ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ՄԵԾ ԱՍՏՂԸ. ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ (օրիգինալ ձայնագրություն)
 ԿԼԱՐԱ  ԹԵՐԶՅԱՆ













Ռադիոլրագրողի մասնագիտությոթւնը տասնյակ տարիներ բախտ է ընձեռել ինձ ձայնագրելու և հաղորդելու մեծն Վիկտոր Համբարձումյանի խոսքը՝ որպես ելույթ, հարցազրույց, ռեպորտաժ, ակնարկ:
1964 թվականի մեղմ, հունիսյան օր Բյուրականում: Արծաթին տվող գմբեթներով վարդագույն մի փոքրիկ ավան, ուր փողոցների փոխարեն կոկիկ ծառուղիներ են, անցուդարձային աշխույժ չկա. հանգիստ են ծառերն ու ծաղիկները, լուռ են շենքերը: Անդորրն այցելուին պատմում է խորհրդավոր զգացումով: Թվում է՝ արքայական հնագույն ամրոցում ես կամ տաճարում... Այստեղ չես կարող անկաշկանդ խոսել: Շուրջդ ամեն ինչ ներշնչում է. պետք է միայն լսել ու դիտել:
Համաձայն նախօրոք պայմանավորվածության, ինձ ընդունեց մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանը և ծանոթացրեց աստղադիտարանի աշխատանքներին: Ձայնագրելու պահին հնարավորություն ունեի մոտիկից դիտելու նրան. այնքան ոգևորված էր խոսում. քիչ առաջ հոգնածություն արտահայտող դեմքը ողողվել էր ժպիտով, աչքերը լեցուն էին հույզով: Այդպես կարելի է կարդալ բանաստեղծություն, լսել երաժշտություն, վրձնել նրբագույն նկար: Գիտնականի համար աստղագիտությունը արվեստների արվեստն է, կյանքի իմաստը: Իր դպրոցը հիմնելիս սաներին նա ներարկել է նույն նվիրվածությունը:

ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԽՈՍՔԸ
«Բյուրականի աստղադիտարանը զբաղվում է աստղագիտական այն հարցերով, որոնք վերաբերում են հեռավոր տիեզերքին: Տիեզերքում՝ մեր շուրջը, գտնվում են որոշ մարմիններ, որոնք աստղագիտական համեմատաբար բավական մոտ են. օրինակ՝ մոլորակները, օրինակ՝ մեր լուսինը, օրինակ՝ արեգակը: Բայց դրանք չեն մեր հետաքրքրության հիմնական առարկաները. մեզ հետաքրքրում են հեռավոր աստղեր ու հեռավոր աստղային համակարգություններ, այսպես կոչված՝ գալակտիկաներ:
Բավական է ասել, որ մենք Արեգակի հետ միասին գտնվում ենք մի այնպիսի գալակտիկայի մեջ, որտեղ բացի արեգակից կան նաև հարյուր միլիարդի չափ ուրիշ արեգակներ: Ուրեմն, արևը այդ հարյուր միլիարդից ընդամենը մեկն է: Մեր գալակտիկայի ուսումնասիրությունը և հեռավոր այլ գալակտիկաների ուսումնասիրությունը: Ահա այն բնագավառը, որին նվիրել են իրենց ուժերը Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցները:
Այժմ մենք զբաղվում ենք մի հարցով, որը, փաստորեն, դրվել է գիտության մեջ մեր աստղագետների խմբի կողմից և վերջին տարիների ընթացքում գրավել է ամբողջ աշխարհի աստղագետների ուշադրությունը: Դա, այսպես կոչված, գալակտիկաների կորիզների հարցն է: Ինչպես ասացի, մեր գալակտիկան բաղկացած է ավելի քան հարյուր միլիարդ աստղերից, կան և ուրիշ գալակտիկաներ, որոնք նույնքան հարուստ են կամ ավելի հարուստ են, կամ և համեմատաբար ավելի աղքատ: Բայց հետաքրքիր է, որ այդ գալակտիկաները, դրանցից մեծ մասը ունեն, այսպես ասած, կորիզներ: Դրանք համեմատաբար փոքր, խիտ համակարգեր են և գտնվում են գալակտիկաների կենտրոններում: Այսպես նաև մեր գալակտիկայի կենտրոնում գտնվում է մի կորիզ, որի կառուցվածքը, սակայն, մեզ բավական պարզ չէ. այն մեզանից ծածկված է մութ ամպերով, որոնք կլանում են նրա լույսը, և մեզ հաջողվում է այդ հեռավոր կորիզից, որին մեզանից բաժանում է 30 հազար լույսի տարի հեռավորություն, ստանալ միայն նրա ռադիոճառագայթումը: Այդ ռադիոճառագայթի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կորիզը սովորական աստղային սիստեմ չէ, որ գտնվում է գալակտիկայի կենտրոնում. նրա մեջ պարունակվում է կայտառ և ուրիշ վիճակում գտնվող նյութ, որը ենթակա է ուսումնասիրության: Բայց եթե մենք, դժբախտաբար, չենք տեսել մեր գալակտիկայի կորիզը, մենք կարողանում ենք տեսնել, ճիշտ է, մեծ հեռավորության վրա դրա շատ փոքր չափերի լուսանկարումները: Բյուրականի աստղագետների ուսումնասիրությունները ապացուցեցին մի չափազանց հետաքրքրական փաստ. գալակտիկաների կորիզներում կատարվում են ուժեղ պայթյուններ, ուժեղ հեղաշրջումներ, որոնց ընթացքում կորիզի միջից արտազատվում է հսկայական քանակությամբ էներգիա:

