ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ՀԵՏ (օրիգինալ ձայնագրություն)
ԿԼԱՐԱ  ԹԵՐԶՅԱՆ
















1971 թվական, հունիս: Երևանի նկարչի տանը կազմակերպվել է Երվանդ Քոչարի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որն իր տեսակի մեջ եզակի է. պատկերասրահի առաջին և երկրորդ հարկի դահլիճները լեփ-լեցուն են կտավներով ու քանդակներով, այստեղ հավաքված են անվանի արվեստագետի գրեթե բոլոր տարիների ստեղծագործությունները: Ծերունազարդ վարպետը երիտասարդացել է: Նա շարունակ շրջում է սրահներում, ինքն է երիտասարդներին բացատրում իր այս կամ այն նկարը:

Բոլորը նրան «մաեստրո» են անվանում, նա գույների ու քարի նվագարան է: Թվում է՝ կանգնել է ցուցահանդեսի մի անկյունում և միայն աչքերով, որ կապույտ ու անեզր իմաստություն են, ղեկավարում է կտավներն ու քանդակները: Նրանք հնչում են միանգամից, ինչպես սիմֆոնիկ ստեղծագործության նախերգանքը, պատմում մի հուժկու պատմություն, որ թեև ծնվել է 20-րդ դարում, սակայն արտացոլում է դարեր. հասնում մեր օրերին ու անցնում առաջ:
Այդ նախերգանքն է լսում այցելուն Երվանդ Քոչարի ցուցահանդեսը մտնելիս, դա ընդհանուր տպավորությունն է, երբ ուզում է միանգամից ընկալել ցուցահանդեսը: Հետո հուզումի առաջին ալիքը հանդարտվում է, կարողանում է արդեն լսել առանձին կտավների ու քանդակների ձայնը:
Իմաստուն, շռայլ ստեղծագործություններով է կանգնում այցելուի առջև Երվանդ Քոչարը, որի ձեռքերով ծնունդ են առել նկարչության բոլոր ժանրերը՝ քանդակից մինչև յուղաներկ ամենանրբին կտավները:

Քոչարը «Սասունցի Դավիթ» մեծածավալ քանդակի հեղինակն է, Քոչարը նաև կապույտ շղարշով պարուրված տիեզերական թռիչքին միտք տվող «Էքստազ» կտավը ստեղծողն է: Նրա արվեստը ցուցադրվում է Փարիզում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Հոլանդիայում... Նրա անունը հնչեց 20-րդ դարի նկարչական արվեստի մեծությունների՝ Շագալի, Կանդինսկու, Պիկասոյի, Լեժեի և մյուսների հետ միասին:

Շնորհավորում եմ Քոչարին՝ հայտնելով իմ հիացմունքը:
-Մասեստրո,-ասում եմ նրան,- Ձեր ցուցահանդեսը վկայում է, որ Դուք հսկայական աշխատանք եք տարել, հեշտ չէ այսքան ստեղծագործություններ մի հարկի տակ հավաքել:
ՔՈՉԱՐ-առանձնապես նախապատրաստվելու կարիքը չեմ զգացել, որովհետև այս նկարները վաղուց արդեն գոյություն ունեին, և ցուցահանդեսն ամփոփում է առհասարակ բոլոր էտապները, որ ես անցել եմ: Իհարկե, շատ ցավալի է ինձ համար, որ այն շրջանը, որ Փարիզում եմ եղել, չի ներկայացված, որովհետև Ռեզենբերգի պատկերասրահում էի աշխատում, և բոլորը, ինչ ես անում էի, պատկանում էր Ռեզենբերգին: Հետևաբար, դրանք ինձ մոտ չեն մնացել, որ ես կարողանամ ցուցադրել, բայց և այնպես, մեծ ցուցահանդես է, մոտ 300 գործ է ցուցադրված, և գրեթե բոլոր էտապներն են: Բացի Ֆրանսիայից, երկու տարի էլ Իտալիայում եմ աշխատել, էնտեղ էլ շատ մոնումենտալ գործեր եմ արել, կարծեմ Լաֆոնտեի արձանն եմ շինել, և դրանք չկան, և հետո մեծ պորտրեներ եմ արել, դրանք էլ չկան: Այդուհանդերձ, ես շատ գոհ եմ, որ այս ցուցահանդեսի մեջ ներկայացված են իմ բոլոր էտապները, բոլոր գործերի էպոխաները:
Պատրաստելն ինձնից չի կախված, ես ոչինչ չեմ արել, եթե անգամ անկեղծ կերպով ասեմ՝ մատս մատիս չեմ խփել: Մեծ մասն իմ կինս է արել և շատ համառ ու եռանդուն աշխատել է, հավաքել է գործերս, որովհետև դրանք ցրված են շատ կոլեկցիաների մեջ այստեղ՝ Խորհրդային Միության մեջ: Օրինակ՝ ռուսական թանգարանի մեջ, որ Լենինգրադումն է: Գիտե՞ք, մեծ թանգարան է, Տրետյակովկայի պես մեծ թանգարան է, այնտեղ 14 գործ ունեմ:


Այդ օրերին Երվանդ Քոչարը բոլորեց իր ծննդյան 72 տարին, իսկ նկարել սկսել էր 6 տարեկան հասակից: Ծնվել է Թիֆլիսում, ավարտել Ներսիսյան դպրոցը և դպրոցական նստարանին հրաժեշտ տալու պահին արդեն հանդես է եկել անհատական ցուցահանդեսով, որն ուղիներ բացեց մեկնելու Մոսկվա, Փարիզ, Վենետիկ...

