ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ԳԵՐԱՔ ՄԻՐՄԱՆ, ՍԵՖԵՐ ՄՈՒՐԱՏՈՎԻՉ
1582թ. Ֆլորենցիայում Պարսկաստանի հյուպատոսն էր Աղվանի երկրից եկած խոջա Գերաք (Կիրակոս) Միրմանը, որի սերունդները ժառանգաբար դիվանագիտական պաշտոններ էին վարում Իտալիայում:

Այսպես, 1671թ. Լիվոռնոյում պարսից ավագ հյուպատոսն էր նույն տոհմից սերող ղափանցի խոջա Պետրոսը: Նրան հաջորդեցին Վենետիկի հայոց եկեղեցու վերանորոգող խոջա Գրիգոր Միրմանը (Գրիգոր Գերաք) և սրա ժառանգները, որոնք Մեդիչիների հետ առևտրային սերտ կապերի մեջ էին և Կոզմաս III-ի ժամանակ ճանաչվեցին իշխանական գերդաստան:

Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ III-ի անձնական մատակարարն էր ազնվական Սեվերինի որդի Սեֆեր Մուրատովիչը: Նա ծնվել էր Լվովում, ձեռք էր բերել նշանավոր վաճառականի համբավ, տիրապետում էր մի քանի արևելյան լեզուների և լեհահայերի ամենաականավոր դեմքերից էր: Եվ ահա, 1602թ. լեհ թագավորը Ս. Մուրատովիչին դիվանագիտական հանձնարարությամբ ուղարկեց Պարսկաստան:

Արտաքուստ դա առևտրային ուղևորություն էր, սակայն բուն նպատակը դաշն կնքելն էր ընդդեմ Թուրքիայի: Ս. Մուրատովիչը փայլուն կերպով կատարեց իր առաքելությունը և, փաստորեն, եղավ առաջինը, ով դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Լեհաստանի ու Պարսկաստանի միջև:

Նրան ջերմ ընդունելության արժանացրեցին Ղաշանում՝ Շահ Աբասի արքունիքում, և հայ վաճառականն այնքան լավ տպավորություն գործեց, որ շահն ասաց. «Դեսպաններից ոչ մեկին՝ ոչ մոսկովյան, ոչ անգլիական, ոչ վենետիկյան և ոչ էլ Պապի, չհաջողվեց ինձ այնքան բավականություն պատճառել, որքան այդ մարդուն, որի հետ կարող էի խոսել մայրենի լեզվով»

Վերադարձից հետո Սիգիզմունդ III-ը նրան շնորհեց թագավորական մատակարարի ցմահ տիտղոս և նշանակեց Լեհաստանի բոլոր հայերի ղեկավար:

Լինելով հայոց ազգային ավանդույթների պահապան` լուսավորչական հավատքի հետևորդ, Սեֆեր Մուրատովիչը 1631թ. Լվովի համայնքի կողմից եկավ Սբ. Էջմիածին՝ բողոք ներկայացնելով ընդդեմ հայոց բռնի կաթոլիկացման մեղավոր, հերձվածող եպիսկոպոս Նիկոլ Թորոսևիչի:

ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ
1109 reads | 25.10.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com