Աստղագետները վաղուց են դիտում տիեզերքի տարբեր տեսակի բռնկումներ և պայթյուններ, որոնք հետաքրքրական են նրանով, որ կարճ ժամանակի ընթացքում արտազատում են հսկայական քանակությամբ էներգիա: Սակայն գալակտիկաների կորիզներում հայտնաբերված պայթյուններն իրենց չափերով գերազանցում են այն բոլոր պայթյունները, որոնք մինչև հիմա հայտնի են աստղագիտությանը: Պայթյունների ժամանակ կորիզներից դուրս է նետվում հսկայական քանակությամբ նյութ, այնքան նյութ, որոնցով կարելի է կազմել միլիոնավոր և տասնյակ միլիոնավոր արևներ կամ միլիոնավոր երկրագնդեր: Խնդիրն այն է, որ այն նյութը, որ դուրս է շպրտվում նման պայթյունների ժամանակ, հետագայում մնալով տվյալ գալակտիկայում, ենթարկվում է որոշ զարգացման, որոշ փոփոխությունների և դառնում է այդ գալակտիկայի մի մասը: Այսպիսով, կորիզը փոխում է իր շուրջը գտնվող գալակտիկայի կառուցվածքները, ավելացնում է նրան նոր տարրեր, նոր մարմիններ: Եթե հաշվի առնվի դա և մի շարք այլ փաստեր, ապա բնական է գալ այն եզրակացությանը, որին և եկել են Բյուրականի աստղագետները. կորիզը այն կենտրոնն է, որից սկիզբ են առնում գալակտիկայի բոլոր մասերը:
Ուրեմն գալակտիկայի սկիզբը մոտավորապես այսպես պետք է պատկերացնել, որ սկզբում եղել է կորիզ կամ նախակորիզ, որը ժամանակի ընթացքում զարգացել է, ներսից դուրս շպրտել հսկայական քանակությամբ էներգիա, նյութ և այդ նյութից առաջացել են տարբեր աստղեր, աստղային ամպեր, որոնք և կազմել են տվյալ գալակտիկայի ամբողջ մարմինը, նրա բնակչությունը, նրա էությունը:

Դուք տեսնում եք, որ այստեղ մենք մոտենում ենք խնդիրներին, որոնք կապված են ամենակարևոր, երկնային մարմինների առաջացման հետ, գալակտիկաների առաջացման հետ: Եթե մենք հասկանանք, թե ինչպես են զարգանում գալակտիկաները, ապա, որպես երկրորդ խնդիր, կարելի կլինի նաև լուծել արեգակների և մոլորակների առաջացման խնդիրները: Դա շատ հիմնական, այսպես ասած, ֆունդամենտալ խնդիր է աստղագիտության համար, այդ պատճառով էլ մենք փնտրում ենք նոր երևույթներ կորիզների մեջ, ուսումնասիրում ենք այն փոփոխությունները, որոնք կատարվում են այդ բռնկումների ժամանակ, դիտվող գալակտիկաներում պայթյունների հետքերը:
Դա է այսօրվա մեր հիմնական զբաղմունքը: Եվ պետք է ասել, որ բազմաթիվ աստղագետներ տարբեր երկրներից գալիս են մեզ մոտ՝ ծանոթանալու այն նոր տեսակետներին և նոր արդյունքներին, որոնք ստացվել են Բյուրականի աստղադիտարանում: Եվ ենթադրվում է, որ եկող տարի Բյուրականում կլինի միջազգային մի խորհրդակցություն՝ նվիրված այդ հարցին: Բայց, իհարկե, աստղագիտությունը չի կանգնում մի տեղում, այդ թվում և մեր աստղադիտարանը:
Ես բացատրեցի, որ մենք հիմա զբաղվում ենք գալակտիկաների կորիզներով, դրանք են գտնվում մեր ուշադրության կենտրոնում: Բայց սրանից մի քանի տարի առաջ դրությունը այլ էր. մենք զբաղվում էին աստղերի առաջացման հարցով: Մեզ մոտ հայտնաբերվեցին աստղասփյուռները: Մեզ մոտ զբաղվում էին և հիմա էլ շարունակում են զբաղվել միգամածություններով: Մեզ մոտ է հայտնաբերված չափազանց հայտնի այն երևույթը՝ հռչակավոր խեցգետնաձև, բյուրեղացած միգամածության լույսը, որը նշանակում է՝ այդ միգամածությունը բաղկացած է բարձր էներգիայի բազմաթիվ մասնիկներից:

Հետագայում ևս մեր ուսումնասիրության առարկաները կփոխվեն և կապված կլինեն գալակտիկաների և նրանց խմբերի, գլխավորապես, ամենահեռավոր խմբերի հետ, նրանց դասավորության հետ, որովհետև աստղագիտության վերջնական նպատակն է գտնել, թե ինչպես է կառուցված այս ամբողջ տիեզերքը, որը լի է այսպիսի գալակտիկաներով և նրանց խմբերով, կույտերով: Դա արդեն ապագայյի հարց է, բավական դժվար, որին մենք դեռ նոր սկսում ենք մոտենալ:
Վերջացնելով իմ խոսքը՝ ես ուզում եմ հայտնել, որ մեր աստղադիտարանը, շարունակելով իր աշխատանքները մեր գիտությունների ակադեմիայի ցանցում, սկիզբ դրեց մի շարք հիմնարկների ձևավորմանը: Որպես օրինակ, կարելի է բերել ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը, որը սկզբում եղել է աստղադիտարանի մի փոքր բաժինը, զարգացել է, հիմա ունի ավելի շատ աշխատակիցներ, քան ինքը՝ Բյուրականի աստղադիտարանը:
Կամ կարելի է օրինակ բերել մեր սարքաշինական, օպտիկամեխանիկական աշխատանոցը, որն այժմ ինքնույույն գիտական հիմնարկ է, որը զբաղվում է նոր տեսակի օպտիկական, մեխանիկական և առհասարակ դիտական գործիքների ստեղծման խնդրով:
Մեր աստղադիտարանը տեղադրված է Արագածի լանջերին, մեր հանրապետության բնակչությունը հաճախ գալիս է այցելության, հետաքրքրվում նրա գորշերով: Մեզ այցելում են նաև հեռվից եկած մեր եղբայրներն ու քույրերը: Նրանք մեծ հետաքրքրություն են ցույց տալիս մեր աշխատանքների նկատմամբ, և մենք նրանց մեծ հաճույքով ենք ծանոթացնում աստղադիտարանին, պատմում հայ գիտնականների մասին, և պատրաստ ենք միշտ նրանց ջերմ ընդունել և ցույց տալ, թե ինչպիսի հնարավորություն ունի այժմյան գիտությունը մեզ շրջապատող տիեզերքն ուսումնասիրելու գործում»:

