ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՁԱՅՆԸ (օրիգինալ ձայնագրություն)
ԿԼԱՐԱ  ԹԵՐԶՅԱՆ











Բանաստեղծական փառքի գագաթը հասած Ավետիք Իսահակյանն ապրում էր իր կյանքի վերջալույսը: Այլևս նրան հաճախ չէր կարելի տեսնել մայրաքաղաքի փողոցներում ճեմելիս, չէր կարելի տեսնել Գրողների տանը, թատրոնում: Նա տնից գրեթե դուրս չէր գալիս, գրում էր, խորհում, կարդում: Շտապում էր. ասելիք դեռ շատ ուներ իր ժողովրդին: Մտերիմները, ծանոթները երկյուղածությամբ էին այցելում Վարպետին, ափսոսում էին խլել նրա թանկարժեք րոպեները: Եվ, սակայն, երբ Իսահակյանին խնդրում էին, որ իր խոսքն ասի ժողովրդին, սփյուռքում ապրող հայրենակիցներին, նա չէր մերժում: Ավետիք Իսահակյանը սիրում էր նստել իր ընդունարանի լայն թախտին, որը բարձիկներով էր երիզված: Պատից իջնող շքեղ գորգը նրա կերպարին ետնապատկեր էր ծառայում: Այդպես նա նման էր ոչ հողեղեն մարդու:
1955 թվական, հունվար: Երջանիկ առիթ՝ այցելելու Վարպետին, լսելու նրա խոսքը: Հալեպի Վարդանյան վարժարանի մի խումբ սաներ՝ Զավեն Առաքելյանը, Լյութվի Կինճելյանը, Մկրտիչ Մահտեսյանը, Հովսեփ Պողոսյանը և Գրիգոր Գըլընչյանը սրտառուչ նամակ էին հղել Երևանի ռադիոյին՝ խնդրելով հանձնել Ավետիք Իսահակյանին: Պատանիները շնորհավորել էին նրա Նոր տարին, պարպել իրենց հայրենակարոտ հոգիները և խնդրել, որ Վարպետն իրենց խորհուրդ տա՝ ինչպես ապրել սփյուռքում:
Իսահակյանը նամակը կարդաց, աչքերը խոնավացան, ու հոգով տեսավ այն տղաներին ու աղջիկներին, որոնք շունչը պահած սպասում էին իր խոսքին: Ու Վարպետը խոսեց հայրենասեր պատանիների հետ՝ նրանց խրատելով օտար ափերում երբեք չվհատվել, լավ իմանալ, որ մթագնած երկնքից վերև միշտ կա պայծառ արև:






ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԽՈՍՔԸ.

«Թանկագին հայրենակիցներ, մանուկներ, պատանիներ:
Ստացա ձեր նամակը: Շատ զգացված եմ իմ նկատմամբ ձեր տածած սիրուց ու հարգանքից և հայտնում եմ իմ սրտի շնորհակալությունը ձեզ բոլորիդ: Չափազանց ուրախ եմ, որ դուք այդքան վառ ու գիտակից հետաքրքրություն ունեք Սովետական Հայաստանի հանդեպ: Ոգևորվում եք նրա տնտեսական առաջադիմությամբ, նրա մշակութային վերելքով: Դուք կանգնած եք ուղիղ ու իմաստուն ճանապարհի վրա: Սովետական Հայաստանը բովանդակ հայության հայրենիքն է և նրա գեղեցիկ ապագան:
Հայ ժողովուրդը, զարգացնելով իր տնտեսությունը, իր գրականությունը, իր արվեստը, մշակույթը, միաժամանակ մարտնչում է համաշխարհային խաղաղության և ժողովուրդների եղբայրության համար:
Սիրելի հայրենակիցներ, դուք շարունակ պիտի զգաք ձեզ Հայաստանի հետ, ապրեք նրա կյանքով: Աշխատեցեք և տոկացեք, օգտագործեցեք ձեր ժամանակը, սովորեք գիտություններ ու լեզուներ: Հարգեք ձեզ հյուրընկալող սիրիական ազնիվ ժողովրդին: Կարդացեք հայոց հին և նոր պատմությունը: Պահպանեցեք մայրենի լեզուն և երբեք չընկճվեք: Ինչ վիճակի մեջ որ գտնվիք, երբեք չընկճվեք: Լավ գիտցեք, որ մեգ, մառախուղից վեր, մթամած երկնքից վերև միշտ կա ջերմ ու պայծառ արևը, կա Սովետական Հայաստանը՝ բովանդակ հայության հայրենիքը, որն օրեցօր զարգանում է, աճում, բարգավաճում:
Սրտագին ողջույններ ձեզ բոլորիդ, սիրելի բարեկամներ:
Ձեր՝ Ավետիք Իսահակյան»:


Հալեպի Վարդանյան վարժարանի նախկին սաները վաղուց հրաժեշտ էին տվել աշակերտական նստարանին: Յուրաքանչյուրն ընտրել էր իր կյանքի ուղին, սակայն նրանց հոգում վառ են Վարպետի պատգամները: Իսահակյանի խոսքն աճեցրեց հայրենասեր երիտասարդության մի ամբողջ սերունդ:
* * *
Ավետիք Իսահակյանը մեծ քաղաքացի էր, ապրում էր ժողովրդի կյանքով, մասնակցում նրա պետական գործերին:

1955 թվական, փետրվար: Հայաստանի Գրողների տան դահլիճը լեփ-լեցուն էր: Ավետիք Իսահակյանը կրկին առաջադրված է հանրապետությքան գերագույն խորհրդի դեպուտատության թեկնածու: Նա հանդիպում է իր ընտրողների հետ:

Իսահակյանը զգացված է նրանց ջերմ վերաբերմունքից.
«Սիրելի ընկերներ, ինչպե՞ս կարող եմ ես արտահայտել այն զգացումը, որ հիմա կա իմ մեջ՝ հանդեպ ձեր այս սրտագին վերաբերմունքին: Ես շատ զգացված եմ, սիրելի ընկերներ, շատ զգացված եմ: Այն մեծ պատիվը, որ արեցիք ինձ, այն վստահությունը իմ հանդեպ, դա, իհարկե, լցնում է իմ հոգին մեծ պարտականությամբ դեպի ձեր առաջադրած հրահանգները: Սիրելի հայրենակիցներ, սա երկրորդ անգամն է, որ ես բախտ ունիմ անդամ լինելու մեր ամենամեծ օրգանին՝ Հայաստանի Գերագույն խորհրդին: Իմ տարիքը շատ մեծ է, ես ապրում եմ իմ կյանքի երեկոն: Բայց հպարտ եմ ես և երջանիկ, որ գտնվում եմ իմ ազատ ժողովրդի մեջ: Այս բոլորը պարտք է դնում ինձ վրա լինելու հավատարիմ մեր պետությանը, նրա քաղաքականությանը, նրա իդեալներին, մեր ժողովրդի արդար պահանջներին: Մարդկային հանճարը կարողացել է թափանցել բնության ամենամեծ գաղտնիքի՝ տիեզերական ուժի գաղտնիքի մեջ՝ ատոմի բաժանմամբ: Եվ այդ այնքան մեծ գյուտ է, որ նա, եթե գործադրվի այնպես, ինչպես որ մեր պետությունն է ցանկանում՝ մարդկային բարիքի համար, մարդկությունը կերջանկանա հավիտենապես:
Սիրելի ընկերներ, դուք ինձ վրա դրել եք շատ քաղցր և ծանր պարտականություն: Ես ծերացած մարդ եմ, իմ ուսերը շատ թույլ են արդեն: Բայց և այնպես, ես խոստանում եմ, ինչքան որ դեռ ջանք ունիմ, թափել մեր ժողովրդի կուլտուրայի բարձրացման և տարածման համար: Ես խոստանում եմ՝ այդ պատիվը, որ տվեցիք ինձ, թագի պես կդնեմ գլխիս վրա և հպարտ կզգամ ձեզ հետ միասին, որ գտնվում եմ մեր ազատագրված հայրենիքում և ունիմ իմ ժողովրդի հարգանքը իմ հանդեպ, որը տալիս է ինձ թև և՛ թիկունք իմ կյանքիս վերջին ճանապարհների վրա»:

* * *
Ավետիք Իսահակյանի՝ Նոր տարվա մաղթանքները կենսական պահանջ էին բոլորիս համար: 1956 թվականի տարեմուտի գիշերը Երևանի ռադիոն եթերային ալիքներով սփյուռք հասցրեց Վարպետի մաղթանքը.
«Սփյուռքի սիրելի քույրեր և եղբայրներ,
այս՝ 1955 թվականն անցավ համաշխարհային խաղաղության մթնոլորտի մեջ: Բերկրալի է նկատել, որ միջազգային լարվածությունը բավականին թուլացավ, և քաղցր է հուսալ, որ այս Նոր տարին և հաջորդ տարիները կանցնեն խաղաղության մեջ, և ավելի կթուլանա լարվածությունը:
Հայ ժողովրդին անհրաժեշտորեն հարկավոր է խաղաղություն: Միայն այդ պայմաններում նա կարող է բուժել պատերազմներից ստացած ծանր վերքերը:
Խաղաղությունը հայ ժողովրդի բարեկամն է: Այս Նոր տարվա շեմքին հոգեկան քաղցր հաճույք եմ զգում՝ ողջունելու ձեզ բոլորիդ և բարեմաղթանքներ անելու:
Ցանկանում եմ ձեզ բոլորիդ առողջություն, հաջողություն, սեր միմյանց հանդեպ: աշխատեցեք և մի հուսահատվեք: Սիրեցեք հայրենիքը, մայրենի լեզուն, մայրենի գրականությունը:
Բարձր պահեցեք ազգային արժանապատվությունը: Անաղարտ պահեցեք ազգային լավագույն ավանդները:
Թող ապրի և զորանա Սովետական Հայաստանը՝ մեր բոլորի սիրելի և պաշտելի հայրենիքը:
Հայտնում եմ իմ սրտագին շնորհակալությունը այն բոլոր հայրենակիցներիս, որոնք հեռավոր վայրերից հայրենիքի կարոտի զգացումներով շնորհավորեցին իմ 80-ամյակը:
Սրտիս բոլոր ջերմությամբ շնորհավորում եմ ձեր բոլորի Նոր տարին, իմ սիրելի քույրեր և եղբայրներ»:

* * *
Անվանի գրող Հրաչյա Քոչարը մտերիմ էր Ավետիք Իսահակյանի հետ, և Վարպետի ընթերցմամբ մի քանի բանաստեղծությունների ձայնագրությունները նրա շնորհիվ են կատարված:  Հրաչյա Քոչարը նստել էր Իսահակյանի կողքին և խնդրում էր նրան կարդալ իր սիրած բանաստեղծությունները՝ երբեմն հիշեցնելով, թե ինչն առիթ ծառայեց, որ նա գրի տվյալ ստեղծագործությունները: Երևանի ռադիոյի՝ արտասահմանի հայության համար տրվող հաղորդումների վարչության այն ժամանակվա պետ Սարգիս Գասպարյանի, Հրաչյա Քոչարի և Վարպետի կնոջ՝ տիկին Սոֆիկի օգնությամբ մենք կարողացանք նաև Իսահակյանի ընթերցմամբ ձայնագրել մի-երկու սուրահ հռչակավոր «Աբու Լալա Մահարի» պոեմից, ինչպես նաև երկու տասնյակից ավելի հայրենասիրական ու սիրային բանաստեղծություններ:
Անմոռանալի էր Վարպետի աչքերի արտահայտությունն ընթերցման պահին: Նա վերացել էր ժամանակից, և թեև կարդում էր դանդաղ, շնչառությունը խանգարում էր, սակայն ապրում էր երիտասարդության օրերի երանությունը:

Մեկ անգամ ևս վիճակված էր այցելել Վարպետին: 1957 թվականի գարնանն էր. Հայաստանի Գրողների միությունը և Արտասահմանի հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունը (այն ժամանակ դեռ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն չէր ստեղծված) ձեռնարկել էին երեկո՝ նվիրված սփյուռքահայ առաջադեմ գրականությանը: Օգտագործվում էր «առաջադեմ» բառը, որովհետև դաշնակցություն կուսակցությանը հարող գրողների մասին խոսք լինել չէր կարող: Երեկոյին ընդարձակ զեկուցումով հանդես եկավ Գրողների միության քարտուղար Էդվարդ Թոփչյանը: Սակայն նախքան նրան խոսք տալը, դահլիճը լսեց Ավետիք Իսահակյանի ելույթի ձայնագրությունը:

