ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԸ (օրիգինալ ձայնագրություն)
ԿԼԱՐԱ  ԹԵՐԶՅԱՆ

 

 

 

 

 

 

«ԲՈՒՅԼ ՄԵԾԱՑ». ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

Աշխարհի շատ բեմերում փառաբանված Վահրամ Փափազյանը 1950-ական թվականների կեսից վերջնականապես բնակություն հաստատեց Երևանում: Մինչ այդ, հյուրախաղերի եղած ժամանակ նա հրավիրվում էր ռադիո՝ ձայնագրության: Առաջին ձայնագրություններն են՝  հատվածներ «Օթելլոյից», «Համլետից» և «Դիմակահանդեսից»:  Ու թեև ձայնը առաջվանը չէր, բայց ինչպե՜ս էր տիրապետում դրան, ի՜նչ կատարում էր:

Փափազյանը, որին հավերժական ճամփորդ էին անվանում, բնակություն հաստատեց Երևանում, սկսեց ավելի հաճախ գալ ռադիո և այնպես մտերմացավ գրական-դրամատիկական և արտասահմանի հայության համար տրվող հաղորդումների խմբագրությունների աշխատակիցների հետ, որ ձայնագրություններից հետո ժամանակ էր գտնում  նստել զրույցի, պատմել հուշեր: Հատկապես անմոռանալի են նրա հայտնած կարծիքները թատրոնի, այս կամ այն դերասանի մասին, այդ զրույցներում զարմանալի ընդհանրացումներ ու եզրակացություններ էր անում: Գիտեինք, որ վաղն այդ մտքերը պետք է արտացոլվեին  «Հետադարձ հայացք» գրքում, որից առանձին հատվածներ, նախքան գրքի տպագրությունը, հնչեցրել էինք ռադիոյով: Մեծ դերասան ու թատրոնի գիտակ լինելուց բացի, Փափազյանը օժտված էր գրելու ձիրքով: Երբ լույս տեսավ նրա «Հետադարձ հայացքը», Հայաստանի գրողների միությունը մեծարեց նրան՝ որպես գրողի և ընդունեց իր ընտանիքը: Փափազյանը սիրում էր մեզ պատմել իր այս կամ այն նովելի բովանդակությունը. այնպես էր պատմում, որ հուզում էր հոգիդ, իսկ ինքն ասում էր, որ ժամանակ չունի գրի առնելու, բայց պետք է անպայման գրի:

Եվ այսպես, մեծարելով նրան որպես դերասան և գրող, մտքներովս չէր անցնում, որ նա նաև լավ հրապարակախոս է:  Բնությունը նրան այւդ ձիրքով էլ էր օժտել: Փափազյան հրապարակախոսին ծանոթանալու առիթը եկավ ինքնին:




 

1957 թվականին Երևանից սկսեցին հաղորդումներ տրվել նաև Եվրոպայի երկրներում ապրող հայության համար, մինչ այդ մեզ լսում էր միայն Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում ապրող հայությունը: Այդ առիթով խնդրեցինք Փափազյանին, որ ողջունի եվրոպահայությանը: Սիրով համաձայնվեց և առանց նախապատրաստվելու նստեց խոսափողի առջև.




 

ՓԱՓԱԶՅԱՆ.-
Հեռավոր և միշտ մոտ հայ ունկնդիրներ, մեծեր և փոքրեր, այսօր սկսվում են Երևանից ռադիոհաղորդումներ հեռուներում ցրված, ուրիշ երկնքի տակ բաբախող կարոտակեզ հայ սրտերի համար: Երջանիկ եմ, որ ինձ առիթ  է ընծայվում ողջույնի խոսք ասել ձեզ մեր հայրենիքից՝ մեր բարգավաճող, արագ վազքով առաջ ընթացող վերածնված Հայաստանից:




 

Գիտեմ, որ սահմաններ են բաժանում մեզ, ինչ-որ գծեր աշխարհի քարտեզի վրա, բայց հազիվ թե նման գծերը կարողանան երբևիցե սահման դնել մեր հին, հեռավոր ազգի ժառանգների սրտերում, եթե նույնիսկ նրանք ապրելու լինեն տարբեր մոլորակների վրա: Եվ կարենալ մնալու համար թեև հեռու, բայց մոտ իր ազգին, իր ժողովրդին, պետք է ամեն գնով պահել լեզուն՝ միակ անշեղ ճանապարհը, անքակտելի կապը իրարից հեռու ապրող սրտերի համար, միակ բևեռային աստղը դեպի նավահանգիստ բերելու համար հեռու ծովերում բախտի բերմամբ մոլորված, ուղեկորույս սրտերին:




