Ո՞Վ ՊԵՏՔ Է ԾԱՂԿԵՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ
ԱԼԲԵՐՏ ՆԱԼՉԱՋՅԱՆ
ՀՈԳԵԲԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՓՈՐՁԱԳԵՏ







Հայաստանից արտագաղթողների շրջանում կա մի հետաքրքիր, նույնիսկ ես կասեի՝ պարադոքսալ մի պատկերացում, որին ես հանդիպել եմ նման մի քանի անձնավորությունների հետ ունեցած զրույցների ընթացքում և որն առկա է նաև Թոփչյանի հոդվածում։ Խոսքը հետևյալի մասին է. մենք գնում ենք, իսկ երբ Հայաստանում կյանքի պայմանները բարելավվեն, գուցե և վերադառնանք։

Նման դիրքորոշումը մի շարք հարցեր է հարուցում, որոնց թվում՝ հետևյալները.
1. Ու՞մ պարտականությունն է հայրենիքում կենսապայմանների բարելավումը, կոռուպցիայի դեմ պայքարը, օրինականության հաստատումը։
2. Ինչո՞ւ ազգի մի մասը պետք է մնա և ապրի դժվարին պայմաններում և բարենպաստ պայմաններ ստեղծի, իսկ մյուս մասը փախուստի դիմի և սպասի, թե ինչպես են մյուսներն իրենց համար ցանկալի պայմաններ ստեղծում,
3. ո՞րն է պատճառը, որ այդ մարդիկ չեն ցանկանում մնալ և աշխատել հայրենիքի համար, ի վերջո՝ նաև պաշտպանել արտաքին թշնամիներից։

Ինչո՞ւ պետք է այդ ամենը անեն ուրիշները, որպեսզի նրանք հետ դառնան և վայելեն այդ բարվոք վիճակը։ (Ի միջի այլոց, վերադառնալու մասին այդ հայտարարություններն էլ, որպես կանոն, չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մարդիկ երևի չեն էլ հավատում իրենց ասածին):

Այստեղ, իհարկե, կա մի շատ լուրջ խնդիր, որը, հանուն ճշմարտության և ազգի շահերի, չի կարելի աչքաթող անել։ Դա այն է, որ Հայաստանից հեռացողները միշտ և բացառապես այն քաղքենի անձինք չեն, ովքեր դժգոհ են նյութական անբարեկեցիկ վիճակից, օտարված են հայրենիքից և հեռանալու կապակցությամբ չեն էլ ափսոսում։ Խնդիրն ունի այլ կողմ ևս։ Բանն այն է, որ բազմաթիվ հայրենասեր մարդիկ հայրենիքում իրենց անօգնական և իրավազուրկ են զգում, հասկանում և գործնականում համոզվում են, որ երկրի համար արդյունավետ աշխատանք կատարելու հնարավորություն չունեն, որ իրենց առջև բոլոր ճանապարհները փակ են (և դիտավորյալ, շահադիտական նկատառումներից ելնելով փակվում են իրենց մյուս՝ եսասեր ու ագահ հայրենակիցների կողմից): Կան նաև իրականում դաժանորեն հալածվածներ, որոնք նույնպիսի ճակատագիր են կանխատեսում նաև իրենց զավակների համար, այդ պատճառով էլ հնարավորության դեպքում շտապում են հեռանալ։ Կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր զգում են, որ այստեղ իրենց աշխատանքը ոչ մեկին պետք չէ, որ երկիրն իրենց կարիքը չի զգում, իրենց ճակատագրով չի հետաքրքրվում։ Այդ մարդիկ գոյության «դատարկության զգացում» են ունենում, դառնանում են, օտարանում և հոգեբանորեն պատրաստ են դառնում հեռանալու համար։

Կա՞ն մեղավորներ։ Անկասկած՝ կան։ Բյուրոկրատները, խաբեբաները, կաշառակերները, եսասերները և սոցիալ-ախտաբանական մյուս տիպերը բազմաթիվ են և տիրապետում են որոշակի լծակների, կարող են հալածել, ահաբեկել, արհամարհել։ Ստեղծվել է քաղքենիական-ռաբիսական հասարակություն, որը չի հանդուրժում մտավոր բարձր օժտվածության տեր և վեհ նպատակներ ունեցող մարդկանց։ Իրական արժեքները գրեթե չեն գնահատվում, առաջնային են համարվում անձնական նյութական շահն ու կապերը։ Միջակությունների հաղթարշավ է։ Հետևաբար դժգոհության համար կան լուրջ հիմքեր։ Եվ, այնուամենայնիվ, արդարացի չէ պահանջել, որպեսզի ոմանք իրենց պայքարով, ընդ որում հաճախ վտանգավոր պայքարով, բարվոք պայմաններ ստեղծեն, իսկ մյուսները, հիմնականում քաղքենիներ և հայության հետ հոգեբանական թույլ նույնացում ունեցող մարդիկ, վերադառնան և վայելեն։ Այդպիսի մտայնությունը վիրավորական է այն մարդկանց համար, ովքեր չեն լքում իրենց հայրենիքը։

Այս իմաստով Թոփչյանի հոդվածը քաղքենիության քարոզ պետք է համարել։ Նա իրավացի չէ, երբ պնդում է, թե իբր բոլոր մարդիկ միայն կենսական հարմարավետություն են որոնում։ Այդպես չէ։ Եվ, վերջին հաշվով, մի՞թե օտար երկրում ապրելը «լավ կյանք» է՝ թեկուզ և նյութապես ապահովված լինես։ Դժվար է հավատալ։
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
1755 reads | 01.08.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com