Վարպետը վատառողջ էր, տնից դուրս չէր գալիս, բայց նա ինչպե՞ս կարող էր չմասնակցել սփյուռքահայ գրականությանը նվիրված երեկոյին, որ երազել էր ամբողջ ժամանակ և որը, փաստորեն, սփյուռքահայ գրականությանը, գրողներին անդրադառնալու առաջին քայլն էր:
Նրա տուն գնացինք ես և հնչյունային օպերատոր Հայկազ Դավթյանը: Ի դեպ, Վարպետին այցելելիս միշտ նա եղել է ինձ հետ և նա է ձայնագրել: Եվ երբ դահլիճում լսվեց Իսահակյանի խոսքը, հուզմունքի ալիք բարձրացավ, յուրաքանչյուրը զգաց, որ Վարպետի այս ելույթը եթե ոչ վերջինը, ապա վերջիններից մեկն է: Ցավոք, եղավ վերջինը: Աշնանը Իսահակյանն արդեն մեզ հետ չէր:

Վարպետի խոսքը ես պահեցի սերունդների համար.
«Խորապես ցավում եմ, որ հիվանդությանս պատճառով չեմ կարող ներկա լինել այս ուրախառիթ երեկոյին, որը կոչված է օգնելու հայության երկու հատվածների հոգևոր առավել մերձեցմանը:
Սփյուռքի իմ հեռավոր քույրերին ու եղբայրներին ջերմագին ողջույններ:
Դուք պիտի գիտենաք, որ միշտ և հանապազ մեր սրտերում եք, մեր խոհերի մեջ, մեր երազանքներում:
Թեև պատմության չար բերումով ամբողջ երկրագնդի վրա սփռված եք դուք, բայց վիթխարի տարածությունները, լեռներն ու օվկիանոսները չեն բաժանել մեզ: Մենք մեկ ենք մեր մեծասքանչ լեզվով, մեր մեծախորհուրդ գրականությամբ, մեր ավանդույթներով, մեր ժողովրդի լավագույն ապագայի հանդեպ մեր անմար հավատով:
Ամուր պահեք այս կապերը, գուրգուրացեք դրանց վրա, զորացեք դրանցով:
Սատար եղեք իրար օտարության երերուն ափերի վրա, կյանքի փոթորկալից ալիքների մեջ:
Ողջ մնաք»:


Ավետիք Իսահակյանի խոսքը մեծ տպավորություն թողեց թե սփյուռքահայ գրականությանը նվիրված երեկոյի մասնակիցների վրա, և թե սփյուռքում, քանի որ նույն օրը հաղորդվեց Մերձավոր և Միջին Արևելքում ապրող հայության համար: Սակայն այսօր, երբ մենք ազատ խոսում ենք մեր նպատակների, մեր միասնության մասին, խտրություն չդնելով մեր գրողների կուսակցական պատկանելության վրա, մի նոր լույսի տակ է ընկալվում Իսահակյանի խոսքը, որը շատ բան է ասել այն ժամանակվա պայմաններում, խտացած, իմաստուն խոսք. «Մենք մեկ ենք մեր մեծասքանչ լեզվով, մեր մեծախորհուրդ գրականությամբ, մեր ավանդույթներով, մեր ժողովրդի լավագույն ապագայի հանդեպ մեր անմար հավատով»:

Ինչպես անմահ են Ավետիք Իսահակյանի երկերը, այնպես էլ անմահ են նրա իմաստուն պատգամները իր ժողովրդին:
ԲՈՒՅԼ ՄԵԾԱՑ
5085 reads | 21.02.2013
|
avatar

avatar
1
Մարդկային հանճարը կարողացել է թափանցել բնության ամենամեծ գաղտնիքի՝ տիեզերական ուժի գաղտնիքի մեջ՝ ատոմի բաժանմամբ: Եվ այդ այնքան մեծ գյուտ է, որ նա, եթե գործադրվի այնպես, ինչպես որ մեր պետությունն է ցանկանում՝ մարդկային բարիքի համար, մարդկությունը կերջանկանա հավիտենապես...

Իսահակյա՜նս...

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com