 

Ես բազում ծանոթներ ունեմ ձեզ մոտ, սիրելի ունկնդիրներ, հին ընկերներ, հարազատ սրտեր: Եվ մեկից ավելի անգամ առիթ եմ ունեցել հեռվից, թե մոտիկից հանդիպել ձեզ հետ և կարոտս առնել: Եվ ահա հիմա առիթ է ներկայանում շարունակական և անխափան կերպով լսելի դարձնել ձեզ մեր երջանիկ երկրի
ձայնը, և թող այդ ձայնը լինի ձեզ համար այն լուսավոր, երբեք անմար լապտերը, որի լույսը, համոզված եմ, լուսավորում է ամեն մի հայի հոգին  ինչ պայմանների մեջ էլ նա լինի:




 

Մաղթում եմ ձեզ զվարթ լինել, առողջ, ուղիղ և անվարան աչքերով նայել ապագային: Երբեք չընկճվել և սիրել ձեր հայրենիքը, տունը ամեն մի հայ մարդու և երբեք չմոռանալ, որ լայն են մեր դռները, միշտ բաց, օթևանները անհամար:




 

Մի անգամ ևս ողջունելով ձեզ, անհուն կարոտով համբուրում եմ յուրաքանչյուրիդ և խնդրում ամեն մեկից նույնը անել և ինձ:




 

***




 

Ավանդույթ էր, որ տոնական օրերին հանրապետության անվանի մարդիկ, տանտիրոջ իրավունքով, հանդես գան ռադիոյով և ժողովրդին հղեն իրենց շնորհավորանքներն ու մաղթանքները:




 

Պահպանված է Վահրամ Փափազյանի  1966 թվականի Ամանորի խոսքը, որը ժամանակին մեծ արձագանքի արժանացավ ունկնդիրների կողմից: Ուշադրություն դարձրեք, թե ինչ «մեծ տան» մասին է խոսում  անվանի դերասանը:




 

1966 թվականին նա խոսում է մեր պապենական հողերի մասին, որ գերության մեջ են: Ի դեպ, նա առիթը բաց չէր թողնում, որ պատմեր Արևմտյան Հայաստանի մասին: Նրա խոսքը պատկերավոր էր, ինքնատիպ և ժամանակակից հնչեղություն ուներ. այո, մենք պետք է կառուցենք մեր «մեծ
տունը»:




 

ՓԱՓԱԶՅԱՆ.-
Սիրելի և թանկագին մարդիկ: Ինձ խնդրել են շնորհավորական մի քանի խոսք ասել Նոր տարվա առթիվ: Եվ նախքան թե գրիչս ձեռքս առնեմ, հիշեցի մեր հինավուրց ասացվածքը, թե մեր տունը նեղ է, այո, բայց սրտներս  է  լայն: Եվ այդ լայն սրտի շնորհիվ է, որ ավելի քան հազարամյակներ ահա մեր ժողովուրդը ոչ միայն
կարողացել է ապրել, այլև հակառակ անհուն տառապանքների, իր տունն ապրելու համար նեղ անել, հյուրի համար տեղ անել՝  հավաքելով բոլոր ցաքուցրիվ հայերին, տուն բերել ու տունը մեծացնել:




 

այո, մեծացնել, որովհետև հայ ժողովուրդը շնորհիվ երկար ժամանակ նեղ ապրելակերպի, եղել է և շինարար ժողովուրդ: Լցնենք ուրեմն մեր խոպան ու անմարդաբնակ վայրերը շեն գյուղերով, հարուստ քաղաքներով, մի թիզ ազատ հող չթողնենք առանց կառուցման մեր Հայաստանի պայմաններում, որ իրավունք ունենանք մեծ տան մասին խոսելու:




 

Եվ ես հանուն այդ երջանիկ օրվա լցնում եմ բաժակս լիքը մեր հողի ու արևի տված գինով ու խմում ձեր բոլորի կենացը՝ Հայաստանի աշխատող, խելացի և քաղցր ժողովրդի կենացը:




 

***




 

Հիսնական թվականների կեսերին Վահրամ Փափազյանը ցանկություն հայտնեց Երևանի ռադիոյում ստեղծելու իր ոսկե ֆոնդը: Դրամատիկ երկերից բացի, կարդաց իր սիրած հեղինակների չափածո  արձակ ստեղծագործություններից:




 

Փափազյանը ձայնագրվում էր դանդաղ, օր էր լինում, որ կարդում էր ընդամենը մեկ ստեղծագործություն: Բայց պատահում էր նաև,, որ ոգևորվում էր, ընկնում հուշերի մեջ և կարդում ներկայացրած ծրագրից դուրս՝ ասելով. «Վաղը Փափազյանը չի լինի, իսկ դուք կուրախանաք, որ այս ձայնագրությունը ունիք»:




 

Այդպես նա կարդաց քողավորի կիսերգը՝ «Իջեք, իջեք, երազներ» Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայից: Իսկ Լևոն Շանթն այն ժամանակ արգելված հեղինակ էր, և գրական հաղորդումների բաժնի վարիչ Ժաննա Տեր-Հովհաննիսյանն ու ռեժիսոր Հրաչուհի Ջինանյանն այդ ձայնագրության համար, որը եթեր չէր տրվել, նկատողություն ստացան: Ժաննան ժապավենը պահեց այնքան ժամանակ, մինչև թույլատրեցին հնչեցնել Լևոն Շանթի ստեղծագործությունները:  Եվ, իրոք, հիմա Փափազյանի կատարմամբ այդ հատվածը մասունք է:




 

Ուզում եմ մի փոքրիկ գաղտնիք բացել, այն կհաստատեն 50-ական թվականների կեսերին Երևանի ձայնը լսող ունկնդիրներից շատերը: Վահրամ Փափազյանի կատարմամբ «Իջեք, իջեք, երազներ» ձայնագրությունն այդ ժամանակ  արտասահմանի համար հնչել է Երևանից:




 

Այդ սքանչելի ստեղծագործությունը Փափազյանն այնքան լավ էր կատարում, որ ես չկարողացա գայթակղությանը դիմանալ և հաղորդեցի Միջին  և Մերձավոր Արևելքում ապրող հայության համար: Բարեբախտաբար, վերևներում չէին իմացել, իսկ խմբագրությունում աշխատում էին հայրենասեր մարդիկ, և ամեն ինչ խաղաղ անցավ:




 

***




 

1966 թվականի սեպտեմբերին հանրապետությունը նշում էր իր սիրված դերասաններից մեկի՝ Հրաչյա Ներսիսյանի մահվան  հինգերորդ տարելիցը: Վահրամ Փափազյանը մեծարանքի խոսք ասաց իր մտերիմ ընկերոջ հիշատակին:




 

ՓԱՓԱԶՅԱՆ.-Մեծ երջանկություն և մխիթարանք  է ինձ համար խոսել ոչ միայն հարազատ ընկերոջ, այլև բազմաբեղուն մի արտիստի մասին որը խորունկ ընդունակության տեր էր, սովորականից ավելի լայն  դաստիարակությամբ, բեմական արվեստի համար բազում տվյալներով ծաղկուն, որը եկավ և ասուպի նման անցավ մեր թատրոնի երկնքի վրայից:




 

Այդ հոյապակ տվյալներով հարուստ արտիստը, ավաղ, սկզբից ևեթ հնարավորություն չունեցավ  ընդլայնել և խորացնել բնությունից շռայլված արդ հարստությունները:




 

Չեմ կարող ասել, որ Հրաչը չզգաց հնարավորությունների բացակայությունը, որովհետև արտիստ էր և  չէր կարող չզգալ այդ և արգելակների հետ նա կռվեց երկար: Վկայում եմ, որ այդ մաքառումները նրանում սկսվեցին իր ծննդավայրում՝ Պոլսում, ուր ամբողջ չորս տարի խաղակից եղավ ինձ: Ոչ ոք չտեսավ այդ ողբերգությունն այն ժամանակ, կամ շատ քիչ եղբայր սրտեր զգացին այդ: Եվ Հրաչը փորձեց թաղել այդ ամեն ժամ ու իր ներքին արհեստական ինքնամոռացության մեջ:




 

Հայաստանում նա գտավ ամեն հնարավորություն: Հայ հանդիսատեսը ամենատաք վերաբերմունքով շրջապատեց նրան: Նույնիսկ կարող եմ ասել, որ թատերական Երևանը ոչ ոքի չսիրեց  այնքան, որքան Հրաչին: Նա եղավ այն անթառամ ծաղիկը մեր թատերական աշխարհում, որի նմանը չունեն
և դեռ չեն ունենա մեզանից ավելի բազմաթիվ , թերևս ավելի էսթետ ժողովուրդների թատրոնները: Այն հարուստ և բազմաբեղուն խաղացանկը, որ Հրաչինը եղավ մեր ազգային թատրոնում, ոչ ոքինը չեղավ ոչ մի թատրոնում:




 

Շեքսպիրի Ֆալստաֆից մինչև մեր ուլտրաժամանակակից խաղացանկը, ի թիվս նրան սովետական գրեթե ողջ խաղացանկը, Հրաչի համար եղավ այն լայն ու խոր, անսահման անջրպետներ գրկող մարդու աշխարհի ամենաջինջ ցուցափեղկը, որով Հրաչը կարողացավ ապրել երկար ու երկար տարիներ, ոչ միայն մեր հարազատ հայրենիքի մարդկանց համար, այլև բոլոր մարդկության: Իմ տաղանդավոր ընկերը կարողացավ վերապրել մարդկության ամբողջ ստեղնաշարը՝ ալֆայից մինչև օմեգա և իր ստեղծագործական կյանքում գտնելով մխիթարանք ու ապրելու հնարավորություն, ինչ որ բախտը չտվեց իր անձնական կյանքում:
Բայց Հրաչը բնազդաբար հենված էր իր ներքին ձայնին, իր կոչումին, շնորհիվ գեղարվեստագետին վայել կամքի, կարողացավ ոչ միայն հաղթանակով դուրս գալ այդ մաքառումից, այլև, առանց հոխորտանքի, կարողացավ օգտվել և անհրաժեձշտ ապաստան գտնել՝ ապավինելով Հայաստանի պետական
անկաշառ գուրգուրանքին: Եվ նա, որ մի հողմահար փոքրիկ բոց էր, որը Պոլսից ինձ հետ եկավ Հայաստան, վառվեց ամենակուլ հրդեհի ջերմությամբ ու լույսով՝ անթիվ գիշերներ լուսավորելով ու ջերմացնելով անհամար հայ մարդկանց սիրտը, մինչև մոխրացավ իր սեփական կրակից:




 

Բայց Հրաչի նման մարդիկ նման են առասպելական ոսկեթև փյունիկի, որոնք վառվում են, ճիշտ է, իրենց սեփական բոցով, բայց և ծնվում են իրենց սեփական աճյունից, հավիտենական վառ ու շնորհակալ հիշատակով իրենց ծնող ժողովրդի սրտում: Եվ կապրեն այնքան, որքան ժողովուրդն է ապրում: Սրտից բխած մի
արցունք նրա գերեզմանին:




 

***




 

Վահրամ Փափազյանի վերջին ելույթը 1968 թվականի մարտին էր: Նա վատառողջ էր և իր ժողովրդին ուղղեց սրտի խոսքը, որը հրաժեշտ էր,  լեցուն սիրով ու լավատեսությամբ:




 

ՓԱՓԱԶՅԱՆ.-Իմ թանկագին բարեկամ, իմ ապրած խռովահույզ օրերի ուղեկից: Դու, որ հիմա ուզում ես նկարագրել իմ կյանքն ու գործը՝ եկողներին տալու ազնիվ դիտավորությամբ, առաջնորդ կարգիր քեզ պատմության անսխալական կշեռքը՝  ոչինչ չի ավելացնելու և ոչինչ չի պակասեցնելու առողջ միտքը:




 

Նկարագրիր ուրեմն մի մարդ, դերասան մի մարդ, որ եղավ աշխարհի ամենատառապյալ ժողովրդի ծնունդը, ծնունդը չար, արյունոտ ժամանակների ու թափառեց մեր մոլորակի չորս ծագերը, կյանքը մաշելով աշխարհի բեմերում, բոցեղեն լեզուների մեջ ու կամեցավ սպեղանի  գտնել իր ժողովրդի անթիվ վերքերի համար: Ուր էլ որ գնաց՝ մնաց իր ժողովրդի գրկում:  Ինչպես հիմա, երբ արդեն բոլորել է իր կյանքի ութ անգամ տասը տարիները:




 

Նկարագրիր այնպես, ինչպես եղել եմ, ինչպես կամ հիմա, իսկ մնացյալը, բարեկամս, անպատասխան լռություն է:




 

Քո Վահրամ Փափազյան:

ԲՈՒՅԼ ՄԵԾԱՑ
5860 reads | 20.01.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com