ԱՐԴԱՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՍՊԵԼԸ ԷԹՆԻԿԱԿԱՆ ՀՈԳԵԿԵՐՏՎԱԾՔԻ ԿԱԶՄՈՒՄ
ԱԼԲԵՐՏ ՆԱԼՉԱՋՅԱՆ
ՀՈԳԵԲԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՓՈՐՁԱԳԵՏ









Ազգային հոգեկարտվածքին և ինքնությանը վերաբերող մասնավոր խնդիրները բազմաթիվ են։ Այստեղ քննարկենք դրանցից ևս մեկը, քանի որ այն, թեև ոչ միշտ ակնհայտ, բայց խոր ազդեցություն է գործում էթնոկիրների վարքի, մտածելակերպի և աշխարհընկալման վրա։ Այստեղ այդ երևույթը դիտվում է որպես էթնոհոգեբանական նոր խնդիր և լոկ նախնական քննարկման առարկա։

Ա. Արդյո՞ք արդար է այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք։ - Հոգեբանական ուսումնասիրությունները թույլ են տվել բացահայտել մարդկանց մտածելակերպին և աշխարհընկալմանը ներհատուկ մի առանձնահատկություն, որի ակնհայտ կամ անբացահայտ ազդեցությունը մարդկային կյանքի և հոգեկան գործունեության տարբեր կողմերի վրա հսկայական է։ Այն կապված է նաև հույսի, լավատեության և այլ հիմնարար հոգեբանական երևույթների հետ։ Հոգեբանության բնագավառում այս երևույթը ուսումնասիրել է Մելվին Լերները՝ այն անվանելով «արդար աշխարհի առասպել» կամ վարկած այն մասին, թե աշխարհն արդար է և յուրաքանչյուր ոք այնտեղ ստանում է այն, ինչին արժանի է։

Թեև իրականում այս վարկածը հազվադեպ է հաստատվում կյանքի կոնկրետ իրադրություններում, այնուամենայնիվ մարդիկ հավատում են դրան, նոր նպատակադրումներ են կատարում՝ հույս փայփայելով, որ, ի վերջո, արդարությունը հաղթելու է։ Նույնիսկ բազմաթիվ անհաջողությունների մատնված մարդիկ պահպանում են որոշ լավատեսություն, քանի որ նրանց հոգեկանի խորքերում կա այս հիմնարար վարկածն արդար աշխարհի մասին։ Շատերն էլ հավատում են, որ եթե նույնիսկ այս աշխարհում արդարություն չգտնեն, ապա այն լինեու է անդրշիրիմյան աշխարհում։ Սա կրոնական ճագատագրապաշտության կարևոր կողմերից մեկն է։

Ազգի հոգեբանական էությունն ու ինքնությունը հասկանալու համար, ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, պետք է լուծել նաև հետևյալը. ինչպիսի՞ն է տվյալ ազգի մեջ տիրապետող հիմնական միտումը կամ դիրքորոշումը աշխարհի նկատմամբ՝ լավատեսակա՞ն է այն, թե հոռետեսական։ Այս մեծ խնդրի կարևոր կողմերից մեկը արդար աշխարհի առասպելի կամ վարկածի (ԱԱՎ) նկատմամբ էթնոկիրների մեծամասնության վերաբերմունքն է։ Հավատու՞մ է, արդյոք, էթնոսը, որ աշխարհն արդար է, թե նրա հայացքներում գերակշռում է այն տեսակետը, որ աշխահն անարդար է և այդպիսին էլ մնալու է («ոնց եկել է, այնպես էլ գնալու է»)։

Սակայն առաջին հարցի ճիշտ պատասխանը գտնելու համար նախապես անհրաժեշտ է պարզել, թե ինչպիսին պետք է լինի արդարության և, համապատասխանաբար, անարդարության գիտական սահմանումը, ինչպիսին է այդ երևույթի ըմբռնումը տվյալ էթնոսի կազմում՝ նրա մշակույթի և այժմ ապրող էթնոկիրների մեծամասնության գիտակցության մեջ։

Եթե որևէ մեկն ասում է, թե ինքը հավատում է «աշխարհի» կամ, ավելի կոնկրետ, պետության կամ որոշակի անձնավորության արդարությանը, ապա պետք է պարզել, թե նա ինչ է հասկանում դրա տակ. նրա պատկերացման մեջ ինչ իմաստ ունի «արդարություն» - ը և որ մարդուն մենք կարող ենք արդարամիտ անվանել։ Սրանք հարցեր են, որոնք միայն առաջին հայացքից կարող են պարզ ու հասկանալի թվալ։