Արվեստի այս օրրանները, որ տեսել էին շատ մեծություններ, նկատեցին ու ընդունեցին երիտասարդ արվեստագետին: այդ տարիներին էր, որ Եղիշե Չարենցը, հանդիպելով նրան Փարիզում, ասաց, որ Երվանդ Քոչարը Հայաստանում կբարձրանա այնպես, ինչպես Էյֆելյան աշտարակը՝ Փարիզում:

Պիկասոյի և ժամանակի մյուս ճանաչված կերպարվեստագետների հետ Քոչարը բաց է անում անհատական ցուցահանդեսներ:

«Սասունցի Դավիթ» էպոսը որքա՜ն շատ է զբաղեցրել արվեստագետի միտքը, նա արձանը դարձրել է Երևանի խորհրդանիշը, իսկ ցուցահանդեսում ներկայացված է դյուցազնավեպի գծանկարների շարքը, որը հասնում է քանդակի հնչեղության, ասես պղնձից ու քարից է ձուլված:

ՔՈՉԱՐ-Այդ պատկերազարդումները ես արել եմ Հովսեփ Օրբելու պատվերով, նա այդ ժամանակ Էրմիտաժի դիրեկտորն էր: Ինձ հրավիրեց Լենինգրադ և պատվիրեց, որ «Սասունցի Դավթի» պատկերազարդումն անեմ: Ես շատ ոգևորվեցի, որովհետև դա ինձ համար շատ մեծ պատիվ էր: Անմիջապես մեկնեցի Երևան: Շատ մտահոգված էի, թե ինչ պետք է անեմ, որ մեծ էպոսի բովանդակությանը համապատասխան լինի, որ արժանի լինի իսկապես կոչվելու «իլյուստրացիա»: Շատ մտածելուց հետո ես եկա այն եզրակացության, որ հայ ժողովրդի ամենաառաջադեմ, ամենաառաջավոր և տանող ճյուղը ճարտարապետությունն է, ուրեմն՝ քարի կուլտուրան է: Դրա համար իմ իլյուստրացիաները պետք է լինեն քարի ֆակտուրայով, քար հիշեցնեն: Եվ մտածեցի՝ իբր թե քարեր են, ժայռեր, որոնց վրա Սասունցի Դավթի ժամանակներից արդեն փորագրել են էպոսը պատկերող նկարներ: Եվ դրա համար այդ իլյուստրացիաներն այդ տպավորությունն են թողնում, որ քար են, ոչ թե գծագրություններ:

-Շատ գեղեցիկ գործեր են:
ՔՈՉԱՐ-Շատ շնորհակալ եմ, որ հավանում եք, այդ գործերն, իհարկե, շատ լուրջ կերպով աշխատված են:

-Իհարկե, Ձեր բոլոր գործերն էլ հիացնում են, բայց Դուք միշտ նույն ոճին չեք հետևել: Ըստ երևույթին, դրանցից յուրաքանչյուրը կյանքի մի որոշակի հատված է ընդգրկում: Եթե Դուք ներկայացնեք Ձեր ցուցահանդեսը, շատ շնորհակալ կլինեմ:
ՔՈՉԱՐ-Այդ դժվար է, որովհետև, գիտե՞ք ինչ կա. անշուշտ, ես տարիքս առած մարդ եմ, 73-ի մեջ եմ մտել, բայց սկսել եմ նկարել շատ փոքրուց, վեց տարեկանից արդեն սկսել եմ նկարել, և մտքիս մեջ սևեռուն կերպով արդեն մտած է եղել, որ ես պետք է նկարիչ դառնամ, արձանագործ պիտի դառնամ: Դրա համար էլ կյանքիս ընթացքում շատ էպոխաներ, շատ զգացմունքներ, շատ զգացմունքներ, շատ ազդեցություններ, հուսահատություններ, հուսախաբություններ, ուրախություններ եմ ապրել: Իհարկե, տարբեր, տարբեր ոճեր են: Հիմա մենք տեսնում ենք միանգամից՝ իբրև մի ժապավեն: Իհարկե, տարբերությունները կզգացվեն, բայց մի բան, եթե համարձակություն ունեմ ասելու, բոլորի մեջ մի բան կա, որ ցայտուն կերպով ծայրից ծայր երևում է, այն է, որ բոլոր իմ նկարների մեջ կա գծանկար, գծանկարի ուժը: Փոքր երեխա ժամանակից մինչև վերջ այդ գծանկարի ուժը կա միշտ, դա նկարչի խարակտերն է, որը, բարեբախտաբար, չի երերում, չի տատանվում, այլ հետևողականությամբ գալիս է մինչև վերջ:

ԲՈՒՅԼ ՄԵԾԱՑ
6458 reads | 22.03.2013
|
avatar

avatar
1
hands hands hands hands hands hands
avatar
2
VAT@ CHER BAYC

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com