ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ԽՈՋԱ ՄԻՐԱՔ
Ո՞վ էր հայ վաճառականը: Մարդ, որ ճակատագրի կամ պրոֆեսիոնալ գործունեության բերումով ապրում էր օտար ափերում, շրջում երկրե-երկիր, տիրապետում էր օտար լեզուների, քաջատեղյակ էր տարբեր ժողովուրդների նիստուկացին, բարքերին, սովորույթներին և ինքնաբավ էր, այսինքն՝ սեփական ֆինանսական միջոցներ ուներ: Այս իրողությունները զանազան երկրների տիրակալների դրդում էին օգտագործել հայ վաճառականներին՝ նրանց լիազորելով պետական նշանակություն ունեցող կարևորագույն դիվանագիտական առաքելությունների կատարումը:

Ստորև ըստ ժամանակագրության ներկայացրել ենք աշխարհասփյուռ հայ վաճառական դիվանագետներին և չենք անդրադարձել պրոֆեսիոնալ դիվանագետներին, որոնք պետական պաշտոնյաներ էին, ինչպես նաև այն վաճառականներին, որոնք նպաստել են զուտ առևտրատնտեսական հարաբերությունների հաստատմանը: 

Առաջին հայ վաճառական դեսպանը խոջա Միրաքն է:

Թուրքմենական ակ-կոյունլու ցեղի խան Ուզուն-Հասանը XV դարում Պարսկաստանում ստեղծեց ուժեղ պետական կազմավորում և, բնականաբար, մտադրվեց միջպետական հարաբերություններ հաստատել զորեղ Վենետիկի հասարակապետության հետ: Նման առաքելություն կարող էր իրականացնել միայն քրիստոնյա հայը, և ամենահարմար թեկնածուն թավրիզցի մեծահարուստ վաճառական խոջա Միրաքն էր, որի մասին 1448թ. հիշատակարաններից մեկում ասված է. «Եւ էր ախոյան մեծ ազգիս Հայոցն ի դրան արքայիցն տաճկաց»: Այս խոջան բազմիցս նյութապես օժանդակել էր հայոց եկեղեցիներին ու վանքերին, ստրկությունից գնել և ազատ արձակել բազմաթիվ վրացի գերիների:

1469թ. խոջա Միրաքը, որպես Պարսկաստանի դեսպան, Ճանապարհ ընկավ և Վենետիկ հասավ մեկ տարի անց՝ 1470թ. փետրվարին: Դժբախտաբար, հայտնի չէ, թե նրա առաքելությունն ինչպիսի արդյունք ունեցավ: Սակայն ստույգ է, որ 80-ամյա խոջան Թավրիզում ոմն տաճիկ Մեհտիի ձեռքով սպանվեց 1486թ. մարտի 24-ին, քրիստոնյա լինելու պատճառով: Ի պատիժ, Ուզուն-Հասանի հաջորդը՝ Պարսկաստանի գահակալ Յաղուբը, դաժան հաշվեհարդար տեսավ կրոնական մոլեռանդների նկատմամբ, շների կերակուր դարձրեց մարդասպաններին և բռնագրավեց նրանց համախոհ թավրիզցիների ունեցվածքը:

ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ
1248 reads | 24.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com