Անհրաժեշտ է պարզել, թե որոնք են այն սոցիալական, ներհոգեկան և միջէթնիկական իրադրությունները, որոնցում մարդկանց առջև ծագում և ծառանում է արդարության խնդիրը, և տվյալ ազգի համար այդ իրադրություններից որոնք են եղել (և այժմ էլ կան) առավել հաճախակի կրկնվողներն ու բնորոշները, տիպականները։ Խոսքն, ըստ էության, արդարության խնդրի հետ կապված պրոբլեմային իրադրությունների մասին է։

Անշուշտ կան հաջողակ և անհաջողակ անձինք, կան նաև հաջողակ և անհաջողակ, բախտավոր և անբախտ ազգեր։ Անհրաժեշտ է պարզել, թե անհատի և ազգի կենսական ընթացքի (պատմության) այդ յուրահատկություններն ինչպես են ազդում նրանց հոգեկերտվածքի և վարքի վրա։ Մասնավորապես, հաջողակ, բախտավոր ազգերն ինչպիսի պատկերացումներ ունեն արդար աշխարհի մասին վարկածի և նրան հակոտնյա համոզմունքի նկատմամբ, և արդյո՞ք արդարության մասին պատկերացումները այդ ազգերի մշակութում և այժմյան համոզմունքներում նույնն են։

Այս հարցերի պատասխանները գտնելու համար, անկասկած, անհրաժեշտ են համեմատական ուսումնասիրություններ։ Օրինակ, պետք է պարզել, թե արդյո՞ք արդարության մասին պատկերացումները նույնն են հայերի և թուրքերի, հրեաների և գերմանացիների, ռուսների և չինացիների և այլ ազգերի միջավայրում, նրանց էթնոկիրների մեծամասնության հոգեկանում։ Կասկած չկա, որ եթե դրանք տարբեր են, ապա ազգամիջյան փոխըմբռնման հասնելը շատ դժվար է, գուցե նաև անհասանելի։

Բանն այն է, որ երբ որևէ ազգ (ինչպես, օրինակ, թուրքական էթնոսը) անարդար գործողությունների շնորհիվ իր նպատակների ձեռք բերման ճանապարհին հաջողության է հասնում, ապա նա սկսում է որոնել (և սովորաբար գտնում է) այդ հաջողության այլ, արդար պատճառներ և հիմնավորումներ։ Այս հոգեբանական գործընթացներում մեծ դեր են խաղում տարբեր տեսակի վերագրումները (ատրիբուցիաները)։ Օրինակ, չնայած իրենց կատարած բազմաթիվ վայրագություններին, թուրքերն իրենց վերագրում են քաջություն, խելք և բազմաթիվ այլ բարեմասնություններ, որոնց շնորհիվ էլ, իբր, հաջողության են հասել ազգային պետություն ստեղծելու ճանապարհին, թեև իրականում այդ արդյունքին նրանք հասել են մարդկային մի շարք ընդգծված թերություններ՝ դաժանություն, մեծամտություն, խորամանկություն և նենգություն ունենալու շնորհիվ։ Այդպիսի, լիովին կամ մասամբ կեղծ պատկերացումներ ստեղծելով, նրանք փոխում են արդարության մասին պատկերացումները կամ ստեղծում են իրենց ուրույն էթնիկական պատկերացումներն այդ կարևորագույն երևույթի մասին։ Այդպիսի պատկերացումների տարրեր են, օրինակ, հետևյալ դատողությունները. «Արդար է նա, ով ուժեղ է», «Մենք հաղթության ենք հասել, ուրեմն արդար ենք» և այլն։ Նման կեղծ և միտումնավոր դատողությունների վրա էլ կառուցվում է գերագրեսիվ ազգերի հպարտությունը, որի մանկամիտ դրսևորումներից մեկը այն պաստառն է, որի վրա գրված է, «Մենք հպարտ ենք, որ թուրք ենք»։

Բ. Անցում արդար աշխարհի մասին հավատից դեպի հավատն առ անարդար աշխարհ։ - Ես կարծում եմ, որ այսպիսի անցումն այն հիմնական փոփոխություններից մեկն է, որը կարող է կատարվել էթնոցիդի ենթարկված ազգի ողջ մնացած մասի հոգեկանում։ Սա անձի և էթնոսի հիմնարար դիրքորոշումների փոփոխություն է, սա մեկ տեսակի հոգե-տրամաբանությունից մտածողության մեկ այլ տեսակի տրամաբանության անցնելու երևույթ է։
Սա նաև ճակատագրապաշտության (ֆատալիզմի) մեկ տեսակից մեկ այլ, հակադարձ տեսակի անցնելու գործընթաց է։ Եթե ֆատալիզմի այն տեսակը, որի դեպքում մարդիկ հավատում են, թե իբր աշխարհն արդար է, անվանենք դրական (լավատեսական) ֆատալիզմ, ապա ողբերգական իրադարձությունների ազդեցության տակ անցում է կատարվում բացասական (հոռետեսական) ֆատալիզմի, որի կորիզը կազմող հոգետրամաբանական դատողությունն այն է, որ «աշխարհում արդարություն չկա»։

