիկականության կապի խնդիրը կարևոր է էթնիկական ինքնության ըմբռման ու պահպանման համար և պետք է լուրջ ուսումնասիրության առարկա դառնա։ Կրոնական հավատից հրաժարվելը ևս (աթեիզմ) լուրջ հոգեբանական փոփոխություններ է առաջ բերում մարդու հոգեկերտվածքում։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
5436 reads | 11.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com