***
Վիկտոր Համբարձումյանին նվիրված իմ վերջին հաղորդումը 1993-ի նոյեմբերին էր՝ նրա ծննդյան 85-ամյակի առթիվ: «Բյուրակն» ծրագրի խմբագրության և ունկնդիրների անունից շնորհավորելով հոբելյարին՝ ասացի. «Ինձ իրավունք չեմ վերապահում նշել Ձեր գիտական վաստակը, դա կանեն ձեր գործընկերները՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Դավիթ Սեդրակյանն ու Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Էդուարդ Խաչիկյանը, որոնք մասնակցում են հաղորդմանը: Ուզում եմ միայն հայտնել, թե ի՜նչ երախտագիտությամբ ու ի՜նչ ապրումներով, դողով էինք բոլորս հետևում 1990 թվականի աշնանը Ձեր առողջությանը, երբ Մոսկվայում Զորի Բալայանի, Սոս Սարգսյանի հետ հացադուլ էիք հայտարարել հանուն Ղարաբաղի: Ձեր անձնազոհությունը ևս հայտնագործություն էր աշխարհի համար:
Գիտական այր լինելու հետ մեկտեղ Դուք եղել եք լավ հայ, ժողովրդին նվիրված զավակ: Եվ այս պահին ավելի դիպուկ խոսք, քան Մարտիրոս Սարյանն է ասել, չեմ գտնում. «Ծնվում են մարդիկ, որ դեմք ու դիմագիծ են տալիս իրենց սնուցող մայր ժողովրդին: Այսպիսին էին Մեսրոպ Մաշտոցն ու Խորենացին, Թորոս Ռոսլինն ու Նարեկացին: Այդպիսին է Վիկտոր Համբարձումյանը»:

Ապա խոսեց աստղադիտարանի տնօրեն Էդուարդ Խաչիկյանը.
«Հետաքրքիր է, որ Վիկտոր Համբարձումյանը հիմնականում զբաղվում է երիտասարդ օբյեկտներով: Եվ ինչո՞ւ է դա կարևոր, որովհետև նա միշտ գտնում է այն, ինչ ուրիշները չեն կարողանում հասկանալ, տեսնում է ֆիզիկական այնպիսի փոփոխություններ, որոնք մեզ հուշում են, թե ինչ կա այդ աստղի մեջ և ինչ տեղի կունենա նրա հետ մոտիկ ապագայում: Համբարձումյանը ցույց տվեց, որ կան նաև երիտասարդ գալակտիկաներ, որ ամբողջ տիեզերքը ոչ թե ծնվել է ինչ-որ մի պահի, այլ գալակտիկաները հետագայում նույնպես շարունակում են ծնվել:
1958 թվականին Համբարձումյանի այս հայտնագործությունը Սոլվեյի կոնֆերանսում (Բելգիա) մեծ վեճեր առաջացրեց: Նրան համարեցին իդեալիստ, ֆանտաստ: Ամերիկացի հայտնի գիտնական Բաբեն Համբարձումյանին ասաց. «Դուք այնպիսի բան եք ասում, որ պատկերացնել իսկ անհնարին է»: Բայց, չանցած մի քանի տարի, հենց ամերիկացիները հաստատեցին այդ փաստը: Համբարձումյանի գիտական վաստակը շատ դիպուկ է գնահատել Աստղագետների Միջազգային Միության նախագահ հոլանդացի Յան Օրորտը. «Ես այլևս դադարել եմ զարմանալուց, թե ինչպես Համբարձումյանի գիտական վարկածները, որոնք նա մարգարեաբար առաջ էր քաշում տարիներ առաջ, մեկը մյուսի հետևից իրականանում են»:

Ցավալի է, որ մենք ակադեմիկոսի 85-ամյակը նշում ենք Բյուրականի աստղադիտարանի համար ոչ բարենպաստ պայմաններում, բայց պետք է ասեմ, որ Համբարձումյանը շարունակում է աշխատել և հիմա էլ պատրաստում է իր աշխատությունների ընտրանին, որը պետք է տպագրվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում»:

Իսկ Դավիթ Սեդրակյանը, որ Հայաստանի գիտությունների Ազգային Ակադեմիայի փոխնախագահն էր, նշեց. «1958 թվականին Վիկտոր Համբարձումյանի և Գուրգեն Սահակյանի աշխատությունները սկիզբ դրեցին նոր տիպի օբյեկտների ուսումնասիրությանը, որը վերաբերում է տիեզերքում գոյություն ունեցող ամենափոքր աստղերին, որոնք հայտնի են որպես նեյտրոնային աստղեր կամ կոչվում են բաբախիչներ: Այդ աստղերից բաբախող ազդանշաններն առաջին անգամ գրանցվել են 1968 թվականին Անգլիայում, և գրանցողը ստացել է Նոբելյան մրցանակ, մինչդեռ Համբարձումյանն ու Սահակյանն այդ օբյեկտների ուսումնասիրությունները սկսսել էին տասը տարի առաջ: Նրանց գերխիտ աստղերն նվիրված աշխատություններից առաջ եկավ տեսական մի ամբողջ ուղղություն»:
Հոբելյանի առթիվ հաջողվեց ձայնագրել Վիկտոր Համբարձումյանին: Ցավոք, դա վերջին անգամն էր: Հոբելյարը խոսեց գիտնականների տնտեսական վիճակի մասին՝ նշելով, որ նրանց վիճակը պետք է բարելավվի և որ դա պետության պարտականությունն է ոչ միայն գիտության առաջ, այլև ժողովրդի, որովհետև գիտությունը գոյություն ունի ժողովրդի համար:

Այն հարցին, թե արդյո՞ք հարգարժան ակադեմիկոսը հանգել է այն եզրակացությանը, որ տիեզերքը մի կենտրոնական ուժ ունի՝ մտավոր թե հոգևոր, որը ազդում է մարդկային արարքների վրա, Համբարձումյանն ասաց. «Ոչ, այդպիսի եզրակացության չեմ եկել: Բայց գտնում եմ, որ, իրոք, գոյություն ունեն բնության օրենքներ, որոնց նշանակությունը մեծ է: Եվ եթե ուզում եք մի որևէ անհայտ պատճառ տեսնել, կարող եմ ասել՝ այո, իհարկե, բնության այդ օրենքներն այնքան կատարյալ են, որ տպավորություն է թողնում, թե ինչ-որ հատուկ ուղեղ է մտածել դրանք: Բայց դա երևի մի խնդիր է, որ վերաբերում է մեկ ուրիշ գիտությանը՝ բնության փիլիսոփայությանը:

Մարդը, որ հսկայական տիեզերքի փոքրագույն մասնիկն է, իր հոգևոր ու մտավոր կարողություններով ի զորո՞ւ է հասնել մի սահմանի, երբ կասի՝ ես ճանաչում եմ այդ անհունը:
«Մարդու կարողությունները,-ասաց Վիկտոր Համբարձումյանը, -համեմատած տիեզերքի չափերի ու մասշտաբների հետ, շատ համեստ են, բայց մենք տեսնում ենք, որ մարդու հնարավորությունները մեծանում են: Պետք է հասկանալ, թե բացի մեզանից էլ ի՞նչ կենդանի էակներ կան, դրանց մտավոր հզորությունը: Միայն ուսումնասիրելով և համեմատելով այդ բոլորը՝ կարելի է գալ որոշ եզրակացությունների: Այնպես որ, դեռ հազարավոր տարիներ են հարկավոր այդ ընդհանրացումները կատարելու համար: Իսկ հիմա, քանի որ մենք ճանաչում ենք միայն մեզ, որպես խելացի էակների մի տեսակի, իհարկե, եզրակացություններ անել չենք կարող: Գիտությունը միայն այսօր չէ, որ գոյություն ունի: Նա չի կարող մի օրում, մի տարում կամ հարյուր տարում լուծել բոլոր հարցերը: Երևի այդպիսի բարդ հարցերի համար պահանջվում են տասնյակ հազարավոր տարիներ, այն դեպքում, երբ գիտությունը գոյություն ունի մի քանի հազար տարի միայն»:
***
Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հաղորդումը, որն ընդմիջվում էր նրա մասին ասված նշանավոր այլ գիտնականների խոսքերով և նրա սիրած երգերով ու բանաստեղծություններով, եթերում հնչելուց հետո ակադեմիկոսի օգնականը՝ Օկտա Արևշատյանը, խնդրեց ձայնագրության կրկնօրինակը՝ անվանի գիտնականի անձնական արխիվում պահելու համար: Հայտնեց նաև, որ հաղորդումը Վիկտոր Համբարձումյանին շատ էր հուզել:
Երջանիկ եմ, որ Բյուրականի աստղադիտարանի Մեծ Աստղին «Բյուրակն» ռադիոծրագիրը թողեց մի փոքրիկ հիշատակ:
ԲՈՒՅԼ ՄԵԾԱՑ
3685 reads | 07.02.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com