Նման անցումը կարող է նաև կրոնական ֆատալիզմի մեկ տեսակից մյուսին անցնելու ձև ընդունել, օրինակ այսպիսին. «Այն, որ աշխարհը կառավարում է բարի ու մեծագործ Աստված՝ պատրանք է։ Աշխարհը կառավարվում է չար սատանայի կողմից, այս աշխարհը սատանայի թագավորությունն է»։
Քանի որ և՛ անհատը (էթնոկիրը), և՛ էթնոսն ամբողջությամբ, ունեն մի շարք հիմնային և տարբեր մակարդակի դիրքորոշումներ, ապա առաջին հերթին պետք է դիտել հենց էթնոցիդի ազդեցության տակ դրանցում կատարվող փոփոխությունները։

Գ. Ֆատալիզմի հիշյալ տեսակներից մեկից մյուսին անցնելու հետևանքները։ - Այդպիսի անցումն, անկասկած, ազդում է անհատների և ազգերի ինչպես աշխարհընկալման և վարքագծի, այնպես էլ բնավորության և մտածելակերպի վրա։ Այդ փոփոխությունները դեռ պետք է ուսումնասիրել։ Մի բան է, երբ մարդն իր առջև նպատակներ է դնում՝ հավատալով, որ աշխարհում արդարություն կա, և այլ բան է, երբ նա նպատակներ է առաջ քաշում՝ առանց հավատալու, որ աշխարհն արդար է։ Այսպիսի դեպքում և՛ գործունեության մոտիվացիան, և՛ նպատակների բովանդակությունը, և՛ դրանց հասնելու միջոցների ընտրությունը փոփոխություններ են կրում։ Հույսից կարող է անցում կատարվել անհուսության և ծայրահեղ հուսահատության, մի հանգամանք, որը կարող է հանգեցնել անհատական և էթնիկական ճնշվածության և պասիվության։

Դ. Դիրքորոշումների փոփխության հետևանքները ներէթնիկական և միջէթնիկական հարաբերություններում։ - Ես կարծում եմ, որ արդար աշխարհի մասին վարկածից անարդար աշխարհի վարկածին անցնելու ընթացքում, և հետագայում, անհատների և խմբերի վարքը ինչպես ներէթնիկական, այնպես էլ միջէթնիկական հաարբերություններում այլ է լինում։

Միջէթնիկական և միջպետական հարաբերություններում առաջանում է անվստահություն այլ ազգերի, նրանց մտադրությունների և դիրքորոշումների նկատմամբ։ Զոհը միշտ հիշում է իր ագրեսորին և նրա դաշնակիցներին, փորձում է վրեժ լուծել նրանցից, իր ագրեսիան հիմնականում ուղղում է նրանց դեմ։ Սակայն միշտ չէ, որ դա հնարավոր է։ Նման արգելքի հանդիպելու հետևանքով կուտակված դառնացածությունն ու ագրեսիվությունը սկսում են դրսևորվել ներէթնիկական հարաբերություններում։ Նույն էթնոսի (զոհի) անդամները սկսում են չվստահել միմյանց, անվստահություն դրսևորել մարդկանց նկատմամբ ընդհանրապես։ Նման պայմաններում մարդկանց հարաբերությունները դառնում են լարված, մրցակցային, թշնամական և վանող։ Այս մեխանիզմների աշխատանքի հետևանքով ագրեսիայի զոհ դարձած ազգի հոգեվիճակն է՛լ ավելի է ծանրանում։

Ընդհանուր առմամբ անարդար աշխարհի մասին ենթադրությունն ավելի իրատեսական է, քան հավատն առ այն, թե աշխարհում հաղթանակելու է արդարությունը և յուրաքանչյուրն ստանալու է այն, ինչի արժանի է։

Այսպիսով, արդար աշխարհի առասպելի կամ վարկածի սոցիալ-հոգեբանական ուսումնասիրությունների արդյունքները կարող են արդյունավետ կիրառություններ գտնել էթնոհոգեբանության բնագավառում՝ թույլ տալով բացահայտել ազգային ինքնության որոշ կարևոր կողմեր։ Անհրաժեշտ են կոնկրետ ուսումնասիրություններ։
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
1811 reads | 18.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com