ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ՏԻԳՐԱՆ ՔԵԼԵԿՅԱՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ








Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ երբ նորը կառուցելու համար քանդեցին Տարսոնի հայոց խարխուլ եկեղեցին՝ հայտնաբերվեցին հին դրամներ և զանազան իրեր, որոնց արժեքն ու նշանակությունն այնքան էլ հասկանալի չէր: Այդ ամենը 500 ոսկով գնեց կեսարացի վաճառական Կարապետը և որպես ժառանգություն՝ բաժանեց երեք որդիների միջև: Դա հիմք հանդիսացավ, որ նրանցից մեկը դառնա խոշոր վաճառական, դիվանագետ, հասարակական-քաղաքական գործիչ, ազգային բարերար, իսկ անտիկ իրերի նրա հավաքածուն համարվի աշխարհում լավագույններից մեկը:

Տիգրան Կարապետի Քելեկյանը (1868, Կեսարիա-1951, Նյու Յորք) նախնական կրթությունն ստացել է Պոլսո Հակոբ Գուրգենի հայկական կրթարանում: Ապա իր ամբողջ երկարամյա գիտակցական կյանքում սկսեց զբաղվել մի բիզնեսով, որից աշխարհում շատ քչերն էին գլուխ հանում. դա անտիկ իրերի ժողովումն էր, ինչպես նաև առ ու ծախը: Այդ բիզնեսը պահանջում էր արվեստների նկատմամբ սեր, հատուկ գիտելիքներ, ճիշտ գնահատման ունակություն, հաշվենկատություն, գաղտնապահություն և առհասարակ մարդկային յուրահատուկ խառնվածք:

Արդեն 1893թ. Տ. Քելեկյանը Չիկագոյի միջազգային ցուցահանդեսում հիմնեց Պարսկաստանի տաղավարը և ցուցադրեց արևելյան իրերի իր հավաքածուն: 1904թ. ԱՄՆ-ի Սենտ-Լուիս քաղաքում նշանավոր գորգավաճառ Հովհաննես Թավշանճյանի հետ սեփական ծախքով կառուցեցին մի թանգարան-տաղավար, ուր ի ցույց տրվեց պատմական գորգերի ու կերպասների թանկարժեք, հարուստ հավաքածու: Պարսկական արվեստը միջազգային ասպարեզ հանելու, առհասարակ Պարսկաստանին մատուցած ծառայությունների համար Տ. Քելեկյանը շահի կողմից արժանացավ խանի տիտղոսի և պարգևատրվեց «Շիր ի խուրշիդ» շքանշանով:

Ի՞նչ էր իրենից ներկայացնում նրա հավաքածուն. այն պարունակում էր միջագետքյան, ղպտական, պարսկական հախճապակե իրեր, բյուզանդական ու մահմեդական մետաքսեղեն, հյուսվածքներ, կերպասներ, թավիշներ ու գորգեր, հայկական ձեռագրեր: Այդ ամենը Տ. Քելեկյանը 1907թ. ներկայացրեց Փարիզի դեկորատիվ արվեստի թանգարանում, 1912-ին՝ Լոնդոնի Սաութ Քենսինգտոն, 1931-ին՝ Բրիլինգտոն Հաուզ և այլ ցուցահանդեսներում, իսկ 1936թ., որպես աներկբա հեղինակություն, Լենինգրադում մասնակցեց պարսկական արվեստի 3-րդ միջազգային կոնգրեսին:

Սակայն Տ. Քելեկյանը որոշ հայ միլիոնատերերից առանձնանում էր ևս մի հատկությամբ. նա խորապես ազգասեր մարդ էր կամ ըստ Ալ. Մանթաշյանցի պատվիրանի՝ իր ձեռքից երբեք վայր չդրեց ազգային գործերի կառավարման ղեկը: 1909թ. Ադանայի հայոց կոտորածներից հետո 1912թ. Դյորթ-Յոլում հիմնեց ու պահեց որբանոց, որը հետագայում տեղափոխվեց Բեյրութ և գոյատևեց մինչև 1932թ., այսինքն, մինչ որբերը կմեծանային: 1910-ից դարձավ ՀԲԸՄ բարերար, ապա՝ վարչության անդամ, իսկ 1922-ից՝ փոխնախագահ: Նա բարեգործություն է արել նաև Պոլսո Սբ. Փրկչյան ազգային հիվանդանոցին, Երուսաղեմի Սբ. Հակոբ վանքին, Կեսարիայի որբերին, Փարիզի հայ ուսանողներին, Կահիրեի «Կեսարիո և շրջակայքի հայրենակցական միությանը»:

Ընդ որում, բարերարությունը չէր սահմանափակվում զուտ ազգային շրջանակներով. 1910-ական թթ. նա ֆինանսական, նյութական ու բարոյական օժանդակություն է ցույց տվել նկարիչներ Բրաքին, Մատիսին, Պիկասոյին:

Տ. Քելեկյանը եռանդորեն մասնակցում էր ազգային-քաղաքական խնդիրների լուծմանը, 1912-1920 թթ. Ազգային պատվիրակության անդամ էր, 1918-1920 թթ.՝ Համահայկական համագումարների պատգամավոր ու ջանք չէր խնայում Հայ դատի, հայոց պետականության վերականգնման և ամրապնդման համար: Երբ Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր, նա համարեց, որ դա չարյաց փոքրագույնն է՝ ստեղծվել էր մի օջախ, որտեղ հայության մի հատվածը կարող էր ապահով և անվտանգ գոյատևել: Հայաստանի պետական պատկերասրահին նվիրեց հայ նկարիչների 18 կտավներ, Մաշտոցի անվան մատենադարանին՝ Իգնատիոսի XIII դ. ավետարանը, իսկ 1946թ. նպաստեց հայրենադարձության կազմակերպմանը:

Ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Տիգրան խան Քելեկյանը 1884-1904 թթ. եղել է Նյու Յորքում Պարսկաստանի պատվավոր հյուպատոսը:
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ
1368 reads | 19.05.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com